Սրբազան Քահանայապետի կիրակնօրյա քարոզը, 3 հուլիսի, 2016թ.
6 հուլիսի, 2016թ.
Հիսուս մեզ «մոտեցրեց Աստծուն, Աստված դարձավ մեզանից մեկը, Հիսուսով է Աստված ներկա մեզանում: Նրա բարեգութ սերը հաղթահարում է մեղքն ու մարդկային տառապանքները»: Ֆրանցիսկոս Պապը այդ մասին հիշեցրեց «Տիրոջ Հրեշտակը» աղոթքից հետո՝ խորհելով ավետարանական մի հատվածի մասին՝ վերցված Ղուկասի Ավետարանի տասներորդ գլխից (10,1-12,17-20): Սրբազան Հայրը խոսեց աշխարհում քրիստոնյաների առաքելության մասին, որն է՝ Բարի Լուր բերել բոլորին:
Առաքելությունը, որը պետք է իրականացնի քրիստոնյան՝ գիտակցելով դժվարին, երբեմն էլ թշնամական իրականությունը, որը սպասում է իրեն, կարող է «բախվել կեղծ դավերի հետ»: Դրա համար էլ Ավետարանի «մշակը պետք է ազատ լինի մարդկային ամեն տեսակ պայմանականություններից. «Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ», ինչպես ուսուցանել է Հիսուս», այսինքն առանց սնափառության, սակայն, որպես «փրկության խոնարհ գործիքներ, որոնք գործի են դրվում Հիսուսի զոհաբերությամբ, ով մեռել ու հարություն է առել մեզ համար»:
Քրիստոնյայի այդ առաքելությունն է առանց բացառության, անխտիր ծառայել բոլորին, ասաց Ֆրանցիսկոս Պապը՝ ընդգծելով, որ մենք բոլորս՝ հովիվներս ու հավատարիմներս, կոչված ենք բացահայտելու երջանիկ լինելու արվեստը ոչ միայն երկրային ու նյութական բարիքներով:
«Մեծ անհրաժեշտություն կա քրիստոնյաների, ովքեր ուրախությամբ են վկայում Ավետարանը առօրյա կյանքում»,- ասաց Սրբազան Քահանայապետը և Սուրբ Հոգուն վստահեց բոլոր մկրտվածների կոչումը. լինել «Քրիստոսի վկաներ», համաձայն Ավետարանի՝ բարեփոխելով աշխարհը: Ֆրանցիսկոս Պապը աղոթեց Մարիամ Աստվածածնի բարեխոսության համար, որ Եկեղեցում միշտ լինեն «մեծահոգի սրտեր», ովքեր բոլորին կհասցնեն Երկնային Հոր սերն ու քնքշությունը:
Սրբազան Քահանայապետի քարոզի տեքստն՝ ամբողջությամբ:
«Բարև՜ Ձեզ, Սիրելի եղբայրներ և քույրեր:
Այսօրվա ավետարանական հատվածը՝ Ղուկասի Ավետարանի տասներրորդ գլխից (10, 1-12.17-20), օգնում է մեզ հասկանալ, թե որքան կարևոր է աղոթել Աստծուն, «Արդ, խնդրեցէք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար»: «Մշակները», որոնց մասին խոսում է Հիսուս, հանդիսանում են Աստծո Թագավորության միսիոներները, որոնց Ինքը կանչեց և ուղարկեց. «երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր Ինքը գնալու էր» (Ղուկաս 10,1): Նրանց խնդիրն էր՝ տարածել փրկության լուրը, որն ուղղված էր բոլորին: Միսիոներները միշտ բոլորին և ամենուր հայտարարել ու տարածել են փրկության լուրը, մենք նույնպես հանդիսանում ենք միսիոներներ, երբ արտաբերում ենք բարի խոսք՝ փրկության մասին: Դա շնորհ է, որը մենք ստացանք Հիսուսից Սուրբ Հոգու հետ միասին: Բարձրաձայնել՝ նշանակում է խոսել. «Մոտեցել է ձեզ Աստծու արքայությունը» (Ղուկաս 10,9), որովհետև Հիսուս է մեզ «մոտեցրել» Աստծուն, Աստված դարձավ մեզանից մեկը, Հիսուսով է Աստված տիրում մեզանում: Նրա բարեգութ սերը հաղթահարում է մեղքն ու մարդկային տառապանքները:
Հենց սա է Բարի Լուրը, որը «մշակները» պետք է հասցնեն բոլորին – հույսի և սփոփանքի, սիրո և խաղաղության ուղերձ: Հիսուս՝ Իր աշակերտներին գյուղեր ուղարկելով, նրանց ուսուցանում է. «Նախ ասացեք Խաղաղությու՜ն այս տանը, եթե այնտեղ կա խաղաղասեր մարդ, ձեր խաղաղությունը նրա վրա կհանգչի. Ապա թե ոչ՝ ձե՛զ կվերադառնա: Նույն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք և խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետև մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխվեք: Ո՛ր քաղաքը, որ մտնէք և ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: Եվ բժշկեցէ՛ք դրա մեջ եղած հիվանդներին և նրանց ասացէ՛ք. Մոտեցել է Աստծո արքայությունը» (Ղուկաս 10, 5-9): Այս բոլորը նշանակում է, որ Աստծո Թագավորությունը օր օրի է կառուցվում և արդեն այս աշխարհում է առաջարկում իր մաքրման, սիրո ու սփոփանքի պտուղները: Շատ գեղեցիկ է ամեն օր կառուցել Աստծո Թագավորությունը, ոչ թե քանդել, այլ՝ կառուցել:
Ի՞նչ ոգով պետք է Հիսուսի աշակերտը իրականացնի իր առաքելությունը: Նախ պետք է գիտակցի այն դաժան, երբեմն էլ թշնամական իրականությունը, որը սպասվում է իրեն: Հիսուս այդ մասին խոսում է բացահայտ. «Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ՝ գայլերի մեջ»: Ասված է բավականին հստակ: Թշնամանքը միշտ հանդիսանում է քրիստոնյաների հալածանքների սկիզբը, դրա համար էլ Հիսուս գիտի, որ առաքելությունը կբախվի կեղծ դավերի հետ: Դրա համար էլ Ավետարանի մշակը պետք է ազատ լինի մարդկային ամեն տեսակ պայմանականություններից. «Մի՛ վերցրէքո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կոշիկներ» (Ղուկաս 10,4), ինչպես ուսուցանել է Հիսուս, որպեսզի հույս դնենք միայն Քրիստոսի Խաչի վրա: Այսինքն առանց սնափառության, սակայն, որպես «փրկության խոնարհ գործիքներ, որոնք գործի են դրվում Հիսուսի զոհաբերությամբ, ով մեռել ու հարություն է առել մեզ համար»:
Քրիստոնյայի այդ առաքելությունն է առանց բացառության, անխտիր ծառայել բոլորին, որը պահանջում է մեծահոգի սիրտ և հայացք՝ ուղղված դեպի վեր՝ Աստծուց օգնություն խնդրելու համար: Մեծ անհրաժեշտություն կա քրիստոնյաների, ովքեր ուրախությամբ են վկայում Ավետարանը առօրյա կյանքում: «Հիսուսի ուղարկած աշակերտները վերադարձան խնդությամբ»: Երբ, որ մենք ենք դա անում, մեր սիրտը լցվում է խինդով և ուրախությամբ: Այդ կերպարը ինձ ստիպում է մտածել այն մասին, որ Եկեղեցին ուրախանում է, երբ իր զավակները ստանում են Բարի Լուր շնորհիվ այն կանանց ու տղամարդկանց, ովքեր ամեն օր բարձրաձայնում են Ավետարանը, այսինքն՝ քահանաները, այն բարի հովիվները, որոնց մենք գիտենք, միանձնուհիները՝ Աստծուն նվիրված, և միսիոներները: Ես հարցնում եմ ինձ, դուք էլ ականջ դրեք այս հարցին. այս հրապարակում ներկա գտնվողներից քանի՞սն է լսում Աստծո կոչը՝ հետևելու Իրեն: Մի՛ վախեցեք: Եղե՛ք համարձակ և մյուսներին փոխանցեք առաքելական ոգեշնչման այս ջահը, որը մեզ է փոխանցվել այդ օրինակելի աշակերտների կողմից:
Աղոթենք Աստծուն, որ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ Եկեղեցին միշտ լինի լեցուն՝ «մեծահոգի սրտերով», ովքեր ջանում են բոլորին հասցնել Երկնային Հոր սերն ու քնքշությունը:
Ռադիո Վատիկանից թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը