• Արփենի.հոգևոր ինքնությանը հավատարմության վկայություն

    Գործող եկեղեցի չկա, բայց հոգևոր կյանքը վերելք է ապրում


    Արփենի գյուղի ամենատարեց՝ութսունհինգամյա Հովսեփ պապը իմացել էր, որ լրագրողներ են գալու իրենց գյուղ, հագնվել ու հարդարվել էր ըստ պատշաճի ու, ամենակարևորը, թևի տակ ամուր պահել էր  Հայաստանի և հարակից  շրջանների տեղանունների  հաստափոր բառարանը, որ խոսի հստակ փաստերով ու ապացույցն էլ միանգամից ձեռքի տակ ունենա: Շատ բան գիտի ապուպապերի պատմությունից, գաղթի ճանապարհի մասին էլ այնքան որոշակի է պատմում, որ թվում է ինքն անձամբ է մասնակից եղել այդ ամենին: Հարազատ գյուղի՝ Արփենիի պատմության մանրամասները  պատմեց մեզ…բայց հերթով…

    14859419_958264864285401_858576268_o

    Արփենի գյուղը ոչ պաշտոնապես բաժանվում է Հին և Նոր Արփենիների: Նոր Արփենին կառուցվել է 1988 թ–ի աղետալի երկրաշարժից  հետո: Հին Արփենին՝ նախկինում Փալութլին, եղել է հույների և ասորիների աքսորավայր, վայրը լի է եղել փալութ կոչվող ծառերով, ինչից առաջացել է «Փալութլի» անվանումը: Արդեն  հայկական Արփենին նույն տարածքում  հիմնադրվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի Իրիցու գյուղից գաղթածների կողմից, 1852 թվականին:

     

    «Իրիցու գյուղը՝ բնակեցված կաթողիկէ հայերով, երբ որ տեղահանվել է, եկել են դեպի այս կողմերը: Խուգո անունով մի հայ կաթողիկէ Իրիցուի  գյուղից  հավանում է ներկայիս Արփենիի տարածքն ու բնակություն է հաստատում այստեղ: Հետագայում համագյուղացիներն ու բարեկամները իմանում են, որ Խուգոն այստեղ է հաստատվել, կամաց–կամաց գալիս ու համախմբվում են Արփենի գյուղում ու սկսում են շենացնել այն,–պատմում է Հովսեփ Ենգոյանը,–դեռևս իրենց տները չկառուցած՝ բնակիչները կառուցում են այժմյան խոնարհված եկեղեցու կողքի  մատուռը, այնուհետև մի քիչ հաստատվելուց ու նոր վայրում ավելի ամուր արմատներ գցելուց հետո ձեռնարկում են նոր՝ Աշոցքի շրջանի ամենամեծ եկեղեցու կառուցումը: Շինարարությունն ավարտվում է 1910 ական թվականների սկզբներին»:

    14795901_958264640952090_108638888_o

    Նույն գյուղի բնակչուհի Էլմիրա Հովհաննիսյանը ևս լավ է տեղեկացված գյուղի պատմությունից, պատմում է հետևյալը.

     

    «Մեր նախնիները կառուցել են եկեղեցին, որն իրենց  Իրիցու գյուղի կաթողիկէ  եկեղեցու կրկնօրինակն է, երբ մեր պապերին հարցնում էինք, թե ինչու են այսքան մեծ եկեղեցի կառուցել, պատասխանում էին, որ նույն եկեղեցին են ուզում տեսնել նոր բնակավայրում: Ասում են, թե համագյուղացիներից մեկն է երազում տեսել, որ նմանօրինակ եկեղեցի կառուցեն գյուղում: Ամբողջ գյուղը ամիսներով ձու է հավաքում, բերում են հսկա քարերն ու ձվի շաղախով կառուցում են եկեղեցին, դրանով է պայմանավորված եկեղեցու ամրությունը: Այժմ եկեղեցին խոնարհված է, քանի որ ծածկից ջուրը կաթեց, խոնավացավ ու ծածկն ամբողջությամբ քանդվեց»:

     

    Արփենիի բնակչությունը լիահույս է, որ մի օր եկեղեցին կվերակառուցվի: Հին եկեղեցին վերանորոգելը բավական թանկ կարժենա, բացի այդ բնակչությունը հիմնականում ապրում է նոր գյուղի տարածքում: Ուստի հոգևորականներն ավելի նպատակահարմար են տեսնում նոր գոյւղի տարածքում կառուցել մի նոր եկեղեցի՝ հին եկեղեցու քարերով, այս կերպ գոնե մասամբ փրկելով նաև հինը: Դեռ մի քանի տարի առաջ այդ նպատակով նոր գյուղի տարածքում հողհատկացում է կատարվել, բայց եկեղեցու կառուցման աշխատանքները դեռ չեն մեկնարկել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Հոգևորականները ծրագրում են մոտ ապագայում սկսել աշխատանքները՝ մի կերպ գումար հայթայթելով:

    14895586_958264684285419_328351235_o

     

    Գործող եկեղեցի չկա, բայց հոգևոր կյանքը քնած չէ այս համայնքում, ավելին, վերելքի ուղին է բռնել: Գյուղապետարանում տեղակայված վերանորոգված մատուռում ամեն շաբաթ կանոնավոր կերպով Սբ.  Պատարագ  է մատուցվում կաթողիկէ եկեղեցու հոգևորականների ձեռամբ:

     

    Արփենիի խոնարհված, բայց վեհությունը չկորցրած եկեղեցին տեսնելուց ու  տեղեկություններ հավաքելուց  հետո մասնակցեցինք Սբ.Պատարագին: Ուրախությամբ ենք ուզում փաստել, որ մատուռը լեցուն էր հավատավոր ժողովրդով: Արփենիի բնակիչ Անահիտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց.

     

    «Մեր գյուղի բնակչությունը ուժեղ հավատ ունի առ Աստված, առ Եկեղեցի, մշտապես մասնակցում ենք Սբ.Պատարագներին, բացի այդ գնում ենք մեր կիսաքանդ եկեղեցին, մոմ ենք վառում: Շատ կցանկանաինք ունենալ կանգուն ու բարեկարգ եկեղեցի, իրոք կարիքը շատ ենք զգում, այս տարածքը փոքր է արդեն մեզ համար»:

     

    Նույն գյուղի բնակիչ Խչոյան Ալինան ևս մեզ հետ զրույցում նույնպես նույն խնդրին անդրադարձավ.

     

    «Պատարագի գալիս ենք, հավատում ենք զորությանը, բայց որ եկեղեցի ունենանք, ավելի լավ կլինի, սպասում ենք օժանդակության, թեկուզ մեզ օժանդակեն, մենք կկառուցենք եկեղեցի»:

    14859440_958264544285433_2024053087_o

    Սբ. Պատարագը մատուցեց  Տեր Հովսեփ քահանա Գալստյանը, ով  կոչ արեց բնակիչներին, որ շարունակեն հավատարիմ մնալ իրենց հավատին ու կաթողիկէ ինքնությանը.

     

    «Մշտապես մնացե՛ք Տիրոջ Խորհրդավոր Մարմնի ջերմեռանդ անդամները՝ աղոթելով, որ Աստվածածնի բարեխոսությամբ Աստված իր շնորհները մշտապես առատացնի, որ դուք էլ ողորմության գործերում լինեք այնպես առատ, ինչպես Աստված ինքն է:  Մենք կոչված ենք նմանվելու Տեր Հիսուս Քրիստոսին, նմանվելու ամեն ինչով, մեր առաքելությունը սիրելն ու սեր տալն է»:

     

    Գյուղի մատուռում շաբաթական մի քանի օր կազմակերպվում են նաև քրիստոնեականի դասեր, որին երեխաները մեծ ակտիվությամբ են մասնակցում: Նրանք են համայնքի հոգևոր ջերմեռանդության հիմքն ու շարունակողները:

     

    14875947_958264524285435_371243526_o 14894413_958264627618758_1497807695_o

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց