Անդրանիկ Սբ. Պատարագը՝ վասն խաղաղության:
4 ապրիլի, 2016թ.
2016թ. ապրիլի 3-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ, նորօծ Տ. Հովսեփ քահանա Գալստյանն իր անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցում, օգնականությամբ Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի: Տեր Գրիգորի խնդրանքով այս Սբ. Պատարագը նվիրվեց Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը:
Տ. Հովսեփ քհն. Գալստյանին շնորհվեց նաև իր առաջին քարոզն ասելու հնարավորությունը.
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց:
Արժանապատիվ Տեր Հայր, առաքինազարդ քույրեր, սիրելի հավատացյալներ, շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց անդրանիկ Սբ. Պատարագս մատուցելու Սրբոց Նահատակաց մայր տաճարում:
Այսօր տոնում ենք Նոր կիրակին՝ Սբ. Հարության տոնին հաջորդող առաջին կիրակին: Սբ. Հարությամբ սկսում ենք նորոգված մի կյանք՝ լի մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Սբ. Հարության լույսով և առատ շնորհների նոր լիցքով: Աստվածային նախախնամությամբ և ողորմությամբ ես ևս սկսում եմ մի նոր կյանք, մի նոր ճանապարհ՝ մեր Տեր Հիսուսի հետ միացած՝ որպես մեկն, ում Հիսուս պարգևեց քահանայության շնորհը: Տեր Հիսուս Քրիստոս ինձ՝ թշվառ ու մեղավոր արարածիս, ձրիաբար պարգևեց չվաստակած մի շնորհ՝ կրելու իր Խաչի ծանրության մի մասը, իմ մեղավոր շուրթերով բարբառելու հացի և գինու սրբագործման աղոթքը և ձեռքերս Տիրոջ համար ծառայեցնելու որպես գործիք՝ Իր Մարմինն ու Արյունը մատուցելու Իր ժողովրդին՝ որպես Կատարյալ Զոհ, Որին միանալով բոլորս՝ որպես Տիրոջ Մարմնի անդամներ, եղբայրներ ու քույրեր ի Քրիստոս, զոհաբերվում ենք Հայր Աստծուն:
Հովհաննեսի ավետարանի առաջին գլխի տողերը, որ լսեցիք, ուրույն ձևով ամփոփում են Տեր Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության խորհուրդը և հիշեցնում են մեր հոգևոր կյանքի սկզբի, արմատների մասին: Որպեսզի մշտապես գիտակցությունն ունենանք մեր կյանքում Կենդանի Աստծո ներկայության և ճիշտ հասկանանք Տիրոջ հետ մեր հարաբերության և Սբ. Հարության խորհուրդը, հարկ է, որ հիշենք ակունքը, որտեղից սկսվում է մեր հոգևոր կյանքը, հարկ է, որ վերադառնանք դեպի Սկիզբը: Ճատկի ճրագալույցին ընթերցեցինք արարչագործության պատմությունը, իսկ այսօր Հովհաննես ավետարանիչը մեզ հրավիրում է հիշել և հոգևոր կյանքի սկիզբը:
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ընթերցված հատվածի մի քանի կետերի վրա միայն:
Հովհաննեսը ավետում է, որ Քրիստոս՝ Աստծո Խոսքը, Բանը, Աստված է և որ «Ամեն ինչ նրանով եղաւ…կեանքը Նրանով էր» (Յվհ.1:3): Հովհաննեսը ավետում է ճշմարիտ կյանքի՝ հավիտենական կյանքի մասին, Աստծո ներկայության մեջ ապրելու մասին, այն հարատև երջանկության մասին, որին պետք է ձգտենք: Այդ կյանքը մեզ տվեց և տալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Իր մարդեղությամբ, զոհաբերությամբ և Հարությամբ: Այս անցողիկ իրականությունը չէ կյանքը, այլ՝ այն ինչ մեզ շնորհեց Հիսուս Քրիստոս՝ այսինքն Ինքն Իրեն. կյանքը Քրիստոս Ինքն է, մենք իրապես կապրենք, եթե բնակվենք Իր մեջ, պատվաստվենք Իր մեջ: Ինչպե՞ս.սուրբ խորհուրդների միջոցով, որոնցից ամենավսեմը Սբ. Պատարագն է: Որքա՛ն երջանիկ ենք մենք, որ կարողանում ենք, լողալ այս աշխարհի հոսանքին հակառակ, գալ այս Սուրբ Խորանի մոտ և ընդունել Տիրոջ Մարմինն ու Արյունը և միանալ Նրան: Հնարավոր չէ պատկերացնել ավելի լիակատար երջանկություն:
«Նովաւ կեանք էր, եւ կեանքն էր՝ լոյս մարդկան», շարունակում է ավետարանիչը: Այդ կեանքը՝ Հիսուս Քրիստոս, մարդկանց լույսն է՝ որը լուսավորում է խավարի մեջ և «խաւար նմա ոչ եղեւ հասու»՝ խավարը չհասավ Նրան, այսինքն՝ չնվաճեց, չկլանեց: Հիսուս եկավ աշխարհ՝ որպես Լույս, լուսավորեց խավարի մեջ, այսինքն՝ մեղքի ու մահվան խավարում թաղված աշխարհում և մարդկանց հոգիներում: Եվ խավարի աշխարհը Նրան չհասավ, չկարողացավ պարտության մատնել՝ նույնիսկ Խաչին գամելով: «Քաջալերուեցէ՛ք, ես յաղթեցի աշխարհին», (Յվհ.16:33) ասում է Հիսուս նույն ավետարանում:
Աստծո մարմնացյալ Խոսքը՝ Հիսուս Քրիստոս, «լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ» (Յվհ.1:9): Նա՛ է այն լույսը, որին պետք է հետևենք յուրաքանչյուրս, որպեսզի չկլանվենք խավարից, չտրվենք այս աշխարհի խաբկանքներին, չխաբվենք կեղծ երջանկության խոստումներով, գեղեցիկ տեսքով առաջարկվող գաղափարախոսություններով, չխարխափենք խավարում: Սաղմոսերգուն աղոթում է.«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լուսաւորում է իմ շաւիղները» (Սղմ.118:105): Հիսուս ասում է ավետարանում. «Եթէ մէկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետեւ իր հետ լոյս չունի» (Յվհ.11:9): Այսօր մարդկանց մեծամասնությունը գերադասում է քայլել գիշերով և արհամարհում են Հիսուսի լույսը, ապավինելով իրենք իրենց, իրենց դժգույն ճրագներին:
«Եկաւ իւրայինների մոտ, բայց իւրայինները նրան չընդունեցին».Յվհ.1:11, շարունակում է ավետարանիչը: Աստծո Որդին մարդկանց մոտ եկավ՝ որպես յուրայինների, որպես Իր ժողովրդի, և «սիրեց յուրայիններին, ի սպառ սիրեց նրանց»՝ ծառայելով նրանց, խոնարհվելով նրանց առջև ու լվանալով նրանց ոտքերը, ի վերջո Իր կյանքը մատնելով նրանց համար: Իսկ յուրայինները չընդունեցին այդ անվերապահ, գերագույն Զոհը՝ Կատարյալ սերը:
Գործք Առաքելոց գրքի 5-րդ գլխի այն հատվածում, որն այսօր ընթերցվեց, պատմվում է այն մասին, թե ինչպես էին առաքյալներին ատյանի առջև կանգնեցրել և ուզում էին սպանել այն բանի համար, որ նրանք քարոզում էին Հիսուսի անունով: Իսկ փարիսեցի, օրենսգետ Գամաղիելը, հատուկ շնորհով և խորագիտությամբ զգուշացնում է նրանց բաց թողնել առաքյալներին՝ ասելով, թե եթե այդ խորհուրդը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեն կարող ձախողեցնել, «գուցէ աստուածամարտ էլ դառնաք» (Գծք.5:38-39): Եվ, վախենալով, լսում են նրա խոսքը: Եվ այն խորհուրդը, որը հաստատեց Տերը և շարունակեցին առաքյալները հարատևեց ու հարատևում է, որովհետև մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց: Մարդը չէր կարող իր թշվառ ուժերով հաղթել մահվանը և սկիզբը դնել այն մեծ Խորհրդին, որ Երկնքի Արքայությունն է՝ դեռևս անկատար վիճակում կամ այլ խոսքով՝ Եկեղեցին. «խաւար նմա ոչ եղեւ հասու»:
«Իսկ ովքեր ընդունեցին, նրանց իշխանութիւն տվեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց ովքեր Իր անուանը կհաւատան…նրանք Աստծուց ծնուեցին».Յվհ.1:12, գրում է ավետարանիչը: Մենք՝ Տեր Հիսուս Քրիստոսի անվանը հավատացողներս, կոչված ենք հետևելու միայն ճշմարիտ Լույսին և, Հովհաննես Մկրտչի նման, ամենուրեք վկայելու Լույսի մասին՝ լինելով այդ Լույսի կրողներն ու միացած մնալով Նրան:
Նոր կիրակին, ինչպես շատերը գիտեն, դեռևս 2000թ. ապրիլի 30-ին Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից հռչակվել է որպես Ողորմության կիրակի՝ հիմնվելով Սրբուհի Ֆաուստինա Կավալսկային Տեր Հիսուսի կողմից տրված ուղերձի վրա: Խոստովանած լինելով և այսօր հաղորդվելով՝ կարող եք ստանալ մեղքերի և պատիժների լիակատար ներում:
Աղոթե՛նք, որ այս Ողորմության հոբելյանական տարվա ընթացքում շատերը մաքուր սրտով ու առավել ջերմեռանդորեն աղոթեն, որպեսզի արժանանան Տիրոջ անսահման ողորմությանը:
Աղոթեցե՛ք նաև ինձ համար, որ կարողանամ հետևել իմ հովանավոր սրբին՝ Սուրբ Հովսեփին, ով Աստծո կամքին իր հնազանդությամբ, խոնարհությամբ ու հաստատակամությամբ չվարանեց իր մոտ առնել Սուրբ Կույսին և Հիսուս Մանկանը»:
Յավարտ Սբ. Պատարագի Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը կոչ արեց հավատացյալներին աղոթք բարձրացնել առ Աստված Արցախի սահմաններում խաղաղության վերականգնման և հայ զինվորների համար: