• Քույր Արուսյակ Սաճոնյանն ընտրվեց Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Ընդհանուր մեծավորուհի

    Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ Տէր եւ զգործս ձեռաց մերոց աջողեա մեզ Տէր:


    2016թ. դեկտեմբերի 29-ին Բեյրութում տեղի ունեցան Անարատ Հղության հայ քույրերի Ընդհանուր մեծավորուհու ընտրությունները: Ընդհանուր մեծավորուհի է ընտրվել  առաքինազարդ ք. Արուսյակ Սաճոնյանը: Նա փոխարինեց առաքինազարդ ք. Եվդոքսիա Քեշիշյանին, ով ընդհանուր մեծավորուհի էր 10 տարի շարունակ, 4 տարի առաջ ընտրվել էր երկրորդ վեցամյակի համար, բայց պաշտոնից հրաժարվել է հիվանդության պատճառով: Ք. Արուսյակ Սաճոնյանը, ըստ միաբանության կանոնների, կպաշտոնավարի 6 տարի ժամկետով:

     

    2016թ. դեկտեմբերի 30-ին տեղի են ունեցել ընդհանուր մեծավորուհու չորս խորհրդականուհիների ընտրությունները: Այս հինգ անդամները կազմում են միաբանության Ընդհանուր վարչությունը: Ընդհանուր մեծավորուհու ընտրություններին, ըստ կանոնների, մասնակցում է նաև Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարքը, ով նաև ընտրություններին ավարտին, իր հայրապետական օրհնությունն է շնորհում նորընտիր մեծավորուհուն:

     

    Ք. Արուսյակ Սաճոնյանը Հայաստան կվերադառնա, հավանաբար 2017թ. հունվարի կեսերին: Մոտ օրերին հայտնի կլինի նաև, թե ինչ փոփոխություններ են սպասվում միաբանության Հայաստանի տների վարչական կառուցվածքում և ով կփոխարինի ք. Արուսյակին Գյումրիում:

    14567403_1196291240433531_1833325696475577141_o

    Ք. Արուսյակը, ինչպես գիտեք, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Գյումրիի տան մեծավորուհին է, 1990թ.ից վեր իր ծառայել է Հայաստանում, մասնավորապես՝ Շիրակի մարզի համայնքներում և Գյումրիում:

     

    Ք. Արուսյակ Սաճոնյանը ծնվել է 1945թ., Հալեպում՝ Կիլիկիայից գաղթած հայերի ընտանիքում:  Դպրոցական ուսումը ստացել է Հալեպի Անարատ Հղության վարժարանում և 19 տարեկանում անդամակցել Անարատ Հղության հայ քույրերի միաբանությանը: Որպես ուխտյալ միաբան՝ քույր Արուսյակն իր բարձրագույն կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում: 1967թ. Քույր Արուսյակի և նվիրյալ մյուս քույրերի ջանքերով Ֆիլադելֆիայում հիմնվեց Անարատ Հղության հայ քույրերի վարժարանը, որտեղ ք. Արուսյակն աշխատեց երկար տարիներ՝ մինչև Հայաստանում հաստատվելը՝ 1990թ.:

     

    1990-ին ք. Արուսյակը հրաժարվեց միաբանության ընդհանուր փոխանորդի պաշտոնից և ք. Արշակուհու հետ միասին հաստատվեց նախ Շիրակի մարզի Արևիկ կաթողիկէ գյուղում, ապա՝ Գյումրիում: Asbarez թերթի լրագրողի հետ իր հարցազրույցում ք. Արուսյակը այսպես է պատմում.

     

    «1990ին գացի նախ Սպիտակ, ապա Հայաստանի հիւսիսային գիւղերը՝ Արեւիկ, Փանիկ, Լանչիկ… անոնց գիւղապետները մեզ հրաւիրեցին իբրեւ դպրոցներու կրօնքի ուսուցչուհիներ, ապա լուսաւորութեան նախարարութեան կողմէ մենք պաշտօնապէս ընդունուեցանք իբրեւ կրօնքի դասատուներ՝ գիւղերու մէջ: Գիւմրին եղաւ մեր կեդրոնը, որովհետեւ այդտեղ կը գտնուէր Հայ Կաթողիկէ առաջնորդութիւնը»:

    15032041_1832417003708618_8551850974761082340_n

    1992թ. Գյումրիում հիմնվեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության մասնաճյուղը: Քույրերը հոգ էին տանում որբացած երեխաների մասին: «Յաճախ դասի պահուն ականատես կ՛ըլլայի անօթութենէն գետին ինկող պատանիներու կամ մանուկներու. այդ մէկը ինծի մտածել տուաւ նոր լուծումներ գտնելու մասին».պատմում է մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնյանը: Այդ նոր լուծումները շուտով կյանքի կոչվեցին:

    420151_10150646212784293_86402547_n

    1996-ին ք. Արուսյակի խնդրանքով և բարերար Պողոսյանի հովանավորությամբ Գյումրիում կառուցվեց «Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթական կենտրոնը, որը ապաստան դարձավ ծնողազուրկ երեխաների համար: 1998-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացումը: Երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ 65 երեխա ընտանեկան օջախ գտավ կենտրոնում: Նրանցից շատերը քույրերի օգնությամբ կրթություն ստացան, ընտանիք կազմեցին, աշխատանքի տեղավորվեցին, դարձան հայ հասարակության լիարժեք անդամներ: Այժմ կենտրոնում ապրում է 37 երեխա, որոնցից 10-ը ծնողազուրկ են, մյուսները առանց ծնողական խնամքի կամ ոչ լիարժեք ընտանիքների, ծանր սոցիալական պայմաններում հայտնված երեխաներ են: Այս և Գյումրիի այլ անապահով երեխաների, պատանիների համար քույրերը կարողացան բարերարների օգնությամբ կառուցել նաև արհեստների մի դպրոց, որտեղ երեխաները մասնագիտական տարբեր հմտություններ ստանալու եզակի հնարավորություններ ունեն, ինչպիսիք, շատ այլ պետական կամ հասարակական կազմակերպություններ առաջարկել չեն կարող:

     

    2005թ. քույր Արուսյակը կարողացավ կենտրոնում ձևավորել նաև մի երգչախումբ՝ ընդգրկելով կենտրոնի սաներին, ինչպես նաև կենտրոնի հետ աշխատող այլ տաղանդավոր երեխաների: Երգչախումբը կազմավորեց Հայաստանի կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, ով մինչև օրս ղեկավարում ու զարգացնում է երգչախումբը: «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը ելույթներ է ունեցել ինչպես տեղական, այնպես էլ օտար բեմերում, անգամ՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մատուցած Սբ. Պատարագների ժամանակ՝ 2015-ի ապրիլի 12-ին, Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, ապա՝ 2016թ. հունիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում:

    10583821_488406081309711_2825225452960496771_n

    2006թ.ք. Արուսյակի ջանքերով Տիրամայր Հայաստանի հովանու ներքո հիմնվեց տարեցների ցերեկային խնամքի Նադին Բասմաճյան կենտրոնը, որտեղ սոցիալական աջակցություն են ստանում մոտ 40 միայնակ, դժվար պայմաններում ապրող տարեցներ:

     

    2015թ.դարձյալ ք. Արուսյակի և Հայաստանում ծառայող մյուս միաբան քույրերի ջանքերով Երևանում հիմնվեց և սկսեց գործել Անի Պեզիքյան կենտրոնը, որտեղ ապրում են հիմնականում մարզերի անապահով ընտանիքներից սերող երիտասարդ աղջիկներ, ովքեր ուսանում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

     

    Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի հովանավորությամբ կազմակերպվում է ամառային ճամբար Ծաղկաձորում, որտեղ իրենց հանգիստն են անցակցնում 800-ից ավելի երեխաներ ու պատանիներ, ովքեր նաև հնարավորություն են ստանում զարգացնելու իրենց հոգևոր նկարագիրը:

    14570414_1196291593766829_947444869028989458_n

    Քույր Արուսյակի խնդրանքով սփյուռքահայ շատ բարերարներ ֆինանսական, պարենային և այլ տեսակի մարդասիրական օգնություն են ցուցաբերում Գյումրիի և հարակից համայնքների անապահով բնակիչներին: Քույրերը կազմակերպում են այս օգնության տրամադրումը հարյուրավոր ընտանիքների, որոնց հետ հետևողական աշխատանք են տանում թե տեղում և թե Տիրամայր Հայաստանի կենտրոնում:

     

    Ք. Արուսյակ Սաճոնյանը ՀՀ կառավարության կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից՝ Ֆրանսիայի ազգային վաստակների շքանշանով: 2015թ. նոյեմբերի 13-ին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն շքանշանը հանձնելիս՝ ասաց.

     

    «Քույր Արուսյակն ինձ համար երկու սկզբունք է մարմնավորում: Նախ՝ հավատն առ Աստված: Սա նվազագույնն է, որ պետք է ունենա միանձնուհին, բայց հավա՛տն է, որ ուժ ու եռանդ է տալիս ք. Արուսյակին և դարձնում նրան հիացմունքի արժանի: Երկրորդ սկզբունքը հավատն է առ մարդ արարածը, ինչի ապացույցն է այն ամենը, ինչ նա արել է Գյումրիում…մարդ արարածը նրա գործունեության կիզակետում է՝ երեխաներ, կարիքավորներ, ծերեր, երիտասարդների մասնագիտացում, որպեսզի իրենց տեղը կարողանան գտնել կյանքում: Քու՛յր Արուսյակ, ինձ զարմացնում է, որ դուք հավատում եք այն ամենին, ինչ անում եք…»

     

    Ի սրտե շնորհավորում ենք առաքինազարդ քույր Արուսյակ Սաճոնյանին՝ նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայցում Տիրոջ զորեղ հովանին և շնորհները՝ առավել մեծ նվիրումի և բեղուն ծառայության համար, մաղթում քաջ առողջություն:

     

    Տ. Հովսեփ քհն. Գաստյան

Օրացույց

Օրացույց