• Սրբազան Քահանայապետի վերջին հանգրվանը՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի վիրապը

    Խաղաղության աղավնի՝ դեպի հայ-թուրքական սահման


    Սրբազան Քահանայապետի Հայաստան ուխտագնացության վերջին հանգրվանը Խոր Վիրապի վանքն էր:

    Ինչպես հայտնում է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական կայքը,

    Խոր Վիրապում Սրբազան Քահանայապետին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ և Վանորեից տեսչության ներքո սպասավորող հոգևորականներ:

     

    Թափորով երկու Հովվապետերն առաջնորդվեցին դեպի Խոր Վիրապի վանքի շրջաբակը։ Վանքում երկու Հովվապետերը մուտք գործեցին Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռ, ուր Լուսավորչի գբից հանված կենսապարգև լույսով վառեցին իրենց մոմերը։

     

    Այնուհետև Ս. Աստվածածին եկեղեցում նույն այդ լույսից վառվեց այցի առիթով Ֆրանցիսկոս Պապի կողմից Խոր Վիրապի վանքին ընծայված կանթեղը:

     

    Ապա Հռոմի Սրբազան Քահանայապետը և Գարեգին Բ Հայոց Կաթողիկոսը հայերեն և իտալերեն լեզուներով խաղաղության համար աղոթք հնչեցրեցին:

     

    Այս ընթացքում Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի երգչախմբերի կողմից կատարվեց համաքրիստոնեական սուրբ Սբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված «Լերինք ամենայն» հոգեպարար շարականը:

     

    Արարողությունը եզրափակվեց միասնական Տերունական աղոթքով:

     

    Վերջում Հռոմի Սրբազան Քահանայապետն ու Գարեգին Բ Կաթողիկոսը առաջնորդվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող բարձրահարթակ, որտեղից, ի նշան խաղաղության, հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ արձակվեցին երկու աղավնիներ:

     

    Խոր Վիրապի վանք այցելությունից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հրաժեշտի պաշտոնական արարողություն, որից հետո Ֆրանցիսկոս Պապը, ավարտելով այցն առաջին քրիստոնյա երկիր, վերադարձավ Վատիկան:

Օրացույց

Օրացույց