• Պատմական մեծագույն օրը Գյումրիում. 25 հունիսի, 2016թ.

    «Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել».Ֆրանցիսկոս Քահանայապետ


     

     

    Բերկրալից սպասում

     

    Առավոտյան ժամը 7-ից Գյումրիի Վարդանանց հրապարակում սկսեցին հավաքվել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի պատմական այցին անհամբերությամբ սպասող հարյուրավոր մարդիկ, որոնց թիվը ժամը 11:00-ին 20.000-ից ավելին էր: Նման մեծամասշտաբ իրադարձություն, այն էլ՝ հոգևոր, Գյումրիի նման փոքր քաղաքում դեռևս չէր եղել.Գյումրի այցելեց և Սբ. Պատարագ մատուցեց 1մլրդ 300 մլն հավացյալների առաջնորդ, Կաթողիկէ, կամ որ նույնն է, Ընդհանրական կամ Տիեզերական Եկեղեցու հոգևոր պետը՝ Սբ. Պետրոս առաքյալի հաջորդը: Ի դեպ, խորհրդանշական զուգադիպությամբ, հունիսի 25-ին Կաթողիկէ Եկեղեցին տոնեց սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տոնը, որոնք եղան Ընդհանրական Եկեղեցու հիմնադիր սյուները:

     

    Հայ կաթողիկէ հոգևորականների կազմակերպչական խումբը, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները Նորին Սբության արարողակարգի պատասխանատուների հետ միասին զբաղված էր Սբ. Խորանի և Սբ. Սեղանի պատրաստության վերջին շտկումներով: Շատերը մի քանի գիշեր չէին քնել՝ ամեն բան պատշաճ պատրաստելու համար:

     

    Հայ կաթողիկէ եկեղեցու կամավորականները բազմահազարանոց բազմությանը բաժանեցին Հռոմի Սուրբ Աթոռի սպիտակ և դեղին գույներով գլխարկներ, վզնոցներ, խմելու ջուր, և ապա 3 ժամ շարունակ հոգ էին տանում մարդկանց մասին, օգնում և տեղավորում հրապարակի համապատասխան հատվածներում:

     

    «Գոհար» և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը Ռոբերտ Մլքեյանի խմբավարությամբ պատասխանատու և եզակի ելույթի վերջին փորձերն էին կատարում:

    13528846_10154271238079710_9002252769928766115_n

    Մի քանի ժամում Գյումրին, կարծես, դարձել էր աշխարհի կենտրոնը.մոտ 600 լրագրող աշխարհի տարբեր անկյուններից իրենց տեսախցիկներով, տարատեսակ սարքավորումներով գրոհել էին հրապարակը, զրուցում էին մարդկանց հետ՝ անկախ նրանց սոցիալական դիրքից ու ծագումից, հարց ու փորձ անում նրանց առօրյայի, խնդիրների, ուրախությունների, սպասումների մասին: Եվ այս ամենը՝ շնորհիվ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի վճռական որոշման՝ այցելելու Գյումրի անպայմանորեն, որոշում, որը կայացվեց հենց այն վայրկյանին, երբ Հայաստանի հայ կաթողիկէների առաջնորդից լսեց Գյումրիի բազմաչարչար անցյալի ու սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում հայտնված շիրակցու պայքարով լի ներկայի մասին: Նորին Սրբությունը չի կարող իր հայրական սերը պահել միայն էլիտայի համար, պերիֆերիաներում հայտնվածները միշտ նրա հատուկ հոգածության ներքո են:

     

    Ժամանում

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Գյումրի ժամանեց 11:00-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի հետ միասին: Օդանավակայանում նրանց դիմավորեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, Շիրակի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

    13438807_1025163854238231_4766764096830684902_n

    Երբ Սրբազան Քահանայապետի համեստ մեքենան մուտք գործեց Վարդանանց հրապարակ, բազմությունը հազիվ նկատեց, որ եկողը ինքը Հռոմի Սրբազան Քահանայապետն է՝ Ընդհանրական Եկեղեցու հոգևոր պետը, Քրիստոսի փոխանորդը երկրի վրա:

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հանդիսավոր թափորով բարձրացան բեմահարթակ, որտեղ նրանց սպասում էին հայ կաթողիկէ եպիսկոպոսները, վարդապետները, քահանաները՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի գլխավորությամբ, ինչպես նաև Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների ժողովի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, պապական նվիրակ արքեպ. Մարեկ Սոլչիսկին, արքեպս. Բազոտտոն, այլ կաթողիկէ հոգևորականներ, հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ:

     

     

     

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի խոսքերը

    gds

    Սբ. Պատարագից առաջ նախ խոսք առավ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը.

     

    «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34):

    Ձերդ Սրբություն,

    Սիրեցյալ հոգևոր եղբայրներ և բարեպաշտ հավատացյալներ,

    Այսօր, երբ մեր Եկեղեցին հիշատակում է Տիրոջ սուրբ առաքյալների տոնը, որքան քաղցրահունչ ու առավել ուժգնությամբ է հնչում մեր հոգիներին այս պատգամը, որը մեր Տերն ուղղեց Իր աշակերտներին: Տերունապատվեր սիրո այս ջերմ զգացումով հանուն տարածաշրջանի ողջ հավատացելոց` բարի գալուստ ենք մաղթում  Ձեզ, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Գյումրի քաղաք: Ուրախություն է Մեզ համար աղոթակից լինել Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի մեծ բարեկամիդ մատուցած Պատարագին:

     

    Գյումրին Հայաստանի պատմական այն քաղաքներից է, որտեղ ծաղկում են ապրել հայ քրիստոնեական դարավոր արժեքները, ներդաշնակությամբ ձուլվել մեր ժողովրդի պատմությունն ու մշակույթը և հյուրընկալության սիրառատ ոգին: Գյումրիի ժողովուրդը առանձնանում է խորին հավատքով և եկեղեցասիրությամբ, կրողն է նաև քրիստոնեական եղբայրական համակեցության գեղեցիկ ավանդույթի, որի վկայությունն է այսօր այստեղ աղոթքի կանգնած Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների և քրիստոնեական այլ հարանվանությունների հավատացյալ զավակների ներկայությունը: Խորհրդային աստվածմերժության տարիներին, երբ Հայաստանում կործանվում և փակվում էին եկեղեցիները, և միայն հավատացյալ մեր ժողովրդի անտեղիտալի դիմադրության շնորհիվ բաց էին մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և սակավ եկեղեցիներ, Գյումրիի Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին իր մայրական գիրկը բացեց և հովանի ու աղոթավայր դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանների և Վրաստանի սահմանամերձ հայաբնակ քաղաքների ու գյուղերի բոլոր քրիստոնյաների համար` անկախ ազգային ու դավանական պատկանելությունից` լինեին նրանք հայ առաքելական, կաթոլիկ, թե օրթոդոքս: Եկեղեցու հյուսիսային նախամուտքը վերածվեց կաթոլիկ հավատացյալների աղոթավայրի, ուր տեղադրվեց և առ այսօր պահպանվում է կաթոլիկ ավանդույթին բնորոշ Տիրոջ խաչելության արձանը`բերված Արևիկ գյուղի կաթոլիկ եկեղեցուց, իսկ հարավային նախամուտքը տրամադրվեց ուղղափառներին, որտեղ ամենապատվավոր տեղում բարձրացվեց Սուրբ Նիկողայոս Սքանչելագործի ռուսական սրբապատկերը: Այսպես Գյումրին և Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցին էկումենիզմի ժամանակակից սահմանումից տարիներ առաջ դարձան գործնական էկումենիզմի մատակարարն ու քարոզիչը:

     

    Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, քաղաքը, որտեղ մենք այսօր գտնվում ենք, հյուրընկալ ու ջերմ իր սրտի վրա կրում է նաև կնիքը տառապանքի: Քսաներորդ դարասկզբին, երբ մեր ժողովուրդը ցեղասպանության էր ենթարկվում, Գյումրին նույնպես զգաց Օսմանյան կայսրության ջարդարար և զավթողական քաղաքականության ծանր հարվածները և այսօր էլ կանգնած է փակ սահմանի դիմաց` իբրև հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանության և շարունակվող ժխտողական քաղաքականության վկա:

     

    Մեր ժողովրդի զավակները Գյումրիում հավատքով ու քաջարի ոգով դիմագրավեցին նաև երկրաշարժի աղետը: Այս առիթով ի դեմս Ձերդ Սրբության` երախտագիտության Մեր խոսքն ենք ուղղում Կաթոլիկ Եկեղեցուն, որը ծանր այդ օրերին նույնպես եղբայրսիրությամբ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին` համաձայն առաքյալի խոսքի. «հոգ տանենք միմեանց` սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբր. Ժ 23-24): Այսօր էլ գյումրեցի մեր զավակները շարունակում են հաղթահարել դժվարությունները և նվիրյալ ջանքեր բերում` բարօր ու զարգացող կյանքով բարեշեն դարձնելու Գյումրին, որի վկայությունն են վերջին տարիներին կառուցված կաթոլիկ եկեղեցին, այս հրապարակին հովանի պատմական երկու նորոգված եկեղեցիները` իբրև Գյումրիի հառնող կյանքի խորհդանիշերը:

     

    Գոհություն հայտնելով Տիրոջը Գյումրիում Մեր սիրեցյալ եղբոր` Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական աղոթքի այս շնորհառատ օրվա համար` Մեր հորդորն ու մաղթանքն ենք բերում ձեզ, սիրելի հավատացյալներ, հավատքի, եղբայրսիրության ու հույսի աներեր քայլերով վկայելու այս աշխարհում Քրիստոսի պատգամը. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեանց  սիրեցէք» (Հովհ. ԺԳ 34):

     

    Այս մաղթանքով նաև ողջունում և Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Գյումրիի և մարզի իշխանավորներին, Շիրակի հավատավոր Մեր զավակներին: Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, նրան լծակից հոգևորականներին և հայ կաթոլիկ համայնքի եկեղեցականներին` Առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Տիրոջ զորակցությամբ նրանք շարունակեն արդյունավորել իրենց հավատավոր հոտի խնամքն ու հովվությունը և եղբայրսիրությամբ գործակցությունը:

     

    Սուրբ առաքյալների և Տիրոջ բոլոր վկաների բարեխոսության հայցով աղոթք ենք բարձրացնում առ Ամենակալն Աստված աշխարհի խաղաղության, մարդկության բարօր ու ապահով կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

     

    Ձերդ Սրբություն, սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ձեր այցելությունը Գյումրի հոգևոր նորոգություն է Շիրակի տարածաշրջանի հավատացյալներին և միշտ պիտի հիշվի սիրով ու ջերմությամբ: Ուրախ սրտով վերստին հաստատում ենք, որ Ձեր այցը նոր վկայություն է մեր Եկեղեցիների բարի հարաբերությունների: Թող Աստված ամուր պահի եղբայրությունը և արգասավորի գործակցությունը մեր Եկեղեցիների այսօր և միշտ: Ամեն»:

     

    Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի խոսքը.

     

    messa-gyumri-3-740x493«Կվերակառուցեն հին ավերակները, կվերանորոգեն անբնակ քաղաքները» (Ես. 61. 4):

     

    Այս վայրերում, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, իրականացել են Եսայի մարգարեի խոսքերը, որոնք լսեցինք: Անաստվածության երկար տարիների հոգևոր կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո, այսօր գտնվում ենք այստեղ` Աստծուն շնորհակալություն հայտնելու, հավատը դավանելու ազատության և առատաձեռնության համար, որ բազում մարդկանց օգնեց վերականգնելու համար իրենց կյանքը հսկայական դժվարություններով հանդերձ: Սույն վերածննդյան նշաններից ուզում եմ հիշեցնել Աշոցքի հիվանդանոցը 25 տարիներ առաջ և ճանաչված որպես «Պապի հիվանդանոց»` ծնված Սուրբ Հովհաննես Պողոս Բ-ի սրտից, որ սրտանց փափագել էր, շարունակում է մնալ որպես շատ կարևոր և տառապյալներին մոտ ներկայություն, սիրո նշան, որ տեղական կաթողիկե հասարակության և կրոնավորական միաբանությունների կատարած գործունեությունների հետ գերազանցորեն ուսուցողական է:

     

    Արդարև, սերն է` Աստծուց ստացած և ընկերոջ ընծայված սերն է,- ինչպես վկայում է օրինակի համար Կալկաթայի երանելի Մայր Թերեզան,- ժայռը, որի վրա կառուցել է և վերակառուցել  մեր ապագան: Այս հիմքի վրա է, որ հաստատված է Հիսուսի աշակերտի կյանքը, սիրո միջոցով է, որ Եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում: Գթառատ և թանձրացյալ սերը քրիստոնյայի այցեքարտն է ներկայանալու: Այլ կերպեր, կարող են շեղիչ և նույնիսկ անօգուտ լինել, որովհետև Հիսուս ասում է. «Սրանից բոլորն իմանում են, որ Իմ աշակերտներն եք, եթե սիրեք իրար» (Հովհ. 13. 35): Կոչված ենք միշտ կառուցելու և վերակառուցելու հաղորդությունն՝ առանց երբեք հոգնելու, կամուրջներ սարքելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Հայ ժողովուրդը միշտ ավելի միացած լինի հավատի և սիրո մեջ, և հավատացյալները լավագույն օրինակը կարողանան տալ` համագործակցելով միմյանց հետ, փոխադարձ հարգանքով և երկխոսությամբ` իմանալով, որ  «միակ մրցույթը, որ հնարավոր է Տիրոջ աշակերտների միջև` ստուգելն է, թե ով է ի վիճակի առավել մեծ սեր նվիրելու» (Հովհաննես Պողոս Բ, Քարոզ, 27 սեպտեմբեր, 2001. Ուսուցումներ ԻԴ, 2 [2001], 478):

     

    cq5dam.web.800.800 (2)

    Աստված բնակվում է սիրողի մեջ, Աստված բնակվում է այնտեղ, որտեղ սիրում են իրար, հատկապես՝ որտեղ խնամում են տկարներին և աղքատներին: Նա միշտ օրհնում և պաշտպանում է նրան, ով  «բարի լուրն է տանում թշվառներին, կոտրված սրտի վերքերն է պատում և մխիթարում է վշտացածներին» (հմմտ. 1-2 համարները): Սրա կարիքը շատ ունենք: Կարիքն ունենք քրիստոնյաների, ովքեր հոգնությունից չեն խորտակվում և չեն հուսալքվում փոխադարձ անհասկացողությունից, այլ բացվում են Աստծո սիրո ծրագրերի առջև: Կարիքն ունենք բարի կամքով մարդկանց, ովքեր գործնականում և ոչ թե միայն խոսքերով են օգնում դժվարության մեջ գտնվող եղբայրներին և քույրերին: Կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա արժանավայել կյանք վարել և ունենալ արդարացի վարձատրվող աշխատանք:

     

    522

    Եկել եմ որպես ուխտավոր՝ այս օրհնյալ երկիրը` հանդիպելու ձեզ հետ, որ ժամանել եք տարբեր շրջաններից և մոտակա Վրաստանից: Տեսնում եմ, որ Աստված ձեզ մենակ չի թողել. Նա այցելել է ձեր ժողովրդին (հմմտ. Ղկ. 1. 68), Աստված հիշեց ձեր հավատարմությունը՝ Ավետարանի հանդեպ ձեր հավատի վկայության անդրանկությանը՝ հիմնված առաքյալների քարոզության վրա, որոնց հիշատակն եք տոնում այսօր: Այս հողի վրա հուսկ ձեր սուրբերից և վարդապետներից ոմանք ստեղծեցին այբուբենը՝ ժողովրդի համար, և ժողովուրդն Ավետարանի պատգամը քարոզեց՝ միասնաբար վկայելով, նույնիսկ արյան և ծանր փորձությունների գնով, որովհետև «Աստծո սերը կյանքից ավելին արժե»  (հմմտ. Սղ. 63. 4): Քրիստոնեական հավատն այսպես դարձավ հայ ժողովրդի շունչը և նրա պատմության սիրտը: Այն ձեր ապագայի հույսն է:

     

    Սակայն, միշտ առկա է փորձությունը` հավատը վերածելու անցյալին պատկանող գեղեցիկ մի բանի, կարծես այն սքանչելի մանրանկարված մի մատյան է, որը պետք է թանգարանում պահվի: Սակայն, եթե պատմության դիվաններում պահվի, հավատը կորցնում է հաղորդակցական ուժը, կենսունակ և փոխակերպող իր գեղեցկությունը, բոլորի հանդեպ իր դրական բացվածքը: Մինչդեռ, հավատը ծնվում և վերածնվում է Տիրոջ՝ Հիսուսի հետ կենդանի հանդիպումից, Նրա փրկող և կյանքի բոլոր պարագաներում լուսավորող գթասրտության հետ հանդիպման փորձառությամբ: Օգտակար է ամեն օր վերանորոգել այս հանդիպումը՝ Աստծո Խոսքի ընթերցումով և աղոթքով բացվելով Նրա սիրուն, որ երջանկությունն է սնուցում: Իսկ երբ Հիսուս կանչի հետևելու իրեն, հատկապես երբ ձեզ` երիտասարդներիդ հրավիրի, մի՛ տատամսեք քաջությամբ պատասխանելու նրան «այո՛»: Նա մեզ ճանաչում է, մեզ իսկապես սիրում է, և ուզում է ազատել մեր սիրտը՝ վախի և հպարտության ծանրությունից: Նրան տեղ տալով՝ կարող ենք սեր ճառագայթել և Ավետարանը քարոզել: Այսպես կարողանալու եք ձեր ավետարանացման մեծ պատմության սկիզբը տալ, որին Եկեղեցին և աշխարհը կարիքն ունեն այս նեղության ժամանակներում, որ միաժամանակ նաև ողորմության ժամանակներ են:

     

    Հենց անցած տարվա Աստվածային Ողորմության Կիրակի օրվա ծիսակատարությամբ, որին մասնակցեց իմ սիրելի եղբայրը` Գարեգինը, որին շնորհակալություն եմ հայտնում՝ ինձ ազնվորեն ընդունելու համար և իր ներկայությամբ և խոսքով մեզ պատվեց, ուզեցի բոլորի ուշադրությանը հանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը, ով ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է: Նա կարապետ և մարգարեն էր աստվածային ողորմության: Դժվար է գտնել որևէ մեկին, որ հավասարվի նրան՝ քննելու անդնդային թշվառությունները, որ կարող են մարդկային սրտում տնավորվել. սակայն նա վերածում է դրանք աստվածային սիրո անդադրում, արտասվալից և վստահ պաղատանքի՝ հաստատելով, որ Աստված «պարգևների բաշխողն է, բնությամբ բարի […], մխիթարության ձայն, քաջալերանքի լուր, ուրախության թռիչք, […] անհամեմատելի քնքշություն, հորդառատ ողորմություն, […] փրկարար համբույր» (Մատյան ողբերգության, 3,1), հայտարարելով, որ «երբեք բարկության խավարից չի մթագնել նրա ողորմության լույսը» (նույն, 16,1): Նարեկացին ոչ միայն վարդապետ է ուսուցման, այլ հատկապես կյանքի, որովհետև սովորեցնում է, թե ինչքան կարևոր է ճանաչել մենք մեզ ողորմության կարոտ, և մեր թշվառությունների և վերքերի առաջ, բացվել Տիրոջ, «Աստված մերձավոր, բարության փափկություն» (նույն, 17,2), «սիրով լի մարդկանց նկատմամբ, […] հուր, որ մեղքի խռյուն է սպառում» (նույն 16,2): Այս սուրբ վկան մարգարեաբար ներկայացնում է ձեր ժողովրդին, որ պատմության ընթացքում մեկնաբանել է շատ անգամ ողբերգական սեփական դեպքերը` նրա գրությունների լույսի տակ: Նա, սակայն, ընդհանրական Եկեղեցու Վարդապետ է արդեն. ձեր սիրելի ժողովուրդը ևս, տառապելու քաջատեղյակ և Սբ. Հարության զորությամբ, կկարողանա լինել հավատի վկա և վարդապետ՝ մեզ բոլորիս համար:

     

    Աստվածամոր բարեխոսությամբ, Թագուհի և «ցնծություն մեր տառապյալ բնության» (Շարակնոց, Ավետման կանոն), խնդրում եմ, սուրբ Գրիգորի խոսքերով իսկ, աստվածային ողորմությունը և սիրելուց երբեք չհոգնելու պարգևը. Սուրբ Հոգի «հզոր պաշտպան, բարեխոս և խաղարարար, քեզ ենք ուղղում մեր աղաչանքները: […] Պարգևիր մեզ շնորհը` սիրո և բարի գործերի քաջալերման […] Հոգի՛ քաղցրության, գթության, մարդասիրության և ողորմության, […] ողորմեա՛ մեզ, Տեր Աստված մեր, ըստ մեծի ողորմության քում» (Շարական Պենտեկոստեի):

     

    Այս ծիսակատարութեան աւարտին ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել Գարեգին Բ Կաթողիկոսին եւ Մինասեան Արքեպիսկոպոսին, ազնիւ խօսքերի համար, որ ինձ ուղղեցին, ինչպէս նաեւ Ղապրոեան Պատրիարքին եւ ներկայ եպիսկոպոսներին, քահանաներին եւ պետական այրերին որ մեզ հիւրընկալեցին:

     

    Շնորհակալ եմ ձեզ բոլորիդ որ մասնակցեցիք…

    Սուրբ Կոյս Մարիամը, մեր Մայրը, միշտ ձեզ ընկերանայ եւ առաջնորդի բոլորի քայլերը եղբայրութեան եւ խաղաղութեան ուղիով»:

     

     

    Սուրբ Պատարագը

     13501978_1097988590240429_6248736102884584190_n 13508929_1097988400240448_6952242380037763135_n sg 527

    Սբ. Պատարագը, ինչպես նախատեսված էր, մատուցվեց լատինական կամ հռոմեական ծեսով՝ համեմված հայկական շարականների գեղեցիկ հնչյուններով, որոնք աղոթական անզուգական տրամադրություն էին ստեղծում: Հազարավոր բազմությունը լռությամբ հետևում էր պատմական Պատարագին:

     

    «Ողջույնը» փոխանցելիս Սրբազան Քահանայապետը մոտեցավ Գարեգին Բ Հայրապետին և ողջագուրվեց նրա հետ: Նորին Սրբությանը հետևեցին նաև Գրիգոր Պետրոս Հայրապետը և Արհ. Տ. Ռաֆայել արք. Մինասյանը:

     

     

    13508949_583559041825728_7370745084394526689_nՇատ գեղեցիկ էր հացի և գինու սրբագործումը և հաղորդությունը: Սրբազան Քահանայապետի աղոթքի հետ միաժամանակ սրբագործման աղոթքը իտալերեն և հայերեն շշնջում էին նաև հայ կաթողիկէ հոգևորականները, ովքեր ևս իրենց ձեռքերում ունեին հացով լի մասնատուփեր: Սրբագործումից հետո նրանք իջան ժողովրդի բազմության մեջ և բաժանեցին Սբ. Հաղորդությունը: Գրեթե բոլորը անհամբեր և մեծ ջերմեռանդությամբ շտապում էին մոտենալ արգեկապատնեշներին, որպեսզի հաղորդվեն Սրբազան Քահանայապետի աղոթքով սրբագործված Տիրոջ Մարմնին: Ցավոք, Սբ. Հաղորդությունը բաշխելու համար հատկացված ժամանակը կարճ էր.մնացած Սրբությունը պահվեց մասնատուփերի մեջ և յավարտ Սբ. Պատարագի տեղափոխվեց Սրբոց Նահատակաց եկեղեցի:

     

     

    Սբ. Պատարագի ավարտը, այցի շարունակությունը Գյումրիում

     

    Սբ. Պատարագի ավարտից հետո Սրբազան Քահանայապետը Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, Արհ.Տ. Ռաֆայել արք. Մինասյանի և Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանի հետ միասին իր պապամոբիլով շրջեց հրապարակում և իր  հայրական օրհնությունը բաշխեց ժողովրդին՝ պարգևելով նրանց իր ներկայությունը շատ մոտիկից վայելելու երջանիկ առիթը:

     

    56513506991_1097988470240441_5193901093602019374_n

     

    Սրբազան Քահանայապետը պապամոբիլով շրջելուց հետո` մոտեցավ տարեց մի կնոջ և ձեռքը դրեց նրա գլխին։

     

    Վարդանանց հրապարակից Քահանայապետը, փոխեց մեքենան և ուղևորվեց դեպի Գյումրիի Անարատ Հղիության հայ միանձնուհիների միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան:

     

    13509013_583559558492343_454533990150351043_n13494870_583561341825498_4984073058072254784_n

     

    Այնտեղ Քահանայապետին դիմավորեցին կենտրոնի սաները՝ սոցիալական բարդ պայմաններում ապրող ընտանիքների երեխաներ, առանց ծնողական խնամքի երեխաներ, ովքեր գտնվում են Անարատ Հղիության հայ միանձնուհիների հոգածության ներքո, ստանում են ուսում և գործնական կյանք մտնելու համար անհրաժեշտ հմտություններ: Սրբազան Քահանայապետը աղոթել է կենտրոնի մատուռում:

    13533131_583561885158777_1332587217287204075_n

    Քույրերը Նորին Սրբությանը փոխանցել են քանդակագործ Գագիկ Գևորգյանի «Որբերը» ստեղծագործությունը, որի գաղափարը, ըստ հեղինակի, համահունչ է Քահանայապետի քարոզներին՝ պայքարել և սիրով ու միասին հաղթահարել կյանքի բարդությունները:

    13501990_583562108492088_6829384316992247373_n 13516326_1026559297429875_5925564180919250308_n

    Նորին Սրբությունը ճաշեց և հանգստյան ժամ անցկացրեց միաբանության կենտրոնում, ապա, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հետ միասին, 16:45-ին այցելեց Գյումրիի հայ առաքելական առաջնորդանիստ Սբ. Յոթվերք եկեղեցի: Եկեղեցում Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանը Նորին Սրբությանը պատմեց եկեղեցու մասին՝ դրվագներ հիշելով նաև իր մանկությունից, որոնք շատ տպավորել են Նորին Սրբությանը, ինչպես պատմում է եպիսկոպոս Աջապահյանը:

     

    Քահանայապետի Գյումրի այցելության վերջին հանգրվանը Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցին էր՝ 17:15-ին: Փողոցում մի մեծ բազմություն էր հավաքվել, եկեղեցին ևս լիքն էր: Սրբազան Քահանայապետն ու Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը միասին ժամանեցին: Նրանց դիմավորեցին խնկարկությամբ, գեղեցիկ շարականներով, որոնք կատարում էր «Գոհար» երգչախումբը:

    13521851_1756667437935217_1892581062001061238_n 13533148_1756667524601875_4945251537395309622_n

    Նորին Սրբությունը և Վերահափառ Հայրապետը մոտեցան Սուրբ Խորանին, համբուրեցին Սբ. Խաչի մասունքն ու Ավետարանը, ապա սուրբ ջուր ցողեցին ժողովրդի բազմության վրա և բարձրացան Խորանի բեմին, որտեղ աղոթեցին հայ կաթողիկէ և առաքելական համայնքների եղբայրության համար: Կարճ աղոթքից հետո նրանք դուրս եկան եկեղեցուց: Նորին Սրբությունը մոտեցավ եկեղեցու մոտ հավաքված «Էմիլի Արեգակ» սոցիալական կենտրոնի հաշմանդամություն ունեցող երեխաներին, օրհնեց նրանց, գրկեց ու համբուրեց:

    13524545_972452462873287_101180373688457960_n

    Այս հուզիչ հանդիպումից հետո Նորին Սրբությունը մեկնեց Երևան՝ դեպ իր այցի հաջորդ հանգրվան:

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց