• Հունիսը՝ Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքի ամիս.ի՞նչ է պաշտամունքի խորհուրդը

    «Ահա՛ Սիրտը, որը այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ…»


    7 հունիսի, 2016թ.

     

    Հունիս ամսին Կաթողիկէ Եկեղեցում սովորություն կա կատարելու ջերմեռանդական աղոթքներ՝ նվիրված Հիսուսի Սուրբ Սրտին: Այս գեղեցիկ ջերմեռանդությունը սկիզբ է առել Արևմուտքում և մուտք գործել նաև հայ կաթողիկէ համայնքներ: Կատարվում է Սուրբ Հաղորդության երկրպագություն, որի ընթացքում աղոթում են Հիսուսի Սուրբ Սրտին նվիրման աղոթքները, Լիթանիան, այլ աղոթքներ, ընթերցվում են Հիսուսի Սուրբ Սրտի ողորմությամբ տեղի ունեցած բուժումների պատմություններ:

     

    Ի՞նչ է Հիսուսի Սուրբ Սրտի ջերմեռանդությունը:

     

    Ի սկզբանե Եկեղեցին խորին հարգանք է տածել մարդկության նկատմամբ Քրիստոսի զոհաբերական սիրո հանդեպ, որի համար գոյություն են ունեցել տարբեր խորհրդանիշներ: Վաղ միջնադարում այն եղել է Բարի Հովվի կերպարը: Միջին դարերում Քրիստոսի հինգ վերքերի և փշե պսակով թագադրված պատկերի պաշտամունքը: Այդ ժամանակ էլ ի հայտ եկավ Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը: Այս ջերմեռանդության հետքերը հիմնականում կարելի է հայտնաբերել Սաքսոնիայի XIII դարի ցիստերցիան միանձնուհիների վանքերում, միջին դարերի սրբերի կենսագրություններում, դոմինիկյան, ֆրանցիսկյան և կարտեզյան միաբանությունների գործունեության մեջ: Սակայն եկեղեցական կյանքում այն ուշագրավ երևույթ դարձավ արդեն նոր ժամանակներում՝ 18-րդ դարից սկսյալ:

     

    Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքը գործածվել է այսպես կոչված «նոր բարեպաշտության» հետևորդների կողմից (որն ընդունված է եղել Նիդեռլանդների «Համակեցական կյանքի եղբայրների» համայնքներում), աջակցություն գտել XVI դարում առաջացած նոր կրոնական միաբանություններում և Եվրոպայում հայտնի ճգնավոր ուսուցիչների կողմից:

     

    Լյուդովիկոս XIV-ի ժամանակաշրջանի ֆրանսիացի քահանա Սբ. Ժան Էդը՝ հոգևոր առաջնորդների թույլտվությամբ, առաջին անգամ 1672թ. մատուցեց Հիսուսի Սրտին նվիրված Պատարագ: Հենց նա էլ հանդիսանում է Ֆրանսիայում Հիսուսի Սրտի պաշտամունքի ավանդույթի հիմնադիրը:

     

    Հիսուսի Սրտի պաշտամունքի տարածման գործում մեծ դեր են խաղացել միանձնուհի Մարգարիտա Մարիա Ալաքոքի մարգարեությունները (կանխատեսությունները): Հիսուսը նրան հայտնվում է 1675թ. Տիրոջ Մարմնի տոնին և պատվիրում է հաստատել Նրա Սրտին նվիրված մի տոն: Քույր Ալաքոքին աջակցում է իր խոստովանահայր հիսուսյան Հայր Կլոդա դե լա Կոլոմբեն: 1684թ.ին լույս տեսավ Կոլոմբեի գիրքը՝ Մարգարիտա Մարիայի մարգարեությունների նկարագրությամբ, իսկ 1691թ.՝ Մարգարիտա Մարիայի կենսագրությունը, որը պատկանում էր հիսուսյան Ժաննա Կրուազեի գրչին: 1698թ. Ալաքոքը գրեց և հրապարակեց իր սեփական գիրքը՝ Հիսուսի Սուրբ Սրտի պաշտանմունքի մասին: Դրանք բոլորն էլ մեծ հեղինակություն էին վայելում ֆրանսիական հոգևորականության շրջանում:

     

    Հիսուսի Սրտի պաշտամունքը ընդլայնվում էր, ի հայտ էին գալիս բազմաթիվ եղբայրություններ՝ նվիրված «Հիսուսի Սրտին»: Առաջին հրապարակային երկրպագությունը Հիսուսի Սրտին և համընդհանուր նվիրվածությունը արձանագրվել է 1720թ.: Դա տեղի է ունեցել Մարսելում՝ ժանտախտի համաճարակի ժամանակ: Սակայն Հռոմը դանդաղեցնում էր համապատասխան տոնի ընդունումը:

     

    Վերջապես Կղեմես  XIII Պապը այդ տոնը հաստատեց Ֆրանսիայում՝ 1765թ.: 1794թ. Պիոս VI Պապը իր «Auctorem fidei» կոնդակի մեջ պաշտպանեց Հիսուսի Սրտի պաշտամունքը յանսենականների հարձակումներից, ովքեր պնդում էին, որ թույլատրելի չէ մարմնավոր սրտի պաշտամունքը (երկրպագությունը):

     

    1856թ. Պիոս IX Պապը հռչակեց Հիսուսի Սրտի պաշտամունքը՝ որպես պարտադիր տոն բոլոր կաթողիկէ եկեղեցիների համար:

     

    1899թ. հունիսի 11-ին Լևոն XIII Պապը ամբողջ մարդկությանը նվիրաբերեց Հիսուսի Սուրբ Սրտին՝ դա համարելով իր ամենալավ գործը: Այդ նվիրաբերության համար նրան խնդրել էր Սուրբ Սրտի միանձնուհի Մարիան՝ Բարի Հովիվ միաբանությունից՝ պնդելով, որ դա Տեր Հիսուս Քրիստոսի խնդրանքն է իրեն: Նա մահացավ հենց Սուրբ Սրտի տոնի օրը: Լևոն XIII-րդը նաև հաստատեց Հիսուսի Սուրբ Սրտի Պատարագ, որը այսուհետ պետք է մատուցվեր յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրերին:

     

    XX-րդ դարի երկրորդ կեսին՝ Եվրոպային բաժին հասած ծանրագույն ժամանակաշրջանում, Հիսուսի Սրտի պաշտամունքը դարձավ առավել հայտնի: Այդ ժամանակ էլ սրբացվեցին Հիսուսի Սրտի պաշտամունքի նախակարապետները՝ քույր Մարգարիտա Մարիա Ալաքոքը՝ 1920թ., Հայր Ժան Էդը՝ 1925թ., իսկ Հայր Կլոդ դե լա Կոլոմբեն դասվեց երանելիների շարքը՝ 1992թ.: Պիոս XII Պապը 1956թ.-ին մի հատուկ կոնդակ նվիրեց Հիսուսի Սուրբ Սրտի պաշտամունքին:

    Հիսուսի Սրտի պաշտամունքի դեմ ընդվզումներ եղան յանսենականների ճամբարում (Կաթողիկէ Եկեղեցու XVII-XVIII-րդ դարերի ընդդիմադիր շարժում, որը ի վերջո բաժանվեց նրանից) և Լուսավորության դարաշրջանի աստվածաբան-ռացիոնալիստների միջև:

     

    Արդեն XX-րդ հարյուրամյակում Հիսուսի Սրտի պաշտամունքի գործնական դրսևորմանն ավելի խոր հիմնավորում փորձեց տալ ականավոր գերմանացի աստվածաբան հիսուսյան Կառլ Ռահները: Նա ընդգծեց «Սրտի» խորհրդանշական իմաստը՝ որպես  նախա-Խոսք, նախա-Հասկացություն, որով  հիմնավորվում են Սուրբ Գիրքը և հին եկեղեցական պրակտիկան, ինչպես նաև՝ որպես անձի անհատականության կենտրոն, մարդկային «ես-ի» կենտրոնացում:

     

    Այսպիսով, կարող ենք խոսել տվյալ պաշտամունքի աստվածաբանա-մարդաբանական հիմունքների մասին: Տոնի ծիսական տեքստերը ընդգծում են Հիսուսի սրտին նմանվելու անհրաժեշտությունը, իսկ նախաբանը մատնանշում է գեղարդով խոցված Հիսուսի Սիրտը՝ որպես Մկրտության և Սբ. Հաղորդության խորհուրդների լուսավորող շնորհի աղբյուր, առանց որի անհնար է Փրկությունը: ժամանակակից եկեղեցական օրացույցում Հիսուսի Սրտին, բացի հիմնական տոնից, նվիրվում են ամսվա յուրաքանչյուր առաջին ուրբաթը և ամբողջ հունիս ամիսը:

     

    Սուրբ Սրտի տասներկու խոստումները

     

    Գոյություն ունի Հիսուսի Սուրբ Սրտի տասներկու խոստումների մի ցանկ, որի կազմողի անունը հայտնի չէ, բայց, ըստ ավանդության, այդ ցանկը հիմնված է Փրկչի կողմից Սուրբ Մարգարիտա Մարիա Ալաքոքին տրված հայտնությունների վրա: Այդ խոստումների տեքստը վստահելի է, քանի որ դրանցում արտահայտված են սրբուհու գրառումները:

     

    Ահա և ցանկը, որին մենք ավելացրել ենք հղումներ սուրբ Մարգարիտա Մարիայի տեքստերից.

     

    1.Իմ Սուրբ Սիրտը պաշտողներին Ես՝ համաձայն նրանց կյանքի հանգամանքներին, տալիս եմ անհրաժեշտ շնորհներն ու օգնությունը (Նամակ №141):

    2.Նրանց ընտանիքներում Ես կհաստատեմ ու կպահպանեմ խաղաղություն (Նամակ №35):

    3.Ես կմխիթարեմ նրանց ցանկացած վշտի մեջ (Նամակ №141):

    4.Ես նրանց համար կլինեմ ապահով ապաստան, հատկապես մահվան ժամանակ (Նամակ №141):

    5.Ես առատ օրհնություններ կբաշխեմ նրանց բոլոր աշխատանքներին և նախաձեռնություններին (Նամակ №141):

    6.Մեղավորները Իմ Սրտի մեջ կգտնեն անսահման ողորմածություն (Նամակ №132):

    7.Շնորհիվ բարեպաշտության այս ձևի՝ գաղջ (անտարբեր) հոգիները կդառնան նախանձախնդիր (Նամակ №132):

    8.Նախանձախնդիր հոգիները արագ կհասնեն կատարելիության բարձրունքների (Նամակ №132):

    9.Իմ օրհնությունը կլինի այնտեղ, որտեղ կպաշտեն Սուրբ Սրտի կերպարը (Նամակ №135):

    10.Բոլոր նրանց, ովքեր աշխատում են հոգիների փրկության համար, Ես տալիս եմ ամենակարծր հոգիները դարձի բերելու շնորհ (Նամակ №141):

    11.Նրանց անունները, ովքեր տարածում են բարեպաշտության այս ձևը, ընդմիշտ կդրոշմվեն Իմ Սրտում (Նամակ №141):

    12.Բոլոր նրանց, ովքեր ինն ամիս շարունակ առաջին ուրբաթ օրերին կհաղորդվեն Իմ Մարմնին և Արյանը, Ես տալիս եմ հավատը մինչև վերջ պահպանելու և հավիտենական փրկություն ձեռք բերելու շնորհ (Նամակ №86):

     

    Հաղթանակի խոստումը

     

    Սուրբ Սրտի հայտնությունը ավարտվում է Նրա թշնամիների նկատմամբ վերջնական հաղթանակի ոգեշնչող խոստումով:

    Մարգարիտա Մարիան բողոքում էր, որ բարեպաշտության այս ձևի տարածման ճանապարհին նա չի հասկացվել, ծաղրվել է, հանդիպել է խոչընդոտների, ոմանք էլ նրան համարել են խաբեբա կամ մոլագար: Այդ ժամանակ էլ Հիսուսը սփոփել է նրան՝ մարգարեական խոսքերով.«Մի՛ վախեցիր, Ես կթագավորեմ՝ չնայած Իմ  թշնամիների ջանքերին»: Սուրբը իր ինքնակենսագրականի մեջ պարզաբանում է. «Դա ինձ շատ մխիթարեց, քանի որ, ես Նրան թագավոր տեսնելուց  բացի ոչինչ չեմ ուզում: Դրա համար էլ ես կպաշտպանեմ Նրա գործերը, ես հավատում են միայն Իրեն»: Մյուս նամակներում տեսիլքի ականատեսը ընդգծում է ստացված խոստումը. «Նա կթագավորի՝ չնայած Իր թշնամիներին: Նա կլինի մարդկային սրտերի  Աստված և Տեր»: «Աստվածային Սիրտը կթագավորի, չնայած բոլոր նրանց, ովքեր հակառակվում են Իրեն: Սատանան և իր բոլոր հետևորդները կանարգվեն, կանիծվեն»:

     

    Իր Սուրբ Սիրտը ներկայացնելով Սբ. Մարգարիտա Մարիա Ալաքոքին՝ Հիսուսն ասաց. «Ահա՝  Սիրտը, որն այդքան սիրեց մարդկանց և չխնայեց իրեն մինչև վերջ…..Իսկ փոխարենը մեծամասնության կողմից այն ստանում է միայն ապերախտություն….հարգանքի բացակայություն և սրբապղծություն, անտարբերություն և արհամարհանք…»: Իր չորս տեսիլքներում սբ. Մարգարիտա Մարիա Ալաքոքին Հիսուսը թողեց Իր խոստումները բոլոր նրանց, ովքեր կպատվեն Իր Սուրբ Սիրտը:

     

    Պատրաստեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց