Վարակվել Սբ. Ծննդյան ուրախությամբ:
2016թ. Դեկտեմբերի 19-ին, Սրբազան Քահանայապետն ընդունել է մի խումբ երիտասարդների, ովքեր ակցիա են կազմակերպել՝ Սուրբ Ծննդյան շնորհավորանքների համար:
Հատվածներ՝ Սրբազան Քանայապետի խոսքից.
«Սուրբ Ծնունդը մոտենում է և ես ուրախ եմ հանդիպել ձեզ հետ այս ուրախ պահին, երբ մենք ողջունում ենք միմյանց: Շնորհակալ եմ ձեզ՝ ձեր այցելության համար և ջերմորեն ողջունում եմ ձեզ: Դուք գալիս եք կաթողիկէ երիտասարդաց ակցիայի ներկայացուցչության տարբեր իտալական թեմերից: Ձեր միջոցով ցանկանում եմ, որ իմ ողջույնն ու Սուրբ Ծննդյան բարի մաղթանքները հասնեն իտալական կաթողիկէ ակցիայի ամբողջ ընտանիքին:
Հրեշտակի ավետիսը հովիվներին նորից լսվելու է Սուրբ Ծննդյան տոնին. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է» (Ղկ. 2:10-11)։ Հիսուսի ծնունդը հռչակվեց որպես մեծ ուրախություն և դիմելով տղաներից մեկին Քահանայապետը հարցրեց. «Իսկ դու հիշեցի՞ր այս ամենը, այս «մեծ ուրախությունը», որը ծնունդ է առել այն բացահայտմամբ, որ Աստված սիրում է մեզ և Հիսուսի ծննդի միջոցով մոտեցել է մեզ՝ որպեսզի փրկի, մենք Աստծո սիրելիներն ենք: Ի՛նչ հրաշալի է սա: Երբ մենք մի փոքր տխուր ենք, երբ թվում է, թե ամեն ինչ ձախողվում է, երբ մեր ընկերը հիասթափեցնում է մեզ, կամ նաև երբ մենք ենք հիասթափեցնում ինքներս մեզ, եկե՛ք մտածենք այսպես. «Աստված սիրում է ինձ, Նա չի լքի ինձ»: Այո՛ երեխաներ մեր Տերը միշտ հավատարիմ է մեզ և չի դադարում մեզ հետևել, երբ մենք ինքներս ենք ինչ-որ կերպ հեռանում: Հետևաբար, քրիստոնյայի սրտում միշտ ուրախություն է, միշտ:
Եվ այս ուրախությունը բազմապատկվում է այն կիսելու միջոցով: Ուրախությունը, որն ընդունվում է որպես նվեր, կոչ է անում ականատես լինել մեր հարաբերություններին ընտանիքում, դպրոցում, եկեղեցական համայնքում և ամենուր: Այստեղ, կաթողիկէ երիտասարդաց ակցիայի երիտասարդներ, ձեզ օգնում է ձեր ճանապարհորդությունը, որն այս տարի ունի իր կարգախոսը՝ «Շրջապատված Ուրախությամբ»: Կրկեսի այս փոխաբերությունը հետաքրքրաշարժ է, դա եղբայրության, ուրախության և «թափառական» կյանքի փորձություն է: Կրկեսի պատկերը կարող է ձեզ օգնել զգալու, որ քրիստոնեական համայնքը և այն խումբը, որտեղ դուք ընդգրկված եք, միսիոներական իրականություն է, որը տեղափոխվում է երկրե երկիր, փողոցից փողոց՝ սիրով շրջապատելով բոլոր նրանց, ում դուք ամեն օր հանդիպում եք: Հռչակելով Հիսուսի ամբողջ սերն ու քնքշանքը, դուք դառնում եք Ավետարանի ուրախության առաքյալները: Եվ ուրախությունը վարակիչ է: Ճի՞շտ է արդյոք այն, որ ուրախությունը վարակիչ է: Համաձա՞յն եք: Ուրեմն վարակվեցե՛ք ուրախությամբ:
Կցանկանայի ձեզ մի առաջադրանք տալ: Այս վարակիչ ուրախությունը պետք է կիսել բոլորի հետ, սակայն հենց սա է առաջադրանքը, որ այն հատուկ ձևով պետք է կիսել տատիկի և պապիկի հետ: Լա՛վ մտածեք այս ամենի մասին: Այս ուրախությունը կիսում ենք բոլորի հետ, սակայն հատուկ ձևով՝ տատիկների ու պապիկների հետ: Հաճախ խոսե՛ք ձեր տատիկների ու պապիկների հետ, նրանք ևս ունեն այս վարակիչ ուրախությունը: Շատ հարցեր տվեք նրանց, լսե՛ք նրանց, նրանք պատմության հիշողություն ունեն, նրանք կյանքի փորձ ունեն և սա ձեզ համար մեծ պարգև կլինի, որը կօգնի ձեզ ձեր ճանապարհորդության ժամանակ: Նրանք ևս ձեզ լսելու կարիք ունեն, տատիկներն ու պապիկները նույնպես ձեր կարիքն ունեն, նրանց անհրաժեշտ է լսել ձեզ, հասկանալ ձեր ձգտումները, ձեր հույսերը: Ահա՛ առաջադրանքը. «խոսել տատիկների ու պապիկների հետ, լսել նրանց»: Մեծահասակները կյանքի իմաստություն ունեն: Որպեսզի չմոռանանք, մենք պետք է կրկնենք առաջադրանքը. «խոսել տատիկների ու պապիկների հետ, լսել նրանց»: Տղաներ և աղջիկներ եկեք բոլորս միասին կրկնենք. «խոսել տատիկների ու պապիկների հետ, լսել նրանց»…
Ձեր նվիրումը խաղաղությանը ևս վարակիչ է: Այս տարի նույնպես, դուք ցանկացաք «խաղաղություն» և «համերաշխություն» բառերը կապակցել մի նախաձեռնության հետ, որն ի նպաստ հարևան Նեապոլի դժվար կացության մեջ գտնվող ձեր հասակակիցների է: Սա բարի քայլ է, որը ցույց է տալիս այն ոճը, որի միջոցով դուք ցանկանում եք հռչակել Աստծո դեմքը, որը սերն է: Թո՛ղ Աստված օրհնի ձեր այս բարության նախագիծը…»
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը