«Երբեք չուրացանք Քրիստոսին և գերադասեցինք անցնել Քրիստոսի խաչի այն ճանապարհով, որը տանում է դեպի հավիտենականություն»:
25 ապրիլի, 2016թ.
2016թ. ապրիլի 24-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի: Ներկա հավատացյալներին իր խոսքն ուղղելով՝ Տեր Գրիգորն ուշադրություն հրավիրեց Սուրբ Խաչի երևման տոնի և ապրիլի 24-ի խորհուրդների վրա:
«Սիրելի հավատավոր ժողովուրդ, Ամեն տարի՝ Ս. Զատկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը, մեր երանաշնորհ հայրապետների տնօրինության համաձայն Հայ Եկեղեցին հիշատակում է Սուրբ Խաչի երևման տոնը՝ մեկ անգամ ևս հիշելով Տիրոջ չարչարանքները, նրա խաչելությունը, և խաչի վրա նրա թափած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը: Այս տոնը պատմական մի դեպքի հիշատակությունն է:
Կյուրեղ Երուսաղեմացի հայրապետի օրոք, օրվա երրորդ ժամին (ժամը 9–ին) երկնքում երևում է Փրկչի խաչի նշանը՝ տարածվելով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Այս դեպքին ականատես են լինում ոչ միայն Երուսաղեմում բնակվող քրիստոնյաները, այլև տարբեր դավանանքներին ու կրոններին պատկանող մարդիկ: Խաչի պայծառ երևումից անգամ արեգակն է մթագնում: Բոլորը շտապում են եկեղեցի, ի խորոց սրտի աղոթում առ Աստված՝ գոհություն հայտնելով Բարձրյալին՝ այս մեծ շնորհին արժանացնելու համար: Երկնային հրաշքի շնորհիվ շատեր հավատում են Հիսուսին, մկրտվում սուրբ Կյուրեղի ձեռքով՝ անդամագրվելով Քրիստոսի Եկեղեցուն: Այս դեպքի առթիվ Կյուրեղ հայրապետը մի նամակ է գրում Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, որը Մեծն Կոստանդիանոսի որդին էր: Նամակում սուրբը պատմում է Երուսաղեմում խաչի երևման մասին՝ հորդորելով, որ վերջինս անհողդողդ մնա իր քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ, ինչպես նաև հավատարիմ՝ նիկիական դավանությանը: Այս թուղթը Ե դարում թարգմանվել է հայերեն և ընթերցվում է տոնի օրն առավոտյան ժամերգության ավարտին կատարվող անդաստանից առաջ:
Եվ այսքան տարիներ հետո, այնուամենայնիվ, շատերի մոտ հարց կարող է ծագել՝ ի՞նչ է խաչը քրիստոնյաներիս համար, և ո՞րն է նրա նշանակությունը: Խաչը Հռոմեական կայսրության ժամանակ մահապարտներին անարգելու և նախատելու համար էր: Խաչելությունը ոչ միայն անպատվաբեր վախճան էր համարվում, այլև հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային և դաժան պատիժներից մեկն էր: Դատապարտյալին մերկ գամում էին խաչին՝ ենթարկելով զանազան մարմնական խոշտանգումների: Եվ խաչյալը տանջվում էր, արևի կիզիչ ճառագայթներն այրում էին նրա գլուխը, անբնական վիճակից մարմինն ուռչում էր, վերքերը բորբոքվում էին՝ պատճառելով անտանելի ցավեր: Մահապարտը երկար տանջվելուց հետո ավանդում էր հոգին: Այդ ժամանակ տախտակներից շինված այդ գործիքը մահվան խորհրդանիշն էր: Հին Ուխտում էլ կարդում ենք. «Անիծված է նա, ով կախված է փայտից» (Բ Օր. ԻԱ 23), բայց մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոս խաչի վրա հեղած իր թանկագին արյամբ կենաց և օրհնության միջոց դարձրեց այն «մեզ վերստին գնելով օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար» (Գաղ. Գ 13):
Աստվածորդին միացավ խաչափայտին՝ սրբագործելով այն և մեզ տալով «զէնն յաղթութեան» ընդդեմ սատանայի ու նրա խաբկանքների: Եթե մինչև Քրիստոս խաչն անարգանքի և նախատինքի նշանն էր, ապա Տիրոջ խաչելությամբ նրա մեջ դրվեց կյանքի խորհուրդը, և մարդ արարած հնարավորություն ստացավ նոր արարած լինելու. «Եթե մեկը Քրիստոսի մեջ է, ապա նա նոր արարած է» (Բ Կորնթ. Ե 17): Քրիստոս խաչի վրա ներեց մեզ, մեր մեղքերի պարտամուրհակը վերացրեց մեջտեղից՝ գամելով այն խաչափայտին:
Մարդկության փրկության համար մարմնացած Աստված խաչվեց, թաղվեց, բայց երրորդ օրը հրաշափառապես հարություն առավ մեռելներից՝ քանդելով մահվան կապանքները: Այո՛, հարություն առավ Տերը, որովհետև Լույսը չէր կարող գերեզմանի մթության մեջ մնալ: Եվ այս իրողությունը նկատի ունենալով է, որ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Դավանում եմ Խաչը, քանզի գիտեմ Հարությունը»: Հետևաբար, խաչը մեզ համար հույսի, սիրո, հաղթանակի և փրկության նշանն է, որի վրա Աստվածորդին պարտության մատնեց սատանային` մեր առաջ բացելով դրախտի դուռը, որը մինչ այդ փակված էր մեր նախածնողներ Ադամի ու Եվայի անհնազանդության պատճառով: Հիսուս խաչի վրա ցույց տվեց իր անհուն սերն ու անբավ ողորմածությունն ադամորդիներիս նկատմամբ: Միով բանիվ՝ Տերն իր փրկագործության խորհրդով խաչը վերածեց հաղթության նշանի: Եվ այս գիտակցությամբ ու խոր համոզմամբ է որ քրիստոնեության մունետիկ Պողոսն ի լուր ամենքի ազդարարում է. «Քա՛վ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով» (Գաղ. Զ 14):
Մի ճանապարհ, որ անձուկ ու դժվար է, քարքարոտ ու փշոտ, բայց որի վերջնական հանգրվանը Տիրոջ խոստացած երկնային արքայությունն է: Սուրբ խաչի երևման տոնի պարտավորեցնող պատգամն է, որ խաչակնքումը մեզ համար ոչ թե ձևական ու մեխանիկական մի շարժում լինի, այլ ամեն անգամ տյառնագրելիս մի պահ անդրադառնանք այն մեծ ինքնազոհությանը, որ Աստված իրականացրեց խաչի վրա մեր փրկության համար:
Տեր Գրիգոր ավ. քհն Մկրտչյանը իր քարոզի վերջում անդրադարձավ նաև 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:
«Սիրելի՛ հավատացյալներ, այս տարի Երևման Խաչի տոնին համընկնում է նաև դարիս մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը, որն արդեն 101 տարի է, ինչ ամբողջ աշխարհի առաջադեմ մարդկությունը նշում որպես Հայոց Եղեռն: Օսմանյան կայսրությունում այդ ջարդը կազմակերպեցին առաջին հերթին, որովհետև մենք երբեք չուրացանք Քրիստոսը և գերադասեցինք անցնել Քրիստոսի խաչի այն ճանապարհով, որը տանում է դեպի հավիտենականություն: Ինչպես գիտեք, հայ Առաքելական եկեղեցին միլիոն ու կես այդ անմեղ զոհերին հռչակեց, որպես սրբեր, որոնք արդեն իսկ բարեխոս են մեր բոլորի համար»:
Սբ. Պատարագից հետո Գյումրիի հայ կաթողիկէ ժողովրդապետության տիկնանց և երիտասարդաց միությունների անդամներն այցելեցին Շիրակի մարզի Ջաջուռ համայնքից 3 կմ արևելք գտնվող «Հերհերի» ձոր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերին: Հերհերի ձորը որը ժողովրդին առավել հայտնի է «Ջարդի ձոր» անվամբ, ուր 1915-1918 թթ. դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները:
Լիլիթ Մկրտչյան