• Սբ. Խաչի տոնական Սբ. Պատարագը Գյումրիում մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը

    «Չունենք զոհողության պատրաստություն, ուզում ենք միշտ ծիծաղ…»


     

    2016թ. սեպտեմբերի 11-ին Սբ. Խաչի տոնական Սբ. Պատարագը Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը՝ խնդրանքով Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի:

     

    Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձավ Խաչի խորհրդին և ներկաներին խնդրեց մտածել այն մասին, թե ինչպես են այսօր իրենց կյանքում ապրում Տիրոջ Խաչի խորհուրդը և կյանքի կոչում Նրա պատվիրանները.

     

    «Սիրելի՛ հյուրեր ու եղբայրներ,

     

    ահավասիկ Սուրբ Եկեղեցին մեզ մեկ անգամ ևս միասին հավաքեց, որպեսզի տոնենք Քրիստոսի Խաչը: Խաչը տեսնելով՝ հիշում ենք Խաչյալին և այն, ինչ որ կարդացինք ու լսեցինք Սուրբ Ավետարանի խոսքի մեջ: Արդ, Աստված իր միածին որդուն տվեց աշխարհին, որպեսզի աշխարհը փրկի, սակայն ինչպիսի բռնությամբ խաչի վրա հանեցին Քրիստոսին` Աստծու Միածին Որդուն, որպեսզի մեզ իր արյունով լվա, մաքրի, որդեգրի ու վերածնի Աստծո ընտանիքում: Այս ամենը արվեց, որպեսզի մենք ունենանք հավիտենական կյանք, որտեղ չկա ոչ ցավ, ոչ էլ դժվարություն, այլ կա միայն երջանկություն ու ուրախություն: Նման զոհողության առջև մենք`որպես քրիստոնյա,դնում  ենք մեր խիղճը, որպեսզի տեսնենք զոհողության և նվիրումի մեր պատասխանը: Խղճի քննություն`տեսնելու համար, թե մենք որքանով ենք համապատասխանում այս զոհողությանը: Թերևս ինձ պետք է ասեք, որ մենք գալիս ենք եկեղեցի, հավատում ենք  ու աղոթում ենք, ճի՛շտ է և շնորհավորում եմ ի սրտե, լավ է հավատալը, աղոթելն ու եկեղեցի գալը, բայց դրանով չի ավարտվում, այլ երբ ես եկեղեցուց դուրս եմ գալիս, որքանով եմ շարունակում ապրել Քրիստոսի հետ միացած, որքանո՞վ եմ վկայում այս փրկության մեծ գնով տրված զոհողության մասին, որքանո՞վ եմ ես ապրում ու վկայում,որ ես հավատում եմ, որ ճշմարտապես քրիստոնյա եմ, այլ ոչ թե օրվա դժվարություններից մղված` ամեն ինչ մոռացության մատնում:  Քրիստոս, որ կարող էր մեկ խոսքով աշխարհը փրկել՝ ընտրեց խաչը, և մեզանից յուրաքանչյուրն էլ ունի իր խաչը,  հանկարծ չդժգոհենք, որ մեր խաչը մեզանից ավելի մեծ է կամ ծանր:

     

    Մի պատմություն կա մի անձի մասին, որ ուզում եմ ձեզ պատմել։ Այդ անձը գանգատվում էր Աստծուն, որ իր խաչը ծանր է.«մի ավելի փոքր խաչ տուր ինձ, որ կարողանամ հավատարիմ մնալ քեզ», ասում էր Տիրոջը: Աստված նրան տանում է մի սենյակ ու հարցնում, թե որն է իր խաչը և մարդն ընտրում է փոքրագույն խաչը`ասելով. «Ես այս խաչը սիրով կտանեմ քեզ համար»: Աստված նրան պատասխանում է.«Սա՛ է քո խաչը, որը տվել եմ քեզ»:

     

    Մենք մեր կյանքում ունենք դժվարության, հուսահատության ու գանգատի պահեր, ձևական պնդումներ, որպեսզի ունենանք լավագույնն ու միայն լավագույնը: Չունենք զոհողության պատրաստություն, ուզում ենք միշտ ծիծաղ,  սակայն չկա ոչ մի գործ մեր ամենօրյա կյանքում, որը մեզանից զոհողություն չպահանջի: Դու´ք, հայրեր, մայրեր, քույրեր և եղբայրներ ինձանից շատ լավ գիտեք, որ ձեր ընտանիքի մեջ ձեր զավակի երջանկությունը ապահովելու համար ինչպիսի զոհողություններ եք կրում ու ինչ սիրով եք դրանք տանում: Ինչու՞: Որովհետև ուզում եք, որ ձեր  զավակներն ուրախ լինեն: Չե՞ք կարծում, որ Աստված ևս նույնքան մտահոգվում է իր զավակների համար: Չե՞ք կարծում, որ նա ամեն պահի մեզ հետ է և մեզ տալիս է այն,  ինչ-որ պակաս է, քանի վտանգներ ենք անցել, որ նա մեզ պահել ու պահպանել է։ Սակայն մի պահ պիտի գա, որ Աստված պիտի ասի.

     

    «Հավատարիմ ծառա՛ կամ աղախին, դու՛, որ քո այս ամբողջ կյանքիդ ընթացքում ինձ հավատարմությամբ աշխատեցիր ու զոհվեցիր, այժմ ժամանակն է, որ գաս ինձ մոտ ու պսակեմ քեզ հավիտենական երջանկությամբ: Մտածե՛ք` այսօր մարզիկը իր ոսկե մեդալը շահելու համար ինչ չարչարանքների ու մարզումների է ենթարկում ինքն իրեն: Դա ժամանակավոր է, դա մի պահ է, որոշ տարիներ հետո նույնիսկ նրա անունը չեն հիշի: Մինչ մենք, որ որպես քրիստոնյա տանում ենք այս զոհողությունները մեր կյանքի ընթացքում, մեր վարձատրությունը հավիտենական է, մշտական: Հարց այն է, որ դեռևս այսօր էլ շատ չեք հավատում ու նախընտրում եք, ինչպես այդ վաճառականը, վաճառել ամեն ինչ` մի բուռ փող ունենալու համար և ուրախանում եք այդ դրամով, փողերով: Մինչդեռ դրամը ծախսվելու և վերջանալու է…

     

    Ահավասիկ, այս խաչի օրը տոն է: Երբեմն երբ մահը տեսնում ենք, տխրություն է մեզ համար, բայց տխրություն է ոչ թե հուսահատության, այլ բաժանումի: Բայց իրականության մեջ սա ուրախության մի առիթ է, որովհետև մենք  կվերածնվենք հավիտենականության մեջ: Եվ սրա համար է, որ մենք մեր կյանքում ամեն տեսակ զոհողություններ պետք է տանենք: Երբ դժվարության առջև ենք կանգնած, խաչը պետք է տեսնենք: Եվ այդ խաչով պետք է հիշենք Խաչյալին՝ Միածին Որդուն՝ Քրիստոսին, որն իր կյանքը տվեց, որպեսզի մենք փրկվենք:

     

    Երբեմն որբը կյանքի դժվարությունների մեջ մնում է  մեն- մենակ  և հանկարծ գալիս է մի մեծահարուստ և ասում. «Ես քեզ սիրեցի» և նրան համբուրում է` որպես իր որդուն: Պատկերացե´ք այդ երեխայի  ուրախության պահը, երբ իր կյանքի մեջ տեսնում է մեկին, ով իրեն սիրեց: Եվ նա կսկսի մեծանալ ուրախության մեջ և երախտապարտ զգացումով այդ անձի նկատմամբ:

     

    Մտածե՛ք ավելի խորը,  եթե Քրիստոսը մեզ սիրեց և առավ իր մոտ, ապա մենք մեզ պետք է երջանիկ զգանք: Այս է ուրախությունը այսօրվա և վաղվա` այն, որ Քրիստոս մեզ որդեգրեց և մեզ խոստացավ, որ եթե հավատարիմ մնանք, մեզ հավիտյանս հավիտենից երջանիկ կպահի:

     

    Աստված և նրա Միածին Որդին՝ Քրիստոս, մեզ է տալիս է հավիտենական կյանքը, որով ապրում ենք և այդ ապրումի մեջ է, որ կա այդ ճշմարտությունը:

     

    Աղոթե´ք սիրելի հավատացյալներ, քույրեր, որ ամենաբարի Աստված հովանի լինի ձեր հարազատներին, ձեր ծերերին, ձեր բարեկամներին, ում որ պետք է փրկի: Աստծո ձեռքը լինի ձեզ վրա, ձեզ պաշտպանի և ձեզ լույսի մեջ պահի։ Չմոռանանք, որ Քրիստոս Աստված մեր կյանքի հիմնական նպատակն է, որովհետև ինքն է, որ մեզ տանում է դեպի հավիտենական երջանկություն: Ամեն»:

    image-0-02-01-cbb5709ada19bd2e3b6a60ad3f01b6bdd70fbf456d2dbad4e96eaaf226bd6fb8-v

    Յավարտ Սբ. Պատարագի Սրբազան Հայրը օծեց մի նոր զանգ, որը պետք է տեղադրվի Սրբոց Նահատակաց Եկեղեցու զանգակատանը: Այն նվեր է ջերմեռանդ հավատացյալների կողմից և պատրաստված է Ռուսաստանում, Կամենսկի գործարանում, հատուկ տեխնոլոգիայով՝ բնորոշ ռուսական զանգաշինության արհեստին, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Օծման արարողությունից հետո խոսք առավ Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը.

     

    «Ես հիմա ուզում եմ սիրով մեզ մոտ հրավիրել պրն. Գրիշա Հովեյանին, որն իր մեծ ներդրումն ունեցավ այս զանգի գնման գործում, և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ոչ միայն իրեն, այլ նաև՝ ռուսաստաբանակ, ծնունդով Ղազանչիից Համիկ Պետրոսյանին, որովհետև ինքը ևս միացավ և այս 86 կգ զանգը նրանք միասին գնեցին Ռուսաստանից և ուղարկեցին մեր եկեղեցու համար: Զանգի վրա պատկերված է մեր եկեղեցին»:

     

     

Օրացույց

Օրացույց