«Ուզում ենք Աստծուն մոտ լինել»:
Եկեղեցին Աստծո տունն է, եկեղեցում ամեն ոք իր վրա պետք է զգա Բարձրյալի ներգործությունը, ինչպես նաև ամեն ոք իր պարտքը պետք է համարի եկեղեցու շենացման ու լեցուն լինելու գործում իր անմիջական ներգրավվածությունը:
Շիրակի մարզի Փանիկ գյուղի ժողովրդապետ Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը ուրախությամբ փաստում է.
«Մարդկանց ջերմեռանդությունն այստեղ իսկապես ոգևորիչ է, ի սրտե գալիս են ամեն կիրակի, մասնակցում Սբ. Պատարագներին, դա մեզ համար սրտի գոհունակություն է»:
Բազմաթիվ սերունդների աղոթքին են լուռ ականջալուր եղել Փանիկի Ս.Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցու հնամենի պատերը: Հնամենի, բայց նորոգված ու միշտ բաց դռներով, միշտ ներսից լսվող Տեր ողորմյայի ձայներով, Փանիկի եկեղեցում ամենշաբաթյա Պատարագները սպասված են ու անչափ կարևոր՝ գյուղի հավատավոր ժողովրդի համար:
«Ամեն կիրակի եկեղեցի եմ գալիս, իմ աղոթքներն առ Աստված եմ ուղարկում: Աստծուն խնդրում եմ, որ աշխարհին խաղաղություն տա, երիտասարդներին էլ առողջություն››.-ասում է Փանիկի բնակիչ Ֆրիդա Ենգոյանը:
Վալենտինա Մարկոսյանն էլ մեզ պատմեց հետևյալը.‹‹Այս եկեղեցին քանդված էր, հիշում եմ, այդ ժամանակ դպրոցական էի, այս եկեղեցուց միայն պատուհանից ներքև հատվածն էր կանգուն …Մի օր գյուղում հայտարարեցին, որ եկեղեցին պետք է վերանորոգվի գյուղացիների ուժերով: Այսօրվա պես հիշում եմ, երեխա էի, բայց դույլը ձեռքս բետոն էի կրում: Բնականաբար մենք տեսել ու լսել էինք մեր ծնողներից, որ դա աստվածահաճո գործ է և պետք է սիրով կատարել››:
Իսկ փանիկցի մեկ այլ հավատավոր տիկին՝ Վալյա Արևիկյանը, ուրախությամբ փաստեց, որ իր սիրելի եկեղեցին խոնարհված չի հիշում.‹‹Ես ապրել եմ եկեղեցու հարևանությամբ, բարեբախտաբար եկեղեցին հիշում եմ միշտ այսպես կանգուն ու գեղեցիկ, հուսով եմ, որ Աստծո կամքով, ժամանակի հետ էլ ավելի շքեղ ու բարենորոգ եկեղեցի եմ տեսնելու››:
Ներկա եղանք գյուղում հերթական մի կիրակնօրյա Սբ. Պատարագի: Պատարագիչ էր գյուղի նորօծ քահանա Տեր Սահակ Աղեկյանը, համապատարագությամբ ժողովրդապետ Հ. Գառնիկ վարդապետ Հովսեփյանի: Եկեղեցին լեցուն էր բազմաթիվ հավատավոր փանիկցիներով, երիտասարդներն այստեղ իրենց հատուկ ավյունով շատ ակտիվ են ու պատասխանատու եկեղեցուն վերաբերվող բոլոր հարցերում:
‹‹Ուզում ենք, որ Աստծուն մոտ լինենք, որ կապված լինենք եկեղեցու հետ, երիտասարդներով համախմբվենք մեր հոգևորականների շուրջը››.-ասում է Արթուր Թադևոսյանը:
Ալլա Կարապետյանն էլ, ով նույն գյուղի երիտասարդական միության անդամ է, հավելում է.‹‹Գյուղի երիտասարդությունը շատ ակտիվ է, միշտ էլ մասնակցում է պատարագներին, եկեղեցական միջոցառումներին, թափորներին››:
Ի հավելում, Հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանն էլ ասում է.‹‹Երիտասարդությունը ակտիվ մասնակցում է պատարագներին, ինչը մեզ համար սրտի գոհունակություն է: Փանիկում հոգևոր կյանքը շատ ակտիվ է, հատկապես այն երիտասարդները, ովքեր մասնակցեցին համաշխարհային երիտասարդաց օրվան Լեհաստանում, առավել ջերմեռանդորեն են ներգրավվել հոգևոր կյանքին, ոչ մի պատարագ բաց չեն թողնում: Մենք էլ ունենք բազմաթիվ ծրագրեր նրանց հետ կապված, նպատակ ունենք հոգևոր դպրոց բացել, գոնե շաբաթական մեկ օր››:
Պատմական համառոտ անդրադարձ կատարենք Փանիկի եկեղեցու պատմությանը:
Փանիկի եկեղեցին կառուցվել է 1846 թվականին Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ։ Եկեղեցին կոչվում է Մարիամ Աստվածածնի՝ Տիրամոր անվամբ։ Դռան մուտքի երկու կողմում տեղակայված է Լևոն Իշխան Նահապետյանի և Տեր Պետրոս Նահապետյանի գերեզմանները մարմարե հուշատախտակներով։ Եկեղեցու վրա կա արձանագրություն, որը վերաբերում է եկեղեցու կառուցողին:
Քանի որ 19-րդ դարի երկրորդ քառորդին արդեն շատացել էր հայ կաթողիկէների թիվը Ռուսական կայսրությունում, հատկապես Կովկասում, Հռոմը բանակցությունների մեջ է մտնում ցարական կառավարության հետ և երկար քաշքշուկից հետո 1847 թվականին Սուրբ Աթոռի և ցարական կառավարության միջև կնքվում է մի համաձայնագիր, որով ընդունվում է կաթողիկէ հայոց առաքելական փոխանորդությունը հիմնել Սարատովի լատին եպիսկոպոսի իրավասության տակ։ Եվ միայն 1909 թվականի սեպտեմբերի 12-ին Պիոս Ժ․ Պապը Սարգիս Ծ․ Վրդ․ Տեր Աբրահամյանին նշանակում է իբրև առաջին առաքելական փոխանորդ ոչ միայն Հայաստանի և Վրաստանի, այլև ամբողջ Ռուսաստանի կաթողիկէ հայոց:
1907 թ․ Ռուսական կայսրության տարածքի մեջ մտնող կաթողիկէների հոգևոր առաջնորդ Էդուարդ Ռոբբը, որի նստավայրն էր Սարատովը և ուներ կարդինալի աստիճան, դուրս է գալիս հովվապետական այցելության։ Նպատակն էր ստուգել թեմերի աշխատանքը։ 1907թ․Մայիսի 7-ի, կիրակի օրը նրա կառքը ևս 10 կառքերի ուղեկցությամբ ժամանում է գյուղ։ Եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Կարդինալը խաչ և վարդարան է բաժանում հավատացյալներին։
1906 թ․ 86 տարեկան հասակում թոքերի բորբոքումից վախճանվում է Պողոս վարդապետը։ Գյուղում դրսից քահանաներ են աշխատել Տեր –Ալեքսանը, Տեր-Հակոբ Աբրահամյանը, Տեր- Մարտիրոսը և Տեր-Ալեքսանը։ Ընդ որում գյուղի առաջին քահանան եղել է Պետրոս Նահապետյանը, որին հաջորդել է նրա եղբորորդի Պողոս Վրդ․Նահապետյանը։
Եկան դժվարին ժամանակներ և դաժան պայմաններ քրիստոնեական եկեղեցու և կրոնի համար։ Բոլշևիկները անխնա պայքար մղեցին կրոնի, եկեղեցու և հավատացյալների դեմ։ Դա հասկանալի էր, քանի որ հավատքն առ Աստծուն, նշանակում է չհավատալ բոլշևիկների ցնորամիտ զառանցանքներին և անհեթեթ գաղափարախոսությանը։ Նրանք հետապնդում էին այն կոմունիստներին, ովքեր իրենց երեխաներին մկրտում էին։
1936 թվականին երկրաշարժից մի շաբաթ հետո Տեր-Բարսեղ Մինասյանը եկեղեցում Սուրբ Պատարագ էր մատուցում՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։ Եկեղեցին լեփ լեցուն էր հավատացյալներով։ Այդ ժամանակ գյուղի կոմունիստները հավաքվել էին եկեղեցու բակում և ուզում էին քահանային զգուշացնել, որ Պատարագը վերջացնի․ նրանք իրենց կուսակիցներից մեկին ուղարկում են ներս, վերջինս բեմ բարձրանալով քահանայի գլխից թագը գետնին է գլորում։ Բորբոքված հավատացյալները Հովհաննես Ենգոյանի գլխավորությամբ դաժան ծեծի են ենթարկում կոմունիստին, որին կիսամեռ վիճակում հազիվ ընկերները կարողանում են դուրս հանել։ Իշխանության մարմինները անմիջապես քրեական գործ են հարուցում որոշ մարդկանց նկատմամբ, այդ թվում նաև Տեր- Բարսեղի։ Նրանց երեք ամսով կալանքի են վերցնում Լենինականի բանտում։ Կամաց-կամաց պակասում էր եկեղեցի հաճախողների թիվը։
1936 թվականից սկսած եկեղեցին այլևս չի գործում։ Եկեղեցու բանալին հանձնվում է Կույս Աննման Ջնդոյանին։
1939 թվականին եկեղեցին դարձնում են կոլտնտեսության բանջարանոցի պահեստ։ Մարդիկ երկյուղածությամբ էին մտնում եկեղեցի և, ստանալով իրենց հասանելիքը, արագ հեռանում։ Սրբապղծությունը այնքան ակնհայտ էր և բնակչության բողոքը անքան մեծ, որ ստիպված էին եկեղեցին դատարկել և պահեստը տեղափոխել Օվանենց տները։ 1942թ մարտի 15-ի անձրևներից փուլ եկավ եկեղեցու տանիքը, որը այդպես մնաց շուրջ 28 տարի։
1967թ․ փլված եկեղեցին վերանորոգելու նպատակով դպրոցի պատմության ուցուցիչ Պետրոս Նահապետյանի նախաձեռնությամբ գյուղում հանգանակություն սկսվեց։ Եկեղեցու վերականգմանը աջակցություն և ակտիվ մասնակցություն է ցուցաբերում այն ժամանակվա կոլտնտնտեսության վարչության նախագահ Ալեքսան Օրդանյան։ Եկեղեցու նորոգման աշխատանքները սկսվեցին 1968 թ․հունիսի 20ին՝ Սահակ Սալազարյանի ղեկավարությամբ։ 1971 թ․ դեկտեմբերի 5-ին շինարարությունը ավարվում է։
1991թ․ նոյեմբերին առաջին անգամ գյուղ է գալիս Կոմիտաս Վրդ․Մանուկյանը, ով երկար տարիներ եղել է Մխիթարյան միաբանության տպարանապետը։ Հայր Կոմիտասը սկսում է լայն գործունեություն ծավալել, ինչպես հոգևոր, այնպես աշխարհիկ կյանքում։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ եկեղեցու վերանորոգումից հետո վերաբացվում է եկեղեցին, 1992 թ․ օգոստոսի 16ին, որտեղ պատարագ է մատուցում Ներսես Արքեպս․ Տեր -Ներսէսյանը։
Հայր Կոմիտասը նախ մաքրեց եկեղեցու տարածքը։ Վեց տուն կար այնտեղ շինված, բոլորը քանդեց։ Եկեղեցուն կից կառուցեց 1992-93 թթ․ մի գեղեցիկ քահանայատուն, վերանորոգեց հիվանդանոցը, ծրագրում է փակ և բաց մարզադաշտի կառուցումը։ Նրա նվիրվածությունը եկեղեցուն, համայնքին, ժողովրդին գործի մեջ է դնում նույնիսկ իր հասանելի թոշակը, որ գոնե քարի վրա մի քար էլ դրվի։ Հայր Կոմիտասի և մնացած բոլոր նվիրյալ հոգևորականների նվիրումն ու անձնվեր աշխատանքը այսօր իրենց պտուղներն են տալիս գյուղում: Հոգևոր ինքնագիտակցումով ապրող երիտասարդների և մեծահասակների մշտարթուն և հարատևող հոգևոր կյանքը նվիրյալ հոգևորականների վերջնական նպատակն է:
Նյութի պատմական հատվածը քաղված է պատմ. գիտ. թեկն. Հակոբ Թորոյանի պատմագիտական ակնարկից:
Աննման Մինասյան