Կյանքի իմաստը մարդկանց նկատմամբ անսահման սերն է:
«Սրբոց Նահատակաց» հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցում 2016թ. սեպտեմբերի 18-ին Սբ. Պատարագ մատուցվեց՝ ի հիշատակ Սրբուհի Մայր Թերեզայի: Սբ. Պատարագը մատուցվեց ձեռամբ Գյումրու հայ կաթողիկէների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի: Գյումրու ժողովրդապետը հավատացյալներին ուղղված իր խոսքում հիշեցրեց, որ պետք է զերծ մնալ հպարտության դրսևորումներից, քանզի Աստվածաշունչն ասում է, թե այն մեղքի առաջին արմատն է: Մարկոս Ավետարանչի պատմությունը ներկայացնելով՝ նա շարունակեց.
«Քրիստոսի մոտ գալիս է մի երիտասարդ, ով մանկությունից ի վեր պահել էր բոլոր պատվիրանները և հարցնում, թե վարդապետ ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ: Քրիստոսը շատ պարզ ու հստակ պատասխան է տալիս, որն իր մեջ հրավերք ունի և ուղղված է մեզ բոլորիս. «Վաճառիր քո ունեցվածքը, վերցրու քո խաչը և արի իմ ետևից»: Պետք է հետևել Քրիստոսին, վերցնել ու կրել նրա խաչի ծանրությունը և քայլել դեպի հավիտենականություն»:
Այնուհետ Գյումրու ժողովրդապետն իր խոսքում նշեց, թե Լեռան քարոզի ժամանակ Քրիստոսն ասում է`երանի՛ նրանց, ովքեր հոգով աղքատ են: Մարդկանց մոտ շատ հաճախ այդ «հոգով աղքատ» ասվածը տարակարծությունների տեղիք է տալիս: Մինչդեռ Քրիստոսն ասում է, թե այն մարդիկ են հարուստ, ովքեր հոգո՛վ են աղքատ, քանզի իրենք իրենց ամբողջությամբ կտրել են աշխարհից, չեն մտածում աշխարհի փառքի մասին, այլ` միայն մտածում են, թե ինչպես կարող են կյանքը և ժամանակն այնպես նվիրաբերել Աստծոն, որպեսզի հնարավոր լինի հավիտենական կյանքը ժառանգել և մի փոքր խաչ ունենալ` իրենց ուսերին կրելու համար:
Հարուստը, շարունակում է Տեր Գրիգոր ավագ քահանան, մտածում է, թե ամբողջ կյանքում իր հարստությունն օգտագործելով, այս աշխարհում պիտի ունենա փառք և բոլոր մարդիկ նրա ձեռքերը պետք է համբուրեն, իսկ ինքը մի քանի գրոշներ նետելով՝ կգոհանա, թե իսկապես իր կյանքն ապահովված է, մինչդեռ`եթե դուք ունեք ավելին, քան մյուսները, փորձեք մի քիչ էլ ուրիշներին տալ:
«Եվ այդ ուրիշին տալու մեջ է ուրախությունը,-ասում է Տեր Գրիգորը- քանզի, երբ տալիս ես մեկ բան, կրկնակի, եռակի անգամ ստանում ես: Այնպես չէ, սիրելիներս, որ պետք է անընդմեջ մտածել միշտ ունենալու մասին: Տեղին է այստեղ հիշել Հովհաննես Թումանյանի խոսքը, որ ասում է, թե անց են կենում սերը, գանձը, բայց մարդու գործն է միշտ անմահ: Ուստի ապրենք մեկ մտածումով` հետևել Քրիստոսին»:
Հետևել Խաչյալ Քրիստոսին. այս է եղել նաև Մայր Թերեզայի ամբողջ կյանքի իմաստը, ով ասել է. «Թող Քրիիստոսի սիրո լույսը սփռվի քո բարի գործերի միջոցով»: Սբ. Պատարագին ներկա էին նաև Մայր Թերեզայի հետևորդ գթության այն քույրերը, ովքեր 1988-ի երկրաշարժից հետո եկել են Հայաստան ու մնացել Սպիտակում, որպեսզի շարունակեն իրենց բարի առաքելությունը:
Մայր Թերեզայի մեկ այլ պատգամն է. «Քո բոլոր տառապանքները դիր Նրա ոտքերի տակ. Միայն սիրտդ բացիր Նրա առաջ, որպեսզի քեզ սիրի այնպես, ինչպիսին կաս: Մնացածը Նա կանի»:
Գթության քույրերն իրենց հիմնած կենտրոնում խնամում են 30-ից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաների: Գթության քույր Ջոյզը նրանցից մեկն է, ով անչափ տպավորված էր Մայր Թերեզային նվիրված Սբ. Պպատարագից:
«Պատարագի ընթացքում ես ամբողջությամբ հիշեցի այն պահերը, որ ապրել եմ նրա կողքին,-ասում է Գթության քույր Ջոյզը,- Մայր Թերեզայի միջոցով մենք ճանաչեցինք Աստծո սերը, ընկալեցինք նրա նվիրումը աղքատներին ու չքավորներին: Նա մեզ ուսանում էր, որ բոլոր մարդիկ Աստծո զավակներն են և բոլորն հավասարապես սիրվելու կարիք ունեն: Այս Պատարագն ինձ համար առիթ եղավ, որ հիշեմ այն բոլորը, ինչ սովորել եմ նրանից նաև հիշեմ այն կտակը, որ ինքը թողել է մեզ»:
Եկեղեցում ֆիլմ ցուցադրվեց, որ նվիրված էր Մայր Թերեզայի կյանքին և առաքելությանը: Ֆիլմում հնչում էր նաև Հռոմի Պապի որոշմամբ 2016թ.սեպտեմբերի 4-ին սրբերի շարքը դասված այս մեծ քրիստոնյայի խոսքը: Մայր Թերեզան պատմում էր, թե իր կյանքի ընթացքն ինչ սկզբունքների վրա է հիմնված եղել: Նրա կյանքի իմաստը պարփակ չէ, այն հիմնված է մարդկանց նկատմամբ անսահման սիրո վրա:
Անարատ հղության հայ քույրերի միաբանության մեծավորուհի Քույր Արուսյակ Սաճոնյանը անձամբ չի ճանաչել Մայր Թերեզային, սակայն բավականաչափ գրքեր է ընթերցել նրա մասին:
«Երբ ինքը եկավ երկրաշարժից անմիջապես հետո,-պատմեց նա,- իմ ամենամեծ ցանկությունն այն էր, թե երբ ես էլ պիտի գնամ Հայաստան, որպեսզի ժողովրդիս ցավերը թեթևացնեմ, ժողովրդիս կողքին լինեմ այդ դժվարին օրերին: Նա բոլորին սեր է տվել»:
Պատարագի ավարտին Տեր Գրիգորը նաև կաթողիկէ համայնքի անդամներին ներկայացրեց երկու բարերարներին` Համազասպ Պետրոսյանին և Գրիշա Հովեյանին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ, որ «Սրբոց Նահատակաց» հայ կաթողիկէ աթոռանիստ եկեղեցին այսուհետ նոր զանգ ունենա: Բարերարներին հանձնվեցին Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի երախտագիտության նամակները:
«Էս զանգի ձայնը լսելով, չեք պատկերացնում որքան շնորհակալ եմ այս երկու բարերարներից,-ասաց քույր Արուսյակը,- որովհետև մենք զանգով կհավաքենք մեր երեխաներին, կհավաքենք բոլոր հավատացյալներին, ովքեր այս գեղեցիկ համայնքն են կազմում: Ջեզանից յուրաքանչյուրը պետք է շատ հպարտ զգա, որ հայ կաթողիկէ համայնքին է պատկանում: Ես նաև հիացած էի, երբ Հռոմի պապը եկավ Հայաստան և մասնավորապես` Հայ Կաթողիկե եկեղեցի: Եկավ կաթողիկե համայնքի համար: Մեզի համար եկավ, ձեզի համար եկավ»:
Այսուհետ եկեղեցուց ղողանջող զանգերը կարձագանքեն հայ կաթողիկե համայնքի հազարավոր հավատացյալների սրտներում՝ բացելով նրանց համար հույսի և հավատքի դռներ:
Սամվել Հունանյան
Մայր Թերեզային նվիրված ֆիլմը.