«Թո’ղ որ, առաքելական այս ճամփորդությունը դառնա պտղաբեր ու լինի սերմ` սիրո, հույսի և միասնության».Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան
11 հունիսի, 2016
2016թ. հուլիսի 7-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը հարցազրույց է ունեցել Ռադիվատիկանի հայկական բաժնի հետ, որտեղ ամփոփ ներկայացրել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան կատարած առաքելական ճամփորդությունը:
Տ. Ռաֆայել արք. Մինասյանը ասել է, որ Պապի այցելությունը Հայաստան շատ դրական է եղել, որովհետև արդեն մի քանի օր է անցել, բայց բոլորին թվում է, որ Սրբազան Պապը դեռ Հայաստանում է:
«Այս մեծ խանդավառութունը և այդ սիրո մեծ արտահայտումը, որոնք նկատելի էին հրապակում, խոր նշանակություն ուներ: Եվ այս տեսարանի դիմաց արժևորում ենք այն բոլոր զոհողոթյուններն ու դժվարությունները, որոնց միջով մենք անցանք, որպեսզի Ֆրանցիսկոս Պապին բերեինք Հայաստան»:
«Ի սեր պատմության`մի իրականություն պետք է ասեմ.ոչ միայն առաքելական, այլև կաթողիկէ եկեղեցականները մեծապես տարակուսում էին, թե արդյոք կան կաթողիկէ հավատացյալներ Գյումրիում: Թերևս նախախնամություն եղավ, որ նախքան հրապարակում Սուրբ Պատարագին մասնակցելը` արձանագրվեցին այն բոլոր մարդկանց անուն-ազգանունները, հեռախոսահամարները, ովքեր ցանկանում էին մասնակցել Պատարագին:
Միայն Գյումրիում գրանցվել էին տասնչորս հազար հոգի: Լեհաստանից պապական նվիրակը ինձ ասաց, որ եթե հինգ հազար հոգի լինեն, շատ ուրախ կլինեն, բայց իրականությունն այլ եղավ: Շրջակա գյուղերից ու համայնքերից գրանցվեցին ութից ինը հազար կաթողիկէներ: Վրաստանի սահմանի գյուղերից եկավ 1200 մարդ և չկարողացանք շատ մարդ բերել, որովհետև տեղերը սուղ էին: Հետևաբար, ընդհանուր ունեինք 25.000-ից ավելի հայ կաթողիկէներ և առաքելականներ, որոնք մեծ խանդավառությամբ ընդունեցին Սրբազան Քահանայապետին: Քչերին հաջողվեց մոտիկից տեսնել Քահանայապետին, դիպչել ու համբուրել նրան, սակայն սա էլ իրենց համար մեծ ուրախություն էր»:
Այն հարցին, թե ինչու Պապը իր պապամոբիլը օգտագործեց միայն Գյումրիում, Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ավելացրեց, որ Գյումրին միակ տեղն էր, որտեղ Պապը պատարագեց:
«Մեկ բան կա, որ պետք արդար խոսել, ի հեճուկս բոլոր դժվարությունների, ի հեճուկս իմ և ուրիշների հոգեբանական տրամադրությունների.սա միակ տեղն էր, որտեղ թե’ առաքելական, և թե’ կաթողիկէ ժողովուրդը տեսնում էին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին, այլ ոչ թե Սրբազան Պապի շրջանակը: Եվ սա ամենամեծ առաքելությունն էր: Այս պատկերի մեջ է, որ տեսնում եմ Հայաստանի ապագան: Հետևաբար, մենք մեր խղճի և մեր տեսածի դիմաց պետք է միանանք, որովհետև այսօր ժողովուրդը համախմբված է և հոգևորականներն էլ ` միմիայն առաքյալներ են` ծառաներ, ովքեր պետք է այդ միասնությունը ապահովեն հոգևոր կետի վրա: Մնացած բաները` քանակ, թիվ, համայնք, պատկանելիություն և այլն կարևոր չեն, որովհետև ի վերջո մենք ապրում ենք Հայաստանում և ունենք մեկ ազգ և մենք հայ ենք:
Վերադառնալով Սրբազան Քահանայապետի այցելությանը Հայաստան՝ պետք է ասեմ, որ սա մեծ հաջողություն է մեզ համար և այն ճղճիմ, երկրորդական բաները, որոնք մենք ունեցանք, կարևոր չէ: Եվ մենք էլ միակ ժողովուրդը չենք, որ այսքան դժվարությունների հանդիպեց. մանավանդ այն երկրները, որոնք նույնպես պատրաստվում են Պապի այցելությանը իրենց երկրներ, նույնպես հանդիպում են բազում դժվարությունների: Եվ մեզ համար մեծ ուրախություն էր այն, որ մեզ ասացին, որ մեր երկիրը այնքա՛ն անկեղծ ու արդար էր պատրաստվել Պապի այցին:
Տպավորությունները իսկապես հուզիչ էին, որովհետև այս մթնոլորտի մեջ բոլորը հավաքված էին Սրբազան Պապի շուրջը:
Հայ Ժողովուրդը մեծ խանդավառությամբ ընդունեց Սրբազան Քահանայապետին և մեծ ոգևորությամբ ու հույսով էլ դեռ խոսում է Պապի այցելության մասին»:
Եվ վերջում Գերապայծառ Մինասյանը մաղթեց հետևյալը.
«Թո’ղ որ, առաքելական այս ճամփորդությունը դառնա պտղաբեր ու լինի սերմ՝ սիրո, հույսի և միասնության»: