Սերն օրեցօր, մինչեւ մեր մահ, պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը. Մայր Թերեզա:
«Շատ տառապանքներ կան այսաշխարհում, շատ–շատ: Նյութական տառապանքը, սովի, անտունության, բոլոր տեսակի հիվանդություններից տառապանքը… Բայց ես դեռևս մտածում եմ, որ մեծագույն տառապանքը մենակ լինելն է, չսիրված եւ ոչ ոք չունենալու զգացողությունը: Ես արդեն հասել եմ այն գիտակցությանը, որ անցանկալի լինելը ամենավատ հիվանդությունն է, որ մարդը կարող է երբևիցե ունենալ».այս համոզմամբ էր ապրում բոլորի կողմից սիրված ու իր կյանքը համայն մարդկությանը նվիրած Սրբուհի Մայր Թերեզան, մի կին, ով իր կյանքը նվիրեց` կարոտյալներին օգնելուն:
«Արմատներով եւ արյունով ալբանացի եմ: Քաղաքացիությամբ հնդիկ եմ: Կաթողիկէ միանձնուհի եմ: Կոչումով պատկանում եմ ամբողջ աշխարհին: Սրտով ամբողջությամբ պատկանում եմ Հիսուսի սրտին»,- այսպես էր իրեն ներկայացնում Մայր Թերեզան:
Ինչպես արդեն հայտնի է, 2016թ.սեպտեմբերի 4-ին, կաթողիկէ միանձնուհի, Գթության միսիոներների միաբանության հիմնադիր, Մայր Թերեզա Կալկաթացին դասվել է Կաթողիկէ Եկեղեցու սրբերի շարքը: Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում տոնական Սբ. Պատարագի ժամանակ՝ նախագահությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի, մասնակցությամբ հազարավոր հավատացյալների:
Հայաստանում ծառայող Գթության քույրերը խնդրում են տարբեր կաթողիկէ համայնքների հոգևորականներին գոհաբանական Սբ. Պատարագ մատուցել՝ ի հիշատակ Սրբուհի Թերեզայի: Գյումրիից և Փանիկից հետո քույրերը հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Արևիկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էին: Սբ. Պատարագը մատուցվեց ձեռամբ գյուղի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Թադևոսյանի: Մայր Թերեզայի գործունեության մասին խոսելիս նա նշեց, որ այն օրինակ է լինելու ցանկացած քրիստոնյայի համար:
«Սիրելի հավատացյալնե՛ր, առանց նվիրումի ոչ մի բարի գործ անել հնարավոր չէ, ցանկացած օգտակար գործի հետևում քեզ նեղություն տալու գիտակցումը պետք է լինի: Մայր Թերեզան իր ապրած կյանքով օրինակ պետք է լինի աստվածահաճո գործ կատարել ցանկացողի համար: Խնդրենք Սրբուհի Մայր Թերեզայի բարեխոսությունը, որ աշխարհում շատանա սերը: Այսօր այդ նույն սիրո պակասն է աշխարհը լցրել չարությամբ, երբ սառնասրտորեն կարող են պատերազմել ու խլել բազմաթիվ անմեղ կյանքեր»,-նշեց պատարագիչ քահանան:
Սբ. Պատարագի ավարտին եկեղեցում ցուցադրվեց փաստագրական ֆիլմ, որում հնարավորինս ներկայացված էր Մայր Թերեզայի կյանքն ու գործունեությունը: Ֆիլմի առանցքը հյուսված էր մայր Թերեզայի հետևյալ համոզմունքի շուրջ. «Սերն օրեցօր, մինչեւ մեր մահ, պետք է այնքան սովորական լինի մեզ համար, որքան ապրելն ու շնչելը»:
Աննման Մինասյան