• Ի՞նչ է արել Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ աղետի գոտու վերականգնման համար
    13558854_10154815806682080_6876056215514537214_o

    «Կաթողիկէ եկեղեցին…երկրում մարդկային սահմանափակ քանակով ներկա լինելով հանդերձ, ուրախ է բերել իր ներդրումը հասարակության աճին, հատկապես, իր աշխատանքով՝ ուղղված ամենատկարներին և ամենաաղքատներին», Ն.Ս.Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ, ՀՀ նախագահական նստավայր, 24 հունիսի, 2016թ.


    1988-ի աղետին հաջորդող տարիներին, արտերկրից օգնության շտապող բազում կազմակերպությունների ու անհատների կողքին էր Կաթողիկէ Եկեղեցին և նոր վերաձևավորվող հա՛յ կաթողիկէ համայնքը: Կաթողիկէ Եկեղեցու մարդասիրական օգնությունը աղետյալների ընտանիքներին, ի տարբերություն ժամանակավոր օգնության այլ տեսակների, որոնք այդ տարիներին մատակարարում էին այլ կազմակերպություններ, դարձավ մնայուն մի հոգատարություն, տևական աշխատանք, որը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ և դարձավ աղետի գոտում ապրող և ժողովրդի բարդությունները կիսող համայնական սիրո արտահայտություն, ծառայություն և պարտք Աստծո և մերձավորի հանդեպ:

     

    Հայ կաթողիկէ համայնքը երբեք չի սիրել թմբկահարել իր գործունեության մասին, որից շահել և շահում են հետաղետյան շրջանում ապրող հազարավոր հայ ընտանիքներ, ովքեր ոտքի են կանգնել և այսօր շարունակում են ապրել՝ շնորհիվ Հայ Կաթողիկէ Եկեղեցու և նրա նախաձեռնած և իրականացրած մարդասիրական ծրագրերի: Բայց երբեմն, ինչպես հիմա, հարկ է անդրադառնալ, որպեսզի իրազեկության մակարդակը բավարար լինի՝ ճշմարտությունը կեղծիքից տարբերելու և իրերը իրենց անուններով կոչելու համար: Ի վերջո, Հայ Կաթողիկէ Եկեղեցու ծառայությունը Հայաստանում ունի միայն մեկ նպատակ՝ ցույց տալ Քրիստոսի ներկայությունը մարդկանց մեջ և Աստծո՛ փառքը:

     

    Մարդասիրությունը առաջին օրերում

     

    Սկսենք նրանից, որ 1988-ի երկրաշարժից անմիջապես հետո աղետյալներին ֆինանսական նվիրատվություն ցուցաբերեց Հռոմի Սուրբ Աթոռը և կոչ արեց Եկեղեցու բոլոր հաստատություններին և միջազգային կառույցներին ակտիվորեն ձեռնամուխ լինել աղետյալներին օգնելու գործին: Մի քանի օր անց Հայաստան շտապեց Սբ. Մայր Թերեզան՝ չնայած իր արդեն թույլ առողջությանն ու առաջացած տարիքին: Նա սկսեց աղետյալներին մնայուն օգնության մի առաքելություն, հետագա վիթխարի գործը կատարեցին և շարունակում են կատարել նրա միաբան քույրերը: «Մենք չունենք ոսկի, արծաթ, բայց ես ձեզ որպես նվեր բերել եմ իմ հոգատարությունը, իմ աղոթքները, քույրերիս հոգատարությունը: Մենք չենք կարող կատարել մեծ գործեր, բայց փոքրերն էլ ամենամաքուր սրտից են բխում».ասել էր Մայր Թերեզան լրագրողների հետ հարցազրույցում: Շուտով Սպիտակից քիչ հեռու իտալացի բարեգործների կողմից աղետից հետո կառուցված «իտալական» կոչվող գյուղի մոտ հիմնվեց Գթության քույրերի միաբանության մի տուն, որտեղ Մայր Թերեզայի քույրերը սկսեցին ապաստան տրամադրել ու խնամել հաշմանդամություն ունեցող երեխաների: Նրանցից շատերը հիմա էլ բնակվում են այդ տանը, արդեն վաղուց չափահաս են, իրենց ապրումները կիսում են կրտսեր ընկերների հետ, դարձել են մեկ ընտանիք: Գթության քույրերը նաև տարածքի բնակիչներին օգնում են դեղորայքով, սննդամթերքով և այլ պարագաներով, ապրում են ամենաաղքատների նման, ինչպես սովորեցնում էր իրենց Մայրիկը: Գթության քույրերի մի տուն էլ հետագայում հիմնվեց Երևանում, որտեղ խնամվում են հաշմանդամություն ունեցող ավելի փոքր տարիքի երեխաներ:

     

    1989-90թթ. Հայաստան եկան նաև Անարատ Հղության հայ միանձնուհիները՝ քույր Արշակուհին, քույր Արուսյակը, ովքեր նախ ապրում էին Սպիտակում՝ գթության քույրերի հետ միասին, ապա սկսեցին ապրել և աշխատել Շիրակի համայնքներում՝ Արևիկում, Փանիկում, Գյումրիում: Նրանք քրիստոնեություն էին դասավանդում, տրամադրում զանազան օգնություն՝ ֆինանսական, պարենային, դեղորայքային, բարոյական, հոգեբանական: Քույրերն աշխատում էին Հայաստան ծառայության եկած առաջին հայ կաթողիկէ հոգևորականների հետ՝ Մխիթարյան վարդապետ Հ. Կոմիտաս Մանուկյանի հետ, ով վերածնեց և վերակազմակերպեց հոգևոր կյանքը Փանիկում, Մխիթարյան Միաբանության նախկին ընդհանուր առաջնորդ Արհ. Տ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի հետ, ով 1991թ. Սբ.  Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից անվանվեց Առաջնորդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների: Գյումրիում 1991թ. հոկտեմբերի 2-ին հաստատվեց նաև այդ տարածաշրջանի հայ կաթողիկէների առաջնորդարանը, որը սկսեց համախմբել, վերակազմակերպել հայ կաթողիկէ համայնքները և նաև լայնածավալ օգնություն տրամադրել Գյումրիի անօթևաններին, կարիքավորներին՝ անկախ դավանական պատկանելությունից: Հայ կաթողիկէ հոգևորականներն ու համայնքի նվիրյալ աշխարահականները մարդասիրական օժանդակություն էին խնդրում Սուրբ Աթոռից, Իտալիայից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, կազմակերպում էին այդ օգնության բաշխումը հազարավոր ընտանիքների, ովքեր զօր ու գիշեր բախում էին առաջնորդարանի դռները՝ խնդրելով հանապազօրյա հաց, հագուստ, դեղորայք, գումար, աշխատանք, տանիք, ապաստարան: Ներսես Սրբազանը Հ. Նշան վրդ. Կարաքեյանի (հետագայում՝ առաջնորդ արքեպիսկոպոս) և իր մյուս օգնականների հետ աշխատում էր օգնության հասնել բոլորին: Մինչ օրս պահպանվել են այն երկար ցուցակները, ստացականները, որոնք վկայում են, թե ովքեր և ինչ են ստացել, քանի ուսանողների ուսման վարձավճարներ են վճարվել, քանի դպրոցների ու մանկապարտեզների են տրամադրվել սնունդ, քանի ընտանիք է ստացել վառելիք՝ ձմռան ցրտերից իրենց հյուղակներում պաշտպանվելու համար:

     

    Պատմում են, որ այդ տարիներին, կաթողիկէ առաջնորդարանը դարձել էր սոցիալական ծառայություններ իրականացնող մի արդյունավետ կառույց՝ հաճախ փոխարինելով պետական կառույցներին.հոգևորականները, աշխարհականները հմտացել էին սոցիալական աշխատանքի մեջ, մարդասիրական ծառայության մեթոդների մեջ, ճշմարտությունն ու կեղծիքը տարբերելու մեջ: Միայն մասնագիտական ուսումնասիրություններ ու մոնիտորինգներ չկան.ամեն ինչ միայն հիշողության մեջ է և արխիվներում:

     

    Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի հետ միասին

     

    Առաջնորդարանի հետ միասին աղետյալներին մեծ օգնություն սկսեց ցուցաբերել Աշոցքում հաստատված Տիրամայր Նարեկի հիվանդանոցը, որը հիմնվեց 1991թ.՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից: Ստեղծման օրվանից մինչեւ 1998թ. հիվանդանոցը ֆինանսավորվում էր Իտալական Կարիտասի կողմից: 1999-2002թթ Կարիտասի մարդասիրական եւ աստվածահաճո գործին իր մասնակցությունը բերեց նաեւ  Իտալիայի Լամբարդո Բեներրո գավառը, որից հետո մինչեւ 2005թվականը հիվանդանոցի միակ օժանդակողը Կամիլյանների միաբանությունն էր: 2006-2011թթ. Կամիլյաններին աջակցեց Իտալական Եպիսկոպոսների խորհուրդը, այս մեծ օժանդակողների  խումբը տարեց տարի համալրվեց 200-ից ավելի գործարարներով, անմասն չմնացին նաեւ տարբեր ժողովրդապետություններ, ընկերակցություններ, անհատ քաղաքացիներ: «Աստծո նախախնամությամբ և  բարերարների օգնությամբ  բացվեց այս հիվանդանոցը, ինչից հետո սկսեց ծառայել  անխտիր բոլորին՝ առանց որևէ դահեկան պահանջելու. անգամ այստեղ բուժվող հիվանդը սնվում է հիվանդանոցի հաշվին: Հազարավոր մարդիկ բուժօգնություն գտան այս հիվանդանոցում».մեզ հետ զրույցում նշեց Արհ. Տ. Նշան արքեպս. Կարաքեյանը, ով Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդն էր՝ 2005-2010թթ.:

     

    Հիմնադրման օրվանից հիվանդանոցում իր նվիրյալ ծառայությունը հաստատեց Հիսուսի Փոքրիկ քույրերի միաբանության անդամ, ազգությամբ ֆրանսիացի քույր Նոյել Լոքաթելլին: Նա, ի դեպ, այս երեք տասնամյակների ընթացքում հասցրել է հայերենին տիրապետել հայերիս նման: «Այսպես, պետք է պատրաստ լինես ընտրելու այն աղքատ և լքված վայրերը, ուր ոչ ոք չի ուզում գնալ: Պետք է աշխարհում գտնես մի հեռավոր անկյուն, ուր ապրում են փոքրաթիվ մարդիկ, որոնցով ոչ ոք չի զբաղվում, և ոչ ոք չի ուզում գնալ և ասել նրանց, որ Հիսուս իրենց էլ է սիրում, իրենց համար էլ չարչարվեց ու մեռավ Խաչի վրա».ասում է համեստ կարգապահության մարմնացում քույրիկ Նոյելը: Գնահատողը Տերն ինքն է, բայց լավ է, երբ մարդն էլ գնահատում է: 2014թ. հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահը քույր Նոյելին պարգևատրեց Ֆրանսիայի Պատվո Լեգէոնի շքանշանով՝ մարդասիրական մեծ ծառայության համար: Աշոցքի հիվանդանոցը Աշոցքի և Գյումրիի հարյուրավոր ընտանիքների տրամադրել և տրամադրում է ֆինանսական օգնություն, հագուստ, սնունդ, դեղորայք, անվճար բժշկական օգնություն, հիվանդանոցային բուժում, հոգ տանում հոգևոր պետքերի մասին, փոխել է շատերի կյանքը՝ ոտքի հանելով անկյալ, հուսահատ, կիսակործան վիճակից:

     

    Անարատ Հղության հայ քույրերի գործունեությունը Գյումրիում

     

    1992թ. Գյումրիում հիմնվեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության մասնաճյուղը: Քույրերը հոգ էին տանում որբացած երեխաների մասին: «Յաճախ դասի պահուն ականատես կ՛ըլլայի անօթութենէն գետին ինկող պատանիներու կամ մանուկներու. այդ մէկը ինծի մտածել տուաւ նոր լուծումներ գտնելու մասին».պատմում է մեծավորուհի քույր Արուսյակ Սաճոնյանը՝ Լինտա Գանտիլյանին, asbarez պարբերականում հրապարակված հարցազրույցի ժամանակ: Այդ նոր լուծումները շուտով կյանքի կոչվեցին: 1996-ին բարերար Պողոսյանի հովանավորությամբ Գյումրիում կառուցվեց «Տիրամայր Հայաստանի Պողոսյան կրթական կենտրոնը, որը ապաստան դարձավ ծնողազուրկ երեխաների համար: 1998-ին տեղի ունեցավ կենտրոնի պաշտոնական բացումը: Երկրաշարժի հետևանքով ծնողազուրկ 65 երեխա ընտանեկան օջախ գտավ կենտրոնում: Նրանցից շատերը քույրերի օգնությամբ կրթություն ստացան, ընտանիք կազմեցին, աշխատանքի տեղավորվեցին, դարձան հայ հասարակության լիարժեք անդամներ: Այժմ կենտրոնում ապրում է 37 երեխա, որոնցից 10-ը ծնողազուրկ են, մյուսները առանց ծնողական խնամքի կամ ոչ լիարժեք ընտանիքների, ծանր սոցիալական պայմաններում հայտնված երեխաներ են: Այս և Գյումրիի այլ անապահով երեխաների, պատանիների համար քույրերը կարողացան բարերարների օգնությամբ կառուցել նաև արհեստների մի դպրոց, որտեղ երեխաները մասնագիտական տարբեր հմտություններ ստանալու եզակի հնարավորություններ ունեն, ինչպիսիք, շատ այլ պետական կամ հասարակական կազմակերպություններ առաջարկել չեն կարող:

     

    2005թ. քույր Արուսյակը կարողացավ կենտրոնում ձևավորել նաև մի երգչախումբ՝ ընդգրկելով կենտրոնի սաներին, ինչպես նաև կենտրոնի հետ աշխատող այլ տաղանդավոր երեխաների: Երգչախումբը կազմավորեց Հայաստանի կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, ով մինչև օրս ղեկավարում ու զարգացնում է երգչախումբը: «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը ելույթներ է ունեցել ինչպես տեղական, այնպես էլ օտար բեմերում, անգամ՝ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի մատուցած Սբ. Պատարագների ժամանակ՝ 2015-ի ապրիլի 12-ին, Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում, ապա՝ 2016թ. հունիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում: Այս երգչախումբը ևս եզակի է իր ձևաչափով, որովհետև սա ոչ միայն երգարվեստում, այլև կյանքում ինքնադրսևորման, ինքնակայացման, հոգեբանական բարդույթների հաղթահարման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման մի հնարավորություն է:

    «Նրանք բարդույթների մէջ ապրելու փոխարեն բեմեր են դուրս գալիս եւ դառնում արտիստ, արդե՛ն արտիստ են, որովհետեւ աշխարհի լավագոյն բեմերում են ելույթներ ունենում: Այն երեխան, որը ծնողազուրկ է, խնդիրներ ունի եւ պէտք է թաքնված ապրեր, այսօր, բեմում հպարտ կանգնած, կերտում է հայ արվեստը եւ լավագոյն արվեստագետների ստեղծագործություններն է երգում, ոչ միայն հայ երգարվեստից, այլև՝ համաշխարհային, մեր նման մարդկանց հետ աշխատում է, ձևավորվում է մարդ, քաղաքացի, պատվախնդիր եւ լիարժեք մարդ է զգում իրեն».մի հարցազրույցի ժամանակ ասաց  Ռոբերտ Մլքեյանը:

    Տիրամայր Հայաստանի կենտրոնը նաև ամառային ճամբար է կազմակերպում Ծաղկաձորում՝ հյուրընկալելով տարեկան մոտ 800 երեխաների՝ թե կաթողիկէ և թե առաքելական համայնքներից, նաև օգնում Գյումրի տնակներում ապրող հարյուրավոր ընտանիքների՝ վառելիքով, սննդով, հագուստով: Այս բոլոր աշխատանքները հնարավոր են դառնում սփյուռքի հայրենակիցների և տարբեր բարեսիրական կառույցների աջակցությամբ:

     

    Հայկական Կարիտասը

     

    Հայկական Կարիտասի գործունեությունը Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու մարդասիրական առաքելության, հոգևոր սոցիալական ծառայության ամենաակնառու դրսևորումն է: Այն սկսվեց 1995թ. և իր առաջին ծրագրերն իրականացրեց աղետի գոտում՝ մեծ նվիրումով ծառայելով աղետյալ ընտանիքների նյութական, հոգեբանական, սոցիալական կարիքներին և հաճախ նույնիսկ փոխարինելով պետական կառույցներին: Հայկական Կարիտասն, անշուշտ, միակ գործող բարեգործական կազմակերպությունը չէր աղետի գոտում, բայց իր հեռանկարային ծրագրերով դարձավ մնայուն, կազմակերպված աջակցություն՝ աղետից տուժած համայնքների համակողմանի զարգացման, վերականգնման համար՝ իր ծրագրերն ուղղելով բոլորին՝ անկախ տարիքից, ծագումից, դավանական պատկանելությունից, գաղափարական հայացքներից:

     

    Հայկական Կարիտասի առաջին ընդհանուր նախագահ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ներսէս արքեպս. Տէր-Ներսէսեանը 2003թ. հրապարակված ամփոփ տեղեկագրում գրում է.

     

    «1995թ. մայիսին մի քանի նվիրյալ անձանց հետ հիմնվեց Հայկական Կարիտասը՝ որպես Բալասան հիմնարկ, ի սպաս մեր ազգաբնակչության ուսումնականկրթական, բարոյական, տնտեսական և նյութական բազմատեսակ կարիքների՝ մարդասիրական և քրիստոնեական բարձր զգացմունքներով տոգորված, Սուրբ Ավետարանի աստվածային սկզբունքներով ներշնչված և առանց դավանական խտրականության կամ մարդորսական նպատակների, հարազատ էկումենիկ ոգով»:

     

    Հայկական Կարիտասի ստեղծման մեջ մեծ ներդրում ունի բեյրութաբնակ տկն. Զվարթ Նաջարյանը, ով Կարիտասի մեջ իր բազմամյա աշխատանքային փորձն ի սպաս դրեց Հայաստանում Կարիտասի աշխատանքի մեկնարկի համար: Տկն. Զվարթը մինչ օրս էլ Հայկական Կարիտասի հետ է և աջակցում է իր խորհրդատվությամբ: Այդ տարիներին թեմի առաջնորդական փոխանորդ Արհ. Տ. Նշան արքեպս. Կարաքէհեյանը և Հ. Միքայել վրդ. Մուրադյանը ջանքեր չխնայեցին նորաստեղծ կազմակերպությունը զարգացնելու ուղությամբ: Մուրադյանը նշանակվեց Հայկական Կարիտասի առաջին քարտուղարը:

     

    Հայկական Կարիտասի գրասենյակը, որը նախապես գործում էր հայ կաթողիկէ առաջնորդարանի շենքում, իսկ հետագայում տեղափոխվեց նոր շենք և հիմնեց նաև այլ կենտրոններ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

     

    1996թ. ստեղծվեց վեց անդամներից և նախագահից կազմված վարչական խորհուրդը, որի խնդիրն էր՝ մշակել կազմակերպության ռազմավարությունը և վերահսկել ծրագրերի իրականացումը:

     

    Հ այկական Կարիտասի կազմավորմանը և առաջին ծրագրերի իրականացմանը աջակցեցին Միացյալ Նահանգներում գործող Կաթողիկէ Օգնության Ծառայությունը, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների Կարիտասները: Այս կազմակերպություններին հետագա տարիներին ավելացան նաև ուրիշ բարեսիրական կազմակերպություններ՝ Ռենովաբիս, Kirche in Not, Cnewa, Կարիտաս Ավստրիան, տարբեր երկրների կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդաժողովները և բազում այլ կառույցներ ու անհատներ, ովքեր օգնեցին և շարունակում են օգնել Հայկական Կարիտասին՝ իրականացնելու իր ծրագրերը ոչ միայն աղետի գոտում, այլև՝ Հայաստանի մյուս տարածաշրջաններում:

     

    Ստորև համառոտ ներկայացնում ենք հիմնականում մինչև 2003թ. իրականացված մի քանի հիմնական ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն ունեցան աղետից տուժած համայնքների զարգացման համար:

     

    1995թ. դեկտեմբերին և 1996թ, հունվարին Գյումրիում իրականացվեց Հայկական Կարիտասի առաջին ծրագիրը՝ «Սուրբ Ծնունդը»: Հարյուրավոր անապահով ընտանիքներ, միայնակ ծերեր, երկրաշարժի հետևանքով հաշմանդամներ այս ծրագրով նյութական աջակցություն ստացան (բաժանվեցին 94.8 արժողությամբ 65 սննդի փաթեթներ, 992 աշակերտ ստացան գրենական պիտույքներ): Այդ ծրագրի իրականացումը տկն. Զվարթը հրաշք է համարում, որովհետև այդ օրերին Կարիտասը չուներ տեխնիկական տարրական պայմաններ: 1997թ. Ֆրանսիական Կարիտասի և ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի ֆինանսավորմամբ 442 ընտանիք ստացավ սննդի ծանրոցներ:

     

    1997թ. ապրիլից մինչև 2001թ. դեկտեմբերը Հայկական Կարիտասը Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի Կարիտասների օգնությամբ Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի հատուկ հաստատություններում ապրող մոտ 1500 երեխաների տրամադրեց սննդամթերք, սպորտային պարագներ, խաղալիքներ, համակարգիչներ, հեռուստացույցեր, դպրոցական պիտույքներ, անկողին, հիգիենայի պարագներ, խոհանոցային գույք, էլեկտրատաքացուցիչներ և այլն:

     

    1997թ. մայիսից մինչ օրս իրականացվում են տարեցների խնամքի ծրագրեր՝ նախ հիմնելով անվճար սննդի ճաշարան, ապա զարգացնելով ցերեկային խնամքի և տնային խնամքի ծրագրերը, որոնք ունեն հարյուրավոր շահառուներ Հայաստանի տարբեր համայնքներում՝ նախապես սկսելով Գյումրիից:

     

    1997թ. նոյեմբերից մինչև 1998թ. մարտը ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագրի և Միացյալ Նահանգների Կաթողիկէ Օգնության Ծառայության աջակցությամբ Հայկական Կարիտասը շուրջ 60տ. սոյայի կաթի փոշի տրամադրեց ոչ միայն Գյումրիի և Սպիտակի, այլև Փանիկի, Տաշիրի մինչև 5 տարեկան մոտ 5500 կարիքավոր երեխաների:

     

    1997թ. նոյեմբերից մինչև 2002թ. փետրվարը Բելգիայի Կարիտասի և Նիդեռալդների CORDAID կազմակերպության ֆինանսավորմամբ, Աշոցքի տարածաշրջանի 23 համայնքների դպրոցներ ջեռուցման համար կանոնավոր կերպով ստացան հեղուկ վառելիք: Ծրագրից օգտվեց 2284 աշակերտ և 589 ուսուցիչ:

     

    1997թ. սեպտեմբերից մինչև 1998թ. սեպտեմբերը Գերմանական Կարիտասի աջակցությամբ Հայկական Կարիտասը սնունդ և հիգիենիկ պարագաներ ստացան Գյումրիի և Վանաձորի հատուկ հաստատությունների 110 ծնողազուրկ և հաշմանդամություն ունեցող երեխաներ:

     

    Հայկական Կարիտասը սկսեց իրականացնել դպրոցաշինության ծրագիր՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած դպրոցներին: 1998թ. հիմնովին կամ մասամբ վերանորոգվեցին Շիրակի մարզի Բավրա գյուղի միջնակարգ դպրոցը, 1999թ.՝ Գյումրիի թիվ 2 մարզական համալիրը: Նույն թվականներին ամբողջովին կահավորվեց Գյումրիի թիվ 14 դպրոցը: 2000թ. վերակառուցվեց Գյումրիի թիվ 34 դպրոցի ամբողջովին փլուզված շենքը: Հետագայում այդ շենք տեղափոխվեց նաև 28-րդ դպրոցը: Շենքում սկսեց գործել մեկ միասնական դպրոց: 2002թ. վերանորոգվեցին Արթիկի թիվ 16 հատուկ հաստատության և թիվ 2 մանկապարտեզի շենքերի տանիքները: 1999-2003թթ. վերանորոգվեցին Գյումրիի թիվ 24, 4, 42, 17, Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցների ջեռուցման համակարգերը: 2002թ. կառուցվեց Գետք գյուղի դպրոցի կաթսայատունը՝ ջեռուցման համակարգով: Վերանորոգման և ջեռուցվման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվել նաև Գյումրիի թիվ 1, 15, 8, 10, 11, ինչպես նաև Թավշուտի, Մուսաելյանի, Մեծ Սեպասարի դպրոցներում:

    Այս ծրագիրը շարունակվում է մինչ օրս: Վերանորոգված դպրոցների ու մանկապարտեզների անուններն ու թիվը շատ ավելին է, քան այստեղ թվարկվածները:

     

    1996-2003թթ.միայն Հայկական Կարիտասը խմելու ջրի ջրագծերի կառուցման և վերականգնման 15 ծրագիր իրականացրեց Շիրակի մարզի 16 գյուղական համայնքներում՝ որպես բաղադրիչ գյուղական համայնքների զարգացման ծրագրի: Այդ ծրագրերը շարունակվեցին նաև հետագա տարիներին:

     

    1998թ. աղետից տուժած համայնքներում միջավայրի՝ բակերի, խաղահրապարակների, զբոսանքի գոտիների վերականգնման, նոր տարածքների ստեղծման լայնածավալ աշխատանքներ իրականացվեցին: Այդ ծրագիրն իրականացվեց Գյումրիի նորակառույց Մուշ և Անի թաղամասերում, Արթիկ, Մարալիկ և Փանիկ համայնքներում, որտեղ աշխատանքները կատարում էին տեղի բնակիչները: Մոտ 230  մարդ (նրանց 85%-ը գործազուրկ էր) ընդգրկվեց դրանցում՝ ապահովվելով ժամանակավոր զբաղվածությամբ: Կարիտասը համայնքներին տրամադրեց 52 նստարան, 7 տնակ՝ սեղաններով ու նստարաններով և 35 աղբաման, տեղադրվեց մոտ 1500 մ եզրաքար:

     

    2000-2003թթ. Շիրակի, Գեղարքունիքի մարզեր և Երևանի 40 դպրոցներում իրականացվեց ամենօրյա սննդով ապահովման մի ծրագիր, որից օգտվեց մոտ 11400 աշակերտ: Ծրագրում ընդգրկվել էին հիմնականում խիստ կարիքավոր համայնքներ կամ թաղամասեր, որտեղ երեխաների թերսնվածությունը լուրջ խնդիր էր:

     

    2002թ.ից Գյումրիում սկսեց գործել Առողջության առաջնային պահպանման կենտրոնը, որի նպատակն է տրամադրել առաջնային ամբուլատոր բուժօգություն` Գյումրի քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր բնակիչներին: Կենտրոնը նաև տրամադրում է սահմանափակ լաբորատոր հետազոտություններ և, առկայության դեպքում, անհրաժեշտ դեղորայք` կենտրոնում գրանցված հիվանդներին, որոնց թիվը կազմում է 5000-5500 մարդ` 1600 ընտանիքներից:

     

    2009-2012թթ. Եվրոպական Միության և Միջազգային Կարիտասի ֆինանսավորմամբ Հայկական Կարիտասը Հայաստանի 15 գյուղական համայնքներում իրականացրեց սոցիալ-տնտեսական ինքնակազմակերպման հմտությունները զարգացնող մի ծրագիր (215,750 եվրո արժողությամբ):

     

    Միայն Հայկական Կարիտասը ամեն տարի Հայաստանում իրականացնում է միջինը 1-1,5 մլն դոլար արժողությամբ ծրագրեր: Միայն 2015թ. իրականացվել է մոտ 2մլն դոլարի ծրագրեր:

     

    Ես թվարկեցի միայն այն ծրագրերը, որոնք, ինչպես վերը նշեցի, կատարվել են մինչև 2003թ., կամ շարունակվում են մինչ օրս: Դրանց շահառուները աղետը վերապրած սերունդներն են՝ տարիքային լայն շրջանակով: Մյուս ծրագրերի մասին, որոնք, օրինակ, ներառում են աղետից հետո ծնված սերունդներին, կարելի է ծանոթանալ Հայկական Կարիտասի կայքում, տարեկան հաշվետվություններում, ինչպես նաև առաջնորդության սույն կայքում, որտեղ բազում հրապարակումներ ու տեսանյութեր կան Հայկական Կարիտասի մերօրյա գոծունեության մասին:

     

    Ամփոփում

     

    Այս համառոտ տեղեկությունները կարող են օգնել պատկերացում կազմելու աղետի գոտում Հայ Կաթողիկէ Եկեղեցու գործունեության մասին, որը աղետը վերապրած սերնդին և հաջորդող սերունդներին օգնեց  հաղթահարել աղետի հոգեբանական, բարոյական, սոցիալ-տնտեսական, առողջական հետևանքները: Հայ Կաթողիկէ Եկեղեցու գործունեությունը՝ ամբողջական առումով (հոգևոր, բարոյական, սոցիալական) օգնեց և օգնում է աղետի գոտում մինչ օրս ծանր սոցիալական պայմաններում ապրող, առայժմ առավելապես հանրապետության կենտրոնով սահմանափակված սոցիալ-տնտեսական-մշակութային քաղաքականության հետևանքով մեկուսացման, մարգինալացման մեջ հայտնված ժողովրդին ինքնադրսևորվել, վերագտնել արժանապատվությունը, հուսալ, հավատալ և ինտեգրվել երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ որպես զարգացող սուբյեկտ:

     

    Աղետի հետևանքների դեմ մինչ օրս պայքարող ժողովրդի համար գնահատանքի գեղեցիկ մի դրսևորում եղավ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդի՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցը Գյումրի՝ 2016թ. հունիսի 25-ին, որտեղ նա իր քարոզը սկսեց Եսայու մարգարեության տողերով, որոնք դարձան կատարված մարգարեության խորհրդանշական մի ամփոփ արտահայտություն, մարգարեության, որն իրականություն չէր դառնա` առանց Հռոմի Սուրբ Աթոռի.

     

    ««Կվերակառուցեն հին ավերակները, կվերանորոգեն անբնակ քաղաքները» (Ես. 61. 4):   Այս վայրերում, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որոնք լսեցինք»:

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց