Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևորականների թիվն ավելանում է՝ Աստծո ողորմությամբ:
Եկեղեցին հավատավոր ժողովրդի միասնությունն է: Աստծո ժողովուրդն ունի մեկ հավատք, մեկ մկրտություն ու մեկ վերջնական նպատակ` արժանանալ հավիտենական կյանքին: Հավատացյալներին հարկավոր են ճիշտ ուղին ցույց տվող հոգևորականներ, ովքեր ծառայում են Աստծուն, մատակարարում Սբ. Խորհուրդներ, ուսուցանում ու օրհնում են հավատացյալներին եւ առաջնորդում դեպի Եկեղեցի: Այս աստվածատուր իշխանությունն ու միևնույն ժամանակ ծառայությունը չի տրվում ընտրության կամ նշանակման միջոցով, այլ այն փոխանցվում է Ձեռնադրության Սուրբ Խորհրդի միջոցով: Ձեռնադրությունը Եկեղեցու յոթ խորհուրդներից է: Ձեռնադրության միջոցով անձը ստանում է Եկեղեցու սպասավորի սրբազան պարտականությունները կատարելու իշխանությունն ու շնորհը: Ձեռնադրությունը խորհուրդ է, որի միջոցով Սուրբ Հոգին ձեռնադրվածին կարողություն է տալիս կատարել խորհուրդներն ու առաջնորդել Քրիստոսի ժողովրդին:
2016թ. հոկտեմբերի 8-ին, Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, առընթերակայությամբ Վենետիկի Մխիթարյան Միաբանության ընդհանուր աբբահայր Հ. Եղիա ծ.վ. Քիլաղպյանի և Լիբանանում ծառայող Հ. Մեսրոպ վրդ. Թոփալյանի և մասնակցությամբ թեմի նախկին առաջնորդ Արհ. Տ. Նշան արքեպս. Գարաքեհեյանի, Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների, առաքինազարդ քույրերի, հավատացյալների բազմության: Սբ. Պատարագի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն:
Սրբազան Հայրը քահանա ձեռնադրեց երեք նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և վերջիններիս շնորհեց նոր հոգևոր անուններ` Տեր Կոմիտաս, Տեր Մաշտոց և Տեր Սահակ:
«Պատիվ է մեծ` ի հաճոյս ծառայողի, և օրհնությունը ավելի մեծ է հաճոյս ժողովրդի, որ Աստված իրենց համար ուղարկում է ծառայության խոնարհ ծառաներ: Այս ծառաները աշակերտներն են Քրիստոսի: Այսօր աննկարագրելի նախախնամություն է, որ Ողորմության տարվա վերջին ամիսներին Աստված մեզ օրհնեց և ողորմելով մեզ տվեց եկեղեցու ծառաներ: Սիրելի՛ օծյալ եղբայրներ, ես չէ, որ պետք է բացատրեմ այս ընտրության ու որոշման իմաստը: Դուք շատ լավ գիտեք և տեղյակ եք, որ այս ընթացքը ճանապարհն է Քրիստոսի, որ իր բոլոր ելևէջներով կարողանաք հասնել Սուրբ Խորանին Քրիստոսի ծառայությամբ: Աստվածային ողորմության տարում ձեռնադրվելը հատուկ կոչում է ձեզ համար, որ դառնաք ողորմած, գթած և սիրող»,-նորընծա քահանաներին հորդորեց Սրբազան հայրը:
Այսուհետև նորընտիր քահանաները, ինչես որ եկեղեցական կարգն է սահմանում կարող են կատարել բոլոր խորհուրդները, բացի ձեռնադրությունից.
«Աստծո կանչը յուրաքանչյուրի մեջ է ի վերուստ, մնում է մարդը ինչ ձևի կջրի, կխնամի, կմշակի այդ սերմը, որ այդ կանչին հետևի»,-վստահ է Տեր Կոմիտաս Քահանա Դավեյանը, ով իր առաջ որպես հոգևորականի կարկառուն օրինակ ունեցել է լուսահոգի Հայր Կոմիտասին:
Տեր Մաշտոց Քահանա Ղազարյանը նույնպես հավաստիացրեց, որ մարդու մեջ երկու կողմ կա`Աստծո կանչն ու մարդու պատասխանը: Աստված կանչում է, և մարդը պատասխանում է, իսկ եկեղեցին ու հոգևորականները օգնում են, որ դրական պատասխանը հասունանա:
«Աստծո նախախնամությամբ և Աստծո կամոք այս ամենը տեղի ունեցավ: Քրիստոսն է ասում, որ գնացեք ու աշակերտեցեք իմ ժողովրդին, մենք այսօր կանչված ենք դրա համար: Մտահոգվելու ոչինչ չունեմ, քանի որ Քրիստոս ինձ հետ է».վստահ է Տեր Սահակ Քահանա Աղեկյանը:
Արարողությանը ներկա նորընծա քահանաների հարազատները ևս շատ հուզված էին ու միաժամանակ հպարտ: Տեր Սահակ Քահանա Աղեկյանի կինը`Լուսինե Սերոբյանը այս օրը իրենց ընտանիքում մեծ տոն է համարում: «Միախառնվել է և հուզմունք և հպարտություն և ուրախություն, միաժամանակ նաև՝ պատասխանատվություն: Մի բան է կողքիդ ունենալ լավ ամուսին ու լավ ընտանիքի հայր, մեկ այլ բան է ընտանիքում ունենալ հոգևորական»:
Տեր Սահակ Քահանա Աղեկյանի մայր էլ ասաց, որ անչափ ուրախ ու հպարտ են, որ ունեն այդպիսի զավակ, ով հոգով ու մարմնով նվիրվելով Աստծուն`ծառայելու է մեր եկեկղեցուն ու ժողովրդին: Իսկ Տեր Մաշտոցի մորաքույրները՝ Մարիա և Հերիքնազ Մկրտչյանները ուրախ, բայց հուզված հույս հայտնեցին, որ իրենց եղբորորդին կարդարացնի բոլորի հույսերն ու կդառնա օրինակելի հոգևորական:
Այս օրը այլևս իրականություն է. Եկեղեցին, որ զորավոր է, ևս մեկ անգամ զորացավ, քանի որ Աստծո հոգով իմաստնացած՝ այս երեք երիտասարդները նվիրվեցին եկեղեցուն`դառնալով հավատքի վկաներ, ովքեր պիտի ծառայեն Տիրոջ խորանին` Աստծո ժողովրդի հոգևոր վերելքի համար:
Ո՞վքեր են նորոօծ քահանաները
Արժ. Տ. Մաշտոց քհն. Ղազարեանը ծնվել է 1974թ. հունվարի 23-ին, Երևանում:
1980-1990թթ. սովորել է Երեւանի թիվ 49 Միջնակարգ դպրոցում, 1990-1993թթ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գևորգյան» Հոգևոր Ճեմարանում, 1993-1999թթ.՝ Մխիթարեան Միաբանութեան ընծայարանում:
1993-2000թթ. եղբայր Մաշտոցն աշխատել է Վենետիկի Մխիթարեան Հրատարակչատանը եւ Սուրբ Ղազարի Թանգարանում:
2000-2001թթ. աշխատել է Երեւանի Մխիթարյան Կենտրոնի հրատարակչական բաժնում, 2001թ.՝ Վատիկանի Պետական Քարտուղարությունում, թարգմանել է Ն.Ս. Հովհաննես Պողոս Բ. Սրբազան Քահանայապետի Հայաստան այցի պաշտոնական ճառերն ու ծիսական գրությունները:
2002-2003թթ. աշխատել է Վենետիկի Մխիթարյան Միաբանութեան Ընդհ. Աբբահոր Քարտուղարությունում, Ռադիո Վատիկանի հայկական բաժնում, դասավանդել է Անարատ Հղութեան Հայ Մայրապետների նորընծայուհիներին, Հռոմի Լևոնյան Հայ Վարժարանում (որպես հայոց լեզվի ուսուցիչ):
2004թ.-ից www.mashtoz.org կայքի խմբագիրն է: 2004-2005թթ. Վենետիկի Մխիթարեան Գրադարանի հնատիպ գրքերի կատալոգի ստեղծում (3.500-ից աւելի հնատիպ գրքերի նկարագրութիւն ու ցանկագրում):
2006թ.-ից ներգրավված է Հայաստանում կրոնական զբոսաշրջության կազմակերպման գործում:
2007-2010թթ. մասնակցել է Վենետիկի Մխիթարյան գրադարանի հնատիպ գրքերի կատալոգի ստեղծմանը (կատարել է 2.000-ից ավելի հնատիպ գրքերի նկարագրություն ու ցանկագրում):
2010թ.-ից «Ընդհանրական» Հրատարակչատան հիմնադիր տնօրենն է:
Տ. Մաշտոց քհն. Ղազարյանն ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Արժ. Տ. Մաշտոց քհն. Ղազարյանի կողմից թարգմանված և հրատարակված գրքերը
Թովմա Գեմբացի, Նմանութիւն Յիսուս Քրիստոսի, Երեւան 1996 (Ա. հրտ.), էջ 266.
Ճանաչել Լուրդը՝ Բեռնադեթի քայլերին հետեւելով, Վենետիկ 1997, էջ 100.
Աթանաս Աղեքսանդրացի, Սաղմոսների մեկնութիւնը, Երեւան 1999, էջ 36.
Բարսեղ Կեսարացի, Հսկիր քո վրայ, Երեւան 1999, էջ 28.
Աբբա, մի խօսք ասա ինձ. Անապատի հոգեկանութիւնը, Երեւան 1999, էջ 208.
Խօսքին հաւատարիմ. Ճշմարտութիւնը Եհովայի Վկաների մասին, Երեւան 1999 (Ա. հրտ.), էջ 230.
Nerses di Lambron, La caparra della speranza, Edizioni Qiqajon, Bose 1999, p. 36.
Խօսքին հաւատարիմ. Ճշմարտութիւնը Եհովայի Վկաների մասին, Երեւան 2000 (Բ. հրտ.), էջ 230.
Ադամ Պեղսենացի, Խոնարհութեան եւ լռութեան մասին, Երեւան 2001, էջ 34.
Յովհաննէս Պօղոս Բ., Պսակ Կուսին Մարիամու, Բէյրութ 2003, էջ 72.
Սբ. Թերեզա Յիսուս Մանկան, Երգել Տիրոջ ողորմութիւնը, Երեւան 2004, էջ 456.
Խօսքին հաւատարիմ. Ճշմարտութիւնը Եհովայի Վկաների մասին, Գիւմրի 2005 (Գ. հրտ.), էջ 224.
Սբ. Եօզէմարիա Էսքրիվա, Խաչի Ճանապարհ, Երեւան 2006, էջ 120.
Թովմա Գեմբացի, Նմանութիւն Յիսուս Քրիստոսի, Երեւան 2007 (Բ. հրտ.), էջ 288.
Տ. Կիւրեղ Արքեպս. Զոհրապեան, Յուշեր, Վենետիկ 2007, էջ 432.
Սաղմոսարանը աղօթքի համար, Երեւան 2008, էջ 346.
Հայրախօսական Ընթերցումներ, հտր. Ա., Երեւան 2008, էջ 342.
Սբ. Եօզէմարիա Էսքրիվա, Սուրբ Վարդարանը, Երեւան 2008, էջ 114.
Սբ. Եօզէմարիա Էսքրիվա, Աստծոյ հետ մտերմութիւնը, Երեւան 2008, էջ 102.
Սբ. Եօզէմարիա Էսքրիվա, Սիրել աշխարհը մեծ կրքոտութեամբ, Երեւան 2008, էջ 44.
Էրմէս Մ. Ռոնքի, Եթէ մի ընկեր ունես, Երեւան 2008, էջ 216.
Միշէլ Քուասթ, Խօսիր ինձ սիրոյ մասին, Երեւան 2008 (Ա. հրտ.), էջ 280.
Աղօթքներ Սուրբ Միքայէլ Հրեշտակապետին, Երեւան 2010, էջ 64.
Սբ. Եօզէմարիա Էսքրիվա, Ճանապարհ, Երեւան 2010, էջ 280.
Gregorio di Skevra, Sulla vera fede e sulla pura condotta nelle virtù, Yerevan 2010, p. 192.
Միշէլ Քուասթ, Խօսիր ինձ սիրոյ մասին, Երեւան 2011 (Բ. հրտ.), էջ 256.
Սբ. Եօզէմարիա Էսքրիվա, Պաշտում եմ Քեզ, թաքնուած Աստուած, Երեւան 2011, էջ 100.
Սբ. Իգնատիոս Անտիոքացի, Նամակներ, Երեւան 2011, էջ 156.
Արժ. Տ. Սահակ քհն. Աղեկյանը ծնվել է 1982թ. օգոստոսի 24-ին, Գյումրիում:
1989-1999թթ.սովորել է Անանիա Շիրակացու անվ.միջնակարգ դպրոցը:
1999-2000թթ.սովորել է Գյումրիի հայ կաթողիկէ Ներսիսյան դպրանոցում:
2000-2002թթ.ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:
2002-2004թթ.սովորել է Ուկրաինայի Լվով քաղաքի Հույն-Կաթողիկէ համալսարանում:
2004-2010թթ.սովորել է Լեհաստանի Լյուբլին քաղաքի Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի անվան կաթողիկէ համալսարանում և ստացել մագիստրոսի աստիճան:
2011-2016թթ.աշխատել է Հայկական Կարիտասի Փոքրիկ իշխան սոցիալական կենտրոնում, մասնագիտացել նաև սոցիալական աշխատանքի ոլորտում:
2015թ. ապրիլի 2-ին ձեռնադրվել է սարկավագ:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Արժ. Տ. Կոմիտաս քհն. Դավեյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 1-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Փանիկի դպրոցում:
1993-97թթ.սովորել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան Վարժարանում:
1997-98թթ.աղոթական պատրաստություն է անցել Սուրբ Ղազարի Մխիթարյան մայրավանքում:
1998-2000թթ.սովորել է Պադովայի եպիսկոպական ճեմարանում՝ փիլիսոփայություն, հոգեբանություն, աստվածաբանություն:
2000-2001թթ.սովորել և ավարտել է Քրիստոսի լեգեոնականների համալսարանի փիլիսոփայության բակալավրիատը:
2002-2004թթ.սովորել է Հռոմի Պապական արևելյան ինստիտուտում և Անջելիկում համալսարանում:
2004-2008թթ.ավարտել է Երևանի Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան:
2008-2016թթ.աշխատել է տուրիստական գործակալությունում՝ որպես էքսկուրսավար:
2016թ. մայիսի 1-ին ձեռնադրվել է սարկավագ:
Ամուսնացած է:
Աննման Մինասյան