Մեծ Պահոց շրջանում հայ կաթողիկէ համայքներում կազմակերպվում են հոգևոր կրթության օրեր
19 մարտի, 2016 թ․
2016 թ․ մարտի 17-ին «Մեծ պահքի խորհուրդը» թեմայով մեկօրյա հոգևոր կրթություն է կազմակերպվել Շիրակի մարզի Ազատան գյուղի մշակույթի տանը՝ բարձր դասարանների աշակերտների համար՝ նախաձեռնությամբ Արժ․ Տեր Նարեկ քհն․ Թադևոսյանի։
Արժ․ Տեր Նարեկ քհն․ Թադևոսյանը ներկայացրել է Եկեղեցու յոթ խորհրդները՝ նախ անդրադարձ կատարելով Սուրբ Հաղորդությանը։
«Սուրբ Հաղորդությունը Եկեղեցու յոթ խորհուրդներից է, որը մատակարարվում է Մկրտությունից և Դրոշմից հետո ։ Սուրբ Հաղորդություն ստացողը հացի և գինու տեսքով ստանում է Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը ։ Վերջին Ընթրիքի ժամանակ նա վերցրեց հացը, կտրեց ու տվեց իր աշակերտներին՝ ասելով․«Առե՛ք , կերե՛ք, սա իմ Մարմինն է »։ Այդ վայրկյանից հացը դադարեց հաց լինելուց և վերածվեց Քրիստոսի Մարմնի ։ Մարդկայնորեն անըմբռնելի և անհավատալի է, բայց հավատացյալ քրիստոնյաների համար դա մեծ ճշմարություն է ։ Նույն ընթրիքի ժամանակ Հիսուսը, վերցնելով բաժակը , որի մեջ սովորական գինի էր, տվեց իր աշակերտներին՝ ասելով․ «Խմեցե՛ք սրանից բոլորդ, սա իմ Արյունն է, որի միջոցով Նոր Ուխտ պիտի կնքվի Աստծո հետ և որ պիտի թափվի շատերի մեղքերի թողության համար »։ Այդ վայրկյանին գինին դադարում է սովորական գինի լինելուց և դառնում է Հիսուս Քրիստոսի Ճշմարիտ արյունը » ։
Իր միտքը շարունակելով՝ Տեր Նարեկ Թադևոսյանը բացատրել է, թե ինչպիսի ազդեցություն է ունենում Սուրբ Հաղորդությունը մարդու վրա, ինչ է պահանջվում արժանավայել հաղորդության համար, ինչպես պետք է հաղորդվել և որքան հաճախ պետք է ընդունել Սուրբ Հաղորդությունը ։
Ապա Տեր Նարեկ Թադևոսյանը ներկայացրել է, թե ինչ է Սուրբ Խորհուրդը․« Դա Քրիստոսի կողմից հաստատված տեսանելի մի նշան է, որը մեզ պարգևում է անտեսանելի և հոգևոր շնորհներ ։ Հիսուս Քրիստոսը հաստատել է յոթ Սուրբ Խորհուրդները՝ Մկրտություն, Դրոշմ , Սուրբ Հաղորդություն, Ապաշխարհություն, Կարգ Քահանայության, Պսակ, Հիվանդների օծում։ Երկնքի Արքայությանը մենք հասնում ենք հիմնականում Սուրբ Խորհուրդների և աղօթքի միջոցով ։
Տեր Նարեկ քհն Թադևոսյանը աշակերտների ուշադրությունն է հրավիրել նաև Ապաշխարության խորհրդի, մեղքի հասկացողության, ինչպես նաև տասնաբանյա պատվիրանների ու Եկեղեցու հինգ պատվիրանների վրա։