«Հավատ և լույս»-ի ճամբարը Սևանում
Օգոստոսի 24-30-ը Սևանում սահմանափակ կարողություններով երեխաների համար ճամբար էր կազմակերպել «Հավատ և լույս» աղոթող քրիստոնեական համայնքների միությունը: Այս տարի ճամբարն ունեցել է 62 մասնակից, որից 19-ը՝ սահմանափակ կարողություններով երեխաներ: Ճամբարի նպատակը համատեղ հանգիստն է՝ զուգակցված վերականգնողական ու բուժական միջոցառումների հետ՝ լող՝ առողջական հատուկ վարժություններով, զարգացողական խաղեր, ստեղծագործական հմտությունների զարգացում և, իհարկե, աղոթք: Ճամբարի նպատակը ներդաշնակ է մարդու հոգևոր և հոգեկան զարգացմանը նպաստելու «Հավատ և լույս» համայնքների միության ընդհանուր նպատակին: Այս տարվա համար համայնքների միության ընդհանրական առաջնորդող սկզբունքն է՝ լինել «ուրախության միսիոներներ»:
«Հավատ և լույսի» կամավորականները ջանում են Աստծո հանդեպ վստահություն, ուրախություն և լավատեսություն հաղորդել սահմանափակ կարողություններով երեխաներին, զարգացնել նրանց միջև ընկերական ջերմ հարաբերություններ, որպեսզի փարատվի միայնության կամ լքվածության զգացումը և վստահություն ծնվի ապագայի հանդեպ: Իսկ այս ամենը լճափին, արևի շողերի ներքո, աղոթքներով ու ժպիտներով շատ ավելի արդյունավետ է լինում:
«Հավատ և լույս»-ը քրիստոնեական միջհարանվանական աղոթող համայնքների միջազգային միություն է, որը գոյություն ունի 80 երկրներում, 1500 համայնքներով, իսկ համայնականները պատկանում են տարբեր քրիստոնեական հարանվանությունների՝ կաթողիկե, ուղղափառ, անգլիկան, բողոքական և այլն: «Հավատ և լույս» առաջին համայնքը հիմնվել է 1971թ. Լուրդում, աշխարհականներ Ժան Վանիեյի և Մարի Հելեն Մաթիոյի կողմից: Առաջին համայնքը Հայաստանում հիմնվել է 1997թ. Գյումրիում, որտեղ հետագայում ավելացան ևս երկուսը: Համայնքի անդամները հանդիպում են ամեն ամիս, աղոթում, միմյանց հետ կիսում իրենց ապրումները, հավատքի վկայությունները, շփվում միմյանց հետ, կազմակերպում ճամբարներ և այլ միջոցառումներ: Հանդիպումներին ներկա են լինում և՛ սահմանափակ կարողություններով երեխաներ և՛ նրանց հարազատները: Միության ընդհանրական Հրովարտակում (Charter) ամրագրված է.«Հավատը և լույսը հիմնված է այն համոզման վրա, թե սահմանափակ կարողությամբ յուրաքանչյուր անձ լիարժեք անձ է՝ մարդկային էակի բոլոր իրավունքներով՝ նախևառաջ սիրված լինելու, որպես այդպիսին՝ իր ընտրություններով հանդերձ, հարգված լինելու իրավունքներով: Հավատ և լույսը հավատում է, որ յուրաքանչյուր անձ՝ սահմանափակ կամ լիարժեք կարողություններով, հավասարապես սիրված է Աստծո կողմից և որ Հիսուս ապրում է նրա մեջ», (Charter II, 1):