• «Կարիտասի գործերը Եկեղեցու գործերն են».Ֆրանցիսկոս Պապի խոսքը՝ Իտալիայի Կարիտասին

    «Հարուցյալ Քրիստոսի ներկայության հանդեպ լիակատար վստահությամբ դուք կկարողանաք առաջ գնալ անվախ…»


    22 ապրիլի, 2016թ.

     2016թ. ապրիլի 21-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանի Սբ. Պողոս VI-ի դահլիճում հանդիպել է Իտալական Կարիտասի անձնակազմի հետ: Իր խոսքի սկզբում Քահանայապետը հիշեցրել է, որ 45 տարի առաջ Պողոս VI Քահանայապետի օրհնությամբ Իտալիայում իր գործունեությունը սկսեց Կարիտասը:

     

    Նա խոսել է Իտալական Կարիտասի և ընդհանրապես Կարիտասի բոլոր մասնաճյուղերի առաքելության իմաստի ու մարտահրավերների մասին: Ահա մի քանի կարևորագույն հատված.

     

    «…ձեր առաքելությունը, որը միշտ համահունչ է եկեղեցական միությանը և հեռանկարային ծառայությունը, կոչ է անում ձեզ նվիրվել գործնական սիրո՝ յուրաքանչյուր մարդկային էակի նկատմամբ՝ նախապատվություն տալով աղքատներին.ի դեմս նրանց Հիսուս Ինքն է խնդրում ձեր օգնությունն ու մերձավորությունը (Մտթ.25:35-40)»:

     

    Նախորդս՝ Բենեդիկտոս XVI Քահանայապետը ասաց.

    «Հուսով եմ, կկարողանաք լավագույնս մշակել ձեր սկսած գործերի որակը: Դարձրե՛ք դրանք, այսպես ասած, «պերճախոս»՝ նախևառաջ ուշադրություն դարձնելով ներքին նպատակադրությանը (motivation), որ առաջ է մղում ձեր գործերը և այն վկայության որակին, որը բխում է ձեր գործերից: Դրանք հավատքից մղված գործեր են: Դրանք Եկեղեցու գործերն են՝ ամենակարիքավորների հանդեպ ուշադրության արտահայտությունը: Դրանք դաստիարակչական գործեր են, որովհետև օգնում են ամենաաղքատներին՝ աճել իրենց արժանապատվության գիտակցության մեջ, քրիստոնեական համայնքներին՝ հետևել Քրիստոսին, քաղաքացիական հասարակությանը՝ գիտակցաբար ստանձնել իր պարտականությունները» (Խոսք՝ Իտալական Կարիտասին, 2011թ. Insegnamenti VII, 2, [2011], 776):

     

    Մերօրյա մարտահրավերներին ու հակառակություններին դեմ հանդիման, Կարիտասն ունի մի դժվարին և հիմնարար խնդիր՝ գործել այնպես, որ եղբայրասիրական ծառայությունը դառնա մեզնից յուրաքանչյուրի նվիրումը, այսինքն՝ քրիստոնեական ամբողջ համայնքը դառնա եղբայրասիրության սուբյեկտ: Ուրեմն, տեսե՛ք ձեր գոյության և գործունեության հիմնական նպատակը՝ լինել խթան և ոգի, որպեսզի ամբողջ համայնքը աճի եղբայրասիրության մեջ և կարող լինի միշտ գտնելու նոր ուղիներ՝ մոտ լինելու ամենաաղքատներին՝ ունակ տեսնելու և քայլեր անելու այն երևույթների ուղղությամբ, որոնք ճնշում են միլիոնավոր եղբայրների ու քույրերի…ամբողջ աշխարհում:

     

    Հատկապես կարևոր է Կարիտասի կողմից կամավորական աշխատանքի ձևավորումն եւ զարգացումը…Դուք հանձնառություն ունեք նաև խթան հանդիսանալու քաղաքացիական հաստատությունների և պատշաճ օրենսդրությունների մշակման համար՝ հանուն հասարակաց բարիքի և ամենաթույլերի պաշտպանության:

     

    Դեմ հանդիման այն մարտահրավերների, որոնք սերմանում են վախ, չարիք, ֆինանսական մեքենայություններ, միջավայրի այլասերում (degradation), պատերազմ, անհրաժեշտ է տեղում կատարվող ամենօրյա աշխատանքին զուգահեռ զարգացնել նվիրումը՝ կրթելու հարգալից և եղբայրական երկխոսություն՝ մշակույթների և քաղաքակրթությունների միջև և հոգ տանելու Արարչագործության մասին՝ «ամբողջական էկոլոգիա» (integral ecology) ունենալու համար…

     

    Հարուցյալ Քրիստոսի ներկայության հանդեպ լիակատար վստահությամբ և Սուրբ Հոգու պարգևած արիությամբ դուք կկարողանաք առաջ գնալ անվախ և բացահայտել նորանոր հեռանկարներ՝ ձեր հովվական նվիրյալ առաքելության մեջ, արմատացնել կենսակերպ և նպատակադրություն և, այսպիսով, ավելի լավ արձագանքել Տիրոջը, ով մեզ ընդառաջ է գալիս ի դեմս մեր ամենակարիքավոր եղբայրների ու քույրերի: Նա մեր սրտի, մեր համայնքների դռների մոտ է, և սպասում է, որ մեկը արձագանքի իր հստակ և անդադար թակոցներին:

     

    Մեր օրերի բարդ ու շաղկապված աշխարհում թող ձեր գթասրտությունը լինի ուշադիր և տեղեկացված, կոնկրետ և գիտակ, ունակ վերլուծության…անձնական, բայց նաև համայնքային, վստահելի՝ ավետարանական վկայության հանդեպ իր հետևողականությամբ, միևնույն ժամանակ՝ կազմակերպված ու ձևավորված…պատասխանատու, ունակ՝ միություններ կազմելու, նորարարությունների, նրբազգաց և հյուրընկալ, բաց՝ բոլորի առջև, ջանալով հրավիրել փոքրագույններին և աղքատներին՝ գործուն մասնակցություն ունենալու համայնքում, որի գագաթնակետը՝ կիրակնօրյա Սուրբ Հաղորդությունն է: Որովհետև աղքատների ներկայությունը այն զորեղ առաջարկն է, որ Աստված անում է Եկեղեցուն, որպեսզի Եկեղեցին աճի սիրո և հավատարմության մեջ.Քրիստոսի հետ հաղորդությունը Պատարագի ժամանակ պատշաճ և տրամաբանական արտահայտություններ է գտնում Հիսուսի հետ հանդիպումների մեջ՝ ի դեմս մեր փոքրագույն եղբայրների ու քույրերի…»

     

    Zenit գործակալության հրապարակած անգլերեն տեքստից թարգմանեց՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյանը

     

     

Օրացույց

Օրացույց