…երբ առևտրի լույսերը ստվերում են Աստծո լույսը, երբ մենք մտահոգված ենք նվերներով և անտարբեր ենք անտեսված մարդկանց նկատմամբ:
Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի Սուրբ Ծնունդի նախօրյակի Սբ. Պատարագի քարոզը՝ Սբ. Պետրոսի տաճարում:
Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց» (Տիտ. 2:11): Պողոս Առաքյալի խոսքերը բացահայտում են այս սուրբ գիշերվա խորհուրդը՝ Աստծո շնորհի հայտնվեց, նրա շնորհն ազատ է, Աստծո սերը տեսանելի է մեզ տրված Զավակի մեջ:
Սա փառքի գիշեր է և այդ փառքը հռչակվել է Բեթղեհեմում, իսկ այսօր այն մեր կողմից հռչակվում է նաև ամբողջ աշխարհին: Սա ուրախության գիշեր է, քանի որ այս օրից ի վեր և ընդմիշտ անհուն և հավերժական Աստվածը այն Աստվածն է, Ով մեզ հետ է՝ նա հեռու չէ, մենք կարիք չունենք Նրան երկնքում կամ խորհրդավոր պատկերացումներում փնտրելու. Նա մոտ է, նա ստեղծել է մարդուն և երբեք չի հեռանա մեր մարդկությունից, որը Նա Ինքն է ստեղծել: Սա լույսի գիշեր է՝ այն լույսի, որը գուշակել էր Եսայի մագարեն (Ես. 9:1), որը լուսավորելու է բոլոր նրանց, ովքեր քայլում են մթության մեջ, այն լույսը, որը հայտնվել և համակել էր Բեթղեհեմի հովիվներին (Ղկ. 2:9):
Հովիվները պարզապես բացահայտում են, որ «մեզ համար մի մանուկ ծնուեց» (Ես. 9:5) և նրանք հասկանում են, որ այս փառքին, այս ուրախությանը, այս լույսին միանում է մի կետ՝ այն նշանը, որը հրեշտակը ցույց է տալիս նրանց։ «Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք» (Ղկ. 2:12): Սա Հիսուսին գտնելու մի հարատև նշան է: Ոչ միայն այն ժամանակ, այլ նաև՝ այսօր: Եթե ցանկանում ենք ուրախությամբ տոնել Սուրբ Ծնունդը, պետք է խորհենք այս նշանի մասին՝ փոքր նորածնի փխրուն պարզության, նրա մսուրի հեզության, և նրա խանձարուրի ջերմ գորովանքի: Աստված այնտեղ է:
Այս նշանով Ավետարանը բացահայտում է մի պարադոքս.այն խոսում է այն ժամանակների կայսեր, տիրակալների, հզորների մասին, սակայն Աստված այնտեղ չէ, նա չի հայտնվում արքայական պալատի հսկայական դահլիճում, այլ՝ աղքատ մի ախոռում, ոչ թե շքեղության և հանդիսավորության մեջ, այլ՝ կյանքի պարզության, ոչ թե իշխանության, այլ՝ աննշանության մեջ, որը զարմացնում է: Նրան բացահայտելու համար մենք պետք է գնանք այնտեղ, որտեղ Նա է: Մենք պետք է ծնկի իջնենք, նսեմացնենք ինքներս մեզ, աննշան դարձնենք ինքներս մեզ: Այն Մանուկը, Ով ծնվեց, մարտահրավեր է նետում մեզ. Նա կոչ է անում մեզ զերծ մնալ անցողիկ պատրանքներից և գնալ դեպի էականը, հրաժարվել մեր անհագ պահանջմունքներից, թողնել մեր անվերջ դժգոհություններն ու տխրությունը մի բանի համար, որը երբեք չենք ունենալու: Այն մեզ կօգնի թողնել այս ամենը, որպեսզի Աստծո զավակի պարզության մեջ վերաբացահայտենք խաղաղությունը, ուրախությունն ու կյանքի իմաստը:
Եկե՛ք առերեսվենք մսուրում գտնվող մանկանը, սակայն եկեք նաև առերեսվենք մերօրյա աշխարհի մանուկներին, ովքեր ոչ թե պառկած են հարմարավետ մահճակալի մեջ և վայելում են իրենց մայրիկի ու հայրիկի գորովանքը, այլ տառապում են խղճուկ «մսուրների» մեջ, որոնք ոչնչացնում են արժանապատվությունը, մանուկներ, ովքեր թաքնվում են գետնի տակ, որպեսզի փրկվեն ռմբակոծությունից, պատսպարվում են մեծ քաղաքների մայթերին և գաղթականներով բեռնավորված նավի ներքևի մասում: Եկե՛ք առերեսվենք այն երեխաներին, որոնց թույլ չեն տալիս ծնվել, այն երեխաներին, ովքեր լալիս են, որովհետև նրանց քաղցը ոչ ոք չի հագեցնում, այն երեխաներին, ովքեր խաղալիքների փոխարեն զենքեր ունեն իրենց ձեռքերում:
Սուրբ Ծննդյան խորհուրդը, որը լույսը և ուրախությունն է, հարցեր է տալիս մեզ և անհանգստություն պատճառում, քանի որ այն միաժամանակ հույսի և տխրության խորհուրդ է: Այն իր մեջ պարունակում է տխրության համը, որովհետև սերը պակասում է և կյանքը՝ անտեսվում: Այս ամենը պատահեց Մարիամի և Հովսեփի հետ, ովքեր հայտվեցին փակ դռների առջև և Հիսուսին դրեցին մսուրի մեջ «որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար» (Ղկ. 2:7)։ Հիսուս ծնվեց՝ մերժվելով շատերի կողմից և արժանանալով շատերի անտարբերությանը: Այսօր ևս այս անտարբերությունը կարող է գոյություն ունենալ այն ժամանակ, երբ Սուրբ Ծնունդը դառնում է մի տոն, որտեղ առաջամրտիկները մենք ինքներս ենք, այլ ոչ թե Հիսուս, երբ առևտրի լույսերը ստվերում են Աստծո լույսը, երբ մենք մտահոգված ենք նվերներով և անտարբեր ենք անտեսված մարդկանց նկատմամբ:
Այդուհանդերձ, Սուրբ Ծնունդը էականորեն ունի հույսի համը, քանի որ չնայած մեր կյանքի մութ կողմերին, այնուամենայնիվ, Աստծո լույսը փայլում է: Նրա քնքուշ լույսը չի թողնում, որ մենք վախենանք. Աստված, Ով սիրում է մեզ, Իր քնքշությամբ մեզ մոտեցնում է Իրեն՝ ծնվելով մեր մեջ՝ որպես աղքատ և փխրուն, որպես մեզնից մեկը: Նա ծնվեց Բեթղեհեմում, որը նշանակում է «հացի տուն»: Այս կերպ, թվում է, թե Նա մեզ հայտնում է, որ մեզ համար որպես հաց է ծնվել, նա կյանք է մտել, որպեսզի Իր կյանքը տա մեզ, Նա մեր աշխարհ եկավ՝ Իր սերը մեզ տալու համար: Նա չի գալիս մեզ նսեմացնելու կամ հրամայելու համար, այլ՝ մեզ սնելու և ծառայելու համար: Այսպիսով այստեղ կա մի ուղիղ թել, որը կապում է մսուրն ու խաչը, որտեղ Հիսուս դառնալու է հաց, որը բեկվում է: Սա սիրո ուղիղ թելն է, որը տրված է և ծառայում է մեզ, որը լույս է բերում մեր կյանքին և խաղաղություն՝ մեր սրտերին:
Հովիվները այս ամենը հասկացան այդ գիշերը: Նրանք այդ ժամանակների անտեսված մարդկանց շարքում էին: Սակայն Աստծո աչքում ոչ ոք անտեսված չէ. նրանք հենց այն մարդիկ էին, ովքեր հրավիրվեցին Ծննդյան խորհրդին: Նրանք ովքեր ինքնավստահ էին, ովքեր ինքնաբավ էին, մնացին տանը՝ իրենց ունեցվածքի հետ: Իսկ հովիվները «շտապելով գնացին» (Ղկ. 2:16):
Եկե՛ք այօր թույլ տանք, որ Հիսուս մեզ մարտահրավեր նետի և հրավիրի: Եկե՛ք հավատով ընդառաջ գնանք Նրան՝ դուրս գալով մեր մեջ եղած այն տարածքից, որտեղ մենք անտեսված ենք զգում, մեր սեփական սահմանափակումներից: Եկե՛ք դիպչենք այն քնքշությանը, որը փրկում է: Եկե՛ք մոտենանք Աստծուն, Ով մոտենում է մեզ, եկե՛ք կանգ առնենք ու նայենք մսուրին և պատկերացնենք Հիսուսի ծնունդը՝ լույս, խաղաղություն, հնարավոր աղքատություն և մերժվածություն: Եկե՛ք հովիվների հետ մտնենք Քրիստոսի Ծնունդի իրական տոնի մեջ՝ ընդունելով Հիսուսին այնպիսին, ինչպիսին, որ բոլորս ենք, մեր օտարումը, մեր չապաքինվող վերքերը: Այնուհետև, Հիսուսի միջոցով մենք կճաշակենք Սուրբ Ծննդյան ճշմարիտ համն ու հոտը՝ Աստծո կողմից սիրված լինելը: Մարիամի և Հովսեփի հետ միասին մենք կանգ ենք առնում մսուրի առաջ, Քրիստոսի առաջ, Ով որպես հաց ծնվեց իմ կյանքի համար: Տեսնելով Նրա խոնարհ և անսահման սերը, եկե՛ք ասենք Նրան՝ շնորհակալությու՛ն, շնորհակալությու՛ն Քեզ, որ դու այս ամենն արել ես ինձ համար:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը