• Հայաստանի կաթողիկէ համայնքի վերազարթոնքի առաջին մշակը՝ Հ. Կոմիտաս ծ. վրդ. Մանուկյան
    18281022_10203273355232704_559368094_n

    «Մեր բարի հայրիկը»…


     

    Հ. Կոմիտաս ծ. վրդ. Մանուկյան՝ Ժողովրդապետ Փանիկի՝ 1991-1997թթ.:

     

    Հ. Կոմիտաս ծ. վրդ. Մանուկյանը (ավազանի անունով՝ Նորայր Ունճյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարաշ քաղաքում, 1920թ. օգոստոսի 16-ին:

    1930թ. ընդունվել է ուսանելու Վենետիկի Սուրբ Ղազարի ընծայարանում:

    Մխիթարյան միաբանության ուխտյալ անդամ է դարձել 1940թվականից:

    1940-47թթ. սովորել է Հռոմի Գրիգորյան համալսարանում:

    1947թ. դեկտեմբերին ձեռնադրվել է քահանա (կուսակրոն):

    1948-58թթ. աշխատել է Լիբանանի Մխիթարյան վարժարանում:

    1960թ. ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:

    1958-1964թթ եղել է  Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի ուսումնական վարիչ, ապա՝ Սուրբ Ղազարի վանքի մատակարար:

    1970-1988թթ. եղել է Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության տպարանի տնօրեն՝ այն դարձնելով Վենետիկի ամենահայտնի տպարաններից մեկը, հրատարակելով որակյալ բազում հատորներ:

    1988-1990թթ. աշխատել է Հալեպի Մխիթարյան վարժարանում:

    p4148

    Հ. Կոմիտաս ծ. վրդ. Մանուկյանի առաքելությունը Հայաստանի մայր հողում սկսվեց 1991թ. ապրիլից: Նա եղավ Հայաստանում հայ կաթողիկէ համայնքների հոգևոր կյանքը վերածնող ու վերակազմակերպող հոգևորականներից մեկը, ժամանակային առումով՝ հենց առաջինը:

     

    1990թ. սեպտեմբերի 18-ին Մխիթարյան միաբանության առաջնորդ Հ. Ներսես վրդ. Տեր-Ներսեսյանը (1992թ.ից՝ արքեպիսկոպոս, առաջնորդ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց) նամակ (թիվ 570) է ուղարկել Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Վեհափառ Հայրապետին, որում ասված է, որ նույն թվականի հունիսին Մխիթարյան տպարանի տեսուչ Հ. Մարտիրոս վրդ. Ապաճյանը Հայաստանից Սուրբ Ղազար վերադառանալով փոխանցել է Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը՝ սկզբնավորելու հոգևոր առաքելություն՝ Կովկասի և Հայաստանի հայ կաթողիկէ համայնքներում՝ մխիթարյան միաբան Հ. Կոմիտաս վրդ. Մանուկյանի ձեռքով: Մխիթարյանների առաջնորդը գրում է, որ Վագզգեն Ա-ի սրտաբաց վերաբերմունքն ու օրհնությունը մեծապես տպավորել է Հռոմի Սուրբ Աթոռին և Սրբազան Քահանայապետին: Գրում է նաև, որ 1989թ. ինքը տեղեկացել է նաև Մայր Աթոռի դիվանապետ Ներսես արքեպս. Պոզապալյանից այն ժամանական պապական նվիրակ Կլաուդիո Գուջերոտիի միջոցով, որ Վեհափառ Հայրապետը պատրաստ է «ամեն կերպ օգտակար հանդիսանալու այդ ծրագրի իրագործմանը՝ Սուրբ Ղազարի Մխիթարյան հայրերի գործակցությամբ»:

    Հ. Ներսես վրդ. Տեր-Ներսեսյանն իր նամակում նաև հետևյալ կարևոր գրառումն է արել.

    «Վստահ ենք, թե Հայաստանի պետական նոր եղելությունների կացության մեջ ավելի հեշտորեն իրագործելի է նման մի առաքելություն, որ նպատակ ունի հայկական հարազատ ոգով օգտակար հանդիսանալու մանավանդ հյուսիսաբնակ մեր աղբայրակիցներին, և սա, կարծում եմ, ներկայում պարտադրիչ հանգամանքով, փրկել նրանց օտարացումից, մխիթարել նրանց Սուրբ Խուրհուրդների մատակարարմամբ, նաև սերտորեն մոտ պահել Սբ. Գրիգոր Լուսավորչի անմահ աթոռին, քրիստոնեական հոգևոր խորունկ ապրումներով»:

     

    Հ. Ներսես վրդ. Տեր-Ներսեսյանն իր նամակին կից ուղարկել է նաև Հ. Կոմիտաս վրդ. Մանուկյանի անձնագրային տվյալները՝ խնդրելով Վեհափառ Հայրապետին հեշտացնել նրա մուտքը դեռևս Խորհրդային Հայաստան:

    18309116_10203273354912696_1159716590_n

    1990թ. դեկտեմբերի 4-ի թիվ 700 նամակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ. Տ. Վազգեն Ա-ը պատասխանել է Մխիթարյան միաբանության առաջնորդ Հ. Ներսես վրդ. Տեր-Ներսեսյանին.

     

    «Գոհունակ սրտով ընդառաջեցինք Ձեր դիմումին և հրավեր ուղրակեցինք, որ Ձեր ներկայացուցիչը Մայր Աթոռ գա իբրև մեր հյուրը: Ուրախությամբ ընդունեցինք…Հայ Կոմիտասի ժամանումը Մայր Աթոռ և իրենից տեղեկանալով, որ եկել է հատոկ առաքելությամբ՝ Հայաստանի Ղուկասյան շրջանի նորակազմ կաթողիկէ համայնքին ծանոթանալու, մենք դյուրացրեցինք իր աշխատանքը և քաջալերեցինք նրան: Մեր վրա լավ տպավորություն թողեց Հայր Սուրբը՝ իբրև նվիրյալ հոգևոր սպասավոր և ազնիվ հայորդի…

    Խղճի ազատության մասին օրենքի քննարկման առթիվ Մենք մեր հանրապետության խորհրդարանի բեմից Մեր խոսքի մեջ շեշտեցինք, որ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին նաև «մեր կաթողիկէ եղբայրները, որոնք վաղուց ունեն իրենց հավատացյալներն ու աղոթքի տները, պիտի շարունակեն գործել իրենց հավատացյալների շրջանակներից ներս»:

     

    Այսպես Հայր Կոմիտասի միջոցով սկսվեց Հայաստանի առաքելությունը, որ դադարել էր 60 և ավելի տարիներ առաջ՝ անաստված վարչակազմի հալածանքների հետևանքով:

    Հայաստանում իր առաքելությունը սկսելիս Հայր Կոմիտասն արդեն բոլորել էր իր 70 ամյակը:

     

    Խորհրդանշական է, որ հենց իր ծննդյան օրը՝ 1990թ. օգոստոսի 16-ին, Հալեպից Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Ներսես արքեպս. Պոզապալյանին ուղարկված իր նամակում Հայր Կոմիտասը գրում է.

    «Աստուծմէ ոյժ կը խնդրեմ, որ այս տարիքիս կարենամ արդարացնել դրուած յոյսերը…»:18280032_10203273355272705_50654211_n

    Վստահաբար, Հայր Կոմիտասն ավելիո՛վ արդարացրեց իր վրա դրված հույսերը:

    70-ամյա վարդապետն իր գործունեությունը նախ սկսեց Աշոցքի համայնքներում և Գյումրիում, ապա նշանակվեց Փանիկի ժողովրդապետ և 6 տարի ապրեց ու ծառայեց Փանիկում, որ Հայաստանի Շիրակի շրջանի կաթողիկէ ամենամեծ համայնքն է՝ հարուստ պատմությամբ և հոգևոր անհատականություններով, որոնց շառավիղը եղավ Հայր Կոմիտասն՝ իր եզակի կերպարով: Նա այնքան սիրելի եղավ Փանիկի ժողովրդի համար, որ այսօր շատերն են պարծենում Հայր Կոմիտասի հետ իրենց ծանոթյամբ, նրա մատուցած Սուրբ Պատարագներին ներկա լինելու հիշողությամբ, նրան իրենց տներում հյուընկալած լինելու, նրանից մի խոսք, մի աղոթք լսած լինելու համար: Այսօր Փանիկում կանոնավոր հոգևոր կյանքի համար մեծապես պարտական ենք Հ. Կոմիտաս վրդ. Մանուկյանին:

     

    Հ. Կոմիտասը Փանիկի հովվությունը ստանձնելուց անմիջապես հետո ձեռնամուխ եղավ վերականգնելու մինչկոմունիստական շրջանի հոգևոր ջերմեռանդությունը,  ակնոնավոր եկեղեցական պաշտամունքային կյանքը, խորհուրդների մատակարարումը: Եկեղեցական կազմակերպությունների, տարբեր բարերարների հովանավորությամբ Հայր Կոմիտասն ամբողջությամբ նորոգեց գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցել քահանայատունը, որտեղ և ապրեց 6 տարի: Այդ քահանայատունը հիմա թանգարանի նման է, նրանից հետո այդտեղ ոչ ոք չի ապրել, մնացել են նրա իրերը, որոշ գրառումներ: Նրա գրած բանաստեղծությունները, այլ նյութեր հիմնականում փոխադրվեցին Սուրբ Ղազար և այժմ պահվում են Մխիթարյանների արխիվներում:

     

    Հայր Կոմիտասը Renovabis հիմնադրամի և Շվեյցարիայի Պողոսյան հաստատության հովանավորությամբ  1997թ. ավարտեց եկեղեցուն կից «Լսարանի» շենքի շինարարությունը, որտեղ հետագայում մեկնարկեցին երիտասարդների ու պատանիների հմտությունները զարգացնող տարբեր ծրագրեր: Նրա ջանքերով և կառուցվեց Եկեղեցու տարածքի պարիսպը, հարթեցվեց խաղավայրը, ընդարձակվեց եկեղեցու մոտ գտնվող հիվանդանոցի շենքը և համալրվեց բժշկական սարքավորումներով:

     

    Իր հոգևոր զավակները, ընկերները Հայր Կոմիտասին բնութագրում են որպես արագաշարժ, ջանասեր, կատակասեր, աղոթասեր, անսահման բարությամբ օժտված մի մարդ, որ նվիրված էր ծառայելու Քրիստոսին և իր ազգին:

     

    Հայր Կոմիտասը վախճանվեց 1997թ. սեպտեմբերի 2-ին Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում, թոքերի այտուցի հետևանքով: Հուղարկավորվեց Փանիկի եկեղեցու բակում:

     

    Անվանի հոգևորականի մահվան կապակցությամբ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեյանին ցավակցական նամակներ ուղարկեցին շատ բարձրաստիճան հոգևորականներ, ի թիվս որոնց՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինը, Մայթ Աթոռի դիվանի պատասխանատու Ներսես արքեպս. Պոզապալյանը, ԵՊՀ Աստվախաբանության ֆակուլտետի դեկան Գերշն. Տ. Շահէ արքեպս. Աճեմյանը, Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Ռենե Լևոնյանը:

     

    18217300_1389045887801363_633872900_n

    Հռոմի Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների ժողովի նախագահ Աքիլլէ Սիլվեստրինին իր ցավակցական նամակում գրեց.

     

    «Հեշտ չանցան Փանիկի իր տարիները, նյութական հսկա դժվարություններով, որոնք հաղթահարեց քաջությամբ, Հայաստանի ամբողջ ժողովրդի հետ միասին: Այնտեղ էր իր տունը, որն ուզեց գեղազարդել, որպեսզի իր ժողովուրդը հպարտ մնա: Ուզեց գործել քրիստոնեական սիրո և հաղորդության ոգով, առանց հրահրելու բաժանումներ…Իր ձեռքը չփակեց ոչ մեկի առջև, սիրալիր հայր եղավ մանուկներին, վստահելի առաջնորդ երիտասարդներին, գնահատված խորհրդատու՝ հասուն մարդկանց…Սրտանց մասնակից եղավ իր հավատացյալների կարոտություններին և սովոր էր նրանց կոչել «իր ընտանիքը»: Ու գաղտնիք չէր պահում իր ցանկությունը՝ նրանց մեջ մեռնել մի օր»:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց