• Լինել ոչ թե բծախնդիր օրինապահ, այլ՝ ողորմած և ներողամիտ

    «Շատ դեպքերում խստասրտությունը թաքցնում է երկակի կյանք վարելը»:


    Սրբազան Քահանայապետը 2016թ.հոկտեմբերի 24-ի քարոզի ժամանակ խոսել է չափից դուրս օրինապահության դեմ և ասել, որ Տերը մեզ տվել է ազատություն և հեզություն՝ որպեսզի մենք լինենք ողորմած:

     

    Ներշնչվելով այդ  օրվա Ավետարանական ընթերցումից, որը պատմում է այն մասին, որ Հիսուս բուժեց մի հաշմանդամ կնոջ և բորբոքեց օրենսգետների զայրույթը՝ Քահանայապետն ասաց. «Հեշտ չէ պահել այն ուղին, որը գծված է Տիրոջ Օրենքով»:

     

    Մատթեոսի ընթերցումը պատմում է, որ Հիսուսի գործողությունը պատճառ դարձավ ժողովարանի առաջնորդի զայրույթի, ով վրդովված էր այն փաստից, որ Հիսուս շաբաթ օրով բուժեց այդ կնոջը, «քանի որ շաբաթ օրն այդպես վարվելով՝ Հիսուս խախտել է Տիրոջ Օրենքը, որը հանգստի ու երկրպագության համար է»:

     

    Եվ հիշեցնելով, որ Հիսուս պատասխանեց ժողովարանի առաջնորդներին՝ նրանց  «կեղծավորներ» անվանելով, Քահանայապետն ասաց, որ սա մի մեղադրանք է, որ Հիսուս անում է նրանց, ովքեր այդ Օրենքին խստորեն են հետևում: «Օրենքը չի ստեղծվել՝ մեզ նսեմացնելու համար, այլ՝ մեզ ազատություն տալու, և մեզ Աստծո զավակները դարձնելու համար».- ասել է  Քահանայապետը:

     

    «Խստասրտության հետևում միշտ ինչ-որ այլ բան կա թաքնված: Այդ իսկ պատճառով  Հիսուս օգտագործում է «կեղծավորներ» եզրույթը».-ասաց Քահանայապետը:

     

    Խստասիրտ վարվելակերպ ունեցող մարդու կյանքում միշտ մեկ այլ բան է թաքնված: Խստասրտությունը Աստծո պարգև չէ: Հեզությունը, բարությունը, բարեգործությունը, ներողամտությունը Աստծո պարգևներ են: Սակայն խստասրտությունը՝ ոչ».- ասաց նա:

     

    «Շատ դեպքերում խստասրտությունը թաքցնում է երկակի կյանք վարելը».- շարունակեց Քահանայապետը: Սակայն, նա նշեց, որ այստեղ ինչ-որ հիվանդագին բան կարող է լինել:

     

    Մեկնաբանելով դժվարություններն ու տառապանքները, որոնք տանջում են այն մարդկանց, ովքեր և´խստասիրտ են, և´անկեղծ, Քահանայապետն ասաց, որ սրա պատճառն այն է, որ նրանց պակասում է Աստծո զավակների ազատությունը: «Նրանք չգիտեն ինչպես քայլել այն ուղիով, որը նշված է Աստծո Օրենքով»:

     

    «Նրանց համարում են բարի, քանի որ նրանք հետևում են Օրենքին, սակայն նրանք ինչ-որ բան են թաքցնում. կամ նրանք կեղծավոր են, կամ էլ՝ հիվանդ: Եվ նրանք տառապում են».- ասաց նա:

     

    Սրբազան Քահանայապետը  հիշեցրեց նաև անառակ որդու մասին առակը, որում ավագ որդին, ով միշտ լավ վարք էր ունեցել, զայրացավ իր հոր վրա, քանի որ նա գրկաբաց ընդունեց իր փոքր որդուն, ով զղջալով վերադարձավ տուն՝ անառակ կյանքով ապրելուց հետո: «Այս վարվելակերպը ցույց է տալիս, թե ինչն է մնում այս տեսակ բարությունից հետո.հպարտությունը՝ հավատալու սեփական արդարությանը».-բացատրեց Քահանայապետը:

     

    Ավագ որդին օրինապահ էր և իր կյանքն անցկացրել էր՝ Օրենքին հետևելով, բայց իր հորը միայն որպես տեր տեսավ: Մյուս որդին օրենքները մի կողմ դրեց, կյանքի դժվարին պահին վերադարձավ իր հոր մոտ և խնդրեց նրա ներողամտությունը:

     

    «Հեշտ չէ քայլել Տիրոջ Օրենքի մեջ՝ առանց խստասրտության մեջ ընկնելու».- ասաց նա:

     

    Սրբազան Քահանայապետն ամփոփեց իր քարոզն այս աղոթքով.

     

    «Եկե´ք աղոթենք մեր եղբայրների և քույրերի համար, ովքեր մտածում են, որ խստասիրտ դառնալով՝ նրանք հետևում են Տիրոջ ուղուն: Թո´ղ Տերն այնպես անի, որ նրանք զգան, որ Նա մեր Հայրն է, և որ նա սիրում է ողորմություն, քնքշություն, բարություն, հեզություն և խոնարհություն: Եվ թո´ղ Նա մեզ բոլորիս սովորեցնի այս վարվելակերպերով քայլել Տիրոջ ճամփով»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց