«Ձեր ինքնությունը, ձեր քրիստոնեական ապրումը և պատկանելությունը մեզ համար մեծ արժեքներ են, մեծ հարստություն»
2 մայիսի, 2016թ.
2016թ.ապրիլի 30-ին Թորոսգյուղի «Աղաջանյան» հայ կաթողիկէ ճամբարում տեղի ունեցավ Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվան ընդառաջ այս տարվա երրորդ նախապատրաստական հանդիպումը՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքների 250-ից ավելի երիտասարդների մասնակցությամբ:
Հանդիպման սկզբում երիտասարդներին ողջունեց հայկական խմբի ուխտագնացության կազմակերպչական հանձնախմբի նախագահ, Փանիկի ժողովրդապետ Գերպ Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը: Վարդապետը ողջույնի խոսքից հետո երիտասարդներին բացատրեց Ողորմության ուղեգիծը: Նա երիտասարդներին մանրամասն ներկայացրեց հինգ հանգրվան` ստանալու համար կատարյալ ներողություն՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցում՝ Ողորմության ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում (2015թ. դեկտեմբերի 8-ից 2016թ. նոյեմբերի 20): Երիտասարդներին բաժանվեցին այդ հանգրվանների մասին պատմող ուղեցույցներ: Ըստ այդմ, հանգրվանները հետևյալն են.
Առաջին հանգրվան.Սուրբ Դուռը
Սուրբ Դուռը շնորհի հնարավորություն է, որն Աստված պարգևում է ուխտավորին` վերանորոգելու իր հարաբերությունները Աստծո և մերձավորի հետ:
Եկեղեցու Սուրբ Դռան բացումը Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի ձեռամբ տեղի ունացավ 2015թ-ի դեկտեմբերի 9-ին` Աստվածամոր Անարատ Հղության տոնին:
Երկրորդ հանգրվան. Ինչպե՞ս ստանալ լիակատար ներում
Աղօթել Տերունական աղօթքը և Հավատո հանգանակը` հաստատելու համար ուխտավորի հավատքը, աղօթել Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի դիտավորության համաձայն, ապա դարձյալ Տերունական աղօթքը և «Ողջույն Քեզ, Մարիամ»-ը, վերջում` «Փառք Հոր և Որդւոյ»:
Երրորդ հանգրվան. Խոստովանություն
Զղջալով կատարած մեղքերի համար` մոտենալ խոստովանահորը, խոստովանել մեղքերը` ստանալու համար մեղքերի թողություն և ի սրտե հաշտվելու Հայր Ատծո և մերձավորի հետ:
Չորրորդ հանգրվան. Սբ. Հաղորդություն
Մասնակցել Սուրբ Պատարագի` Գյումրիի հայ կաթողիկէ Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում և հաղորդվել Տիրոջ Մարմնին ու Արյանը:
Հինգերորդ հանգրվան. Ողորմածությամբ ապրել քրիստոնեական կյանքը
Պետք է լինենք ողորմած, ինչպես Հայր Աստված Ողորմած է, ըստ Ղուկաս ավետարանի խոսքերի, որոնք Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընտրեց որպես Ողորմության հոբելյանական տարվա կարգախոս: Ինչպե՞ս կարող ենք ապրել ողորմածությամբ մեր առօրյա կյանքում: Սրբազան Քահանայապետը յուրաքանչյուրիս հրավիրում է կատարել ողորմածության հետևյալ յոթ մարմնավոր և յոթ հոգևոր գործերը:
Հ. Գառնիկը հավաքի մասնակիցներին ներկայացրեց մարմնավոր ողորմության յոթ գործերն ու հոգևոր ողորմության յոթ գործերը:
Երիտասարդական հավաքը շարունակեց Արժ. Տեր Հովսեփ քհն. Գալստյանը՝ ներկայացնելով Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի 1985թ. «Dilecti Amici» նամակը` ուղղված երիտասարդությանը, որն իր մեջ պարունակում է առանցքային ուղերձներ երիտասարդության համար, որոնք հրավիրում են լրջորեն խորհրդածել: Տ. Հովսեփի խոսքին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Տ. Հովսեփ, Թորոս, 30 ապրիլի 2016, Power Point` Presentation WYD 1.
Տ. Կարեն սրկ. Աղեկյանը պատմեց 2011թ. Մադրիդում կազմակերպված ԵՀՕ-ի փորձառության, դժվարությունների և ուրախությունների մասին:
Ապա Հայր Գառնիկը երիտասարդներին հրավիրեց պատմել այս ամիսներին իրենց համայնքներում երիտասարդական միությունների գործունեության, ԵՀՕ-2016 պատրաստության մասին: Երիտասարդները խանդավառությամբ պատմում էին իրենց առօրյայի, իրենց պատկերացումների ու ակնկալիքների մասին: Կարելի էր նկատել, որ նման միջոցառումները նրանց դարձնում են ավելի միասնական ու նպատակասլաց, ավելի գիտակից միասնական առաքելության խորհրդին ու նպատակին:
Երիտասարդների համար մեծ ուրախություն էր, որ իրենց հետ հանդիպելու եկավ և իր հայրական խոսքն ասաց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը: Նա խոսեց ինչպես Լեհաստան այցի մասին, այնպես էլ 2016թ. հունիսի 24-26-ը Ֆրանցիսկոս Սրբազան Պապի Հայաստան այցելությանը պատրաստվելու և կամավորական աշխատանք ծավալելու մասին:
«Սիրելի՛ երիտասարդներ, շնորհակալ եմ ձեզ, որ այսօր բարի տրամադրություն ունեք: Ձեր ինքնությունը, ձեր քրիստոնեական ապրումը և պատկանելությունը մեզ համար մեծ արժեքներ են, մեծ հարստություն: Ձեզ հետ միասին կարող ենք հասնել մեծ հաջողության: Քանի որ, հայրենիքը միայն հողը չէ, այլև ժողովուրդն է, այն ազգն է, որ ապրում է առ այսօր, հետևաբար հայրենիքը հենց դուք եք: Քրիստոնեկան ապրումը մեզ համար քաջալերանք է, որպեսզի դուք մեզ առաջնորդեք, և մեր ծրագրերը կարողանանք ավելի լավ և ձեզ հետ միասին իրագործել Եկեղեցու համար, ազգի և մեր ընտանիքների համար, որովհետև ձեզանից ամեն մեկը մի ճրագ է` լույս, որ, իր ընտանիքից սկսած, ինքը կարող է լուսավորել և լույս տալ իր վարք ու բարքով, իր նկարագրով, իր հավատքով…
Սրանք կետեր են, որոնք շատ կարևոր են, որպեսզի ավելի լավ ընտանիքներ կազմեք ապագայում: Հետևաբար, եթե մենք այսօր, ձեզ այս խոսքերն ենք ասում, ուրեմն հուսով ենք, որ այս սերմը ձեր մտքի մեջ տեղ կգտնի և ձեր յուրահատուկ նկարագրով կկարողանաք զարգացնել այդ…
Ինչպես գիտեք, հունիսին Սրբազան Քահանայապետին կընդունենք Հայաստանում, հուլիսին մենք կգնանք նրա մոտ և սեպտեմբերին դարձյալ նրան կտեսնենք Վրաստանում: Եվ կարող ենք ասել, որ այս ամբողջ ամառը Պապի հետ ենք անցկացնելու: Ուզում եմ, որ ձեզանից ամեն մեկը քիչ թե շատ գաղափար ունենա, թե ինչ կարելի է անել համագործակցության համար, որովհետև մենք կարիքն ունենք զինվորների, որ կկարողանան կազմակերպել և օգնել մեզ: Պետք է ասեմ, որ մենք հյուրեր ենք ունենալու Իսպանիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից, Լիբանանից, նախկին Սովետական երկրներից ու զանազան այլ երկներից՝ ավելի քան երկու հազար մարդ: Հետևաբար մեզ պետք են մարդիկ, ովքեր լեզուներ գիտեն:
Շնորհակալ ենք, թող, որ միշտ այսպես խանդավառ կերպով կարողանանք ամեն հարց ձեզ հետ միասին իրագործել»…
Հանդիպմանը ներկա Երևանի Մխիթարյան դպրեվանքի տեսուչ Հ. Սերոբ վրդ. Ջամուռլյանը համառոտ խոսեց Սրբազան Քահանայապետի այցելության ժամանակ երիտասարդների կամավորական աշխատանքի կազմակերպման և բնույթի մասին:
Հավաքի ընթացքում Գերպ. Հայր Ռաֆայել Կրավչիկը երիտասարդներին բացատրեց Երիտասարդաց համաշխարհային օրվա խորհուրդ հանդիսացող պաշտոնական դրոշի լոգոյի նշանակությունը, որը մեծ պատմություն ունի:
2016թ. Կրակովում կայանալիք Երիտասարդաց համաշխարհային օրվա լոգոն արտացոլում է Խաչից բխող Փրկության և Աստծո անսահման Ողորմության ճշմարտությունները: Նշանները խոսում են այդ մասին: Միջոցառման բուն էությունը Աստծո եւ մերձավորի հետ հանդիպելն է:
Խաչի խորհրդանշում է Հիսուսին, կլոր պատկերը՝ երիտասարդներին:
Կարմիր սահմանագիծը Լեհաստանի աշխարհագրական տարածքն է: Այս տարվա Երիտասարդաց Համաշխարհային օրերի թեման «Աստծո ողորմությունն է»:
Վերջերս երիտասարդները ձայնագրել են ԵՀՕ-2016 օրհներգի հայերեն տարբերակը՝ իրենց կատարմամբ: Այս անգամ էլ 250-ից ավելի երիտասարդներ միաշունչ երգեցին օրհներգը՝ ավելի ոգեշնչված ու գեղեցիկ կատարմամբ:
Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը երիտասարդների հետ խոսեց «Երիտասարդները՝ որպես առաքյալ Եկեղեցում» թեմայով:
«Սիրելի երիտասարդներ, ես շատ ուրախ եմ, որ մեր Հայ Կաթողիկէ Եկեղեցին մեզ հնարավարություն է ընձեռում պարբերաբար հավաքվելու և խորհելու Երիտասարդաց համաշխարհային օրվա շրջանակներում, այն առաքելության մասին, որ մենք պետք է իրականացնենք: Քանի որ եթե մեկնելու ենք Լեհաստան, սա ինքնին առաքելություն է: Երիտասարդները պետք է նաև ունենան ակտիվ և գործուն մասնակցություն՝ Եկեղեցու առաքելությանը: Երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր առաքելությունը իրականացրեց պատմական Իսրայելի տարածքում, իր քարոզչության կենտրոնը, առանցքը դա Երկնքի առաքելության գաղափարն էր: Մենք ամեն միջոց պետք է օգտագործենք, որպեսզի մտնենք Մեր Հոր Երկնքի Արքայությունը: Մեր Տեր Հիսուս Քրիստոս կարճ ժամանակով էր եկել և նորից պիտի վերադառնար առ Հայր: Ինքը ընտրեց տասներկու առաքյալներին և սովորեցրեց՝ ինչպես պետք է իրականացնեին փրկչագործական խորհուրդը: Եվ գիտենք, որ բոլոր այս առաքյալներն էլ հանուն Քրիստոսի մարտիրոսվեցին: Եվ իրենց մարտիրոսվելով էլ կարողացան իրենց լավագույն վկայությունը տալ Հավատքի: Աստծո ողորմածությամբ, երբ մենք էլ գնանք Լեհաստան պետք է տեսնենք այդ հավատքի վկայությունը, պետք է բերենք և տարածենք մեր համայնքներում: Սիրելի երիտասարդներ, եկեղեցու նպատակն է, օգնել երիտասարդներին, ճանաչել Աստծուն, ծանոթանալ եկեղեցու դավանանքին, երիտասարդներին համախմբել Եկեղեցու շուրջ, ամրապնդել կապը հասարակության և Եկեղեցու միջև, հաղորդ դարձնել քրիստոնեկան ու եկեղեցական արժեքներին: Երիտասարդները այս ամենը իրականացնելու համար պետք է ունենան երեք շատ կարևոր պայմաններ: Առաջինը այն է, որ պետք է ունենանք զորավոր հավատք, պետք է ունենանք հավատքին համապատասխան գործեր, ինչպես նաև պետք է ունենաք հոգևոր գիտելիքներ: Ահա այս երեք հանգամանքները պետք է ունենանք, սիրելի երիտասարդներ, որպեսզի կարողանանք օգտակար լինել Եկեղեցուն…»:
Տեր Նարեկը երիտասարդներին խնդրեց օգնել քահանաներին համայնքներում, խոսեց մի քանի գործնական խնդիրների մասին, որոնք լուծելու համար աշխարհականների օգնությունն է պետք, նվիրյալ աշխատանքը:
Երիտասարդներին ողջունելու համար հրավիրվեց նաև հանդիպմանը ներկա Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Վերապատվելի Լևոնը, ով խոսեց բոլոր երիտասարդներին միավորող նպատակի և քրիստոնեական արժքների մասին: Նա հիշեցրեց Ժողովողի գրքի տողերը՝ ուղղված երիտասարդներին, որոնք կոչ են ուրախանալ երիտասարդության օրերով, լինել ազատ, բայց և չմոռանալ Տիրոջ առաջ դատաստանի կանգնելու օրվա մասին: Ազատությունն օգտագործել պատասխանատվության գիտակցումով, հիշել պարտավորությունը Աստծո առջև և երիտասարդության օրերը ապրել աստվածահաճո կյանքով: Իր ուշագրավ ու խանդավառ խոսքի վերջում Վերապատվելին շնորհակալություն հայտնեց հրավերքի համար և իր ուրախություն հայտնեց, որ ավետարանական համայնքի երիտասարդների խումբը (մոտ մեկ տասնյակ երիտասարդ) ևս միացել է դեպի Կրակովի ուխտագնացության մեկնող հայ կաթողիկէ տարեկիցներին:
Հանդիպման վերջում երիտասարդներին հնարավորություն տրվեց խոստովանելու քահանաների մոտ, ապա Արժ. Տեր Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը մատուցեց Սուրբ Պատարագ, որից հետո Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը երիտասարդներին օծեց Լեհաստանից բերված Ողորմության Սուրբ Յուղով:
Հաջորդ հանդիպումը դարձյալ Թորոսի ճամբարի տարածքում կկազմակերպվի այս ամսվա ընթացքում:
ԵՀՕ-2016 օրհներգի հայերեն ձայնագրությունը՝ հայ երիտասարդների կատարմամբ.