Նվեր՝ Հռոմի Սրբազան Քահանայապետից, երեք արգենտինահայերից և Հայաստան Համահայկական հիմնադրամից
14 հուլիսի, 2017թ.
Ինչպես հայտնում է Առավոտ օրաթերթը,
այսօր Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցում բացվեց համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետ՝ օժանդակությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի, «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի և արգենտինահայ երեք հայրենասեր ընտանիքների՝ Դեվեճիէանների, Էսերճիէանների և Շիմշիրօղլուների ֆինանսավորմամբ։
Բացման արարողությանը ներկա էին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, Հայաստանում, Վրաստանում լատին ծեսի կաթողիկէների առաջնորդ արքեպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոն, Շիրակի մարզպետը, «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի նախագահը և երեք արգենտինահայ բարերարները:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ այսօր շատ կարևոր օր է շիրակցիների համար, քանի որ Հռոմի պապի նվիրած հիվանդանոցում ավելացնում են խիստ անհրաժեշտ մի ծառայություն՝ համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետը։ Ըստ մարզպետի, այսուհետ Աշոցքի, Ջավախքի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու տասնյակ հարյուրավոր կիլոմետր կտրել ու հասնել Երևան։ «Ապացուցում ենք, որ առաջնակարգ բժշկական ծառայություն կարող ենք ստանալ ոչ միայն Երևանում կամ Գյումրիում, այլև այստեղ՝ իրենց բնակավայրերում», -ասաց Շիրակի մարզպետը՝ իր շնորհակալությունը հայտնելով բարերարների ընտանիքներին։
Աշոցքի «Տիրամայր Նարեկ» բարեգործական հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանն ասաց, որ տարեկան 1500-ից ավելի վիրահատություններ են կատարվում այս բժշկական հաստատությունում ու առանց տոմոգրաֆիկ հետազոտությունների աշխատանքը կիսատ էր դառնում։ Վերջինիս ասելով, երկու տարի առաջ արգենտինահայ Նշան Դեվեճիէանն եկել է Համահայկական բժշկական կոնֆերանսի մասնակցելու ու այցելել է Աշոցքի հիվանդանոց։ Իրենք էլ խնդրել են տոմոգրաֆիկ սարքավորում ունենալու անհրաժեշտությունը ներկայացնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Պապը, որը հիվանդանոցի բարերարն է, ուրախությամբ համաձայնել է ու այս հարցն արագ կարգավորվել է։ Ըստ հիվանդանոցի տնօրենի, այս հիվանդանոցից հիմնականում օգտվում են Շիրակի մարզի ու նաև Ջավախքի ազգաբնակչությունը, իսկ վիրաբուժական ծառայությունից մեծամասամբ Լոռու մարզի բնակիչները։ Մինչ այս սարքն ունենալը, հիվանդներին ուղարկում էին կամ Գյումրի կամ Երևան։ Հիվանդանոցի տնօրինությունը, իմանալով, որ ունենալու են նման կաբինետ, մասնագետին գործուղել են Երևան՝ մայրաքաղաքում վերապատրաստվելու։ Սարգիս Վարդանյանն ասաց, որ իրենք հիվանդների մեջ տարբերոթյուն չեն դնում, ըստ նրա, երբ այս հիվանդանոցը ստեղծվել է, կանոնագրում գրվել է, որ այն սպասարկելու է բոլոր կարիքավորներին՝ անկախ մաշկի գույնից, դավանանքից և ազգային պատկանելությունից։ «Մենք մինչև հիմա դա սրբորեն պահում ենք, նույնիսկ հիվանդից անձնագիր չենք պահանջում, եթե հիվանդ է, կարիք ունի բուժման, ուրեմն պիտի բուժվի»,- ասաց տնօրենը։
Նա նշեց, որ Աշոցքի հիվանդանոցը համարվում է սեփականաշնորհված հիմնարկ, այնտեղ թեև պետպատվեր չի գործում, բայց այն աշխատում է բարեգործական սկզբունքով. «Դուք այսօր չեք տեսնի որևէ տեղ, որտեղ հիվանդը ստանա անվճար բուժում, ստանա սնունդ օրը երեք անգամ։ Բոլորի համար հիվանդանոցն անվճար է, մենք պետպատվերի թուղթ չենք էլ հարցնում։ Մեր ֆինանսավորումը հիմնականում կատարվում է երեք աղբյուրներից՝ Հռոմի Սրբազան Պապից, Եվրոպական եպիսկոպոսների միությունից և անհատ բարերարներից»։