• Նորին Սրբության այցը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

    «…Որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել»


    2016թ. հունիսի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթոդիկոսի հետ միասին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ նրանց դիմավորեցին ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

     

    Ճանապարհին կանգնած էին մանուկներ՝ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերներով: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ դրեց՝ ի հիշատակ նահատակների, ապա հնչեց Վատիկանի պետական օրհներգը:

     

    Հուշակոթողի անմար կրակի առջև, հանդիսապետությամբ Սրբազան Քահանայապետի և Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, կատարվեց աղոթք, որի ժամանակ հնչեց Հայոց Ցեղասպանության նահատակներին ձոնված «Հրաշացան պակուցմամբ» շարականը, ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, սաղմոսներ և քարոզներ:

    4

    Արարողությունն ավարտվեց Սրբազան Քահանայապետն իր աղոթքում խնդրեց սուրբ նահատակների բարեխոսությունը՝ հայոց ազգի և համայն աշխարհի համար: Հնչեց հայկական դուդուկի երաժշտություն՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի, վաստակավոր արտիստներ Գևորգ Դաբաղյանի և Կամո Սեյրանյանի կատարմամբ:
    Յավարտ հանդիսավոր այս արարողության, ՀՀ նախագահը և երկու հովվապետերն այցելեցին Հիշողությունների պուրակ, որտեղ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ջրեց իր անվամբ տնկված մշտադալար եղևնին: Ապա, նրան մոտեցան Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ, որոնց նախնիները Մեծ Եղեռնի տարիներին Պիուս ԺԱ Պապի օգնությամբ ապաստանել էին պապական Քաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

     

    Նորին Սրբությունը հետևյալ գրառումը կատարեց պատվո հյուրերի մատյանում.

     

    «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»:

    7

     

Օրացույց

Օրացույց