• «Երբ դժվարության մեջ ես, նայի՛ր Տիրամորը».Քահանայապետի առավոտյան քարոզը

    Նա երբեք չի ուրանում


    Թարգմանված է Zenit պարբերականի կայքից:

     

    Հոգևոր անհանգստության մեջ և աշխարհից լքված զգալով հանդերձ, հավատացյալները միշտ ունեն իրենց ապաստանը՝ իրենց Մայրը՝ Մարիամը:

     

    Ըստ Vatican Radio-ի, Քահանայապետը այսպես է ասել առավոտյան Սուրբ Պատարագի ժամանակ, Վշտերի Տիրամոր Տոնին (ըստ լատին օրացույցի):

     

    Նա նշել է, որ աշխարհում, որը տառապում է մեծ որբության ճգնաժամից», մենք ունենք մի Մայր ով ուղեկցում և պաշտպանում է մեզ:

     

    «Այսօրվա Ավետարանական ընթերցումը բերում է մեզ  Գողգոթա, որտեղ Տիրոջ բոլոր աշակերտները փախան, բացի Սբ. Հովհաննեսից ու մի քանի կանանցից»: Քանի որ Մարիամը՝ Հիսուսի Մայրը, խաչի ստորոտին է «բոլորը նայում են Նրան ու ասում. «Սա այս հանցավորի մայրն է: Սա այս հեղափոխականի մայրն է»:

     

    Նա երբեք չի ուրանում

     

    Եվ Մարիամը լսեց այս ամենը: Նա տարավ սարսափելի մի նվաստացում: Եվ նա լսեց նաև բարձրաստիճան պաշտոնյաների, նույնիսկ մի քանի քահանաների խոսքը, որոնց նա հարգում էր, քանի որ նրանք հոգևորականներ էին.

    «Դու´, որ այդքան լավն ես, իջի´ր: Իջի´ր»:

    Նա այնտեղ էր, Իր մերկ Որդու հետ, ով խաչի վրա էր: Եվ Մարիամը դիմանալով այդքան մեծ տառապանքների, չհեռացավ: Նա չուրացավ իր Որդուն: Հիսուս Նրա միս ու արյունն էր»:

     

    Արգենտինացի Քահանայապետը հիշեցրեց այն աղքատ կանանց մասին, ովքեր Բուենոս Այրեսում այցելում էին բանտարկյալներին:

     

    «Նրանք մայրեր էին: Բայց նրանք չէին ամաչում. Նրանց միս ու արյունն այնտեղ էր՝ ներսում: Եվ այս կանայք միայն այստեղ գտնվելուց չէ, որ ամաչում էին:

    «Նայե՛ք նրան: Ի՞նչ է արել նրա որդին»:

    Նրանք նաև ճնշվում էին այդ տգեղ նվաստացնող ստուգումներից, որոնք ստիպված էին տանել մինչև մուտքին հասնելը: Բայց նրանք մայրեր էին, և նրանք գնում էին գտնելու իրենց սեփական միս ու արյունը:

    Այդպես եղավ Մարիամի հետ: Նա այնտեղ էր՝ իր Որդու հետ, մեծ տառապանքով»:

     

    Չորբանալ

     

    «Հիսուս խոստացել էր մեզ որբ չթողնել, և Խաչի վրա Նա մեզ տվեց Իր մորը՝ որպես մեր Մայր, ով հոգ է տանում մեր մասին ու պաշտպանում է մեզ». ասաց Քահանայապետը:

     

    «Մե՛նք, Քրիստոնյաներս Մայր ունենք, Նա Հիսուսի Մայրն է, մենք Հայր ունենք, Նա Հիսուսի Հայրն է: Մենք որբ չենք: Եվ նա այդ պահին մեծ վշտով մեզ կյանք է տալիս: Նա իսկապես նահատակ է: Իր խոցված սրտով, նա այդ պահին մեծ վշտով մեզ բոլորիս կյանք է տալիս: Եվ այդ պահից նա դառնում է մեր Մայրը, այդ պահից նա մեր Մայրն է՝ այն Մայրը, ով հոգ է տանում մեր մասին և չի ամաչում մեզ համար. նա պաշտպանում է մեզ»:

     

    Քահանայապետը պատմեց, թե ինչպես են վաղ դարերի խորհրդապաշտները (միստիկները) խորհուրդ տալիս մեզ հոգևոր անհանգստության ժամանակ պատսպարվել Տիրամոր թիկնոցի տակ: «Սատանան չի կարող մտնել այնտեղ»: Նրա պաշտպանության ներքո մենք անվտանգ ենք». նշեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Այս աշխարհում, որը կարող ենք «որբ» կոչել, այն աշխարհում, որը տառապում է  որբացած լինելու պատճառով, գուցե, մեր օգնությունն այս խոսքերի մե՞ջ է. «Նայի՛ր քո Մորը»:

     

    «Մենք ունենք մի Մայր, ով պաշտպանում, սովորեցնում և ուղեկցում է մեզ, ով չի ամաչում մեր մեղքերի համար: Նա չի ամաչում, քանի որ նա մեր Մայրն է». եզրափակեց Պապը՝ աղոթելով. «Թո՛ղ Սուրբ Հոգին, այս Ընկերը, այս ճանապարհի Ուղեկիցը, այս Մխիթարիչը կամ էլ Պաշտպանը, ում Տերն է ուղարկել, օգնի մեզ՝ հասկանալու Մարիամի մայրության այս շատ մեծ  խորհուրդը»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց