Բարի գալու՛ստ Սրբազան Քահանայապետ
2016թ. հունիսի 21-ին Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակի Սբ. Հովհաննես Պողոս Բ անվան սրահում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեց Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. հունիսի 24–26-ը Հայաստան կատարելիք առաքելական ճամփորդության հայտագիրը: Ներկա էին Սուրբ Աթոռի Մամլո գրասենյակի տնօրեն Հայր Ֆեդերիկո Լոմպարտին և հայ կաթողիկէ Սուրիո Ճեզիրէ թեմի հոգևոր հովիվ Հայր Անդրանիկ ծայրագույն վարդապետ Այվազյանը:
Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան կատարելիք առաքելական ճամփորդությունը հանդիսանում է Նորին Սրբության միջազգային 14-րդ ճամփորդությունը:
Հայաստան կատարելիք եռօրյա առաքելության ընթացքում Ֆրանցիսկոս Սրբազան Պապը կլինի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հյուրը:
Նորին Սրբության Հայաստան ճամփորդությունը կմեկնարկի 2016. հունիսի 24-ի առավոտյան ժամը 9-ին՝ Հռոմի Ֆիումիչինո օդանավակայանից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչքով, որի ժամանումը տեղական ժամանակով նախատեսված է 15-ին (Հռոմի ժամանակով 13-ին)։
Երևանի միջազգային օդանավակայանում Սրբազան Քահանայապետին, օդանավի սանդուղքների վրա կդիմավորեն Հայաստանի Հանրապետության նախագահն ու նրա տիկինը, ներկա կլինեն նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ը, Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի-ը, կառավարության անդամներ, Կաթողիկէ եւ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ և դիվանագիտական մարմինների ներկայացուցիչներ:
Տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողակարգ, քայլերգի կատարում, կտրվի զինվորական պատիվ, տեղական պատվիրակություններին ներկայացնելուց հետո Նախագահն ու նրա տիկինը Սրբազան Քահանայապետին կառաջնորդեն նախագահական դահլիճ՝ հակիրճ առանձնական հանդիպման համար, այնուհետև Նորին Սրբությունը մեքենայով կուղևորվի Էջմիածին, որտեղ նրան կդիմավորի Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և նրանք միասին անմիջապես կուղեվորվեն դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճար, որտեղ կկատարվի բարեգալստյան արարողություն և աղոթք՝ հայ առաքելական և կաթողիկե եպիսկոպոսների մասնակցությամբ:
Աղոթքի ավարտից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես կգա բարի գալստյան խոսքով, այնուհետև Ֆրանչիսկոս Սրբազան Քահայանապետը հանդես կգա իր ճամփորդության առաջին ճառով: Բարի գալստյան արարողակարգը կավարտվի «Հայր մեր» աղոթքով և Ֆրանցիսկոս Պապին շնորհված օրհնությամբ, որից հետո Նորին Սրբությունն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը միասին կուղևորվեն Կաթողիկոսարան, որտեղ Ֆրանցիսկոս Պապի համար վերապահված է հարկաբաժին:
Ժամը 17.30-ին Սրբազան Քահանայապետը իրեն ուղեկցող շքախմբի հետ միասին կուղևորվի նախագահական պալատ՝ հանրապետության նախագահին այցելություն տալու համար:
Նախագահական պալատի մուտքի մոտ Սրբազան Քահանայապետին կդիմավորի հանրապետության նախագահը և կառաջնորդի ընդունելության դահլիճ, որտեղ տեղի կունենա առանձնական հանդիպում, այնուհետև կներկայացնի ընտանիքի անդամներին և պատվիրակություներին, տեղի կունենա նվերների փոխանակում:
Այնուհետև նախագահական պալատի կենտրոնական դահլիճում Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական մարմնի ներկայացուցիչների հետ, որի սկիզբը կազդարարի Հայաստանի Հանրապետության նախագահը՝ իր բարի գալուստի խոսքով՝ ուղղված Ֆրանցիսկոս Սրբազան Պապին, որին կհաջորդի Քահանայապետի ողջույնի խոսքը:
Հանրապետության նախագահին տված պաշտոնական այցելությունից հետո Սրբազան Քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ առանձնական հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հետ, որով և կավարտվի Սրբազան Քահանայապետի Հայաստան այցելության առաջին օրվա հայտագիրը:
Օր 2-րդ
Ծիծեռնակաբերդ – Գյումրի և Համամիութենական աղոթքի հանդիպում Երևանում
2016թ. հունիսի 25-ի շաբաթ առավոտյան տեղական ժամանակով ժամը 8.45-ին օրակարգը կսկսվի Ծիծեռնակաբերդ այցելությամբ և հայոց նահատակներին հարգանքի տուրքի մատուցմամբ:
Ծիծեռնակաբերդի համալիրի մուտքի մոտ Սրբազան Քահանայապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին կդիմավորի ՀՀ նախագահը, այնուհետև միասին կքայլեն դեպի հուշահամալիր, որի մուտքի մոտ Քահանայապետը ծաղկեփունջ կդնի 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Այնուհետև, հավերժական կրակի դահլիճում Քահանայապետի մասնակցությամբ տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեխոսական աղոթք կարտասանի հայերեն լեզվով, իսկ Ֆրանցիսկոս Պապը՝ իտալերենով:
Աղոթքից հետո երկու հայրապետները իրենց օրհնությունը կբաշխեն ներկաներին, որից հետո ՀՀ Նախագահի հետ միասին կուղղվեն դեպի Ցեղասպանության թանգարան: Ծիծեռնակաբերդ այցելությանը կմասնակցի նաև Բենետիկտոս 15-րդ Սրբազան Քահանայապետի ջանքերով 1915թ. ցեղասպանությունից փրկված հայորդիների մի խումբ ժառանգորդներ:
Ծիծեռնակաբերդի թանգարան այցելության ժամանակ Սրբազան Քահանայապետը կստորագրի ոսկյա մատյանի մեջ, այնուհետև հրաժեշտ կտա և կուղղվի դեպի Երևանի օդանավակայան, որտեղից էլ կմեկնի Գյումրիի օդանավակայան, ուր կժամանի 10:35-ին և կողջունի օդանավակայանում իրեն դիմավորելու եկած մանուկներին ու երիտասարդներին, ապա անմիջապես կուղևորվի դեպի Վարդանանց հրապարակ, որտեղ նրան կդիմավորեն Գյումրիի քաղաքապետը, Հայաստանի, Վրաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանը:
Ժամը 11:00-ին Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետը կմատուցի Սուրբ և Անմահ պատարագ՝ ավելի քան 25.000 հավատացյալների մասնակցությամբ: Արարողության սկիզբը կազդարարվի Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասյանի բարի գալստյան խոսքով՝ ուղղված Ֆրանչիսկոս Պապին:
Սուրբ Պատարագի զոհի ավարտից հետո Սրբազան Քահանայապետը կուղևորվի Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության` Տիրամայր Հայաստանի կենտրոն, որտեղ նախատեսված է առանձին ճաշ, հանգիստ, ապա՝ Քահանայապետի հանդիպումը այնտեղ բնակվող երեխաների հետ:
Հունիսի 25-ի հետմիջօրեին Սրբազան Քահանայապետը հրաժեշտ կտա հայ քույրերին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին կուղևորվի Գյումրիի Առաքելական Աթոռանիստ Յոթվերք Եկեղեցի, որտեղ պաշտոնական այց կատարելուց և մի պահ աղոթքի մեջ ամփոփվելուց հետո կուղևորվի Գյումրիի Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց Աթոռանիստ Եկեղեցի, որի մուտքի մոտ Սրբազան Քահանայապետին կդիմավորի Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպիսկոպոս Մինասյանը:
Այցելության ավարտին Նորին Սրբությունը հրաժեշտ կտա ներկաներին և կուղղվի դեպի Գյումրի օդանավակայան, որտեղից կմեկնի Երևան, ուր կժամանի ժամը 18.50-ին և անմիջապես կուղևորվի Հանրապետության հրապարակ, որտեղ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին կգլխավորի Խաղաղության համար համամիութենական աղոթքը, որի ժամանակ ևս կփոխանցի իր պատգամը:
Այնուհետև Ֆրանցիսկոս Պապը կմեկնի Էջմիածին՝ ավարտելով Հայաստան այցելության երկրորդ օրվա ճամփորդության հայտագիրը:
Օր 3-րդ
Սուրբ Պատարագ Էջմիածնում – Համամիութենական ճաշ – այց Խոր Վիրապ – հրաժեշտի արարողություն
2016թ. հունիսի 26-ին Ֆրանցիսկոս Պապը Հայաստան ճամփորդության երրորդ ու վերջին օրվա հայտագիրը կսկսի վաղ առավոտյան` առանձնական Պատարագով, որից հետո Էջմիածնում հանդիպում կունենա Հայ Կաթողիկէ Պատրիարքի և նրան ուղեկցող հայ կաթողիկէ եպիսկոպոսների հետ: Այնուհետև Սրբազան Քահանայապետը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարում Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռամբ մատուցվելիք հայրապետական Սբ. Պատարագին, որի ժամանակ ողջույնի ուղերձ կուղղի ներկաներին:
Պատարագի ավարտից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայրավանքում տեղի կունենա համամիութենական ճաշ Սրբազան Քահանայապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ առաքելական եւ Հայ կաթողիկէ եպիսկոպոսների ու Քահանայապետին ընկերակցող պատվիրակության մասնակցությամբ:
Համամիութենական ճաշից հետո, մինչ Էջմիածին հրաժեշտ տալը, Սրբազան Քահանայապետը կհանդիպի Հայ Առաքելական Եկեղեցու բարերարների և պատվիրակների հետ, որից հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ընկերակցությամբ կմեկնի Խոր Վիրապ, որտեղ Սրբազան Հորը կդիմավորի Վանքի մեծավորը, ապա կայցելի «Սուրբ Գրիգոր Վիրապի» դահլիճն ու մատուռը, որտեղ հայերենով և իտալերենով կարտասանվեն խաղաղության աղոթքներ, որի ավարտին Կաթողիկոսն ու Քահանայապետը Արարատ լեռան սեմին ազատ կարձակեն խաղաղություն խորհրդանշող երկու աղավնիներ:
Խոր Վիրապի այցելությունն էլ կհանդիսանա Ֆրանչիսկոս Պապի Հայաստան ճամփորդության վերջին հանգրվանը, այնուհետև Նորին Սրբությունը ինքնաթիռով կտեղափոխվի Երևանի Զվարթնոց օդանավակայան և հրաժեշտի արարողությունից հետո՝ ՀՀ նախագահի ներկայությամբ, կբարձրանա օդանավ՝վերադառնալու համար Հռոմ՝ Չամպինո օդանավակայան, ապա Վատիկան: