• Հիսուս Մանկան Ծնունդը հու՛յս է ազդարարում աննշաններին ու անտեսվածներին

    Արդյո՞ք ես բացում եմ իմ դռները մոտեցող Աստծու առջև:


     

    Ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի ուղերձը, որը նա հղեց 2016թ. դեկտեմբերի 18-ին՝ Սբ. Պետրոսի Հրապարակում հավաքված հավատացյալներին, Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ:

     

    «Բարի՛ առավոտ սիրելի՛ եղբայրներ ու քույրեր:

     

    Այսօրվա Սբ. Պատարագը, որը չորրորդ և վերջին Հիսնակաց Կիրակին է, բնութագրվում է Աստծո և մարդկության մտերմության թեմայով: Մտթ., 1:18-24 ավետարանական հատվածը մեզ ցույց է տալիս երկու անձանց, ովքեր, ավելի քան մյուսները, ներգրավված էին այս սիրո խորհրդի մեջ՝ Կույս Մարիամի ու նրա ամուսին Հովսեփի: Սա սիրո խորհուրդ է՝ Աստծո և մարդկության մտերմության խորհուրդը:

     

    Մարիամը ներկայանում է մարգարեության լույսի ներքո, որն ասում է. «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի» (Մտթ. 1:23): Մատթեոս Ավետարանիչը հասկանում է, թե ինչ է կատարվում Մարիամի հետ, որ նա հղացավ Հիսուսին՝ որպես Սուրբ Հոգու գործ: Աստծո Որդին գալիս է նրա արգանդից, որպեսզի դառնա մարդ և Մարիամն ընդունում է Նրան: Այսպիսով, մի յուրօրինակ ձևով Աստված մոտեցավ մարդ արարածին՝ կնոջ մարմնից: Աստված մոտեցավ մեզ և կնոջից մարմին վերցրեց: Մեկ այլ ձևով Աստված  Իր շնորհով մոտենում է նաև մեզ, որպեսզի մտնի մեր կյանք և մեզ առաջարկի Իր Որդու պարգևը: Եվ մենք. ի՞նչ ենք անում մենք: Արդյո՞ք  մենք ընդունում ենք Նրան, արդյո՞ք մենք մոտ ենք թողնում, թե մերժում ենք Նրան, արդյո՞ք մենք հեռու ենք վանում Նրան: Ինչպես Մարիամը, ով իրեն ամբողջությամբ նվիրաբերելով Տիրոջ պատմությանը, թույլ է տվել Տիրոջը, որպեսզի Նա փոխի իր մարդկային ճակատագիրը, այսպիսով և մենք ինքներս՝ ընդունելով Հիսուսին և փորձելով ամեն  օր հետևել Նրան, կարող ենք  համագործակցել Նրա փրկության ծրագրի հետ, որը մեզ և աշխարհի համար է: Հետևաբար, Մարիամը հետևելու օրինակ է և մի աջակցություն, որի վրա մենք կարող ենք հույս դնել՝ Աստծուն հետևելիս, Աստծո հետ մեր մտերմության մեջ: Այսպիսով եկե՛ք թույլ տանք, որ Աստված մոտենա մեզ և մեր՝ սիրո քաղաքակրթության կառուցման հանձնառությանը:

     

    Օրվա Ավետարանի մյուս առաջամարտիկը Սբ. Հովսեփն է: Ավետարանիչը նշում է, որ Հովսեփը միայնակ չի կարող բացատրել այս իրադարձությունը, որն իր աչքի առջև է տեղի ունենում, հատկապես, Մարիամի հղիությունը: Հենց այն ժամանակ, կասկածի և նույնիսկ բարկության այդ պահին, Աստված մոտենում է նաև նրան, Իր սուրհանդակի հետ և նա լուսավորված է մայրության այդ բնությամբ: «Երեխան, ով հղացավ նրա մեջ՝ Սուրբ Հոգուց է»: Այսպիսով, դիմակայելով այս յուրօրինակ իրադարձությանը, որն անշուշտ բազմաթիվ հարցեր է բարձրացնում նրա սրտում, նա ամբողջությամբ վստահում է Աստծուն, Ով մոտենում է իրեն և, հետևելով Նրա կոչին, չի հրաժարվում իր հարսնացուից, այլ ընդունում է նրան և ամուսնանում Նրա հետ: Մարիամին ընդունելով՝ Հովսեփը գիտակցորեն և սիրով ընդունում է Նրան, ով Մարիամի ներսում էր, ով հղիացել էր Աստծո զարմանահրաշ գործի միջոցով, Ում համար ոչինչ անհնարին չէ: Հովսեփը՝ խոնարհ ու արդարամիտ մարդը, սովորեցնում է մեզ միշտ վստահել Աստծուն, Ով մոտենում է մեզ: Երբ Աստված մոտենում է մեզ, մենք պետք է վստահենք Նրան, Հովսեփը սովորեցնում է թույլ տալ ինքներս մեզ առաջնորդվել Նրա կողմից՝ կամավոր հնազանդությամբ:

     

    Այս երկու կերպարները՝ Մարիամն ու Հովսեփը, ովքեր առաջինն ընդունեցին Հիսուսին՝ հավատի միջոցով, ներկայացնում է Սուրբ Ծննդյան խորհուրդը: Մարիամն օգնում է մեզ պատրաստակամությամբ ընդունել Աստծո Որդուն՝ դեպի մեր կյանք, մեր մարմին: Հովսեփը քաջալերում է մեզ միշտ ձգտել Աստծո կամքին ու միշտ հետևել Աստծո կամքին՝ վստահությամբ: Նրանք երկուսն էլ թույլ տվեցին, որ Աստված մոտենա իրենց:

     

    «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ» (Մտթ. 1:23): Այսպես ասաց հրեշտակը.երեխան Էմմանուել պիտի կոչվի, որը նշանակում է՝ «Աստված մեզ հետ», այսինքն՝ Աստված մոտ է մեզ: Արդյո՞ք ես բացում եմ իմ դռները մոտեցող Աստծու առջև, երբ լսում եմ ներքին ոգեշնչում, երբ զգում եմ, որ կոչված եմ ավելի շատ բան անել ուրիշների համար, երբ կոչված եմ աղոթելու: Աստված մեզ հետ է, Աստված, Ով մոտենում է: Հույսի այս ազդարարումը, որը տեղի է ունենում Սուրբ Ծննդյան ժամանակ, ավարտին է հասցնում Աստծո սպասումը՝ յուրաքանչյուրիս մեջ, ամբողջ Եկեղեցում, և աննշանների ու անտեսվածների մեջ, ում աշխարհն անտեսում է, սակայն ովքեր սիրված են Աստծո կողմից և որոնց Նա մոտենում է»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

     

     

     

Օրացույց

Օրացույց