Գալիս եմ Հայաստանի`որպես ձեր եղբայր
«Եկե՛ք թույլ չտանք, որ ցավոտ հուշերը տիրեն մեր սրտերին, նույնիսկ ի դեմս չարի կրկնվող հարձակումների. եկե՛ք չհանձնվենք»
Սիրելի եղբայրնե՛ր եւ քույրե՛ր,
Մի քանի օրից կվայելեմ ձեր կողքին՝ Հայաստանում, լինելու ուրախությունը: Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթել այս առաքելական ճամփորդության համար: Գալիս եմ ձեր մեջ Աստծո օգնությամբ իրականացնելու, ինչպես ճամփորդության կարգախոսն է ասում, «այց առաջին քրիստոնյա երկիր»: Գալիս եմ որպես ուխտագնաց այս հոբելյանական տարում՝ թաթախվելու ձեր ժողովրդի հնագույն իմաստության մեջ եւ ըմպելու ձեր ժայռե հավատքի աղբյուրից, ինչպես ձեր նշանավոր խաչքարերն են։
Գալիս եմ Հայաստանի խորհրդավոր բարձունքներ`որպես ձեր եղբայր՝ ներշնչված ձեր դեմքերը տեսնելու ցանկությամբ, որպեսզի աղոթենք միասին եւ կիսենք բարեկամության շնորհը: Ձեր պատմությունը եւ սիրելի ժողովրդի հետ տեղի ունեցած իրադարձությունները հիացմունք եւ ցավ են առաջացնում իմ մեջ․ հիացմունք, որովհետեւ Հիսուսի խաչի եւ ձեր հանճարի մեջ մշտապես ոտքի կանգնելու ուժ գտաք, ինչպես նաեւ տառապանքների մեջ, որոնք առավել սարսափելիների շարքում են, որ մարդկությունը երբեւէ հիշում է։ Ցավ եմ զգում այն ողբերգությունների համար, որ ձեր հայրերը ապրել իրենց մարմնի վրա։ Եկե՛ք թույլ չտանք, որ ցավոտ հուշերը տիրեն մեր սրտերին, նույնիսկ ի դեմս չարի կրկնվող հարձակումների. եկե՛ք չհանձնվենք։ Եկե՛ք Նոյի պես վարվենք, ով ջրհեղեղից հետո չհոգնեց երկնքին նայելուց եւ աղավնի բաց թողնելուց, մինչեւ որ այն վերադարձավ ձիթենու շյուղով (Ծննդ․ 8.11): Դա նշան էր, որ կյանքը կարող է նորից վերսկսվել, իսկ հույսը՝ նորից ծնվել:
Ցանկանում եմ գալ ձեզ մոտ որպես Ավետարանի ծառա եւ խաղաղության դեսպան՝ աջակցելու խաղաղության ճանապարհին ներդրված ձեր բոլոր ջանքերին ու քայլելու հաշտության արահետով, որը հույսն է ծնում:
Թող ձեր ազգի մեծ սրբերը, հատկապես Տիեզերական Եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացին, օրհնի մեր հանդիպումները, որոնց սպասում եմ անկեղծ փափագով: Մասնավորապես, սպասում եմ՝ կրկին ողջագուրվելու իմ եղբայր Գարեգինի հետ, եւ նրա հետ միասին նոր թափ հաղորդել լիարժեք միասնության մեր ճանապարհին: Անցյալ տարի դուք եկաք Հռոմ տարբեր երկրներից, եւ միասին աղոթեցինք Սուրբ Պետրոսի գերեզմանի մոտ: Այժմ ես եմ գալիս ձեր օրհնյալ երկիր՝ ամրապնդելու մեր հաղորդությունը, առաջ գնալու հաշտեցման ճանապարհին եւ ոգեշնչվելու հույսով: Շնորհակալություն եւ ցտեսություն։