• Արդի մարդակենտրոնության (anthropocentrism) ճգնաժամն ու հետևանքները.հատված՝ «Գովեմ զՔեզ» շրջաբերականից
    davinci-human-sketch

    «Արդիականությունը հատկանշվում է չափազանց մեծ մարդակենտրոնացմամբ, որն այսօր, մեկ այլ դիմակի տակ, շարունակում է խոչընդոտել համընդհանուր հասկացողությանը և սոցիալական հարաբերությունների զորացման ջանքերին»:


    13 սեպտեմբերի, 2016թ.

     

     

    115․ Ժամանակակից մարդակենտրոնությունը պարադոքսալ կերպով հանգեցրել է տեխնիկական մտքի գերագնահատմանը իրականության նկատմամբ, քանի որ «տեխնոլոգիական միտքը բնությունն ընկալում է որպես անզգացական վիճակ, որպես փաստերի սառը ամբողջություն, որպես ուղղակիորեն «տրված» մի բան, որպես օգտագործման առարկա, որպես չմշակված հումք, որին հետագայում պետք է օգտակար ձև տրվի, այն տիեզերքը պարզապես տեսնում է որպես մի սովորական «տարածություն», որտեղ կարելի է առարկաներ նետել բացարձակ անտարբերությամբ»։ Աշխարհի ներքին արժանապատվությունը վտանգված է։ Երբ մարդկային արարածներն աշխարհում չեն կարողանում գտնել իրենց իսկական տեղը, նրանք սխալ են ըմբռնում իրենք իրենց և վերջում գործում են իրենց իսկ դեմ։ «Աստված միայն երկիրը չէ, որ տվել է մարդուն, ով պետք է այն օգտագործի՝ հարգելով այն բարի նպատակը, որի համար տրված է երկիրը, այլ նաև մարդը ևս Աստծու նվերն է մարդուն։ Հետևաբար, նա պետք է հարգի բնական և բարոյական կառուցվածքը, որով նա օժտված է»։

     

    116․ Արդիականությունը հատկանշվում է չափազանց մեծ մարդակենտրոնացմամբ, որն այսօր, մեկ այլ դիմակի տակ, շարունակում է խոչընդոտել համընդհանուր հասկացողությանը և սոցիալական հարաբերությունների զորացման ջանքերին:

    Ժամանակն է եկել նորովի ուշադրություն դարձնելու իրականությանը և դրա գծած սահմաններին․ սա իր հերթին անհատների և հասարակության ավելի առողջ և արգասաբեր զարգացման պայմանն է։ Քրիստոնեական մարդաբանության ոչ պատշաճ ընկալումը հանգեցրել է մարդկային էակների և աշխարհի միջև եղած հարաբերության սխալ ըմբռնման։ Հաճախ այն, ինչը որ մեզ տրվել է, եղել է աշխարհին իշխելու Պրոմեթևսյան մոտեցում, որը ստեղծել է այն տպավորությունը, որ բնության մասին հոգ տանելը միայն թուլասիրտ մարդկանց գործն է։ Փոխարենը, մեր «գերիշխանությունն» ամբողջ տիեզերքի նկատմամբ պետք է հասկանալ ավելի պատշաճ ձևով՝ պատասխանատու առաջնորդության իմաստով։

     

    117․ Բնությանը հասցված վնասների և շրջակա միջավայրի վրա մեր որոշումների ազդեցության դիտարկումն արհամարելը միայն ամենաակնառու նշանն է այն փաստի, որ մենք անտեսում ենք բնության կառուցվածքի մեջ առկա ուղերձը:

     

    Երբ մենք չենք կարողանում աղքատ մարդուն, մարդկային սաղմին, հաշմանդամ մարդուն արժանի կերպով համարել իրականության մի մաս (բավարարվենք միայն այս մի քանի օրինակներով), դժվար է դառնում լսել հենց բնության աղաղակը.  ամեն ինչ փոխկապակցված է։ Հենց որ մարդկային էակը իրեն հայտարարում է իրականությունից անկախ և գործում բացարձակ գերիշխանությամբ, մեր կյանքի հիմքերը սկսում են քանդվել, քանի որ «արարչագործության մեջ Աստծո հետ գործակցելու իր դերը կատարելու փոխարեն, մարդն իրեն դնում է Աստծո տեղը և այսպիսով պատճառ դառնում, որ բնությունն ապստամբի իր դեմ»։

     

    118․ Այս դրությունը հանգեցրել է մի մշտական շիզոֆրենիայի, որտեղ տեխնոկրատիան, որը բացարձակապես չի արժևորում ստորակարգ արարածներին, գոյակցում է մեկ այլ ծայրահեղությամբ, որը ոչ մի հատուկ արժեք չի տեսնում նաև մարդկային էակի մեջ:

    Բայց ոչ ոք չի կարող բաժանվել մարդկությունից։ Առանց մարդկության նորացման, ոչ մի նորացում չի կարող լինել բնության հետ մեր հարաբերություններում։ Չի կարող լինել բնապահպանություն՝ առանց համարժեք մարդաբանության։ Երբ մարդկային էակը համարվում է որպես էակ՝ ի շարս այլոց, պատահականության կամ ֆիզիկական պատճառականության (determinism) արդյունք, ապա «մեր պատասխանատվության հիմնարար զգացումը նվաղում է»։ Սխալ մարդակենտրոնացումը չպետք է անհրաժեշտաբար զիջի «կենսա-կենտրոնությանը» (biocentrism), քանի որ դա կարող է հանգեցնել մեկ այլ անհավասարակշռության` չլուծելով ներկա խնդիրները և դրանց ավելացնելով նորերը։ Մարդկային արարածներից չպետք է ակնկալել պատասխանատվություն աշխարհի նկատմամբ, այնքան ժամանակ մինչև, զուգահեռաբար չճանաչվեն ու չարժևորվեն նրանց գիտելիքների, կամքի, ազատության և պատասխանատվության բացառիկ կարողությունները։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց