• «Մարդիկ կարող են դատել ձեզ՝ երազելու համար, բայց մի՛ հուսալքվեք».Քրիստոսի Եկեղեցու Վեմը դիմում է 2մլն. երիտասարդներին

    «Սահմանե՛ք բարձր նպատակներ»:


    4 օգոստոսի, 2016թ.

    Ստորև ներկայացվում է Կրակովի Ողորմության ճամբարում ԵՀՕ 2016-ի փակման արարողության Սբ. Պատարագի ժամանակ Հռոմի Սրբազան Քահանայապետի քարոզի տեքստն ամբողջությամբ:

     

    «Սիրելի՛ երիտասարդներ,

    դուք եկել եք Կրակով, որպեսզի հանդիպեք Հիսուսին: Այսօրվա Ավետարանը պատմում է մեզ Հիսուսի և Զակքեոս անունով մի երիքովցի մարդու հանդիպման մասին: Այստեղ Հիսուս պարզապես չբարևեց ու քարոզեց մարդկանց, այլ, ինչպես Ավետարանիչն է պատմում մեզ, Նա անցավ քաղաքով: Այլ կերպ ասած, Հիսուս ցանկանում է անձամբ  մերձենալ մեզ, մինչև վերջ ուղեկցել մեզ՝ մեր ճամփորդության ընթացքում, այնպես, որ մեր և նրա կյանքերը իսկապես կարողանան հանդիպել:

     

    Հետո մի զարմանալի հանդիպում տեղի ունեցավ Զակքեոսի հետ, ով գլխավոր «մաքսավորն» էր կամ էլ հարկահավաքը: Զակքեոսը նաև ատելի Հռոմի զավթիչների հարուստ ընկերն էր, մեկը, ով շահագործում է իր սեփական ազգը, մեկը, ով իր վատ համբավի պատճառով չէր կարող նույնիսկ մոտենալ Տիրոջը: Հանդիպումը Հիսուսի հետ փոխեց նրա կյանքը, ճիշտ այնպես, ինչպես կարող է ամեն օր փոխել յուրաքանչյուրիս կյանքը: Բայց Զակքեոսը ստիպված եղավ դիմակայել մի շարք խոչընդոտների, որպեսզի հանդիպեր Հիսուսին: Սրանցից առնվազն երեքը կարող են նաև  ինչ-որ բան ասել մեզ:

     

    Առաջին խոչընդոտը կարճահասակությունն էր: Զակքեոսը չկարողացավ տեսնել Տիրոջը, քանի որ նա կարճահասակ էր: Նույնիսկ այսօր, մենք չենք կարող համարձակվել մոտենալ Հիսուսին, քանի որ մենք մեզ բավարար չափով մեծ չենք զգում, քանի որ մենք մեզ արժանի չենք համարում: Դա մի մեծ փորձություն է, այն գործ ունի ոչ միայն ինքնագնահատականի, այլև՝ հավատքի հետ: Հավատն ասում է մեզ, որ մենք «Աստծո զավակներն ենք, ահա´, թե ով ենք մենք» (1 Հվհ 3:1): Մենք ստեղծվել ենք Աստծո սեփական պատկերով. Հիսուս Իր վրա է վերցրել մեր մարդկությունը, և Նրա սիրտը երբեք չի բաժանվի մեզանից: Սուրբ Հոգին ցանկանում է ապրել մեր մեջ: Մենք կոչված ենք ընդմիշտ երջանիկ լինելու Աստծո հետ:

     

    Դա մեր իրական «հասակն» է, մեր հոգևոր ինքնությունը, մենք ընդմիշտ Աստծո սիրելի զավակներն ենք: Այսպիսով դուք կարող եք տեսնել, որ ինքներս մեզ չընդունելը, տխրությամբ ապրելն ու հոռետես լինելը, նշանակում է չճանաչել մեր խորագույն ինքնությունը:

     

    Դա նշանակում է հեռու գնալ, երբ Աստված ցանկանում է նայել ձեզ, փորձել փչացնել Աստծո երազանքը՝ ինձ համար:

    Աստված սիրում է մեզ այնպես, ինչպես մենք կանք, և մեր ոչ մի մեղք կամ սխալ չի ստիպում Նրան փոխել Իր միտքը:

    Ինչ վերաբերում է Հիսուսի մտահոգությանը, ինչպես Ավետարանն է ցույց տալիս, ոչ ոք անարժան չէ կամ հեռու Իր հոգածությունից: Ոչ ոք աննշան չէ: Նա մեզ բոլորիս հատուկ սիրով է սիրում: Նրա համար մենք բոլո՛րս ենք  կարևոր: Դու՛ք եք կարևոր: Աստված քեզ ընկալում է այնպես, ինչպես դու կաա, այլ ոչ թե քո ունեցածի համար: Նրա աչքերում քո հագած շորը կամ ձեռքիդ բջջային հեռախոսը բացարձակապես կարևոր չեն: Նրան չի հուզում, թե արդյո՞ք դուք ոճային եք, թե՞ ոչ, նա ձեր մասին է մտածում: Նրա աչքերում դուք թանկագին ենք, և ձեր արժեքն անգնահատելի է:

     

    Մեր կյանքում, ժամանակ առ ժամանակ, մենք նպատակադրվում ենք ավելի շատ ցածր, ոչ թե՝ բարձր: Այդ ժամանակ լավ է գիտակցել, որ Աստված նույնիսկ կամակորներին է հավատարիմ  մնում Իր սիրո մեջ:

     

    Փաստն այն է, որ Նա ավելի շատ է սիրում մեզ, քան՝ մենք ինքներս մեզ:

    Նա ավելի շատ է հավատում մեզ, քան՝ մենք ինքներս:

    Նա «բարձրաձայն կերպով քաջալերում է մեզ», նա մեր ամենամեծ երկրպագուն է:

    Նա այստե՛ղ է մեզ համար, համբերատար և հույսով սպասում է մեզ, նույնիսկ երբ մենք միայն մեր մասին ենք մտածում, երբ անհագստացած ենք մեր հոգսերով ու անցած վերքերով: Բայց այդպիսի անհանգստությունն անարժան է մեր հոգեվոր հասակին: Դա մի այնպիսի տեսակի վիրուս է, որը վարակում և արգելափակում է ամեն ինչ. այն փակում է  դռները, և մեզ հետ է հետ է պահում վեր կենալուց և նորից սկսելուց:

    Մյուս կողմից, Աստված անդառնալիորեն հույսով լի է մեր հանդեպ:

    Նա հավատում է, որ մենք միշտ կարող ենք վեր կենալ, և Նա տանել չի կարողանում տեսնել մեզ թախծոտ ու մռայլ: Որովհետև մենք միշտ նրա սիրելի որդիներն ու դուստրերն ենք:

    Եկե´ք յուրաքանչյուր օրվա արշալույսին հիշենք սա: Մեզ համար լավ կլինի ամեն առավոտ աղոթելը.

     

    «Տե´ր, շնորհակալ եմ ինձ սիրելու համար, օգնի´ր ինձ սիրել իմ սեփական կյանքը, ոչ թե իմ սխալները, որոնք ուղղվելու կարիք ունեն, այլ՝ հենց կյանքը, որը մի մեծ պարգև է, և ժամանակն է սիրել ու սիրված լինել»:

     

    Զակքեոսը բախվեց երկրորդ խոչընդոտին՝ հանդիպելով Հիսուսի հետ. Դա ամոթի կաթվածն էր: Մենք կարող ենք պատկերացնել, թե ինչ էր կատարվում նրա սրտում, մինչ նրա թզենու վրա բարձրանալը: Դա կարող էր մի կողմից ավելի շատ պայքար լինել, առողջ հետաքրքրասիրություն և ցանկություն՝ ճանաչելու Հիսուսին, մյուս կողմից՝ լիովին անհեթեթ իրավիճակում հայտնվելու վտանգ:

     

    Զակքեոսը հասարակական դեմք էր և իշխանության մարդ: Նա գիտեր, որ եթե փորձեր  բարձրանալ այդ ծառը, նա կարող էր ծաղրի առարկա դառնալ բոլորի մոտ: Սակայն նա տիրապետեց իր ամոթը, քանի որ Հիսուսի ուշադրությունն ավելի զորեղ էր: Դուք գիտեք, թե ինչ է պատահում, երբ ինչ-որ մեկն այդքան ուշադիր է լինում, որ  մենք սկսում ենք սիրել նրան: Եվ ի վերջո պատրաստ ենք դառնում անելու բաներ, որոնց անելու մասին երբևէ նույնիսկ չէինք մտածել: Նման մի բան էլ տեղի ունեցավ Զակքեոսի սրտում, երբ նա գիտակցեց, որ Հիսուս այնքան կարևոր էր, որ նա Նրա համար ամեն ինչ կաներ, և միայն Հիսուս կարող էր դուրս հանել նրան մեղքի և անբավականության ցեխից: Ամոթի կաթվածը չունեցավ առավելությունը: Ավետարանը պատմում է մեզ, որ Զակքեոսը «վազեց առաջ», «մագլցեց» ծառը, և հետո, երբ Հիսուս կանչեց նրան, նա «շտապով ներքև իջավ»: Նա համարձակություն հավաքեց, նա ճիշտ ուղու վրա դրեց իր կյանքը: Մեզ համար ևս սա երջանկության գաղտնիք է. ոչ թե թաքցնել առողջ հետաքրքրասիրությունը, այլ համարձակություն ունենալ, քանի որ ապրել, չի նշանակում թաքնվել բոլորից: Երբ խոսքը վերաբերում է Հիսուսին, մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել ու սպասել. Նա մեզ կյանք է առաջարկում, մենք չենք կարող պատասխան տալ այդ մասին պարզապես մտածելով կամ մի քանի բառ գրել և ուղարկելով:

     

    Սիրելի՛ երիտասարդ ընկերներ, մի´ ամաչեք խոստովանել Տիրոջն ամեն ինչ, հատկապես՝ ձեր թույլ կողմերը, ձեր պայքարը և ձեր մեղքերը:

    Նա ձեզ կզարմացնի Իր ներողամտությամբ ու խաղաղությամբ:

    Մի´ վախեցեք Նրան ամբողջ սրտով «այո՛» ասելուց, Նրան ի սրտե պատասխանելուց ու Նրան հետևելուց: Մի´ թողեք, որ  ձեր հոգին թմրի, այլ ձգտե´ք հասնել գեղեցիկ սիրո նպատակին, որը նաև զոհաբերություն է պահանջում:

     

    Վճռական «ո՛չ» ասեք ամեն գնով հաջողության հասնելու թմրադեղին և միայն ինքդ քեզ համար անհանգստանալու և քո հարմարավետության մասին մտածելու քնաբերին:

     

    Ցածր հասակից և ամոթի կաթվածից հետո, Զակքեոսը, ստիպված եղավ դիմակայել ևս մի խոչընդոտի: Դա այլևս ներքին խոչընդոտ չէր, այլ այն սփռված էր նրա շուրջը: Դա այն ամբոխի տրտունջն էր, որը սկզբում արգելափակեց, ապա քննադատեց նրան: Ինչպե՞ս  Հիսուս կարողացավ մտնել նրա տուն, մտնել մեղավորի տուն: Իսկապես ինչքան դժվար է հյուրընկալել Հիսուսին, ինչքա՛ն դժվար է ընդունել մի «Աստծուն, ով հարուստ է ողորմությամբ»: Մարդիկ կփորձեն արգելափակել քեզ, ստիպել մտածել, որ Տերը հեռու է, խիստ և անտարբեր է. Լավի հանդեպ լավ է, վատի հանդեպ՝ վատ: Ընդհակառակը, մեր երկնային Տերը «Իր արեգակը ծագեցնում է չարի և բարու վրա» (Մտթ. 5:45): Նա մեզանից իրական խիզախություն է պահանջում, խիզախություն՝ լինել ավելի հզոր, քան չարը՝ սիրելով բոլորին, նույնիսկ մեր թշնամիներին: Մարդիկ կարող են ծիծաղել ձեզ վրա, քանի որ դուք հավատում եք ողորմածության հոգատար ու համեստ ուժին: Բայց մի´ վախեցեք: Մտածե՛ք այս օրերի նշանաբանի մասին. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի ստանան» (Մտթ. 5:7):

     

    Մարդիկ կարող են դատել ձեզ՝ երազող լինելու համար, քանի որ դուք հավատում եք նոր մարդկությանը, որը մերժում է ատելությունը ժողովուրդների մեջ, որը հրաժարվում է սահմաները համարել արգելքներ և կարող է փայփայել իր սեփական ավանդույթներն՝ առանց եսակենտրոն և նեղմիտ լինելու:

     

    Մի´ հուսալքվեք.ժպիտով և գրկաբաց դուք հռչակում եք հույս և երանի՛ ձեզ, որ այստեղ այսքան գեղեցիկ ձևով ներկայացնում եք մեկ մարդկային ընտանիք:

     

    Այն օրը, երբ ամբոխը դատապարտեց  Զակքեոսին. Նրանք նրան ոտքից գլուխ զննեցին: Բայց Հիսուս այլ կերպ վարվեց. Նա սևեռուն հայացքով նայեց Զակքեոսին: Հիսուս նայեց նրան իր մեղքերից զատ, և տեսավ մարդ-անհատին: Նա կանգ չառավ անցած չարիքի առաջ, այլ տեսավ լավ ապագան: Նրա հայացքը մնում է  հաստատուն, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ հայացքը փոխադարձ չէր: Տիրոջ հայացքը ձգտում է միության և հաղորդություն: Այն ոչ մի դեպքում չի սևեռվում արտաքինի վրա, այլ նայում է սրտին: Հիսուսի այս հայացքով կարելի է ստեղծել մեկ այլ մարդկություն՝ առանց ճանաչում փնտրելու, այլ ձգտելով բարություն՝ հենց բարության համար, սիրտը մաքուր պահելով, խաղաղ պայքարելով ազնվության ու արդարության համար:

    Մի´ կանգնեք իրերի մակերեսին, չվստահե՛ք արտաքինի աշխարհիկ պաշտամունքին, մեր արտաքին տեսքը լավացնելու կոսմետիկ փորձերին: Ընդհակառակը, «ներբեռնե´ք» բոլորից լավագույն «համացանցային հասցեն»՝ այն սիրտը, որը տեսնում և բարություն է փոխանցում՝ առանց հոգնելու:

    Այն երջանկությանը, որը դուք ձրի ստացել եք Աստծուց, տվեք ձրիաբար. շատ մարդիկ են սպասում դրան:

     

    Եվ վերջապես եկեք լսենք այն խոսքերը, որոնք Հիսուս ասաց Զակքեոսին, որը կարծես այսօր մեզ համար է նախատեսված.

    «Ցա´ծ իջի´ր, քանի, որ ես այսօր պետք է մնամ քո տանը»: Հիսուս այդ նույն հրավերն ուղղում է ձեզ. «ես այսօր պետք է մնամ ձեր տանը»: Մենք կարող ենք ասել, որ ԵՀՕ-ն սկսվում է այսօր և շարունակվում է վաղը՝ մեր տներում, այս պահից սկսած դա այն վայրն է, որտեղ Հիսուս ցանկանում է հանդիպել ձեզ հետ: Տերը չի ցանկանում մնալ այս գեղեցիկ քաղաքում, կամ միայն մեր հուշերում: Նա ցանկանում է մտնել ձեր տները, ապրել ձեր առօրյա կյանքում, ձեր ուսումնական կյանքում, ձեր առաջին աշխատանքային տարիներում, ձեր ընկերության և մտերմության մեջ, ձեր հույսերում և երազներում: Որքա՛ն շատ է Նա ցանկանում, որ դուք այս ամենը բերեք աղոթքի մեջ, որքա՛ն հույս ունի Նա, որ ձեր ամենօրյա «կապերում» (contacts) ու «զրույցներում» (chats) պատվավոր տեղը տրվի աղոթքի ոսկե թելին: Որքա՛ն է նա ցանկանում, որ Իր խոսքերը խոսեն ձեզ հետ ամեն օր, որ դուք կարողանաք Նրա Ավետարանը դարձնել ձեր սեփականը, որ այն ձեզ համար ծառայի որպես կողմնացույց՝ ձեր կյանքի ճանապարհին:

     

    Խնդրելով ձեզնից գալ ձեր տուն՝ Հիսուս ձեզ, կոչում է անունով, ինչպես որ Զակքեոսին: Ձեր անունը թանկ է նրա համար: «Զակքեոս» անունը մարդկանց կստիպեր հետ դառնալ և մտածել Աստծո հիշողության մասին: Վստահե՛ք Աստծո հիշողությանը. Նրա հիշողությունը «կոշտ սկավառակ» (hard disk) չէ, որը մեր տվյալների համար որպես «արխիվ» է ծառայում, այլ սիրտ է, որը լցված է կարեկցանքով, մի սիրտ, որը ուրախանում է՝ մեր մեջ «ջնջելով» (erasing) չարիքի բոլոր հետքերը:

    Հիմա մենք ևս ընդօրինակենք Աստծո հավատարիմ հիշողությանը և գանձի պես պահպանենք այս օրերին ստացած մեր բարիքները:

    Եկե´ք լռությամբ հիշենք այս հանդիպումը, պահպանե՛նք Աստծո ներկայության և Նրա խոսքի հիշողությունը, եկե´ք մեկ անգամ էլ լսենք Հիսուսի ձայնը, ով մեզ անունով է կոչում:

    Եկե´ք լուռ աղոթենք՝ հիշելով Տիրոջը և մտածելով նրա մասին, ով ցանկացավ որ մենք լինենք այստեղ և եկավ այստեղ մեզ հետ հանդիպելու»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց