20.000-ից ավելի մարդ ցանկություն է հայտնել մասնակցելու Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սբ. Պատարագին:
18 հունիսի, 2016թ.
Գյումրիում ակտիվորեն պատրաստվում են Հռոմի ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցին: Հայ կաթողիկէ առաջնորդարանը ավարտել է հունիսի 25-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցվելիք Սբ. Պատարագին մասնակցել ցանկացողների հայտագրումը: Առաջիկա օրերին կտրամադրվեն նաև հրավիրատոմսերը: Վարդանանց հրապարակում կառուցվում է այն Խորանը և բեմահարթակը, որի վրա մատուցվելու է Սբ. Պատարագը:
Հռոմի պապի այցի նախապատրաստության մանրամասների մասին խոսեցինք Հայ կաթողիկէ առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանի հետ.
«Այս պահին ակտիվորեն ընթանում են Վարդանանց հրապարակում խորանի պատրաստության աշխատանքները, որի բեմահարթակին Սրբազան Քահանայապետը 2016թ. հունիսի 25-ին պետք է մատուցի Սուրբ Պատարագը: Խորանն, ըստ նախագծի, բավական մեծ է լինելու՝ 26 մետր երկարությամբ և 12 մետր խորությամբ ու բարձրությամբ: Կարծում եմ, որ բավական մեծ չափերի և գեղեցիկ խորան է լինելու: Ծածկի վրա` գագաթին, լինելու է խաչ, խորանի սեղանն ունենալու է մոտ 2 մետր բարձրություն: Պատին տեղադրված է լինելու Տիրամոր և Հիսուս մանկան նկարը: Սրբազան Քահանայապետից բացի խորանի վրա կլինեն մոտ հարյուր մարդ` հոգևորականներ, հավանաբար, նաև` երգչախումբը: Պատարագը լինելու է լատինական ծեսով, բայց պատարագի ընթացքում հնչելու են նաև հայկական շարականներ՝ հայկական երգչախմբերի կատարմամբ:
Սբ. Պատարագի մասնակիցների ցուցակագրման աշխատանքներն ավարտվել են: Այս պահին գրանցվել է 20.000-ից ավելի մարդ` ինչպես Գյումրիից, այնպես էլ այլ համայնքներից: Պետք է ասել, որ այլ երկրներից մարդիկ նույնպես ցանկություն են հայտնել մասնակցելու Հռոմի Ֆրանցիկսոս Սրբազան Քահանայապետի կողմից մատուցվելիք Սուրբ Պատարագին և ցուցակագրվել են:
Ովքեր, որ չեն հասցրել մինչև հունիսի 10-ը գրանցվել հրավիրատոմսերի համար` կարող են ներկա գտնվել Սբ. Պատարագին` կանգնելով հրապարակի հարակից տարածքներում: Հրապարակի տարածքում տեղադրված կլինեն մեծ էկրաններ, որտեղից ժողովուրդը հնարավորություն կունենա հետևել Սուրբ Պատարագին»:
Տ. Հովսեփ քհն Գալստյանը խոսելով կազմակերչական աշխատանքների մասին՝ նշեց, որ կա հատուկ հանձնախումբ, որը զբաղվում է պայմանների ապահովմամբ Քահանայապետի այցի համար:
«Սրբազան Քահանայապետը Սբ. Պատարագից հետո հրապարակում իր պապամոբիլով շրջելու է և հայրական օրհնությունն է բաշխելու հավաքված ժողովրդին, ինչպես սովորաբար անում է, թե Սուրբ Պետրոսի հրապարակում և թե այն երկրներում, որտեղ Սրբազան Քահանայապետը հանդիպում է իր ժողովրդին: Եվ ըստ իր սովորության, չի բացառվում, որ կանգնի և զրուցի ժողովրդի հետ, լսի նրանց դժվարությունների, ուրախությունների մասին, որովհետև նա ունի նման սովորություն: Տարբեր երկրներում, ուր որ նա գնում է, ցանկացած պահին նա կարող է կանգնեցնել մեքենան, դուրս գալ և պարզապես շփվել ժողովրդի հետ: Եվ հենց այս անմիջականության, կարիքավորների հանդեպ սիրո պատճառով էլ Պապը հայտնի է՝ որպես «աղքատների Պապ»:
Ըստ Տեր Հովսեփ քհն. Գալստյանի` ժողովուրդը շատ խանդավառ է ու սպասումով լի:
«Անգամ երբ գրանցումը ավարտվել է, մարդիկ գալիս հարցնում էին, թե արդյոք հնարավոր չէ մի քանի հոգու ևս ավելացնել այս ցուցակին: Սպասումը շատ մեծ է, իսկ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս ժողովրդի շնորհակալության և երախտագիտության զգագացումի առկայությունը: Ինչպես, հիշում ենք, 2015թ ապրիլի 12-ին, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ինչպիսի՛ մեծ, պատմական, համարձակ քայլ կատարեց: Նա ևս մեկ անգամ, իր նախորդներից հետո, բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանության փաստի և դրա համընդհանրական ճանաչման անհրաժեշտության մասին, ինչպես նաև իր ուղերձը հղեց հայ ժողովրդին:
Մեր հայ կաթողիկէ համայնքի համար սա յուրահատակ մի առիթ է, հոգևոր նոր լիցք է՝ մեր ջերմեռանդությունը և բարեպաշտությունը նոր ուղղիներով տանելու և էլ ավելի զարգացնելու համար: Սա գնահատանքի, մեզ ճանաչելու և սիրելու մի գեղեցիկ արտահայտություն է: Կարևոր է, նաև, որ Սրբազան Քահանայապետը պետք է այցելի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցի:
Սա Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հոգևոր զարթոնքի չորրորդ կարևոր հանգրվանն է: Առաջինը, իհարկե թեմի ձևավորումն է 1991թ-ին` Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց առաջնորդությունը: Երկրորդ կարևոր հանգրվանը եղավ Սուրբ Հովհաննես Երկրորդ Պապի 2001թ. սեպտեմբերի այցելությունը Հայաստան: Ճիշտ է, Գյումրի չեկավ այն ժամանակ, բայց սա մեր հայկական քրիստոնեական ինքնության, գիտակցության վերարժևորման և դարձյալ Քահանանայապետի հայրական սիրո արտահայտման մի գեղեցիկ առիթ էր: Երրորդ կարևոր հանգրվանը Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու օծումն էր` 2015թ. սեպտեմբերի 24-ին: Այս կարևոր իրադարձությանը Սրբազան Քահանայապետի անունից ներկա գտնվեց կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով իր հետ բերեց Քահանայապետի նամակը: Օծումը շատ կարևոր իրադարձություն էր, որովհետև ի վերջո հայ կաթողիկէ համայնքը ունեցավ իր աթոռանիստ եկեղեցին: Եվ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այս այցելությունը, որպես չորրորդ հանգրվան, ևս մեկ գագաթնակետ է, որը նոր լիցքեր է տալու մեր համայնքին և նոր խանդավառություն է առաջացնելու:
Պետք է ասել, որ այսպիսի մեծ և խանդավառ սպասումը նաև մեր ժողովրդի՝ թե հայ կաթողիկէ և թե հայ առաքելական համայնքների միասնության արտահայտությունն է, միասնաբար 20.000-ից ավելի մարդ ուզում է ներկա գտնվել այս Սբ. Պատարագին, սատանալ Սրբազան Քահանայապետի օրհնությունը, վայելել նրա հայրական սերը և լսել Նրա քարոզը՝ հոգևորապես հաստանալու և ոգեշնչվելու համար: Կարևոր է, որ այս Սբ. Պատարագին, նախնական տեղեկություններով, ներկա կլինի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ում ներկայությունը և հայրական օրհնությունը ևս կարող է վայելել ներկա հավատցյալների բազմությունը: Այս Սբ. Պատարագին հայ ժողովրդի մեծաթիվ ներկայությունը նաև մեր՝ հայերիս երախտագիտության արտահայտությունը կլինի Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ 2015թ. ապրիլի 12-ի պատմական քայլի համար, որը մի նոր շրջադարձ եղավ հայոց պահանջատիրության և իրավունքների ճանաչման ճանապարհին»:
Սրբազան Քահանայեպետի այցին նախապատրաստվում են նաև Գյումրիի իշխանությունները: Գյումրու քաղաքապետարանը բավական աշխատանք է իրականացրել՝ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ: Բարեկարգվում են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածը և այն փողոցները, որտեղից Սրբազան Քահանայապետը պետք է անցնի: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրույցի ընթացքում ասաց.
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր քաղաքը լինի բարեկեցիկ, հաճելի, մաքուր: Օդանավակայանից մինչև Սախարովի հրապարակ և ապա մինչև Անարատ հղության կուսաստան, ամեն ինչ արված է, Վազգեն Սարգսյան փողոցի ուղղությամբ էլ է ամեն ինչ արված, փորձելու ենք ամեն ինչ հասցնել, որպեսզի քաղաքը պատշաճ տեսքով ընդունի Հռոմի Պապին:
Արարողակարգի հետ կապված՝ հրապարակում լինելու են հատուկ բաժանմունքներ, որոնց մեջ ընդամենը մեկ հատվածում նստատեղեր են տեղադրվելու, երևի 1600 նստատեղ է լինելու` հենց կենտրոնում և մյուս բաժանմունքները լինելու են հրապարակի մյուս հատվածում, որպեսզի ճանապարհ լինի, որ Հռոմի Պապը պապամոբիլով կարողանա շրջել հրապարակում` ժողովրդի մեջ: Հյուրեր, բնականաբար, շատ ենք սպասում, որովհետև գիտեք, որ տարածաշրջանում կաթոլիկներ շատ կան: Այս պահին հրապարակում 22 հազար հոգու տեղավորման խնդիր ունենք: Իսկ այն բնակիչները, ովքեր հնարավորություն չեն ունենա մասնակցել հրապարակում պատարագին` կլինեն էկրաններ տեղադրված, որտեղից ուղիղ եթերով նրանք հնարավորություն կունենան տեսնելու Պատարագը:
Որպես քաղաքապետ, շատ եմ կարևորում, որպեսզի մենք շատ բարձր մակարդակով կարողանանք ընդունել Հռոմի Պապին, քանի որ Հռոմի Պապը ամենաբարձրաստիճան հոգևորականներից մեկն է աշխարհում: Եվ եթե մենք այսօր հյուրընկալում ենք, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա լինի բարձր մակարդակով»:
Հռոմի Սրբազան Պապի պատմական այս այցը պատշաճ կազմակերպելու նպատակով Գյումրու ավագանու հերթական նիստի ժամանակ Քաղաքապետը ավագանուն առաջարկել է այդ օրը նաև գեղեցիկ հրավառություն կազմակերպել:
Հունիսի 24-ի երեկոյան նախատեսվում է համերգ, Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ մենահամերգով հանդես կգա Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի մեներգչուհի Մերի Մկրտչյանը` նախաձեռնությամբ Գյումրիի հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի: Համերգի խորագիրն է՝ «Հոգևոր համերգ՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին»:
Մերի Մկրտչյանի մենահամերգի նպատակն է տոնական դարձնել Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան, և մասնավորապես՝ Գյումրի, նախապատրաստել հաջորդ օրը կայանալիք Սբ. Պատարագին՝ ապահովելով հարուստ հոգևոր մտթնոլորտ:
Լիլիթ Մկրտչյան