«Քրիստոս յարեաւ ի մեռելոց.օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Ավագ Շաբաթվա երեկոյան բոլոր եկեղեցիներում բացվեցին խորանների վարագույրները, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ`ազդարարելով Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը, իսկ կիրակի օրը մեծ շուքով մատուցվեց Հարության Սուրբ Պատարագը:
Գյումրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ աթոռանիստ տաճարում մարտի 26-ի երեկոյան նախատոնակը սկսվեց երեկոյան ժամերգությամբ, որի ընթացքում եկեղեցու սպասավորները ընթերցեցին հատվածներ Սուրբ Գրքից` արարչագործության պատմությունը, Աբրահամի հավատարմության պատմությունը, մարգարեություններ: Ընթերցումները եզրափակվեցին Դանիելի մարգարեության այն հատվածով, որտեղ պատմվում է երեք մանկանց կրակի ճիրաններից Աստծո զորությամբ փրկվելու մասին: Երեք մանուկները քաջությամբ դավանեցին Աստծո հանդեպ իրենց հավատքն ու վստահությունը, որոնք օրինակ են յուրաքանչյուրիս, որպեսզի հաստատուն մնանք մեր հավատքի մեջ ու հավատարմորեն կատարենք Աստծո պատվիրանները:
Ընթերցված բոլոր հատվածները հավատացյալներին պատրաստում են ընկալելու Հիսուս Քրիստոսի միջոցով մեղքի գերությունից ազատագրվելու և Սուրբ Հարությամբ նոր կյանք սկսելու խորհուրդները:
Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Գրիգոր ավ. Քհն. Մկրտչյանը: Նա իր քարոզում հավատացյալների ուշադրությունը հրավիրեց Հիսուս Քրիստոսի հրաշքների, չարչարանքների ու խաչելության խորհուրդների վրա.
«Սիրելի հավատացյալներ, Հիսուսն ասում է.«Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Երբ Հիսուսը հանդիպում է իր առաքյալներին, առաջին բանը, որ Նա անում է` խաղաղություն է տալիս: Մտնում և ասում է. «Խաղաղություն ամենեցուն…Ես իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»` բոլորիդ: Այն խաղաղությունը, որ պետք է տիրի Ձեր սրտերում և ձեր հոգիներում, որպեսզի դուք չտրտմեք և սպասեք այն ժամին, երբ ես գամ ձեր մեջ, որպեսզի այդ խաղաղությունը ձեր մեջ լիարժեք լինի: Մի՛ վախեցեք, Ավետարանի մեջ շատ անգամ Հիսուսն ասում է իր աշակերտներին, մարդկանց, մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ: Նույն խոսքերը այսօր Հարություն առած Քրիստոսը ասում է. «Մի՛ վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ»: Ավագ շաբաթվա ընթացքը, որ մենք միասին անցանք և տեսանք նաև դավաճանություն Քրիստոսի հանդեպ, ատելություն Իր հանդեպ, մատնություն խաչելություն, թաղում, և սակայն, Հիսուսն ասում է. «Հայր ներիր նրանց, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ են անում»:
Ճրագալույցի երեկոյից սկսած առաջիկա հիսուն օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս հարեաւ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» պատասխանը:
Ղուկաս ավետարանիչը գրում է, որ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ էք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարեաւ» (Ղուկ. 24:5-6):
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ պատարագը մատուցեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, առընթերակայությամբ Տեր Գրիգոր ավ. քհն. Մկտչյանի.
Քարոզի ընթացքում Սրբազան Հայրն իր խոսքն ուղղելով ներկաներին՝ ասաց հետևյալը.
«Սիրելի քույրեր և եղբայրներ: Այս է ուրախությունը` Մարիամ Մագդեղանացին և երկու կանայք գնացին դեպի գերեզմանատուն և տեսան, որ գերեզմանը բաց է: Հին Կտակարանում Աստված կանչեց Մովսեսին դեպի Սինա լեռը և ուխտ կնքեց նրա հետ և իրեն մի վստահություն տվեց` ասելով, թե հրաշալիքներ պետք է տեսնեք, եթե հավատարիմ մնաք ինձ: Եթե ձեր զավակները, եթե ձեր բոլոր գերդաստանը և սերունդները հավատարիմ մնան ինձ, հրաշալիքները պիտի շարունակեն տեսնել: Իսկ եթե ոչ, ապա պիտի մեռնեն, պիտի մահանան: Քրիստոս, սակայն իր մահով փոխեց ամբողջ այդ ուխտը, և Իր մահով հաղթեց մահվանը: Եվ մեզ ուրիշ ապահովություն տվեց, որը շարունակությունն է առաջին ուխտի. «Նրանք, ովքեր պետք է հավատարիմ մնան ինձ, նրանք, որ պետք է հավատան և իրենց հավատքի մեջ պիտի ամուր մնան` նրանք երկրային կյանքից հետո հարություն պիտի առնեն:
Ուզում եմ օգտվել առիթից և ուրիշ մոտեցումով ասել, որ մենք կարող ենք Հարություն առնել ամեն օր: Ինչպես. երբ ես ունենամ մեղքից դուրս գալու զգացողությունը, երբ զղջամ, խոստովանեմ.ես Հարությում եմ առնում: Արդ, ամեն անգամ, որ ես այս վիճակի մեջ` մեղավորի վիճակի մեջ մնամ, հույսը չեմ ունենա Հարության: Այսօր մենք` հավատացյալներս ի Քրիստոս ունենք մի հույս, որը մեզ տրված է Քրիստոսի Հարությամբ: Ով որ ինձ հավատա և ինձ հավատարիմ մնա, պետք է տեղ ունանա իմ հոր մոտ, ով այս երկրից չէ, այլ երկնքի արքայության մեջ է…
Այս ուրախությունը, որին այսօր պետք է մեր սրտերում անդրադառնանք և ինքներս մեզ հարցնենք`ով եմ ես, ինչ եմ ուզում: Բավարար չէ գնալ միայն եկեղեցի, Պատարագին ներկա գտնվել և ապրել լրիվ տարբեր` ոչ քրիստոնյա կյանքով…
Ես չեմ ուզում, որ եթե այսօր ուրախ ենք, խանդավառ ենք Քրիստոսի Հարությամբ, տոնում ենք լավ ճաշերով, պտույտներով, իսկ վաղը նորից շարունակենք ապրել մեղքի մեջ…
Հետևաբար մնանք ուրախ, խանդավառ, Քրիստոսի և Աստուծո պատվիրանների մեջ միշտ հավատարիմ: ԱՄԵՆ:
Յավարտ Սուրբ Պատարագի, Սրբոց Նահատակաց եկեղեցու Տեր-Ներսեսյան սրահում Երիտասարդաց միությունը և Տիկնանց միությունը կազմակերպեցին հյուրասիրություն և երգուպարով ապահովեցին ուրախ տրամադրություն:
Լիլիթ Մկրտչյան
Այլ համայնքներում
Հեշտիա
Փանիկ
Տաշիր
Ազատան, Լանջիկ, Արևիկ