• Հարուստի շռայլությունը գողություն է աղքատի սեղանից. «Գովեմ զՔեզ» շրջաբերական նամակ
    poor-kids

    Պաշարների անհավասարաչափ բաշխման հետևանքներն աղետալի են:


    19 օգոստոսի, 2016թ.

    Հատված՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Գովեմ զՔեզ»՝ “Laudato Si'” շրջաբերական նամակից:

     

    50․ Որոշ մարդիկ կարող են միայն առաջարկել ծնելիության թվի նվազեցման միջոցներ՝ փոխարենը լուծելու աղքատների խնդիրները և մտածելու, թե ինչպես կարող է աշխարհը տարբեր լինել։ Ժամանակ առ ժամանակ, զարգացող երկրները առերեսվում են միջազգային ճնշման ձևերին, որոնք տնտեսական աջակցությունը պայմանավորում են «վերարտադրողական առողջության» որոշակի քաղաքականության ներդրմամբ։ Այդուհանդերձ, «թեև ճիշտ է, որ բնակչության և հասանելի պաշարների անհավասարաչափ բաշխումը խոչընդոտներ է ստեղծում շրջակա միջավայրի զարգացման և կայուն օգտագործման համար, այնուամենայնիվ պետք է նշել, որ ժողովրդագրական աճը լիովին համատեղելի է ամբողջական  և բոլորի մասնակցությամբ զարգացման հետ»։ Մեղքը գցել  բնակչության աճի վրա՝ որոշ մարդկանց չափից դուրս և ընտրովի սպառողականության փոխարեն, խնդիրները լուծելուց հրաժարվելու մի ձև է:

     

    Սա բաշխման ժամանակակից մոդելն օրինականացնելու  փորձ է, որտեղ փոքրամասնությունը վստահ է, որ իրավունք ունի սպառել այն ձևով, որը երբեք չի կարող ընդհանրացված լինել, քանի որ երկիր մոլորակը երբեք չի կարող նույնիսկ պարունակել այդպիսի սպառման վատնված ավելցուկը։ Բացի այդ, մենք գիտենք որ արտադրված ամբողջ սննդի մոտավորապես մեկ երրորդը դուրս է նետվում, և «ամեն անգամ, երբ սնունդը դեն է նետվում, կարծես, այն աղքատի սեղանից է գողացվում»։ Այդուհանդերձ, ուշադրություն պետք է դարձվի բնակչության խտության անհամաչափությունների ազգային և ընդհանուր մակարդակների վրա, քանի որ սպառման աճը կարող է հանգեցնել տարածաշրջանային բարդ իրավիճակների, որը հետևանք է շրջակա միջավայրի աղտոտման, տրանսպորտի, թափոնների, կյանքի որակի և ռեսուրսների կորստյան խնդիրների փոխազդեցության։

     

    51․ Անհավասարությունն ազդում է ոչ միայն անհատների, այլ՝ ամբողջ երկրների վրա․ այն ստիպում է մեզ հաշվի առնել միջազգային հարաբերությունների էթիկան։ Իսկական «բնապահպանական պարտքը» գույություն ունի, մասնավորապես, ամբողջ հյուսիսի ու հարավի միջև, որը կապված է առևտրային անհավասարության հետ՝ ազդելով շրջակա միջավայրի վրա, և որոշ երկրներում երկար ժամանակ բնական ռեսուրսների անհամաչափ օգտագործման հետ։

     

    Հումքի արտահանումը՝ հյուսիսային արդյունաբերական շուկաներին բավարարելու համար, դարձել է տեղական վնասի պատճառ, ինչպես օրինակ՝ մերկուրիի աղտոտումը՝ ոսկու արդյունաբերության մեջ կամ ծծմբի երկօքսիդի աղտոտումը՝ պղնձի արդյունաբերության մեջ։ Ամբողջ աշխարհում խիստ անհրաժեշտություն է զգացվում հաշվարկելու այն  բնապահպանական տարածքների օգտագործումը, որտեղ  արտազատված գազի մնացորդներ կան, որոնք կուտակվել են շուրջ երկու դար և ստեղծել են մի իրավիճակ, որը ներկայումս ազդում է աշխարհի բոլոր երկրների վրա։

     

    Գլոբալ տաքացումը, որը աշխարհի որոշ հարուստ երկրների հսկայական սպառման արդյունք է, ազդում է աշխարհի ամենաաղքատ տարածաշրջանների վրա, հատկապես՝ Աֆրիկայի, որտեղ ջերմաստիճանի բարձրացումը երաշտի հետ միասին հանգեցրել է հողագործության ավերմանը։ Զարգացող երկրներին վնաս է հասցվում նաև կոշտ թափոնների և թունավոր հեղուկների արտահանումից  և  աղտոտվածությունից, որն առաջանում է  այն կազմակերպությունների կողմից, որոնք գործում են ավելի քիչ զարգացած երկրներում՝ այնպիսի եղանակներով, որոնք երբեք չեն անի իրենց երկրներում՝ այն երկրներում որտեղ նրանք բարձրացնում են իրենց կապիտալը․ «Մենք նշում ենք, որ հաճախ այն բիզնեսները, որոնք գործում են նման ճանապարհով, միջազգային են։ Նրանք այստեղ անում են այնպիսի բաներ, որոնք երբեք չէին անի զարգացած երկրներում կամ, այսպես կոչված, «առաջին աշխարհում»։ Ընդհանրապես, իրենց գործունեությունն ավարտելուց և հեռանալուց հետո, նրանք հետևում են թողնում մեծ մարդկային և բնապահպանական պարտավորություններ, ինչպես օրինակ, գործազրկությունը, լքված քաղաքները, բնական պաշարների վերացումը, անտառահատումը, գյուղատնտեսության և տեղական անասնապահության  աղքատացումը, բաց հորերը, ճեղքված բլուրները, աղտոտված գետերն ու սոցիալական աշխատանք, որոնք այլևս կենսունակ չեն»։

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց