Բարի գալու՛ստ, Սրբազան Քահանայապետ:
16 մայիսի, 2016թ.
2016թ. մայիսի 13-ին ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստան կատարելիք հովվական այցի ժամանակացույցը և մանրամասները, որոնք ներկայացնում ենք ըստ այդ հրապարակման:
Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Հայաստանի Հանրապետություն այցը կմեկնարկի 2016թ. հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին: Մայր Տաճարում տեղի կունենա բարիգալստյան արարողությունը:
Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կավարտվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
Հունիսի 25-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Այնուհետև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ կմեկնի Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Վարդանանց հրապարակում:
Գյումրիում Հռոմի Պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար:
Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի Սրբազան Քահանայապետը կմասնակցի էկումենիկ արարողության և Խաղաղության համար միասնական Աղոթքի:
Հունիսի 26-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի Սրբազան Քահանայապետը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ Եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:
Նույն օրը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Երևանից կմեկնի Հռոմ: