• Տօն Պայծառակերպութեան Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

    «Հիսուս նրանց առաջ պայծառակերպվեց,
    Նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ Նրա
    զգեստները դարձան սպիտակ, ինչպես լույսը»
    (Մատթ. ԺԷ 1-2)


    1 հուլիսի, 2016թ

    Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես և  Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Տոնը հայտնի է դեռեւս Դ (IV) դարից: Եկեղեցու Սրբազան Ավանդությունը պայծառակերպության վայր է համարում Թաբոր լեռը, որն էլ առիթ դարձավ, որ Կոստանդին Մեծ կայսեր մայրը՝ Հեղինեն, Թաբոր լեռան վրա կառուցի եկեղեցի՝ ի հիշատակ Տիրոջ պայծառակերպվելու:

     

    Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահա նրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկ վախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւ Հիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8):

     

    Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

     

    Այն կոչվում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու մինչ քրիստոնեական սովորույթը՝ կապված ջրի կուռքի՝ Աստղիկ դիցուհու  կամ պարզապես ջրի տարրի պաշտամունքի հետ: Այս սովորությունը վերապրեց ու սիրով պահպանվեց նաև քրիստոնեության շրջանում, իսկ միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը ժողովուրդը սկսեց մեկնաբանել իբրև մաքրության գեղեցիկ մի խորհրդանիշ, որը, սակայն, քրիստոնեական որևէ հիմնավորում կամ իմաստավորում չունի:

     

    Հետևաբար, Եկեղեցին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե այդ ջուր ցողելու և այլ ուրախ միջոցառումների կազմակերպման, այլ՝ Սբ. Պատարագին մասնակցելու և տոնի հոգևոր խորհուրդը ընկալելու և ապրելու անհրաժեշտության վրա:

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments