Ոգեշնչվենք նահատակների օրինակով՝ Սբ. Պողոս, Հովհաննես Մկրտիչ, Մաքսիմիլիան Կոլբե…
Սրբազան Քահանայապետն ասել է, որ լավ հովիվը նա է, ով հետևում է Հիսուսին, այլ ոչ թե` իշխանությանը, փողին կամ համախոհներին: Եթե նույնիսկ բոլորից լքված լինելը կարող է տխուր լինել նրա համար, այնուամենայնիվ, նա երբեք չարացած չպիտի լինի: Այս մասին Քահանայապետը խոսել է 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ Սբ. Մարթայի տաճարում մատուցած Սուրբ Պատարագի ժամանակ:
Ներշնչված լինելով Սբ. Պողոսի՝ Տիմոթեոսին ուղղված երկրորդ թղթից՝ Քահանայապետի քարոզը խորհրդածություն է այն դժվարությունների մասին, որոնց դիմակայեցին Պողոսի նման առաքյալներն իրենց կյանքի վերջին փուլում, երբ նրանք մնացին առանց միջոցների, լքված, և ստիպված եղան մուրացկանների նման խնդրել:
Միայնակ, մուրալով, բոլորի կողմից լքված և թշնամիների կատաղության զոհ դարձած, բայց, այնուամենայնիվ, սա մեծն Պողոսն էր, այն մարդը, ով լսեց Տիրոջ ձայնը, Նրա կոչը: Այն մարդը, ով մի տեղից մյուսը գնաց, ով տառապեց շատ բաների պատճառով և շատ փորձությունների միջով անցավ՝ Ավետարանը քարոզելու պատճառով, ով ստիպեց իր առաքյալներին հասկանալ, որ Տերը ցանկանում է հեթանոսների, ովքեր նաև կմտնեն Եկեղեցի, մեծն Պողոսը, ով աղոթելիս բարձրացավ Յոթերորդ Երկինք և լսեց այնպիսի բաներ որոնք երբեք ոչ ոք չէր լսել.մեծն Պողոսը այնտեղ՝ Հռոմի տան փոքր սենյակում, սպասում էր տեսնելու, թե ինչպես է ավարտվելու պայքարը եկեղեցու մեջ, տարբեր կողմերի միջև, հուդայականների և նրան հավատարիմ աշակերտների միջև: Եվ ահա այսպես ավարտվեց Մեծն Պողոսի կյանքը՝ լքվածության մեջ. ոչ վրդովմունքի ու դառնության, այլ ներքին լքվածության:
Սրբազան Քահանայապետը շարունակեց՝ նշելով, որ Պետրոսն ու Սբ. Հովհաննես Մկրտիչն իրենց կյանքի վերջին փուլում տառապում էին միևնույն զրկանքներից. վերջինիս գլուխը կտրեցին՝ «մի քմահաճ պարուհու և մի շնացող կնոջ վրեժի պատճառով»: «Վերջերս, այդ նույնը պատահեց Մաքսիմիլիան Կոլբեի հետ, ով ստեղծեց համաշխարհային առաքելական շարժումը և ապա մահացավ մահվան ճամբարի բանտախցում». ասաց Քահանայապետը: «Երբ առաքյալը հավատարիմ է, նա գիտի, որ ինքը ևս պետք է ակնկալի այն նույն վերջը, որին բախվեց Հիսուս». ընդգծեց Քահանայապետը: Սակայն Տերը մոտ է նրանց և չի լքում, և նրանք իրենց ուժը գտնում են Տիրոջ մեջ: Քահանայապետն ասաց. «Սա Ավետարանի օրենքն է. եթե ցորենը չմեռնի, ապա այն նոր սերմեր չի կարող տալ», և հիշեցրեց, որ վաղ դարերի մի աստվածաբան գրել է, որ նահատակների արյունը քրիստոնյաների սերմն (սերունդներն) ե:
«Մեռնել նահատակների նման՝ որպես Հիսուսի վկա, այն ցորենն է, որը մեռնում և ծնունդ է տալիս նոր սերմերի և երկիրը լցնում նոր քրիստոնյաներով: Երբ հովիվն ապրում է այսպես, ապա նա չարացած չէ: Հնարավոր է, որ նա իրեն լքված է զգում, սակայն նա վստահ է, որ Տերը նրա կողքին է: Երբ հովիվը իր կյանքի ընթացքում կապված է եղել այլ բաների, այլ ոչ թե՝ հավատքին. օրինակ նա կապված է եղել իշխանությանը, փողին, համախոհների խմբի անդամ լինելուն, և այլ բաների, ապա նա մեռնելիս մենակ չի լինի, հավանաբար նրա ժառանգները այնտեղ կլինեն և կսպասեն նրա մեռնելուն, որ հետո կարողանան տեսնել, թե ինչ ունեցվածք կարող են տանել իրենց հետ»:
Սրբազան Քահանայապետն ամփոփեց իր քարոզը՝ նկարագրելով շատ տարեց քահանաների կեցվածքը, ովքեր այժմ ապրում են ծերանոցներում, և չնայած իրենց տառապանքներին, նրանք այնուամենայնիվ մոտ են Տիրոջը:
«Երբ ես այցելում եմ ծերանոցի տարեց քահանաներին ես գտնում եմ այն մեծ հովիվներին, ովքեր իրենց կյանքը տվել են հավատացյալներին: Այնտեղ նրանք հիվանդ են, կաթվածահար, անվասայլակների վրա, սակայն դուք նրանց կարող եք տեսնել ժպտալիս, քանի որ նրանք Աստծուն իրենց շատ մոտ են զգում: Նրանք իրենց շողացող աչքերով հարցնում են.
«ինչպե՞ս է Եկեղեցին: Ինչպե՞ս է գոյատևում թեմը: Ինչպե՞ս են քահանայական կոչումները». մինչև վերջ, քանի որ նրանք քահանաներ են, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն ուրշների:
Վերադառնանք Պողոսին, որ միայնակ, մուրալով, կատաղության զոհ, լքված բոլորի կողմից՝ բացի Տեր Հիսուսից, ասում է. «Միայն Տերն իմ կողքին մնաց»: Եվ լավ հովիվը պետք է ունենա այդ վստահությունը, եթե նա ճամփորդում է Հիսուսի ճամփով, ապա Տերը նրա կողքին կլինի մինչև վերջ:
Եկե´ք աղոթենք այն հովիվների համար, ովքեր գտնվում են մահվան մահճում և ովքեր սպասում են, որ Տերը նրանց Իր հետ տանի: Եվ եկե´ք աղոթենք այնպես, որ Տերը նրանց ուժ, մխիթարություն և վստահություն տա, որ չնայած նրանք հիվանդ են ու միայնակ, այնուամենայնիվ Տերը նրանց հետ է, նրանց մոտ: Թո´ղ, որ Տերը նրանց տա այս ուժը»:
Թարգմանեց Նարինե Գալոյանը