• «Պետք է բարի գործեր անել և ոչ թե միայն զուր խոսել».Քահանայապետի քարոզը, 10 հուլիսի, 2016թ.

    Գուցե, այդ կիսամեռ մարդը, որին չօգնեցիր, Ես էի…


    13 հուլիսի, 2016թ.

    2016թ. հուլիսի 10-ին իր պատուհանից դիմելով Սբ. Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ասաց հետևյալը.

     

    «Բարև՛ Ձեզ, Սիրելի եղբայրներ և քույրեր:

     

    Այսօր մենք խորհելու ենք բարի սամարացու առակի մասին՝ վերցված Ղուկասի Ավետարանից (10, 25-37): Հիսուսի պատմած այս պարզ ու հետաքրքիր առակում ներկայացված է ապրելակերպ, որի ծանրության կենտրոնը հանդիսանում ենք ոչ թե մենք, այլ՝ ուրիշները իրենց դժվարություններով, մարդիկ, որոնց հետ մենք բախվում ենք մեր ճանապարհին և ովքեր մեզ օգնության կոչ են անում: Եվ եթե այդ ուրիշները մեզ չեն դիմում օգնության համար, ապա մեզ հետ ինչ-որ բան այն չէ, ուրեմն մեր սրտերում կա ինչ-որ ոչ քրիստոնեական բան: Հիսուս այս առակը ներկայացնում է օրենսգետի հետ երկխոսության միջոցով՝ խոսելով պատվիրանների մասին, որոնք թույլ են տալիս մտնել հավերժական կյանք. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ և քո ամբողջ մտքով և պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղուկաս 10, 25-27): «Այո, իհարկե, – պատասխանում է օրենսգետը,- իսկ ո՞վ է իմ ընկերը» (Ղուկաս 10, 29): Մենք նույնպես ինքներս մեզ պետք է տանք այդ հարցը. «իսկ ո՞վ է իմ ընկերը: Ու՞մ պետք է ես սիրեմ, ինչպես իմ անձը: Ի՞մ ծնողներին: Ի՞մ ընկերներին: Ի՞մ հայրենակիցներին: Նրա՞նց, ովքեր դավանում են նույն կրոնը, ինչ-որ ես: Ո՞վ է իմ ընկերը»:

     

    Հիսուս պատասխանում է առակով. «Մի մարդ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքը, որոնք նրան մերկացրին, վիրավորեցին և կիսամեռ թողեցին ու գնացին: Պատահեց, որ մի քահանա նույն ճանապարհով իջնի, նրան տեսավ և թողեց անցավ, նույնպես և մի ղևտացի նույն տեղով անցնելիս, տեսավ և թողեց անցավ: Մի սամարացի, որ ճանապարհորդում էր, եկավ նույն տեղով նրա մոտ և տեսնելով նրան՝ գթաց» (Ղուկաս 10, 31-33):  Այսինքն Սամարիայի բնակիչներից մեկը, որոնց արհամարհում էին հրեաները, քանի, որ նրանք չէին դավանում ճշմարիտ կրոնը, տեսնելով այդ դժբախտին, «գթաց և մոտենալով՝ կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի լցրեց և, դնելով նրան իր գրաստի վրա, տարավ մի իջևան և խնամեց նրան: Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, իջևանատիրոջը երկու դահեկան հանեց տվեց» և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ- որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ» (Ղուկաս 10, 34-35): Սա ասելով՝ Հիսուս դիմեց օրենսգետին և հարցրեց. «Արդ, ըստ քեզ, այդ երեքից ո՞րը մերձավորի պես վերաբերվեց նրան, ով ավազակների ձեռքն էր ընկել»: Եվ սա՝ իհարկե խելացի մարդ լինելով, պատասխանեց. «Նա, ով նրան բարիք արեց» (Ղուկաս 10, 36-37):  Այսպիսով Հիսուս լիովին փոխեց ինչպես կրոնուսույցի, այնպես էլ մեր առաջնային օրենքներն ու ակնկալիքները: Մենք չպետք է կազմենք ուրիշների «ցուցակը», որպեսզի որոշենք, թե ով է մեր մերձավորը, իսկ ով՝ ոչ: Մենք ինքներս ենք որոշում լինել, թե չլինել բարեկամ մեզ հանդիպած մարդուն՝ անգամ անծանոթ և թշնամի, ով օգնության կարիք ունի: Եվ Հիսուս նրան ասաց. «Գնա՛ և դու նու՛յն ձևով արա»: Ի՜նչ լավ դաս է:

     

    Հիսուս դիմում է մեզանից յուրաքանչյուրին. «Գնա՛ և դու նու՛յն ձևով արա», դարձիր մերձավոր եղբոր և քրոջ համար, երբ տեսնում ես, որ նրանք դժվարության մեջ են և օգնության կարիք ունեն: «Գնա՛ և դու նու՛յն ձևով արա»: Պետք է բարի գործեր անել, այլ ոչ, թե միայն զուր խոսել: Ես մտաբերում եմ այս երգը. «Խոսքեր, խոսքեր, խոսքեր»: Ո՛չ, պետք է գործել, գործել, գործել:

     

    Շնորհիվ բարի գործերի, որոնք մենք սիրով և ուրախությամբ անում ենք մեր մերձավորների հանդեպ, մեր հավատը աճում է և տալիս է իր պտուղներ: Եկե՛ք ինքներս մեզ հարցնենք և թո՛ղ յուրաքանչյուրն իր սրտում պատասխանի. – «Արդյո՞ք պտղաբեր է մեր հավատը: Արդյո՞ք մեր հավատը  օգնում է մեզ բարի գործեր անելու: Թե՞ այն անպտուղ է՝ ավելի շուտ մահացած, քան կենդանի: Արդյո՞ք ես դառնում եմ մերձավոր, թե ուղղակի կողքով եմ անցնում:  Արդյո՞ք ես մարդկանց ըստ իմ քմահաճույքի եմ տարբերակում»: Այս հարցերը պետք է հաճախակի տալ, քանի որ վերջում մենք կդատվենք ըստ մեր արած բարեգութ գործերի: Աստված մեզ կարող է ասել. «Արդյո՞ք դու հիշում ես այն դեպքը, որը տեղի ունեցավ Երուսաղեմից Երիքով ճանապարհին: Այդ կիսամեռած մարդը ես էի: Հիշու՞մ ես: Այդ սոված երեխան ես էի:  Հիշու՞մ ես: Այն ներգաղթյալը, որին շատերն էին ուզում դուրս անել, ես էի: Ծերանոցներում լքված միայնակ ծերերը՝ այդ ես էի: Հիվանդանոցում միայնակ մարդիկ, որոնց ոչ ոք չի այցելում՝  այդ ես էի»:

     

    Թո՛ղ Կույս Մարիամը մեզ օգնի լինել բարեհոգի ուրիշների նկատմամբ և գնալ սիրո ճանապարհով, Բարի սամարացու ուղիով: Թո՛ղ Նա մեզ օգնի ապրել գլխավոր պատվիրանով, որը մեզ թողել է Հիսուս և որը մեզ տանում է դեպի հավերժական կյանք»:

     

     

    Ռադիո Վատիկանի հրապարակումից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց