• Ի՞նչ է Աստվածամոր Վերափոխումը.համառոտ ակնարկ
    Dormition_de_la_Vierge

    «Սլացեալ հասեր ի բարձունս երկնից, իբր անընդունակ ապականութեան».Շարակնոց


    14 օգոստոսի, 2016թ.

     

    Աստվածամոր վերափոխման մասին Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականում կարդում ենք.

     

    «Անարատ Կույսը, ազատ լինելով նախնական մեղքի բոլոր արատներից, երբ նրա երկրային կյանքի ընթացքն ավարտվեց, մարմնով և հոգով փոխադրվեց երկնային փառքի մեջ և բարձրացվեց Տիրոջ կողմից՝ որպես Թագուհի ամենայնի, որպեսզի առավել լրիվությամբ պատշաճի իր Որդուն…՝ մեղքի և մահվան Հաղթողին», 966:

     

    Այս ձևակերպումը վերցված է Munificentissimus Deus (Ամենաառատաձեռն Աստված) բառերով սկսվող առաքելական սահմանադրությունից, որով Նորին Սրբություն Պիոս 12-րդ Սրբազան Քահանայապետը 1950թ. նոյեմբերի 1-ին հռչակեց Աստվածամոր Վերափոխման դոգման կամ հրամանակարգ վարդապետությունը: Դոգմայի հռչակումը, ինչպես տեսնում եք, եղավ նորագույն ժամանակներում, բայց  Ընդհանրական Եկեղեցու հավատքի գանձարանում Տիրամոր Վերափոխման մասին հավատքը և վստահությունը գալիս է քրիստոնեության առաջին դարերից: Այս մասին հստակ գրված է այս պատմական դոգմատիկ փաստաթղթում: Բայց նախ՝ ձևակերպման մասին:

     

    Փաստաթղթի 5-րդ կետում գրված է.

     

    «Մարիամը, բացառիկ արտոնությամբ լիակատար ձևով հաղթեց մահվանը` իր Անարատ Հղությամբ, և որպես արդյունք, Մարիամը ենթակա չէր գերեզմանի ապականությանը և նա ստիպված չեղավ սպասելու մինչև ժամանակների լրումը՝ իր մարմնի հարության համար»:

     

    Այսինքն, Մարիամի Անապական հղության մասին հնագույն հավատամքի տրամաբանությունը հուշում էր հավատացյալներին, որ Մարիամը պետք է անապական մնա նաև Հիսուսին հղանալիս, ծննդաբերելիս (այստեղից էլ՝ Ընդմիշտ Կուսության մասին վարդապետությունը), ընդհուպ մինչև գերեզման, որ մահը չի հաղթելու նրան: Ըստ Անապական Հղության մասին դոգմայի, Մարիամը իր մոր՝ Աննայի որովայնում սաղմնավորման վայրկյանից, ի տես Տեր Հիսուս Քրիստոսի փրկչագործական վաստակի, որպես Աստծո Որդու մարդեղության Անոթ, զերծ պահվեց ադամական մեղքից կամ, ինչպես միջնադարյան աստածաբան Դունս Սկոտն է արտահայտվում, նախափրկվեց  մեղքի ճիրաններից, և իր ամբողջ կյանքի ընթացքում, լինելով «լի շնորհօք», մեղք չգործեց, հետևաբար, նա զերծ մնաց և մեղքի հետևանք մահվանից ու, հետևաբար, գերեզմանի ապականությունից: Սա է Վերափոխման դոգմայի տրամաբանությունը, որը հիմնված է դարավոր համընդհանուր հավատքի զգացողության (լատ.՝sensus fidei) վրա, որն անսխալական է և կարիք ուներ միայն ձևակերպվելու Ընդհանրական Եկեղեցու գերագույն վարդապետական իշխանության՝ Եկեղեցու Վեմ Սբ. Պետրոսի հաջորդի կողմից՝ որպես հրամանակարգ վարդապետություն:

     

    Պիոս 12-րդը հղում է անում Աստվածածնի Վերափոխման մեծագույն արևելյան աստվածաբաններից մեկին՝ Կաթողիկէ Եկեղեցու դոկտոր Հովհան Դամասկացուն (675-749թթ.), ով գրում է.

     

    «Պատշաճ է, որ Մարիամը, որ իր կուսությունը պահեց անխախտ, իր մարմինն ազատ պահեր ամեն տեսակ ապականությունից նույնիսկ մահվանից հետո: Պատշաճ էր, որ նա, ով Արարչին՝ որպես մանուկ, կրել էր իր կրծքի տակ, բնակվեր աստվածային խորաններումՊատշաճ էր, որ նա, ով տեսավ իր Որդուն Խաչի վրա և ում սիրտը խոցեց վշտի սուրը, որից նա խուսափել էր նրան ծնելիս, նայեր իր Որդուն, որ նստած է իր Հոր կողքին: Պատշաճ էր, որ Աստվածամայրն ունենար այն, ինչ պատկանում է իր Որդուն և որպեսզի պատվի առնվեր բոլոր արարածների շուրթերով՝ որպես Մայր և Աղախին Աստծո» (Encomium in Dormitionem Dei Genetricis Semperque Virginis Mariae), Munificentissimus Deus, 21:

     

    Եկեղեցու սուրբ հայրերը մատնանշում են նաև Աստվածամոր վերափոխման դոգման անուղղակի հիմնավորող սուրբ գրական տեքստեր, օրինակ՝ Սղմ.,131:8՝ «Ելիր քո հանգաստավայրը, Տե՛ր, դու և տապանակը Քո սուրբ կտակի»: Տապանակը նմանեցվում է Մարիամի հետ: Նաև՝ Սղմ., 44:10՝ «Թագուհին կանգնած է Քո աջ կողմում…», Եսայի 60:13՝ «…և ես պիտի փառավորեմ իմ ոտքերի տեղը», Հյտն.12:1՝ աստղերն իր ուսերին առած կնոջ մասին հատվածը՝ որպես պատկեր թագուհու և Աստվածամոր և այլն:

     

    Բազում վկայություններ կան տարբեր պատմական ժամանակներից, հատկապես, 6-րդ դարից սկսյած, որ Եկեղեցում գոյություն է ունեցել հավատքն առ Աստվածածնի վերափոխումը: Տարածված է եղել նաև Վերափոխման կամ Ննջման տոնը, որի մասին հիշատակություններ կան ծիսական գրքերում: Տարբեր վայրերում նաև կառուցվել են տաճարներ ու արձաններ՝ նվիրված Վերափոխյալ Տիրամորը: Եվ վերջապես, վաղ միջնադարյան արմատներ ունեցող Վարդարանի խորհուրդներից մեկը նվիրված է Վերափոխմանը: Հայկական շարականներում և աղոթքներում ևս բազում տողեր կան՝ Վերափոխման մասին, որոնք աստվածաբանական ձևակերպումներ ունեն:

     

    Պիոս 12-րդ Քահանայապետը գրում է, որ դոգման հռչակելու մասին որոշումը կայացվել է երկար պատմական ուսումնասիրություններից, աշխարհի տարբեր ծայրերում ծառայող եպիսկոպոսների և նրանց հավատացյալների կարծիքները հարցնելուց հետո.

     

    «Այսպես, Եկեղեցու վարդապետական իշխանության տիեզերական համաձայնությամբ, մենք ունենք հստակ և հաստատուն ապացույց, որ Կույս Մարիամի Վերափոխումն իր յերկինս, որը մարդն իր մտավոր կարողությամբ երբեք չի կարող իմանալԱստծո կողմից հայտնված ճշմարտություն է, հետևաբար, մի բան, որին պետք է հաստատակամորեն և հավատարմորեն հավատան Եկեղեցու բոլոր զավակները», Munificentissimus Deus, 12:

     

    Եկեղեցում մշտապես եղել է ամուր վստահություն, որ Աստվածամայրը, մեղքից ազատ լինելով հանդերձ, թեև մահվան իշխանության տակ չէր, բայց որպես մարդ, մահկանացու էր, ուստի, կիսելով իր Որդու առաքելությունը և մշտապես միացած լինելով  իր Որդու հետ, Նրա նման, մահացավ, բայց միայն ժամանակավոր կերպով, ինչպես Քրիստոս, և կիսեց նաև Նրա Հարությունը և եղավ բոլոր մարդկանց հարության նախատիպարը՝ Քրիստոսից հետո և Նրա վաստակի շնորհիվ (Տե՛ս՝ Կաթողիկէ Եկեղեցու քրիստոնեականը, կետ՝ 966): Սբ. Հարությունից տարբեր անունով կոչելու համար, ընդունված է ասել Տիրամոր Վերափոխումը կամ Ննջումը:

     

    Շատ չեմ ուզում երկարել, միայն կուզենայի ավարտել հայկական շարականների ու Սբ. Գրիգոր Նարեկացու մի քանի տողերով.

     

    «Քաղաքավարեալ ի մարմնի անարատ վարուք.այսօր յառաքելոցն ամփոփեալ վերին ակնարկութեամբն վերափոխեցար յարքայութիւնն Որդւոյ…»:

     

    «Այսօր զազատիչն յանցանաց նախամօրն զկուսութեանց Մայրն փոխադրեաց Բանն Աստուած, յերկնայինսն դասելով յաստուածակերտ խորանսն…»:

     

    «Մարմնարան անտեսին, տաղաւարն տիրական, խորան աստուածական, սրբարան մաքրութեան, ընդունակ զգաստութեան

    որ նախքան զծնանիլ Բանին առ ի քէն անթերի լրականութեամբ հրեշտակական թևոցն սքողմամբ ցանկարկեալ պահէիր անաղտ անբծութեամբ:

    Ըստ նմանութեան արագման օդային թռչնոյ ի յանցաւորաց աստի փոխեցար

    Սլացեալ հասեր ի բարձունս երկնից, իբր անընդունակ ապականութեան եւ մահու լուծման՝ մարմին, յորմէ պատկառեաց ամօթով պարտիքն մահու.եւ ցուցար բնակիչ արժանապատիւ կենդանեաց երկրին՝ Տեառնդ կենակից սուրբդ Տիրամայր…»

    Գր. Նարեկացի, Ներբող Ս. Աստուածածնի

     

     

    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

Օրացույց

Օրացույց