• Կարդինալ Stanislas Dziwisz-ի խոսքն ու քարոզը ԵՀՕ 2016-ի բացման Սբ. Պատարագի ժամանակ

    «Հանդիպելով Հիսուսին, մենք միաժամանակ գիտակցում ենք, որ մենք բոլորս միասին կազմում ենք մի մեծ համայնք՝ Եկեղեցին, որը գերազանցում է մարդկանց կողմից հաստատված սահմանները»


    28 հուլիսի, 2016թ.

    Ստորև ներկայացնում ենք մի հատված՝ Կրակովի արքեպիսկոպոս Կարդինալ Stanislas Dziwisz-ի ներածական խոսքն ու քարոզը՝ ԵՀՕ 2016-ի Սրբազան Պատարագի ժամանակ, Կրակովի Բլոնիա այգում:

     

     

    «Սիրելի ընկերներ,

    պահը, որին 3 տարի սպասել ենք, եկել է: Մենք սպասում ենք սկսած այն օրվանից, երբ Հռոմի Սրբազան Քահանայապետը Ռիո դե Ժանեյրոյում  հայտարարեց, որ հաջորդ ԵՀՕ-ն կայանալու է Լեհաստանի Կրակով քաղաքում:

     

    Պատմական Կրակովի սրտի Սբ. Մարիամի բազիլիկի ճակատի ժամացույցի սլաքները հաշվել են այն պահի  օրերը, ժամերը, րոպեներն ու վայրկյանները, որը մենք այժմ ապրում ենք: Բայց առավել կարևոր մի ժամացույց, որը գրանցում է մեր մտքերն ու զգացմունքները մեր սրտերում, մեզ հոգևորապես պատրաստել է մեզ հանդիպելու Վարդապետ Հիսուս Նազովրեցու երիտասարդ աշակերտների հետ, որը մենք  այսօր սկսում ենք:

     

    Դուք եկել եք մեր երկրագնդի տարբեր մայրցամաքներից ու ազգերից, արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից: Դուք ձեզ հետ բերում եք շատ փորձառություն: Դուք բերում եք շատ իղձեր: Դուք խոսում եք բազմաթիվ լեզուներով: Բայց այսօր սկսելով՝ մենք պատրաստվում ենք հաղորդակցվել միմյանց հետ ավետարանական լեզվով: Սա սիրո, եղբայրության, համերաշխության և խաղաղության լեզու է…

     

     

    Սիրելի՛ ընկերներ,

    լսելով հարություն առած Հիսուսի և Սիմոն Պետրոսի երկխոսությունը Գալիլիական ծովի ափին, լսելով սիրո մասին եռակի հարցը և դրա պատասխանը, մենք մտքում պահում ենք այս Գալիլիայի այս ձկնորսի կյանքի դժվարությունները, որը նախորդեց այս վճռական խոսակցությանը: Մենք գիտենք, որ մի օր նա թողեց ամեն ինչ. իր ընտանիքը, իր նավը և կապերը և հետևեց Նազարեթի մի արտասովոր Ուսուցչի: Սիմոնը դարձավ Նրա աշակերտը: Նա սովորեց Աստծո և մարդկանց  գործերին նայելու Նրա ճանապարհը: Նա վերապրեց Նրա չարչարանքն ու մահը, ինչպես նաև անձնական թուլությունն և դավաճանությունը: Հետո նա վերապրեց Հիսուսի Հարության հետ կապված զարմանքի ու բերկրանքի պահը, ով հայտնվեց Իր ամենամոտ աշակերտներին մինչև երկինք բարձրանալը:

     

    Մենք նաև գիտենք խոսակցության շարունակությունը, կամ, ավելի ճիշտ, սիրո փորձութունը, որի մասին խոսվում է այսօրվա ավետարանում: Սիմոն Պետրոսն, ամրապնդվելով Սուրբ Հոգով, դարձավ մի հիանալի վկա Հիսուս Քրիստոսին: Նա դարձավ նոր ստեղծվող Եկեղեցու Վեմը: Այս ամենի համար նա վճարեց շատ թանկ գին՝ հռոմեական կայսրության մայրաքաղաքում. նա խաչվեց իր Ուսուցչի նման: Պետրոսի թափած արյունը հանուն Հիսուսի դարձավ հավատքի սերմը և սկսեց Եկեղեցու զարգացումը, որը տարածվեց ամբողջ աշխարհում:

     

    Այսօր Հիսուս խոսում է մեր հետ Կրակովում, Վիսլա գետի ափին, որը հոսում է ամբողջ Լեհաստանով, լեռներից դեպի ծով: Պետրոսի փորձը կարող է դառնալ մերը, և ոգեշնչել մեզ խորհրդածել այդ մասին: Եկենք երեք հարցադրում անենք և սպասենք պատասխաններին: Առաջին.որտեղի՞ց ենք մենք գալիս: Երկրորդ.որտե՞ղ ենք մենք այսօր՝ մեր կյանքի այս պահին: Եվ երրորդ. ու՞ր ենք գնում և ի՞նչ ենք վերցնելու մեզ հետ:

     

    Որտեղի՞ց ենք մենք գալիս: Մենք գալիս ենք «երկնքի տակի ամեն ազգերից» (Գործք 2:5), ինչպես նրանք, ովքեր մեծ թվով եկել էին Երուսաղեմ Պենտեկոստեի օրը, սակայն հիմա թվով մեզանից շատ են, քան երկու հազար տարի առաջ, որովհետև մեր թիկունքում ունենք Ավետարանի դարավոր քարոզը, որն այդ ժամանակից ի վեր հասել է աշխարհի ամենահեռու ծայրերին: Մենք բերում ենք տարբեր մշակույթների, ավանդույթների և լեզուների մեր փորձը: Այն, ինչ նաև բերում ենք, հավատի վկայությունն է, մեր քույրերի ու եղբայրների սրբությունը, ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս սերունդները` հարություն առած Տիրոջ, հետևորդները:  Մենք գալիս ենք աշխարհի այնպիսի մասերից, որտեղ մարդիկ ապրում են խաղաղ, որտեղ ընտանիքները սիրո և կյանքի համայնքներ են և որտեղ երիտասարդները կարող են իրագործել իրենց երազանքները: Բայց մեր մեջ կան նաև երիտասարդներ այն երկրներից, որտեղ մարդիկ տառապում են պատերազմների և այլ տեսակի հակամարտությունների պատճառով, որտեղ երեխաները սովամահ են լինում և որտեղ քրիստոնյաները դաժանաբար հալածվում են: Մեր մեջ կան երիտասարդ ուխտավորներ, աշխարհի այն մասերից, որտեղ գերիշխում են բռնությունը և կույր ահաբեկչությունը և որտեղ իշխանությունները մարդու և ազգի իշխողն են դարձել՝ հետևելով խելացնոր գաղափարախոսություններին: Մենք Հիսուսի հետ այս հանդիպմանը բերում ենք  մեր`այս դժվարին աշխարհում, ավետարանով ապրելու անձնական փորձը: Մենք բերում ենք մեր վախերն ու հիասթափությունները, բայց նաև մեր հույսերն ու ձգտումը, մեր ցանկությունն` ապրելու ավելի մարդկային, ավելի եղբայրական ու համերաշխ աշխարհում: Մենք գիտակցում ենք մեր թուլությունը, բայց միևնույն ժամանակ մենք հավատում ենք, որ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլ. 4:13): Մենք կարող ենք դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին, որտեղ մարդն ընտրություն է կատարում  հավատի և անհավատության, բարու և չարի, սիրո և դրա մերժման միջև:

     

    Որտե՞ղ ենք մենք այսօր, մեր կյանքի այս պահին: Մենք եկել ենք մոտիկից և հեռվից: Ձեզանից շատերը ճանապարհորդել են հազարավոր կիլոմետրեր և շատ բան են ներդրել իրենց ճանապարհորդության մեջ՝ այստեղ գտնվելու համար: Հիմա մենք Կրակովում ենք, Լեհաստանի նախքին մայրաքաղաքում, որտեղ հավատի լույսը հասել է հազար հիսուն տարի առաջ: Լեհաստանի  պատմությունը շատ դժվար է եղել, բայց մենք միշտ փորձել  ենք հավատարիմ մնալ Աստծուն և Ավետարանին:

     

    Մենք բոլորս այստեղ ենք, քանի որ Հիսուս է հավաքել մեզ այստեղ: Նա աշխարհի լույսն է: Ով գնում է Նրա հետևից, չի քայլի խավարի միջով (Հովհ. 8:12): Նա է ճշմարտությունը, կյանքը և ճանապարհը (Հովհ 14:6): Նա ունի հավերժական կյանքի խոսքերը: Ու՞մ մոտ ենք գնալու (Հովհ. 6:68): Միայն Նա՝ Հիսուս Քրիստոս, կարող է բավարարել մարդկային սրտի խորագույն  ցանկությունները: Նա է, ով առաջնորդել է մեզ մինչև ասյտեղ, Նա ներկա է մեր մեջ: Նա ուղեկցում է մեզ, ինչպես որ ուղեկցել է Իր աշակերտներին Եմմավուսի գլխավորությամբ: Այս օրերին եկեք վստահենք նրան մեր խնդիրները, վախերն ու հույսերը: Այս օրերի ընթացքում Նա մեզանից խնդրելու է սեր, ինչպես որ խնդրեց Սիմոն Պետրոսից: Եկեք չփախչենք այս հարցերին պատասխանելուց…»

     

    Թարգմանեց Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց