• Արդյո՞ք պետք է հիվանդին ասել ճշմարտությունն` իր մոտալուտ մահվան մասին

    Անհրաժեշտ է հիվանդի հետ ստեղծել վստահության ու երկխոսության մթնոլորտ:


    Աղբյուր՝ Ռադիո Վատիկանի ռուսական բաժին:

     

    Հարց.

     

    Արդյո՞ք պետք է հիվանդին ասել ճշմարտություւնն իր մոտալուտ մահվան մասին: Ո՞վ պետք է դա անի: Ի՞սկ եթե հիվանդը երեխա է:

     

    Պատասխան.

     

    Մահացող մարդուն սատարելը դժվար խնդիր է ոչ միայն նրա հարազատների համար, այլ նաև` բուժաշխատողների և հոգևոր հովիվների համար: Մահացողին աջակցելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ սեփական զգացմունքներդ և հույզերդ՝ մահվան վերաբերյալ: Չէ որ իր մոտալուտ մահվան մասին տեղյակ մարդը բացահայտում է  իր կյանքի իմաստն ու դրանով իսկ իրեն խնամող մարդկանց ևս ստիպում խորհել կյանքի ու մահվան մասին: Մարդու մահը մեզ համար զուտ կենսաբանական փաստ չէ, դա մեզ համար դառնում է մեր սեփական մահվան՝ այսինքն մեր հավատքի ու կյանքի, հայտնությունը: Անգամ եթե մահացող հիվանդը շրջապատված է իր հարազատներով, այդ պահին, միևնույն է, նա մենակ է և հիշեցնում է մեզ, որ կյանքի ավարտին մենք բոլորս էլ մենակ ենք լինելու: Մահը մեզ հիշեցնում է, որ կյանքը հարատև չէ, որ մենք ամենակարող չենք, այլ՝ թույլ ու փխրուն էակներ: Մարդուն ասել իր մոտալուտ մահվան մասին՝ նշանակում է քեզ և նրան հայտնել ֆիզիկական, մտավոր և հուզումնական ունակությունների աստիճանական անկման մասին: Դա է պատճառը, որ շատերը նախընտրում են խուսափել մահվան մասին մտքերից ու խոսակցություններից՝ փոխանակ լույս սփռելու մահվան փաստի վրա և այն դարձնելու մարդկայնորեն ըմբռնելի: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է հավատք, որին ուղեկցում են հույսն ու անկեղծությունը: Հավատքը չի մեղմացնում մահվան ողբերգությունն, այլ թույլ է տալիս այն մեկնաբանել ի վերուստ տրված լույսի ներքո: Հույսը չի բացառում անհայտնությունն ու անորոշությունը, սակայն տալիս է վստահություն, որ անգամ այդ պահին ծնվում է մի ինչ-որ հիանալի ու մեծ բան:

     

    Ամենադժվար պահը բոլոր նրանց համար, ովքեր խնամում են անբուժելի հիվանդներին, «դատավճռի», այսինքն ախտորոշման ու վերջին ակնթարթի միջև ընկած ժամանակահատվածն է, որը կարող է ամիսներ տևել: Այդ ընթացքում մահացողի կյանքն առավել դժվար է: Մենք՝ հարազատներս, բուժանձնակազմն ու հոգևոր հովիվները, կարող ենք դառնալ մահացողին դեպի վերջին հանգրվան ուղեկցողներ, սակայն՝ չենք կարող դառնալ մահվան ուղեկիցներ, որի փորձառությունը մարդն ապրում ու զգում  է միայնակ:

     

    Արդյո՞ք պետք է մահացողին ասել ճշմարտություւնը: Ո՞վ և ինչպե՞ս պետք է դա անի: Կյանքում մենք բախվում ենք տարբեր խնդիրների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը, այնուամենայնիվ, այդ ճշմարտությունը թաքցնել պետք չէ: Նրանք, ովքեր գործ ունեն մահամերձ հիվանդների հետ, պնդում են, որ մարդիկ հաճախ իրենք են գիտակցում իրենց մոտալուտ մահը: Երբեմն հարազատները, վախենալով հիվանդի արձագանքից, չեն խոսում այդ մասին: Նախ մենք պետք է ինքներս պատասխանենք այն հարցին, թե ինչ է կյանքն ու մահը, այնուհետև հասկանանք, թե ինչ անձնավորության հետ գործ ունենք և ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ նրա տառապանքները:

     

    Հիվանդի՝ իր առողջական վիճակի մասին ճշմարտությունը իմանալը մարդու իրավունք է, որը, մասնավորապես ամրագրված է առողջապահության աշխատողների Կանոնադրության մեջ՝ հրապարակված Պապական խորհրդի կողմից՝ 1994թ.: Փաստաթղթում խոսվում է հիվանդների հետ հաղորդակցության նշանակության, ճշմարտությունն ասելու կարևորության և ընտանիքի հետ փոխհարաբերությունների մասին, ինչպես նաև՝ նրբանկատության անհրաժեշտության մասին, չէ որ յուրաքանչյուր հիվանդ յուրովի է ընդունում այդ լուրը: Դա հաղորդակցության խնդիր է, թե ինչպես պետք է հիվանդին հայտնել իր մահացու հիվանդության ախտորոշման մասին լուրերն ու հետագա կանխատեսումները: Մոտալուտ մահվան հեռանկարն է, որ այդ մասին հայտնելու պահը դարձնում է  դժբախտություն և, երբեմն, անհաղթահարելի դժվարության, սակայն դա չի ազատում մեզ հիվանդին ճշմարտությունն ասելու պարտականությունից: Շփումն ու հաղորդակցությունը մահացու հիվանդի և բոլոր նրանց միջև, ովքեր նրան սատարում են իր կյանքի վերջին շրջանում, չպետք է ձևական բնույթ կրի, որը անմարդկային կլիներ:

     

    Հիվանդի՝ իր առողջական վիճակի մասին ճշմարտությունն իմանալու իրավունքը սերտորեն կապված է պատասխանատվության հետ: Այստեղ խոսքը գնում է ոչ միայն տարբեր բժշկական միջամտությունների համար հիվանդի համաձայնության մասին, այլ նաև հիվանդի պարտականությունների մասին՝ իր ընտանիքի, աշխատանքի և բազմաթիվ այլ հարցերի նկատմամբ, որոնք նա պետք է լուծի մինչ երկրային կյանքին հրաժեշտ տալը: Հավատացյալի համար իր մոտալուտ մահվան մասին ճշմարտությունը նշանակում է հաշտեցում Աստծո հետ՝ Ապաշխարության Սուրբ Խորհրդի միջոցով:

    Չի կարելի մարդուն իր կյանքի վճռորոշ պահին, ինչպիսին է մոտալուտ մահը, թողնել անորոշության մեջ, նրան զրկելով կարևոր որոշումներ կայացնելու իրավունքից: Մահը շատ կարևոր իրադարձություն է, որպեսզի խուսափես նրա մոտալուտ լինելու մասին խոսակցությունից, սակայն դա պահանջում է խոհեմություն ու նրբանկատություն: Պապական խորհրդի փաստաթղթում խոսվում է այն մասին, թե ինչպիսի մոտեցում պետք է բուժաշխատողները ցուցաբերեն այդ հարցին: Չի կարելի պարզապես հայտնել հիվանդության ախտանիշը, դա պետք է արվի սիրով ու գթասրտությամբ, իսկ դա անելու համար անհրաժեշտ է ստեղծել վստահության ու երկխոսության մթնոլորտ: Միայն այդ դեպքում է հնարավոր գտնել ճիշտ խոսքերն ու ընտրել հարմար պահը: Պետք է հարգել հիվանդի զգացմունքները, իսկ դրա համար անհրաժեշտ է սովորել լսել անգամ նրա չարտաբերած հարցերը: Երբեմն անհրաժեշտ է հիվանդի մեջ հարցեր առաջացնել, ուղղորդել դեպի դա, աստիճանաբար խոսել նրա առողջական վիճակի ու մոտալուտ վախճանի մասին: Այլ կերպ ասաց գործել անկեղծության ու գթասրտության ոգով:

     

    Յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է ու առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Յուրաքանչյուր հիվանդ ունի իրեն բնորոշ որոշակի զգայնություն: Բուժաշխատողները, հարազատներն ու հոգևոր հովիվները պետք է կանխատեսենեն հնարավոր արձագանքը. զայրույթ, ընկճվածություն, առանց պայքարի ճակատագրին հնազանդվելու ցանկություն և այլն, որը կօգնի լինել առավել հանգիստ ու նրբանկատ: Առավել կարևոր է հիվանդին ցույց տալ փոխըմբռնում և համաձայնություն՝ նրա հետ: Այդ ժամանակ մոտալուտ մահվան հեռանկարը չի ընդունվի որպես մի ինչ-որ անդառնալի ու սարսափելի բան, որպես մահվան դատավճիռ:  Մահվան մասին ճշմարտությունը մարդուն հուսախաբ չի անի, քանի որ նա կզգա, որ միայնակ չէ: Նա միայնակ չէ իր հիվանդության ու ցավի հետ, նա զգում է, որ իր ցավն ու վախը հասկանում են և դա օգնում է նրան հաշտվել իր և մյուսների հետ: Սովորաբար, արարքներ գործելիս մենք առաջնորդվում ենք ի բարօրություն մեր սիրելի մարդկանց: Սակայն այս պարագայում՝ մոտալուտ մահվան պարագայում, մենք պետք է գիտակցենք, որ մահացողի բարօրությունը չի համընկնում նրա լավ ինքնագիտակցության հետ:

     

    Սակայն ամեն ինչ էլ ավելի է բարդանում, երբ գործ ենք ունենում երեխաների հետ, քանի որ երեխայի հիվանդությունն ու մահը մեծ փորձության է ենթարկում նրա հարազատների հույսն ու հավատը: Այնուամենայնիվ, երեխային բացատրելով ցավի ու մահվան իմաստը՝ նրան հասկացնում ենք, որ այս շեմից այն կողմ կյանքը չի ավարտվում:

     

    Գիտնականներն արդեն ապացուցել են, որ երեխան գիտակցված է ապրում իր ցավն ու զգում իր մոտալուտ մահը: Կյանքի առաջին իսկ օրվանից երեխայի մեջ առկա է սեփական ցավի ու մահվան գիտակցումը, երբ նա իր հիվանդությունն ընդունում է որպես պատիժ իր վատ պահվածքի համար կամ էլ որպես արդյունք ինչ-որ մոգական իրադարձության: Մոտավորապես 11 տարեկանում երեխան հասկանում է, որ իր օրգանիզմը թույլ է և հիվանդությունը ի հայտ է եկել տարբեր գործոնների պատճառով: Որոշ երեխաներ ցավը միայնակ են տանում, քանի որ ունեն թերագնահատման բարդույթ: Ամեն դեպքում հիվանդ երեխան ի վիճակի է հասկանալու, թե ինչ է մահն ու արդեն 3-6 տարեկան հասակում խոսել դրա մասին: Անգամ եթե մենք հազվադեպ ենք անդրադառնում այդ թեմային, միևնույն է երեխան ինքն իրեն տալիս է այդ հարցերը: Մահամերձ վիճակում գտնվող շատ երեխաներ հիվանդության ու մահվան գիտակցման մեծ էվոլյուցիա են ապրում, դրա համար էլ ծանր հիվանդ երեխաների պարագայում անհրաժեշտ է մահվան մասին անկեղծ երկխոսություն: Մանկական բուժհաստատությունների աշխատակիցները խորհուրդ են տալիս այդ երկխոսության ժամանակ օգտվել աստվածաշնչյան առակներից, թատերական ներկայացումներից ու պատկերազարդ նկարներից: Ամեն դեպքում երեխան միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում, իսկ մեծահասակները իրենց պետք է պահեն բնական: Այդ իրավիճակում երեխան կարիք ունի հաճախակի այցելությունների ու մարդկանց հետ շփման: Մինչ երեխայի հետ Աստծո մասին «ուղղահայաց» երկխոսություն սկսելը, անհրաժեշտ է նրա հետ լիովին կիսել իր ունեցած «հորիզոնական» փորձառությունը, այսինքն նրան չդիտարկել որպես զուտ քրիստոնեացման «առարկա», այլ ներդաշնակ լինել նրա սեփական աշխարհի, լեզվի, խորհրդանիշների ու նրա ստեղծած Աստծո պատկերի հետ, որոնք ինքն է ձևավորել իր հիվանդության ու տառապանքների ժամանակ: Ավելին, երբ երեխան հարցեր է տալիս մահվան մասին՝ պետք է նրա հարցերին պատասխանել միայն կոնկրետ՝ հաշվի առնելով երեխայի ըմբռման աստիճանը: Սովորաբար, մահվան շեմին գտնվող երեխաները հարցնում են. արդյո՞ք շատ երեխաներ են մահանում: Ե՞ս նրանց հետ խաղալու եմ: Ի՞նչ եմ խաղալու: Արդյո՞ք տեսնելու եմ Հիսուսին: Ըստ փոքրիկ հիվանդների կողմից թողած վկայությունների, երեխաների համար մահը դեռ չի նշանակում ամեն ինչի ավարտ:

     

    Այսպիսով, և´ մեծահասակներին, և´ երեխաներին պետք է ասել ճշմարտությունը՝ հիշելով այն մասին, որ մահամերձ երեխան ևս մասնակցում է Հիսուսի տառապանքներին ու մահվանը:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց