«Մենք գյուղում եկեղեցի չունենք, բայց դա չի խանգարում մեր հոգևոր աճին»:
Այս շաբաթ որոշեցինք այցելել Շիրակի մարզի Հովտուն գյուղը և ներկա լինել Սբ. Պատարագին, զրուցել գյուղացիների հետ:
Գյուղը գտնվում է Շիրակի մարզկենտրոնից 36 կմ հյուսիս-արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին, ծովի մակերևույթից բարձր է 2080մ: Ձմեռն այստեղ խիստ է, տևողությունը`յոթ ամիս:
Դժվար է ապրել Հովտունում, խստաշունչ ձմեռը միակ խնդիրը չէ գյուղի համար, չկա պարբերաբար աշխատող քաղաքային տրանսպորտ, հիմնական և ավագ դպրոց, եկեղեցի և շատ այլ կարևոր կառույցներ: Սակայն Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականների մշտական ներկայությունը գյուղում`անկախ տարվա եղանակից, զգալի փոփոխություն ու կյանքի հանդեպ նորովի մոտեցման հիմքեր է տալիս հովտունցիներին:
Սբ. Պատարագը մատուցվում է դպրոցի տարրական հարմարություններից զուրկ մի փոքրիկ սենյակում, որը դժվար է մատուռ համարել: Սենյակը նույնիսկ հարդարված չէ, պատերը խունացած են, առաստաղից անձրևի և ձյան ժամանակ ջուր է կաթում: Պատարագելու համար մի սեղան է դրված անկյունում, որի վերևում Աստվածամոր պատկերն է:
Գյուղի փոքրաթիվ բնակչությունից հիմնականում երիտասարդներն են ջերմեռանդորեն մասնակցում: Պատարագիչ քահանան`Տեր Հովսեփ Գալստյանը նրանց հորդորեց անկախ ամեն ինչից մասնակցել Պատարագներին.
«Կապ չունի համայնքը մեծ է, փոքր է, ինչ պայմաններում է կատարվում եկեղեցական խորհրդակատարությունը`Ս.Պատարագը, ինչ պայմաններում եք դուք հավաքվում և միություններ ձևավորում.կարևորը ձեր ներքին տրամադրվածությունն է: Ինչպես ասում է Պողոս առաքյալը, դուք կառուցում եք ձեր ներքին մարդը և դրանով իսկ կառուցում եք մի այլ թագավորություն`սիրո թագավորությունը ձեր համայնքում`սկսելով ձեր հոգիներից: Պիտի ձեզ խրախուսեմ և հորդորեմ, որ շարունակեք աղոթել և խնդրել Տեր Հիսուս Քրիստոսի առատ շնորհները, որ կարողանաք էլ ավելի առաջադիմել ձեր սիրո գործերի մեջ, էլ ավելի առաջադիմել ձեր հոգևոր ինքնագիտակցության մեջ`որպես Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի անդամներ: Ձեր ամբողջ կյանքը դարձրե՛ք սիրո ու նվիրումի խորհրդանիշ»:
Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականների խորհուրդներից հոգեպես զորացած՝ երիտասարդները ձևավորել են եկեղեցուն կից երիտասարդական կազմակերպություն և զբաղվում են հանրօգուտ գործով:
Զրուցեցի երիտասարդների հետ:
Կարինե Առաքելյանը, ով երիտասարդական խմբի ակտիվ անդամ է, ասում է, որ բացի գյուղում հոգևոր դաստիարակություն ստանալուց, հոգևոր ճամբարները ևս մեծ հնարավորություն են տալիս շփվել հոգևորականների հետ ու ստանալ հոգևոր դաստիարակություն.
«Երիտասարդներով որոշել ենք,որ մեր ստացած գիտելիքները գործի դնենք, ստեղծենք միություն և զբաղվենք բարեգործությամբ: Հավաքեցինք շորեր ու նվիրաբերեցինք կարիքավորներին»:
Մարինե Շախբազյանն էլ ավելացնում է.
«Մենք գյուղում եկեղեցի չունենք, բայց դա չի խանգարում մեր հոգևոր աճին, կարևորն այն է, որ շատ կապված ենք մեր հոգևորականների հետ, երիտասարդական ծրագրերն էլ ամրապնդում են մեր ստացած գիտելիքները»:
Մեկ ամիս առաջ երիտասարդները, քահանայի հետ միասին, իրենց հավաքած հագուստը տարել են Գյումրի և նվիրել սոցիալապես անապահով ընտանիքների: Ուզում են Սբ. Ծննդյան տոներից առաջ նաև սնունդ հավաքել և բաժանել գյումրեցի անապահովներին:
Հոգևորականների այցը գյուղում չի սահմանափակվում Պատարագներով, գյուղի ամեն մի ընտանիքում անհամբեր սպասում են հոգևորականի այցերին, տնօրհնեքի արարողություններն էլ մշտական բնույթ են կրում: Հերթական այցի ժամանակ տնօրհնեքի արարողություն կատարվեց Սանամ Շախբազյանի հարկի տակ, ով ևս հոգևոր կյանքի ու Պատարագի առատ խաղաղությունն է վայելում:
Հետաքրքրվեցի այդ արտասովոր գյուղի պատմությամբ և պարզեցի հետևյալը:
Հովտունը նախկինում ուբեցել է Բայտար անվանումը, որտեղ 1800-ական թվականներին հույներ են բնակվել: Հետո կաթողիկէ հայեր են հաստատվում՝ գաղթելով Արևմտյան Հայաստանի Գյուլերան գյուղից:
Արմատներով հովտունցի մի մարդ, ով անունով չի ներկայանում, պատմում է հետևյալը.
«1921 թվականին օսմանյան կայսրությունն իմանում է, որ Հայաստանում կա Բայթար անունով հունական գյուղ, որտեղ մոտ 600 հույներ են բնակվում: Որոշում է կայացվում կոտորել Բայթար գյուղի բնակիչներին: Ընթերցողին հասկանալի լինելու համար ասեմ, որ Բայթար գյուղի ներկայիս անունը Հովտուն է և գտնվում է Աշոցքից մոտ 13 կմ հարավ-արևմուտք:
1921 թվականի դեկտեմբեր ամսին Բայթար գյուղին կից Բանդիվան հայկական գյուղ են ձիերով գալիս մոտ 40 զինված ասկյար: Մեկ-երկու օր մնալով Բանդիվանում, տեղեկանում են Բայթարի բնակիչների ապրելակերպից, հարստությունից և 40 հեծյալով հարձակվում են գյուղի վրա:
Սկզբում բոլոր տղամարդկանց, մոտ 150 հոգու լցնում են գյուղի եկեղեցին և, տուն-տուն անցնելով, սկսում թալանը:
Կեսօրից հետո եկեղեցու տղամարդկանց ասկյարներն ասում են, որ պետք է իրենց տանեն Ճջխլարի՝ այժմ Ցողամարգի, ճանապարհի վրա աշխատանքներ կատարելու: Շարասյուն կազմելով 30 ձիավորի ուղեկցությամբ 150 տղամարդու տանում են Բանդիվանի ուղղությամբ:
Երբ ճանապարհից շեղվում են, տղամարդիկ սկսում են կասկածել, որ իրենց տանում են աշխատացնելու նպատակով: Կիրակոսը մի ոտքից կաղում էր, միշտ ետ էր մնում շարասյունից: Ասկյարներն ավելորդ գլխացավանքից ազատվելու համար՝ տեղում գնդակահարում են նրան: Այս փաստից գերվածները հասկանում են, որ իրենց գնդակահարելու են տանում:
Երբ շարասյունը հասնում է երկու սարերի արանքը, ասկյարները հրամայում են տղամարդկանց ձորակի մեջ հավաքվել: Այդ տեղանքում բնական աղբյուրներ շատ կային և յուրաքանչյուր աղբյուր իր ձորակն ուներ, որոնց խորությունը կարող էր հասնել 1-2 մետրի:
Հարմար տեղավորվելով վերևում, ասկյարները սկսում են գնդակահարել հույն տղամարդկանց:
Իվանյան Իվանը, ում գյուղում Իվան Ապեր էին կոչում, նույնպես ձորակում էր և, իր պատմելով, կենդանի էր մնացել իր կարճ հասակի շնորհիվ: Իվան ապերը պատմել է հորս, որ րոպեների ընթացքում ձորակը լցվել է դիակներով ու, երբ թուրքերը սկսել են կենդանի մնացած վիրավորներին սպանել, մեկը խնդրել է չսպանել իրեն, փոխարենը ոսկի կտա: Սակայն կրակոցը լռեցրել է այդ մարդու ձայնը: Իվան Ապերը, հայտնվելով դիակների տակ, կենդանի է մնացել նույնիսկ այն դեպքում, երբ ասկյարները սրերով ծակում էին արդեն սպանվածների մարմինները:
Որոշ ժամանակ Իվան Ապերը պառկած մնալով և լսելով, որ ասկյարները հեռացել են, դուրս է գալիս դիակների տակից ու սկսում փնտրել կենդանի մնացած համագյուղացիներին:
Դիակների տակից դուրս են գալիս Մինասյան Տիգրանը, ում Տիգրան Ապեր էին կոչում, Գյուրջյան Ադան, Կարապետյան Սումբաթը:
150 հույն տղամարդկանցից չորսին է հաջողվում կենդանի մնալ այս սահմռկեցուցիչ սպանդից: Հրաշքով ողջ մնացած չորս համագյուղացիներով սարի բարձունքից հետևում են գյուղում կատարվածին, թալան ու բռնություն, կրակոցներ, երեխաների ճիչ: Ադան ու Սումբաթը որոշում են գյուղ մտնել: Իվանի ու Տիգրանի հորդորներին չլսելով՝ նրանք իջնում են Բայթար, բայց, գյուղին չհասած, սպանվում են ասկյարների կողմից:
Մինչև մութն ընկնելը Իվանն ու Տիգրանը հետևում էին, թե ինչպես են թուրք զինվորներն իրենց իսկ սայլերը բարձում թալանված իրերով: Իվան Ապերը չգիտեր, որ ասկյարները հայտնաբերել են իր հինգ երեխաների թաքստոց կարտոֆիլի հորը և այրել այն երեխաների հետ միասին: Գյուղի բնակիչների մի մասին ասկյարները տանում են թալանի հետ, մնացածին՝ հատկապես հասակավոր կանանց, տան մեջ սպանում են:
Տիգրանն ու Իվանը, գիշերն անցկացնելով Արփաչայի ձորում, լույսը չբացված ուղևորվում են դեպի Գյումրի՝ այն ժամանակ Ալեքսանդրապոլ:
Ձմեռն անցկացնելով Գյումրիում, գարնանը վերադառնում են Բայթար, սակայն գյուղում կենդանի շունչ չեն գտնում: Ամենուրեք դիակներ էին, ձորակը լցված էր սառած դիակներով: Իվանն ու Տիգրանն օգնության են կանչում բանդիվանցիներին և ձորակը դարձնում եղբայրական գերեզման:
Այնուհետև Բայթար են գալիս գյուլերանցի գաղթականները, ովքեր Կաթնաղբյուր էին գաղթել, գտնում են Բայթարի քահանային և խնդրում բնակարաններ վաճառել իրենց: Քահանան ասում է, որ գյուղում կենդանի շունչ չկա, տներում մենակ դիակներ են, գնացեք, որ տան դուռը կուզեք բացեք ձերն է, մենակ դիակները քրիստոնեավայել թաղեք:
Այսպես Բայթարը հունական գյուղից վերածվեց գաղթականների գյուղի: Նորաբնակների պատմելով վառված տներում, գոմերում, ցախատներում բազմաթիվ մարդկային ոսկորներ են եղել:
Իվանն ու Տիգրանը, կորցնելով իրենց ընտանիքներն ու հարազատներին, բնակություն են հաստատում Բայթարում:
Տարիներ անց, մոտ 1950 թվականին, Բայթար են ժամանում ինչ-որ անծանոթ մարդիկ, հայտնում, որ Բայթարից են և թուրքերն իրենց բռնի ուժով Թուրքիա են տարել, եկել են իրենց ծննդավայրը տեսնելու: Բայթարցիների հետ հյուրերը ողբերգական ձորակի մի մասը ցանկապատում են և ծաղիկներ դնում եղբայրական գերեզմանին:
Տիգրան Ապերի երազանքն էր հուշարձան կառուցել ողբերգության վայրում, սակայն 1964 թվականին մահացավ՝ առանց իրականացնելու իր երազանքը»:
Այժմ Հովտունում ապրում է շուրջ երեք տասնյակ ընտանիք, մի քանի տարի առաջ գյուղաբնակները մաքրել են հունական եկեղեցու ավերակները, որտեղ տաք եղանակներին մատուցվում է Սբ. Պատարագ, գյուղացիներն էլ սիրում են աղոթել:
Աննման Մինասյան