• «Աստված վստահեց, որ նորաշենցին եկեղեցի ունենա».Նորաշենի եկեղեցու օծման տոնը

    Նորաշեն գյուղի հոգևոր վերածնունդը սկսվեց նորակառույց եկեղեցու օծմամբ:


     

     

    Սեպտեմբերի 17-ը Տաշիրի տարածաշրջանի Նորաշեն կաթողիկէ գյուղի համար մեծ խորհուրդ ունի: Այդ օրն այստեղ հանդիսավորությամբ նշվում է միաժամանակ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու և 188-ամյա գյուղի հիմնադրման տոնը, մատուցվում է Սուրբ պատարագ: Նորաշենի բնակչությունը հետնորդներն են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից ներգաղթած այն կաթողիկէ հայերի, ովքեր 1825-1828 թթ. հիմնավորվել են այստեղ: 30 տարի է պահանջվել, որպեսզի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցեին: Այսօր այդ եկեղեցին` խարխուլ վիճակում, գտնվում է գյուղի գերեզմանոցի տարածքում: Այդ եկեղեցուն վիճակված չէր կանգուն մնալ, որովհետև բոլշևիկյան իշխանություններին դա հաճո չէր:

     

    14333155_1688198478165733_7552419530056907985_n

    Հայր Ներսես վարդապետ Գալստյանի խորին համոզմամբ, Նորաշենցիների մոտ հավատքը միշտ եղել է առաջնային, նրանք իրենց հոգու բոլոր թելերով կապված են եղել հավատքի հետ, քանզի այդ հավատքի շնորհիվ է, որ նրանք իրենց գաղթական կյանքի վայրիվերումների պայմաններում կարողացել են պահպանել սեփական ինքնությունը և շարունակել ապրել ու արարել:

     

    «Իհարկե,-հավելում է Հայր Ներսեսը,-համայնավարության տարիներին, պետք է նկատել, որ նրանց համար որոշակի առումով դժվար է եղել հոգևոր կյանքով լիարժեք ապրել, քանզի այդ տարիները, ինչպես հայտնի է, եղել են աստվածմերժության տարիներ: Հենց այս տարիներին էր, որ նրանց ստիպեցին քանդել այդ եկեղեցին: Բայց այժմ, բնականաբար, այլ է` նորաշենցին ունի իր եկեղեցին, որից նա տարիներ ի վեր զրկված է եղել»:

     

    «Մեր եկեղեցին քանդել են մոտավորապես 1932 թվականին,-պատմում է Նորաշենի գյուղապետ Արամ Բաղդասարյանը,- իսկ քարերն այնուհետ օգտագործել են դպրոցի շինարարության համար: Հիմա գերեզմանատան տարածքում եկեղեցուց մնացել է մի խորան, որն այժմ էլ պահպանվում է»:

     

    Այնուհետ հավելում է այս առնչությամբ, թե եկեղեցու քանդումից հետո գյուղը հեռու է եղել հոգևոր մշակույթից ու, բնականաբար, նորաշենցին չէր կարող երբևէ հրաժարվել քարը քարին դնելու մտքից:

    14317528_1688198694832378_3357576216606520021_n

    Ուստի, դրանից շուրջ մեկ դար անց, նորաշենցին որոշեց, որ իր համար հավատքի տաճար ունենալը կենսական և հոգևոր անհրաժեշտություն է: Այսպես` 2014 թվականին, գյուղում հաստատուն ոտքի կանգնեց նոր Սուրբ Խաչ եկեղեցին, ու այդ օրը եղավ Նորաշենի կաթողիկե համայնքի տոնը, որ արդեն երրորդ տարին է, ինչ խանդավառորեն նշվում է գյուղում: Տոնի օրը շրջակա գյուղերից նույնպես տոնական տրամադրությամբ համակված՝ գալիս են Նորաշեն, որպեսզի հաղորդակից լինեն մատուցվող Սուրբ Պատարագին ու տոնախմբությանը:

     

    Գյուղապետ Արմեն Բաղդասարյանն այս առիթով նաև իր երախտիքի խոսքերն է հնչեցնում.

    «Շնորհակալություն պիտի հայտնեմ Հայր Ներսեսին, ով մեծ մարդ է ու շատ մեծ գործեր է արել, համայնքում այժմ ունենք հոգևոր հովիվ, ով մեզ համար ոչ միայն հովիվ է, այլև` մեծն ընկեր ու մեծ բարեկամ մեր համայնքի ժողովրդի համար»:

     

    Հայր Ներսես վարդապետ Գալստյանը Սբ. Պատարագի ժամանակ դիմելով նորաշենցիներին՝ մասնավորապես նշեց, թե արդեն երրորդ տարին է, ինչ Նորաշենը տոնում է Սուրբ Խաչի տոնը: Այդ ընթացքում նորաշենցիները եկեղեցու մեջ Աստծո Խոսքն են ճաշակել` մկրտությունների և հավատքի վերադարձմամբ, ուստի շնորհակալություն պետք է հայտնել Սրբազանին` Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին, ում նախաձեռնությամբ  և ծնունդով նորաշենցի, հատկապես` արտերկրում ապրող բարերարների սիրահոժար աջակցությամբ, գյուղում կյանքի կոչվեց այս եկեղեցին: Նրանք էին, որ նպաստեցին կաթողիկէ եկեղեցու կառուցման սուրբ գործին: Հայր Ներսեսն իր խոսքում նշեց նաև, թե եկեղեցու տոնը մեր հասարակության տոնն է, իսկ եկեղեցին և հասարակությունը անբաժան մարմին են, ուստի Աստծուն ուղղված բոլորի հայցը պետք է լինի այն, որ մեր զավակները լինեն առողջ, մեր ընտանիքները`երջանիկ, իսկ Աստծո աջը` միշտ զորավիգ բոլորին:

     

    Հայր Ներսես վարդապետ Գալստյանն ասում է, թե եկեղեցին, որ Սուրբ խաչի անունն է կրում, իր խաչերով բազում է և ամեն անգամ առիթը կա դրանց խոնարհվելու: Եկեղեցու գավիթում տեղադրված են Եղեռնի և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող արձաններ: «Դրանք ի հիշատակ սրբերի են, որ մեզ հավատքի կոչ են անում, որպեսզի ապրենք իրենց համար», -ասում է  Հայր Ներսեսը:

    14364795_1688198841499030_7536197943676840899_n

    400 տնտեսություն ունեցող Նորաշենում բոլորն են վստահաբար ասում, որ Սուրբ Խաչ եկեղեցու կառուցմամբ, գյուղում հոգևոր զարթոնքի սկիզբը դրվեց: Նորաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռաֆիկ Մարտիրոսյանի բնորոշմամբ`«Ճիշտ է, դպրոցում աշակերտներին դասավանդվում է Եկեղեցու պատմություն առարկան, բայց հարկ է նշել, որ դա բավական չէ բազմակողմանիորեն հոգևոր աշխարհի խորության մասին պատկերացում կազմելու համար: Ուրեմն` գոհունակությամբ պետք է ասեմ, որ միայն Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը մեր գյուղում նրանց ավելի մոտիկ դարձրեց հոգևոր կյանքին: Հայր Ներսեսը նրանց էքսկուրսիաների է տանում, երեխաները լինում են տարբեր վայրերում, հայ ժողովրդի հոգևոր մշակույթի հուշարձանների հետ են ծանոթանում: Այսպես նրանց համար ավելի տեսանելի է դառնում Հայ Եկեղեցու պատմությունը, քանի որ այդ էքսկուրսիաների ժամանակ Հայր Ներսեսը նաև բաց դասեր է տալիս: Դպրոցականները մասնակցել են նաև եկեղեցու մերձակա տարածքի կանաչապատման աշխատանքներին ու այժմ էլ մշտապես հարդարում և խնամում են այն»: Տոնախմբության ժամանակ էլ դպրցականների «Տաշիր» պարային համույթը ելույթ ունենալով՝ հաճելի րոպեներ պարգևեց հանդիսականներին:

     

    Ինչպես ասում է Հայր Ներսեսը, տարիներ ի վեր կար նորաշենցու մեջ հոգևորի քաղցը և Աստված վստահեց, որ նրանք եկեղեցի ունենան: Այժմ այդ եկեղեցին կա, ուստիև` այլևս հոգևոր սնունդն անպակաս է այս գյուղում:

     

    Սամվել Հունանյան

     

    14322618_1688199321498982_8763840755283076889_n 14355019_1688198994832348_1429450469532514807_n

Օրացույց

Օրացույց