Այս կինը գիտեր այդ գաղթականի ցավը, քանի որ հայկական արյուն ուներ։
Ստորև ներկայացնում ենք Zenit գործակալության կայքից վերցված, 2016թ.հոկտեմբերի 26-ի առավոտյան, Սբ. Պետրոսի հրապարակում տեղի ունեցած Հրապարակային Ունկնդրության ժամանակ Սրբազան Քահանայապետի քարոզը:
«Բարի´ առավոտ, սիրելի´ եղբայրներ ու քույրեր.
Մենք շարունակում ենք նյութական ողորմության գործերի մասին խորհրդածությունը, որը Տեր Հիսուս հանձնարարել է մեզ, որպեսզի մեր հավատը միշտ կենդանի ու եռանդուն պահենք: Այս գործերն, ըստ էության, ակնհայտ են դարձնում այն, որ քրիստոնյաները Տիրոջ հետ վերջնական հանդիպմանը սպասելիս չեն հոգնում ու ծուլանում, այլ նրանք ամեն օր գնում են Նրան հանդիպելու՝ հիշելով Նրա դեմքն այն բազմաթիվ անհատների մեջ, ովքեր օգնություն են խնդրում: Այսօր մենք խորհրդածում ենք Հիսուսի այս խոսքերի մասին. «Օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, մերկ էի, եւ ինձ հագցրիք» (Մտթ. 25:35-36): Ինչքա՞ն շատ ժամանակ ենք հատկացնում անծանոթներին:
Տնտեսական ճգնաժամը, զինված հակամարտությունները կլիմայական փոփոխությունները շատ մարդկանց ստիպել են արտագաղթել: Սակայն գաղթը նոր երևույթ չէ, այլ այն մարդկության պատմության մի մասն է: Պատմական հիշողության պակասի մասին է վկայում այն մտածողությունը, թե այդ երևույթը միայն մեր օրերում է տեղի ունենում:
Ավետարանը մեզ գաղթի շատ ու շատ հստակ օրինակներ է տալիս: Բավական է մտածել միայն Աբրահամի մասին: Աստծո կոչը նրան ստիպեց հեռանալ իր երկրից և գնալ մեկ այլ երկիր. «Հեռացի՛ր քո երկ֊րից, քո ցեղից ու քո հօր տնից եւ գնա՛ այն երկիրը, որ ցոյց կտամ քեզ» (Ծննդոց 12:1): Այդպես եղավ նաև Իսրայելի ժողովրդի հետ, ովքեր դուրս եկան Եգիպտոսից, որտեղ ստրուկ էին, քառասուն տարի քայլեցին անապատում մինչև հասան Տիրոջ Խոստացած Երկիրը: Սուրբ Ընտանիքը ևս՝ Մարիամը, Հովսեփը և փոքրիկ Հիսուս, Հերովդեսի սպառնալիքից հարկադրված փախչեցին. «Եւ Հովսեփը վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը» (Մտթ. 2:14-15): Մարդկության պատմությունը գաղթի պատմությունն է. բոլոր բայրերում չկան այնպիսի մարդիկ, ովքեր չիմանան գաղթի երևույթը:
Այս ամենի հետ կապված՝ դարերի ընթացքում մենք ականատես ենք եղել համերաշխության մեծ պահերի, չնայած որ հասարակական լարվածության պակաս էլ չի եղել: Այսօր, դժբախտաբար, տնտեսական ճգնաժամի համատեքստը նպաստում է փակ և անբարենպաստ դիրքորոշումների երևան գալուն: Աշխարհի որոշ մասերում խոչընդոտներն աճում են: Երբեմն թվում է, թե շատ տղամարդկանց ու կանանց լուռ աշխատանքը, ովքեր իրենց ժամանակը ծախսելով՝ տարբեր ձևերով օգնում են փախստականներին ու գաղթականներին, ծածկվել է այլոց աղմուկով՝ ովքեր նախընտրում են գիտակցական եսասիրությունը: Սակայն համակերպվելը լուծում չէ, ավելին, այն ի վերջո նպաստում է թրաֆիքինգի հանցագործության տարածմանը: Միակ լուծումը միասնությունն է.միասնություն՝ գաղթականների հետ, միասնություն՝ անծանոթի հետ:
Քրիստոնյաների հանձնառությունն այս բնագավառում այնքան անհրաժեշտ է, որքան եղել է անցյալում: Նայելով միայն վերջին դարին, մենք հիշում ենք Սրբուհի Ֆրանսես Կաբրինիի հիանալի կերպարը, ով իր ընկերների հետ միասին, ամբողջ կյանքը նվիրեց ԱՄՆ-ի ներգաղթյալներին: Այսօր մենք նաև այս վկայությունների կարիքն ունենք, որպեսզի ողորմությունը կարողանա հասնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Սա մի հանձնառություն է, որը ներառում է բոլորին. ոչ ոք բացառված չէ: Թեմերը, ժողովրդապետությունները, Նվիրյալ կյանքի հաստատությունները, Միություններն ու Շարժումները, ինչպես նաև անհատ քրիստոնյաները, մենք բոլորս կոչված ենք ընդունելու պատերազմից, սովից, վայրագությունից ու կյանքի անմարդկային պայմաններից մազապուրծ եղած մեր եղբայրներին ու քույրերին: Բոլորով միասին, մենք աջակցության հզոր ուժ ենք նրանց համար, ովքեր կորցրել են իրենց հայրենիքը, ընտանիքը, աշխատանքն ու ինքնությունը:
Մի քանի օր առաջ քաղաքում մի փոքր միջադեպ տեղի ունեցավ: Փախստականը ինչ-որ փողոց էր փնտրում և մի կին մոտեցավ նրան ու ասաց. «Ինչ- որ բա՞ն եք փնտրում»: Այդ փախստականը ոտաբոբիկ էր: Եվ նա ասաց. «Ես ցանկանում եմ գնալ Սբ. Պետրոսի հրապարակ՝ Սուրբ Դռնով մտնելու համար: Իսկ կինը մտածեց. Բայց նա ոտաբոբիկ է, նա ինչպե՞ս կարող է քայլել»: Եվ նա տաքսի կանչեց: Բայց այդ փախստականի վրայից վատ հոտ էր գալիս, և վարորդը գրեթե չցանկացավ թողնել, որ նա մեքենայի մեջ նստի, բայց վերջում նա թողեց, որ փախստականը նստի մեքենայի մեջ: Եվ ճանապարհին, կինը, ով նստած էր այդ գաղթականի կողքին, նրանից հարցրեց նրա պատմությունը: Տասը րոպե պահանջվեց այնտեղ հասնելու համար: Այդ մարդը պատմեց իր վշտի, պատերազմի պատմությունը, և թե ինչու է նա իր երկրից փախել ու գաղթել այստեղ: Երբ նրանք տեղ հասան, կինը բացեց իր դրամապանակը, որպեսզի վճարեր տաքսու վարորդին, իսկ տաքսու վարորդը, ով սկզբում չէր ցանկանում, որ փախստականը նստեր իր մեքենան, այն պատճառով, որ նրա վրայից հոտ էր գալիս, ասաց այդ կնոջը. «Ո´չ, տիկին, այդ ես պետք է վճարեմ ձեզ, քանի որ ձեր շնորհիվ ես լսեցի այնպիսի մի պատմություն, որը փոխեց իմ սիրտը»: Այս կինը գիտեր այդ գաղթականի ցավը, քանի որ նա հայկական արյուն ուներ և գիտեր իր ժողովրդի տառապանքը: Երբ մենք այսպիսի բան ենք անում, սկզբում մենք մերժում ենք, քանի որ այն մեզ որոշակիորեն անհանգստություն է պատճառում, «բայց…նրա վրայից վատ հոտ էր գալիս…»: Սակայն վերջում այս պատմությունը բուրմունքով է լցնում մեր հոգին և մեզ փոխում է: Մտածե´ք այս պատմության մասին և եկե´ք մտածենք, թե ինչ կարող ենք անել փախստականների համար:
Մյուսը՝ մերկերին հագցնելն է. ի՞նչ է դա նշանակում, եթե ոչ արժանապատվության վերականգնումն այն մեկի, ով կորցրել է դա: Անշուշտ, հագուստ տալ նրանց, ովքեր զրկված են դրանից, բայց մենք մտածում ենք նաև թրաֆիքինգին զոհ դարձած կանանց մասին, ովքեր շպրտված են փողոց, կամ այլ կերպով են զոհ դարձել, շատ ու շատ ձևեր կան մարդու մարմինը որպես առևտրի միջոց օգտագործելու համար, նույնիսկ անչափահասներինը: Հետևաբար աշխատանք, տուն ազնիվ աշխատավարձ չունենալը ևս համարվում է մերկության ձև, կամ խտրականության ենթարկվել ռասսայի ու հավատի պատճառով. սրանք բոլորը «մերկության» ձևեր են, ի դեմս որի մե´նք, քրիստոնյաներս կոչված ենք լինելու ուշադիր, աչալուրջ և պատրաստ՝ գործելու:
Սիրելի´ եղբայրներ ու քույրեր եկե´ք չընկնենք ինքներս մեր մեջ պարփակվելու, մեր եղբայրների կարիքներին անտարբեր լինելու և միայն մեր սեփական շահերի մասին մտահոգվելու թակարդի մեջ: Սա հենց այն միջոցն է, որը մենք բաց ենք անում ուրիշների առջև, որպեսզի կյանքը դառնա արգասավոր, հասարակությունները վերագտնեն խաղաղություն և անհատները վերականգնեն իրենց արժանապատվությունը:
Եվ մի´ մոռացեք այդ կնոջը, մի´ մոռացեք այդ փախստականին, ում վրայից վատ հոտ էր գալիս, և մի´ մոռացեք այն վարորդին, ում հոգին այդ փախստականի միջոցով փոխվեց:
Թարգմանեց Նարինե Գալոյանը