«Ով ուտում է իմ Մարմինը եւ ըմպում Իմ Արյունը, հավիտենական կյանք ունի», Հվհ. 6:55
25 մարտի, 2016թ.
2016թ. մարտի 24-ին Կաթողիկէ Եկեղեցին կատարեց Ավագ Հինգշաբթի օրվա ծիսական արարողությունները, որոնք հավատացյալներին հրավիրում են խորհրդածելու Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանաց շաբաթվա վերջին առանցքային իրադարձությունների շուրջ` Վերջին Ընթրիքի, Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման, Ոտնլվայի արարողության և Խավարման գիշերվա մասին:
Ըստ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարանների, Վերջին ընթրիքի ժամանակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը կամ Սբ. Պատարագը, որը Եկեղեցու բոլոր խորհուրդների պսակն է և Հիսուս Քրիստոսին միանալու, հաղորդվելու գերագույն առիթ: Հիսուս Քրիստոս վերնատանը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց եւ տվեց իր տասներկու աշակերտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Ապա, բաժակը վերցնելով` գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար» (Մտթ. 16:17-30): Այս նույն խոսքերով Սբ. Պատարագի ժամանակ քահանան կատարում է հացի և գինու սրբագործման և Զոհի խորհուրդը:
Հովհաննեսն իր ավետարանում գրում է Ոտնլվայի արարողության մասին: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ Իր աշակերտների առջեւ ու լվաց նրանց ոտքերը` սրբելով մեջքին կապված սրբիչով (Հովհ. 13:5)` տալով հեզության ու խոնարհության կատարյալ մի օրինակ: «Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 3:1-20)
Հիսուսի նմանությամն Ավագ հինգշաբթի երեկոյան ժամերգության ավարտին բոլոր հայ կաթողիկէ եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի արարողությունը:
Գյումրիի Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կատարեց Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը: «Պահպանիչ» աղոթքից հետո Տեր Գրիգորը, Տիրոջ նմանությամբ, վերցրեց սրբիչը, կապեց մեջքին, ծունկի եկավ, լվաց տասներկու երիտասարդ ոտքերը, որոնք հիշեցնում էին Տիրոջ տասներկու աշակերտներին: Խորհրդանշական կերպով նրանք նստել էին ատյանի այն հատվածում, որտեղ տեղադրված են տասներկու առաքյալների սրբապատկերները: Արարողությանը մասնակցում էին նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներ.նրանց համար սա կյանքի կարևոր և երջանիկ պահերից մեկն էր:
Ոտնլվայի արարողությունից անմիջապես հետո Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց Սբ. Պատարագ: Նա իր քարոզի ժամանակ նախընտրեց ընթերցել Սբ. Բարսեղ Կեսարացու քարոզը, որը ընթերցվում է Ավագ Հինգշաբթի` Սուրբ Հաղորդությունից առաջ:
Ահա մի քանի հատված.
«Լսեք ինձ, իմ սիրելի որդիներ, և ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ` իբրև հարազատ որդիներ, որովհետև պարտականություն է դրված ինձ վրա, և վայ է ինձ, եթե ձեզ հանապազօր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տալ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին ու կատարյալը…
Ահա բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով բազմում է սուրբ սեղանի վրա. և երկնքի ողջ զորքերն աներևութապես երկրի վրա են ծավալվում` սպասավորելու Աստծո Որդուն, և բոլորվում են սեղանի շուրջ. և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբությամբ մերձեցողներին: Արդ, դուք, իմ եղբայրներ, բազում զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը` չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն հոգու աչքով է երևում նրանց, ովքեր սրբությամբ փնտրում են այն, որից ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այն կարող է վերածել հում մսի և արյան, ինչպես եղավ սրբերից մեկի հետ…
Այլ Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի թողության վերածի: Որին Հոր և մեր Տիրոջ` Միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս. ամեն»:
Երեկոյան ժամը 20:00-ին մեկնարկեցին Խավարման գիշերվա արարողությունները` գիշերային և առավոտյան ժամերգությունները, որոնք տևեցին երեք ժամից ավելի` նախագահությամբ Հոգշ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանի և առընթերակայությամբ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանի, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի:
Սբ. Հաղորդությունն այլևս Սբ. Խորանի վրա չէր` ի նշան Տեր Հիսուս Քրիստոսի ձերբակալության և մեզանից հեռացման, ապա և մահվան: Սբ. Խորանը ամբողջությամբ ծածկվեց սև քողով, որի վրա դրվեցին առաքյալներին խորհրդանշող տասներկու մոմեր. դրանցից մեկը` սև էր` հիշեցնելու համար մատնիչ Հուդա Իսկարիովտացուն: Տասներկու մոմերից զատ` գեղեցիկ մի պատվանդանի վրա դրվեց մի մեծ մոմ` ի նշան Հիսուսի:
Ժամերգությունների ընթացքում երգվեցին գեղեցիկ շարականներ, ընթերցվեցին Տեր Հիսուս Հիսուս Քրիստոսի չարչարանքների մասին պատմող ավետարանական հատվածներ: Յուրաքանչյուր ավետարանի ընթերցումից հետո սպասավորները հանգցնում էին Խորանի մոմերից երկուսը` երկու կողմերից` հիշեցնելով, թե ինչպես առաքյալները մեկը մյուսի հետևից լքում էին իրենց Տիրոջը: Վերջում, երբ բոլոր մոմերը հանգցրին, վառ մնաց միայն Հիսուսի մոմը.Տիրոջ լույսը վառ կմնա մինչև Ավագ Շաբաթվա Ճրագալույցի արարողությունը, որից առաջ Խորանի սև քողը վերացվում է, Տերը վերադառնում է Տապանակ: «Փառք ի բարձունս» շարականի ժամանակ եկեղեցու բոլոր լույսերը հանգցրեցին` բացի Հիսուսի մոմից: Հոգևորականները, մեկտեղված, լապտերների լույսի օգնությամբ երգեցին շարականը, որի սկիզբը հրեշտակների փառաբանությունն է`մանուկ Հիսուսի ծնունդը հովիվներին ավետելու ժամանակ: Այս շարականի երգեցողությունը հույս ու վստահություն է տալիս հավատացյալներին, որ խավարում Լույս է ծագելու:
Խավարման գիշերվա արարողություններն ավարտվեցին Խաչի երկրպագությամբ: Երգվեց Խաչի քո Քրիստոս շարականը` ծունկի եկած և խնկարկությամբ: Յավարտ շարականի և աղոթքների, հավատացյալները համբուրեցին Տիրոջ Խաչը:
Փանիկ, 24 մարտի, 2016թ.