Ու՞մ ենք ընտրում այսօր՝ Հիսուսին, թե Բարաբբային
Մեծ Պահոց շրջանում հոգևոր կրթության օրեր կազմակերպվեցին հայ կաթողիկէ գրեթե բոլոր համայնքներում:
Աշոցքի մարզի Ղազանչի, Սիզավետ, Հովտուն համայնքներում երկօրյա հոգևոր կրթությունը տեղի ունեցավ հետևյալ թեմաներով և օրակարգով.
Օր առաջին. թէմա՝ «Ի՞նչ է Քրիստոսի Խաչելութիւնը: Ինչպէ՞ս ենք իւրաքանչիւրս հասկանում այն»
Խորհրդածութեան նիւթեր
Ի՞նչպես ենք հասկանում Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների խորհուրդը,
ի՞նչ է դա իւրաքանչիւրիս համար նշանակում,
ինչու՞ այդպիսի անարգ մահ:
Ընթացքը
1.Խաչի ճանապարհ 40 րոպէ.
2.Ընթերցում Սուրբ Գրքից (Մտթ., 27, 27-50)
3.Խորհրդածութիւն 10 րոպէ
4.Ի՞նչ եք մտածում թէմայի մասին 15 րոպէ
5.Քահանայի խօսքը 20 ր.
Օր երկրորդ. թէմա՝ «Ու՞մ եմ ընտրում՝ Յիսուսին, թէ Բարաբբային»
Խորհրդածութեան նիւթեր
Յիսուսի դատապարտութիւնը
Ու՞մ ենք մենք ընտրում՝ Յիսուսին, թէ Բարաբբային
Ի՞նչպէս այսօր կատարել ճիշտ ընտրութիւն
Ընթացքը
1.Խաչի ճանապարհ, 40 րոպէ
2.Ընթերցում Սուրբ Գրքից (Ղկ., 23, 13-25)
3.Խորհրդածութիւն, 10 րոպէ
4.Ի՞նչ եք մտածում թէմայի մասին 15 րոպէ
5.Քահանայի խօսքը 20 ր.
Տ. Հովսեփ քհն. Գալստյանի քարոզը
Օր առաջին.թեմա՝ «Ի՞նչ է Քրիստոսի Խաչելութիւնը: Ինչպե՞ս ենք յուրաքանչյուրս հասկանում այն»:
Խորհրդածենք Մատթէոսի ավետարանի 27, 27-50 հատվածի շուրջ:
Սիրելի՛ հավատացեալներ, մենք այս երկու օրերի ընթացքում հնարավորություն ունենք անցնելու մի կարճատև, բայց հույժ կարևոր փորձառություն՝ միասնական աղոթք եւ խորհրդածություն՝ Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության և մահվան խորհրդի մասին: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս խորհի, թե ինչ է նշանակում Տեր Հիսուսի խաչը իր համար, ինչպես է ըմբռնում այդ խորհուրդը, ինչպես է ինքն իր համար պատասխանում հետևյալ հարցերին.
ինչու՞ Հիսուս ստանձնեց այդպիսի անարգ մահ,
ինչու՞ մահ, միթե՞ անհրաժեշտ էր մահը, որպեսզի մեզ փրկագնի,
ի՞նչպես փրկագնեց, արդյո՞ք հասկանում ենք՝ ինչպես իւրաքանչյուրս փրկվեց մեղքի գերությունից Հիսուսի չարչարանքով,
ի՞նչ հետեւություններ պետք է անել, ինչպե՞ս ապրել՝ Հիսուսի խաչելության խորհրդի լույսով լուսավորված մի կյանք:
Այս հարցերին կանդրանանք առաջին օրվա համար:
Ձեր պատասխանները ցույց են տալիս, որ հիշում եք, թե ինչ է գրված ավետարաններում, առաքելական թղթերում, բայց հարկ է նաև մտածել մեր բառերով և մտքերով՝ սուրբգրային արտահայտություններով հասրտացած, որպեսզի կարողանանք այդ փրկարար ճշմարտությունները դարձնել մերը, իմը, քոնը, մի շատ թանկարժեք անձնական և հավաքական, համայնքային սեփականություն, փորձառություն, որն ամբողջ կյանքում պետք է առաջնորդի մեզ դեպի փրկություն և Տեր Հիսուսի հետ ամբողջական միություն՝ սրբությամբ:
Գիտենք, որ Հիսուս այդ անարգ մահը ստանձնեց՝ մեզ փրկելու համար, բայց ինչու՞ այդպիսի մահ: Չէ՞ որ Հիսուս Աստված Ի՛նքն է, Սբ. Երրորդության Երկրորդ Անձը՝ Որդին Աստված: Միթե՞ չէր կարող մեզ այլ կերպ փրկել, միթե՞ Հայրն Աստված չէր կարող այլ կերպ ծրագրել, տնօրինել մարդկության հաշտությունն իր հետ, մարդու վերադարձն առ Աստված:
Խոսենք առավելագույնս պարզ:
11-րդ դարի աստվածաբան Սբ. Անսելմոս Քենթրբերացին և այլ աստվածաբաններ գտնում էին, որ մարդկության մեղքն Աստծո հանդեպ այնքա՛ն ահռելի էր, որ մարդն ինքնին չէր կարողանա երբեք հատուցում անել Աստծուն՝ իր պատճառած վնասի կամ վիրավորանքի դիմաց.բայց, այնուամենայնիվ, անհրաժե՛շտ էր վճարել, փոխհատուցել մեղքի դիմաց: Հիսուս՝ լինելով Աստված և կատարյալ մարդ՝ մեկ Անձի մեջ, կամ «մեկ Յիսուս՝ երկու բնություններով՝ աստվածային և մարդկային» (մէկ անձ՝ յերկուս բնութիւնս), եղավ այն միակ Միջնորդը, որ, լինելով անչափելիորեն ավելին, քան մի պարզ մարդ, լինելով կատարյալ մարդ՝ առանց մեղքի, որպես մարդ լինելով կատարելապես միացած Աստծուն՝ իր մտքով, կամքով, և վերջապես, լինելով Աստված՝ Սուրբ Երրորդության Երկորդ Անձը՝ միաժամանակ աբաժան լինելով Հայր Աստծուց և Սուրբ Հոգուց, մեզ հաշտեցրեց Հոր Աստծո հետ, Ի՛ր իսկ Անձի մեջ մարդուն հաշտեցրեց նրա Արարչի հետ: Նա այն գինն է, որը մարդը երբեք չէր կարողանալու վճարել ինքնուրույն, քանի որ զրկված էր Աստծո հետ միությունից.մի կատարելություն, որը հատուկ է միայն Տեր Հիսուս Քրիստոսին: Այս տեսությունը կոչվում է նաև «գոհացման տեսություն», Աստծուն գոհացնելու իմաստով՝ ահնրաժեշտաբար այս ճանապարհով՝ Քրիստոսի մարդեղությամբ և մահով:
Քրիստոս՝ Գառն Աստծո և կատարյալ Զոհը
Այս ամենի մեջ, անշուշտ, Եկեղեցին տեսնում է ճշմարտությունը՝ ի նկատի ունենալով այն փաստը, որ Քրիստոս եղավ և է Գառն Աստծո՝ այն քավչական Գառը, որը զենվեց բոլորիս մեղքերի թողության համար («որ բառնայ զմեղս աշխարհի», Հվհ., 1)՝ փոխարինելով այն բոլոր գառների, զվարակների և նոխազների զոհաբերություններին, որոնք նախատեսված էին հին ուխտի օրենքով, այսինքն՝ Մովսեսի ձեռքով Աստծուց հրեա ժողովրդին տրված օրենքով և սովորությամբ:
Պետք է հասկանանք այս զոհաբերության կարևորությունը և իմաստը՝ օրենքում և ամբողջ պատմության ընթացքում, որպեսզի կարողանանք ըմբռնել Հիսուսին՝ որպես քավչական Գառ, Զոհ: Աստծուն մատուցված զոհաբերությունը հրեական ավանդության մեջ և նաև այլ կրոններում մշտապես դիտվել է Աստծո կամ Արարչի հետ մարդու հարաբերությունները շտկելու, զարգացնելու, վերականգնելու կարևոր մի ձև: Զոհաբերությունը մի նվեր էր, որ մարդը տալիս էր Աստծուն՝ իր սխալները, վիրավորանքը Աստծո հանդեպ, այլ խոսքով, մեղքերը ջնջելու համար, Աստծու զայրույթը մեղմացնելու համար, որ Աստված մոռանա, ջնջի հինը և մարդը հնարավորություն ունենա նոր հարաբերություններ զարգացնելու Աստծո հետ:
Այդ զոհաբերության սովորությունը ստվերային ձևով Աստծո ժողովրդին պատրաստեց միակ և ճշմարիտ Զոհին, Ում զոհաբերումից հետո հին՝ կենդանական զոհաբերություններն այլևս անիմաստ են, որովհետև Հիսուսի զոհաբերության արժեքը ծածկում և ստվերում է ցանկացած այլ զոհաբերություն կամ ընծա, որ հնարավոր է մարդու համար տալ Աստծուն: Աստված Ինքն Իրեն զոհեց, Հայրն իր Որդուն զոհեց, որպեսզի մարդուն Իր հետ հաշտեցնի, որպեսզի մարդը կյանք ունենա, հավիտենական կյանք, ինչպես գրում է Հովհաննեսն իր ավետարանում.«…Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը», Հվհ, 3:16:
Ի՞նչ պետք է անենք յուրաքանչյուրս՝ լիովին մասնակից դառնալու, պարտրաստ լինելու առավելագույն հոգևոր պտուղներ քաղելու է Տեր Հիսուս Քրիստոսի փրկագործության խորհրդից.
Ճանապրահը մեկն է՝ հասկանալով Հիսուսի չարչարանքի իմաստը և այդ չարչարանքի՝ «ի սպառ սիրոյ» (Հվհ., 13:1) կատարյալ արտահայտության, միջոցով մեղքին ու մահվանը հաղթելու խորհուրդը:
Այսպիսով, Խաչի վրա Յիսուսի զոհաբերությունը Հայ Աստծո՝ մարդուս հանդեպ անսահման սիրո և հոգատարության կատարյալ դրսևորումն է, ամենապատշաճը Սիրազող և Ամենագութ Աստծո համար՝ իր արարածի հանդեպ: Ուստի խաչելության կերպը, մահը ոչ թէ անհրաժեշտություն էր, այլ Աստծո կատարյալ սիրուն առավելապես պատշաճ է:
Հիսուս ասում է.«ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)»:
«Հենց իսպառ սերն օժտեց Քրիստոսի զոհաբերությունը քավչական և փրկարար, մաքրագործող և հատուցող արժեքով: Նա բոլորիս ճանաչեց ու սիրեց՝ ընծայաբերելով Իր Կյանքը», Քրիստոնեական Կաթողիկէ Եկեղեցու, 616:
Օր երկրորդ, թեմա՝ «Ու՞մ եմ ընտրում՝ Հիսուսին, թե Բարաբբային»
Խորհրդածենք Ղուկասի ավետարանի Ղկ., 23, 13-25 հատվածի շուրջ:
Ձեր պատասխանները խոսում են այն մասին, որ ձեզնից շատերը դատավարությանը ներկա հրեաների կողմից Բարաբբայի ընտրությունը հասկանում եք ավելի լայն իմաստով՝ բերելով ձեր առօրյա կյանք: Կցանկանայի, որ այս մասին մտածելով՝ փորձենք հասկանալ, թե արդյո՞ք մեր կյանքում այնքան վստահ ենք մեր հավատքի մեջ և այնքան անրեկյուղ, որ մշտապես ընտրենք Հիսուսին, և ոչ թե Բարաբբային:
Նախ հասկանանք, թե ինչու այդ հրեաները ընտրեցին Բարաբբային, որ «որը քաղաքում պատահած մի խռովութեան եւ սպանութեան համար բանտարկուել էր», Ղկ., 23, 17:
Հրեաները, ովքեր պահանջում էին ազատ արձակել Բարաբբային, չէին ուզում ընդունել, որ Հիսուս Աստծո Որդին կամ Տիրոջ Օծյալն է, չէին ճանաչում «Աստծո այցելության օրը» իր ժողովրդին, որովհետև իրենց փրկությունը հասկանում էին միայն քաղաքական հեղափոխությամբ, ոչ թե սիրո, հոգևոր-բարոյական վերափոխման ճանապարհով, չէին կարողանում Հիսուսի թշվառ մարդկային կերպարի մեջ, որ չէր էլ հակառակվում իրեն ծաղրողներին որպես «մի անմռունչ Գառ, որ կանգնած է իր խուզողի առաջ», (Ես., 53), տեսնել, հասկանալ, որ Աստված Ինքն է այցելել իր ժողովրդին՝ Իր Կյանքը նրանց համար նվիրելու: Փարիսեցիները, օրենսգետները, սադուկեցիներիը և շատեր, ում վրա ազդում էին այս իշխանավորները, զգում էին գերմարդկային ուժի ներկայությունը Հիսուսի մեջ, լսում էին դառն ճշմարտությունը իրենց խավարային գործերի մասին, ի դեմս Հիսուսի, լսում էին իրե՛նց իսկ խղճի ձայնը, որ խայթում, դատապարտում էր իրենց: Հետևաբար, Հիսուսին մահվան դատապարտելով՝ նրանք լռեցնում, խեղդում էին իրենց խղճի ձայնը, որ չէր թողնում իրենց ապրել առաջվա կյանքով, որ կոչ էր անում ներքին վերափոխման, հոգևոր հեղաշրջման, ոչ թե՝ քաղաքական: Հրեաները ընտրեցին ապրել իրենց հեշտասիրության, թվացյալ անվտանգության և հարամարավետության մեջ, որոնք ամփոփվում էին Բարաբբայի կերպարի մեջ: Բարաբբայի հետ ապրելն ավելի հեշտ էր, նրան կարելի էր ի վերջո պատժել, քարկոծել սպանության համար և վերջ: Իսկ խղճից այդպես հեշտ ազատվել հնարավոր չէր: Հիսուսի հետ նրանք սպանեցին իրենց խիղճը:
Ի՞նչ ենք անում ենք այսօր, երբ նմանատիպ ընտրությունների առջև ենք հայտնվում: Ընտրում ենք նեղ դուռը, ըստ մեր խղճի թելադրանքի, ուր կանգնած է Հիսուս և թակում է, թե՝ լայն դուռը, որտեղ կանգնած է Բարաբբան և հրավիրում է բոլորին: Երբ ընտրում ենք հեշտ կյանքը՝ հեռու Աստծուց, ընկղմված հաճույքների, հեշտանքի, որկրամոլության, փողասիրության, փառամոլության, անտարբերության մեջ, երբ չենք ուզում մշտապես ներկա լինենք Սուրբ Պատարագին, նման ենք այն հրեաներին, ովքեր ընտրեցին Բարաբբային: Բայց երբ քաջություն ունենք գնալ նեղությունների, զրկանքների, ինքնազոհության ճանապարհով՝ հանուն Հիսուսի, կանգնում ենք այն սակավաթիվ համարձակների կողքին, ովքեր Պիղատոսի պալատի առջև կանգնած, ընտրեցին Հիսուսին, բայց չհամարձակվեցին բարձրաձայնել:
Այսօ՛ր և միշտ ժամն է բացականչելու տանիքների վրայից, անվախ հայտարարելու հրապարակներում, որ մենք, ինչ էլ լինի, ընտրում ենք միայն Խաչյալ և Հարուցյալ, մեզ իսպառ սիրող Հիսուսին:
Թող Աստվածամայրը մեզ օրինակ ծառայի և միշտ բարեխոսի առատ շնորհների համար, Ամէն:
Հոգևոր կրթության օրերը Ազատանում և Լանջիկում, Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի առաջնորդությամբ, տեղի ունեցան Ապաշխարության և Սբ. Հաղորդության խորհուրդների շուրջ:
Լուսանկարները.