• Ինչու՞ է Ողորմության այս տարին կոչվում հոբելյանական. պատմական տեղեկություններ
    dscf22101322846937670

    Եկեղեցին պետք է առաջինը վստահելի կերպով վկայի ողորմության մասին, ապրի նրանով և այն խոստովանի՝ որպես Հիսուս Քրիստոսի Հայտնության կենտրոն


    Աղբյուր՝ Ռադիո Վատիկանի ռուսական բաժին:

     

    Հարց.

     

    Ինչու՞ է Ողորմության այս տարին կոչվում հոբելյանական: Քանի՞ անգամ է արդեն հայտարարված եղել ողորմության տարի, ո՞ր թվականներին և ո՞ր Սրբազան Քահանայապետի կողմից:

     

    Պատասխան.

     

    Ըստ կաթողիկէ ավանդույթի, հոբելյանը հանդիսանում է կարևոր կրոնական իրադարձություն: Դա մեղքերի ներման և թողության տարի է, հակառակորդների հաշտեցման և խոստովանանքի Սուրբ Խորհրդի միջոցով ապաշխարության տարի է, բարենպաստ ժամանակաշրջան է համերաշխության, հույսի, արդարության և ուրախությամբ Աստծուն ծառայելու: Հոբելյանական տարին նախ և առաջ Կյանքի Աղբյուր Հիսուս Քրիստոսի տարին է, Ով շնորհ է տալիս ողջ մարդկությանը:

     

    Հոբելյանական տարվա նախապատմությունը դեռևս Հին Կտակարանից է: Մովսեսի Օրենքը հրեա ժողովրդի համար սահմանել էր տոնել հատուկ սուրբ ժամանակաշրջան ամբողջ տարվա ընթացքում. «Կը սրբագործէք յիսուներորդ տարին եւ ձեր երկրի բոլոր բնակիչների համար ազատագրում կը յայտարարէք։ Դա ազատագրման տարի ազդարարելու նշան թող լինի։ Իւրաքանչիւր ոք պէտք է վերադառնայ իր կալուածքը, իւրաքանչիւր ոք պէտք է գնայ իր ազգատոհմին, որովհետեւ դա ազատագրման ազդարարն է։ Յիսուներորդ տարին թող ձեզ համար յոբելեանական տարի լինի: Չպէտք է ցանէք, չպէտք է հնձէք ինքն իրեն աճած բոյսը, Տիրոջն ընծայուած խաղողը չպէտք է քաղէք, քանզի այդ տարին ազատագրում ազդարարող յոբելեանական տարի է։ Այն թող սուրբ լինի ձեզ համար։ Արտում ինքն իրեն բուսած եւ աճած բերքը կերէ՛ք։ Ազատագրում հռչակուած յոբելեանական տարում իւրաքանչիւր ոք թող վերադառնայ իր կալուածքը» (Ղև 25; 10-13)»:

     

    Գառան եղջյուրը, որով ազդարարել են այդ առանձնահատուկ տարվա սկիզբը, եբրայերեն լեզվով կոչվում է «յոբել» կամ «յուբել», այստեղից էլ ի հայտ է եկել «հոբելյան» բառը: Սուրբ տարվա տոնակատարությունը, ի թիվս այլ բաների, նշանակել է վաճառված և գրավադրված հողերի վերադարձ նախկին տերերին, պարտքերի ներում, ստրուկների ազատագրում, 12 ամսվա ընթացքում երկիրը հանգստանում էր դաշտային աշխատանքներից: Նոր Կտակարանում Հիսուս Իր մասին խոսում է, որպես Մեկի մասին, Ով՝ քարոզելով «Տիրոջ ընդունելի տարին», գալիս է կատարելու Հին Հոբելյանը՝ վկայակոչելով Եսայիա մարգարեին:

     

    Շատ հաճախ Հոբելյանն անվանում են Սուրբ Տարի՝ ոչ միայն նրա համար, որ այն սկսվում, շարունակվում  և ավարտվում է տոնական սուրբ ծեսերով.այլ՝ այդ ժամանակը նախատեսված է քրիստոնեական կյանքի սրբությունն ամրապնդելու համար: Սուրբ Տարին տրվել է հավատքի խորացման ու բարեգթության խթանման համար, այն կոչ է անում օգնել քրիստոնյաներին անկեղծությամբ և հետևողականությամբ դավանել հավատքն առ Հիսուս Քրիստոս, որպես միակ Փրկիչը:

     

    Առաջին Հոբելյանը հայտարարվել է 1300թ.՝ Բոնիֆացիուս VIII Պապի կողմից՝ «Antiquorum Habet Fida Relatio» կոնդակով: Հոբելյանի հռչակման անմիջական պատճառ հանդիսացավ 1299թ. տարածված այն խոսակցություններն, որ, 1300թ. Սուրբ Պետրոս տաճարի այցելուները կստանան «մեղքերի լիակատար թողություն»: Ուխտավորների հսկայական հոսքը դեպի Հռոմ Բոնիֆացիուս VIII Պապին ստիպեց ինդուլգենցիա շնորհել ամբողջ 1300թ.-ի համար և, ապա՝ յուրաքանչյուր հարյուրամյակի համար (ինդուլգեցիա՝ նշանակում է մեղքերի թողություն, խոստովանանքի Սուրբ Խորհրդի միջոցով ներում): 1300թ. հայտնի ուխտավորների թվում են եղել Դանթեն, Չիմաբուեն, Ջոտտոն, Կառլա դե Վալուան, Ֆրանսիայի թագավորի եղբայրներն ու կինը՝ Կատերինան: Այդ ուխտագնացության արձագանքները կարելի է գտնել «Աստվածային կատակերգություն» մեջ («Դրախտ», Երգ 31):

     

    Պապը Ավինյոն տեղափոխվելուց հետո շատ խնդրագրեր ստացավ այն մասին, որ հաջորդ Հոբելյանը անցկացվի ոչ թե հարյուրերորդ տարում, այլ՝ հիսուներորդ: Կղեմես VI Պապը համաձայնվեց և որոշեց, որ Հոբելյանը նշվի յուրաքանչյուր 50 տարին մեկ: Ուխտավորների այցելության համար նա Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս տաճարներին ավելացրեց Լաթերանի տաճարը: Արդյունքում Ուրբանոս VI Պապը որոշեց յուրաքանչյուր 33 տարին մեկ հայտարարել հոբելյանական տարի՝ Հիսուսի երկրային կյանքի տևողությանը համապատասխան: Սակայն Ուրբանոս VI-ի մահից հետո նրա փոխանորդ Բոնաֆացիուս IX Պապը 1390թ. հայտարարեց Սուրբ Տարի և քանի որ մոտենում էր հարյուրամյակի ավարտը, ապա հաջորդ Հոբելյանը տեղի ունեցավ տաս տարի անց:

     

    Այնուհետև, Մարտին V Պապը Հոբելյանական հռչակեց 1425թ.-ը՝ երկու նորամուծություններ անելով՝ հատուկ հուշամեդալի հատում և Սուրբ Դռների բացում՝ Սուրբ Հովհաննեսի Լաթերանի տաճարում:  Ուրբանոս VI Պապի կարգադրությամբ նոր Հոբելյանը այնուհետև պետք է անցկացվեր 1433թ-ին, սակայն այն չկայացավ և հաջորդ Սուրբ Տարին հռչակվեց միայն 1450թ-ին՝ Նիկոլո V Պապի կողմից: Իսկ Պողոս II Պապը 1470թ. հատուկ կոնդակով հաստատեց, որ այսուհետ Սուրբ Տարի կհռչակվի 25 տարիմն մեկ: Այսպիսով, հաջորդ Հոբելյանը կայացավ 1475թ-ին: Այս առիթով Սիքստոս VI Սրբազան Հայրը կարգադրեց, որ Հռոմը համալրվի նոր տեսարժան վայրերով, որոնց թվում էին Սիկստինյան կապելլան և կամուրջը: Այդ ժամանակ Հռոմում աշխատում էին մեծագույն արվեստագետներ Վերոքքիոն, Սինյորելին, Գիրլանդայոն, Բոտիչելին, Պերուջինոն, Պինտուրիկկյոն, Մելոցոն Ֆորլիից:

     

    1500թ. Ալեքսանդր VI  Պապի ցանկությամբ չորս հռոմեական բազիլիկաների Սուրբ Դարբասները բացվեցին միաժամանակ, Պապն իրեն միայն թողեց Վատիկանի Սուրբ դարբասների հանդիսավոր բացումը: Այդ ժամանակվանից ի վեր, հազվադեպ բացառություններով, Հոբելյաններ անցկացվել են յուրաքանչյուր 25 տարին մեկ:

     

    Փաստաթղթերի շարքում, որոնք պարզաբանում են Հոբելյանների նշանակությունը Կաթողիկէ Եկեղեցում, մասնավորապես կարելի է հիշատակել Հովհաննես Պողոս II Պապի առաքելական ուղերձը «Tertio Millennio adveniente», որը հրապարակվել է 1994թ. նոյեմբերի 10-ին՝ 2000թ. Մեծ հոբելյանի նախօրեին: Սրբազան Քահանայապետը այսպես է բացատրում Հոբելյանների անցկացման ավանդույթը.

     

    «Յուրաքանչյուր անհատի կյանքում հոբելյանը կապված է ծննդյան օրվա հետ, սակայն տոնում են նաև մկրտության տարեդարձը, օծվելը, Առաջին Սուրբ Հաղորդությունը, քահանա կամ եպիսկոպոս ձեռնադրվելը, Ամուսնության Սուրբ Խորհուրդը»: Այս կոնտեքստում 2000թ. (անկախ ժամանակագրական հաշվարկների ճշգրտությունից), իրենից ներկայացնում է բացառիկ նշանակության հոբելյան՝ ոչ միայն քրիստոնյաների համար, այլ նաև ամբողջ մարդկության համար, եթե հաշվի առնենք այդ երկու հազարամյակների ընթացքում քրիստոնեության ունեցած առաջնային դերը: Հատկանշական է, որ գրեթե ամենուր տարվա հաշվարկը կատարվում է Քրիստոսի ծննդից ի վեր, այսպիսով, այն դառնում է մեր օրերում առավել օգտագործվող օրացույցի հիմնակետը: Հետևաբար, կարծես թե արդարացի է, որ այդ իրադարձության հետ կապված ուրախության յուրաքանչյուր վկայություն ունենա իր արտացոլանքն ու դրսևորումը: Սա ցույց է տալիս, որ Եկեղեցին ուրախանում է յուրաքանչյուրի փրկությամբ ու ուրախությամբ և, որ փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի փրկության այդ ուժը հասանելի լինի բոլորին: Դրա համար էլ 2000թ. նշանավորվեց՝ որպես Մեծ Հոբելյան: Իր բովանդակությամբ Մեծ Հոբելյանը կարելի է ասել, որ նման կլինի մյուս բոլոր հոբելյաններին, սակայն միևնույն ժամանակ կտարբերվի իր առանձնահատկությամբ: Իսկապես, որ Եկեղեցին խստորեն է պահպանում ժամանակի միավորը. ժամեր, օրեր, տարիներ, դարեր: Այս առումով Եկեղեցին համընթաց է քայլում յուրաքանչյուր մարդու հետ, նրան թույլ տալով գիտակցել, որ յուրաքանչյուր  ժամանակահատված համակված է Աստծո ներկայությամբ և Նրա փրկարար ազդեցությամբ: Այս ոգով Եկեղեցին ուրախանում է, շնորհակալություն հայտնում, ներողություն խնդրում և առ Աստված աղոթք բարձրացնում»:

     

    Հոբելյանը կարող է լինել սովորական կոնկրետ ժամանակահատվածի հետ կապված, և՝ ոչ սովորական, եթե հռչակվում է՝ ի նշանավորումն որևէ կարևոր իրադարձության: Ոչ սովորական Հոբելյանների ավանդույթը թվագրվում է 16-րդ դարով. դրանցից յուրաքանչյուրը տևել է մի քանի օրից մինչև մեկ տարի: 20-րդ դարում եղել է 3 ոչ սովորական Հոբելյան. 1933թ. Պիոս XI Պապը հայտարարեց 19-րդ հարյուրամյակի Քավության Հոբելյանը: 1983թ. Հովհաննես Պողոս II Պապը սահմանեց Քավության 50-ամյակի հիշատակությունը, իսկ 1987թ. հայտարարեց նաև Հոբելյանական  տարի՝ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնին:

     

    Ֆրանցիսկոս Պապի կողմից հայտարարված Ողորմության Սուրբ տարին հոբելյանական է համարվում հենց այդ իմաստով: Այսինքն դա ոչ սովորական Հոբելյան է և կապ չունի որևէ տոնի հետ: Ողորմության Հոբելյանական տարին առաջին անգամ է նշվում Եկեղեցում: Ողորմության Հոբելյանական տարի է  հայտարարվում  նախախնամության այն պահին, երբ Աստծո ողորմության ավետումը առավել արդիական է: Ահա թե ինչպես է նրա կարևորությունը պարզաբանում Սրբազան Քահանայապետը՝ «Misericordiae vultus»՝ Ողորմության դեմքը, կոնդակում.

     

    «Ոչ սովորական Սուրբ Տարին նախատեսված է  ամեն օր ողորմությամբ ապրելու համար, որն Աստված հավերժ մեզ է տալիս: Այս Հոբելյանին եկեք լսենք Աստծուն: Նա առանց հոգնածության բաց է անում Իր սրտի դռներն ու կրկնում, որ սիրում է մեզ և ցանկանում է Իր կյանքը մեզ հետ կիսել: Եկեղեցին պարզորոշ զգում է Աստծո ողորմության հռչակման անհետաձգելի անհրաժեշտությունը: Եկեղեցին ապրում է իրական կյանքով և արժանի է վստահելիության, երբ համոզվածությամբ ողորմություն է ավետում: Նա գիտի, որ իր առաջին խնդիրը, հատկապես այս ժամանակներում, լի մեծ հույսերով և սուր հակասություններով, կայանում է նրանում, որպեսզի բոլորն էլ մտնեն Աստծո ողորմության սուրբ խորհրդի մեջ: Եկեղեցին պետք է առաջինը վստահելի կերպով վկայի ողորմության մասին, ապրի նրանով և այն խոստովանի՝ որպես Հիսուս Քրիստոսի Հայտնության կենտրոն»:

     

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց