«Տու՛ր ինձ, որդեակ, քո սիրտը», Առ., 23:26
15 փետրվարի, 2016թ.
2016թ. փետրվարի 12-ին Երևանի Սբ. Գր. Նարեկացի ժողովրդապետությունում տեղի ունեցավ հերթական երիտասարդական հանդիպումը՝ Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի նախաձեռնությամբ: Նման հանդիպումներ Երևանի ժողովրդապետությունում անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ: Նախ աղոթեցին հանգստյան ժամերգությունը, ապա՝ Ճանապարհ Խաչի բարեպաշտական աղոթքը:
Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Օրվա ավետարանը Ս․ Մատթեոս ավետարանչի Երանիների հատվածն էր (Մտթ. 5,1-12): Կարճ քարոզի մեջ վարդապետը հիշեցրեց, որ այս երանիները համարվում են Նոր Ուխտի պատվիրաններ. ինչպես Մովսեսը Սինա լեռան վրա ստացավ տասնաբանյա պատվիրանները, անպես էլ Քրիստոս լերան քարոզում տվեց ապաշխարությամբ և հավատով փրկված քրիտոնյայի պատվիրանները: Վարդապետի բացատրությամբ, ըստ էության, երանիները ապաշխարությամբ Երկնքի Արքայությունը ժառանգած քրիստոնյայի հոգու պատկերն են։
Իսկ երեկոյան երիտասարդներն հավաքվեցին Ցավագին Տիրամոր մատուռում: Հայր Նարեկ վարդապետը հորդորեց երիտասարդներին, որպեսզի Մեծ Պահքի օրերին ապաշխարությունը օգտագործեն իրենց հոգևոր վերանորոգման համար։ Հայ եկեղեցին տալիս է իր թելադրանքները, թե ինչ կերպ պետք է պաս պահել:
Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը երիտասարդների հետ կիսվեց հետևյալ իր մտքերով.
«Յուրաքանչուրը ինքն է տնօրինում և ընտրություն կայացնում՝ հրաժարվելու սննդի տեսակից կամ մեր զանազան մոլություններից, որպեսզի վերանորոգումի և առ Աստված դարձի այս շրջանը ապրեն այս բնաբանով «Տու՛ր ինձ, որդեակ, քո սիրտը» ասում է Աստված (Առակաց 23, 26)։
Աղոթքի դիտավորության համար էլ Հայր Նարեկը բոլոր երիտասարդներին բաժանեց շնորհներով հայտնի «Ողորմյա՛ Հիսուս» նկարը և այնտեղ զետեղված աղոթքներով:Երիտասարդները միասին աղոթել են Ողորմության պսակը։
Աղոթքից հանդիպումը շարունակվել է գրադարանում, որտեղ յուրաքանչյուրը կիսվել է իր տպավորություններով Գյումրիի երիտասարդական հավաքի մասին: Երևանի երիտասարդները որոշել են, որ Գյումրիում տեղի ունենալիք երիտասարդական հաջորդ հավաքին կգան միայն երիտասարդաց միությանը անդամագրված երիտասարդները՝ իրենց աղջև խնդիր դնելով մասնակցելու Եկեղեցու առաքելությանը, հոգևոր և մշակութային զանազան ծրագրերին:
Ապա խոսել են նոր ծրագրերի մասին, որոնք իրականացվելու են գալիք օրերին:
Ըստ այդմ, յուրաքանչուր ամսվա առաջին ուրբաթ Սուրբ Հաղորդության երկրպագություն է լինելու, ապա խոսելու են այդ ամսի եկեղեցական տոներից և դրանց պատրաստվելու մասին, թե ինչպիսի միջոցառումներ կկարողանան իրականացնել։
Ամսվա երկրորդ ուրբաթը երիտասարդները սկսելու են Աստվածամոր Վարդարանով՝ բոլորի կողմից սիրված աղոթքով, ապա ավելի խորությամբ կուսումնասիրելեն եկեղեցու 7 խորհուրդները՝ նպատակ ունենալով, որ ապագայում իրենք՝ երիտասարդները կսկեն պատրաստել համայնքի երեխաներին առաջին խոստովանության և առաջին Սբ. Հաղորդության: Երիտասարդները պետք է պատրաստ լինեն նաև օգնելու թեմական ձեռնարկներին, զանազան հավաքների ժամանակ և ճամբարների ընթացքում օգնել հոգևորականներին դասավանդելու քրիստոնեականը։
Երրորդ ուրբաթը երիտասարդները նվիրելու են Հաղթանակած Եկեղեցու աստղաբույլին՝ Սրբերին։ Երիտասարդները պատրաստելու են նյութեր և ներկայացնելու են իրենց ընկերներին՝ սրբերի կյանքն ու գործունեությունը։ Միևնույն ժամանակ, հաջորդ երրորդ ուրբաթը՝ հայ ականավոր բանաստեղծներին, զորավարներին, գործիչներին։ Շրջանակում դիտլու են ֆիլմեր սրբերի և ականավոր գործիչների մասին։ Աղոթելու են նաև Ողորմության վարդարանը։
Չորրորդ ուրբաթ օրերին միասին աղոթելու են ժամերգությունները, որպեսզի երիտասարդները սովորեն այս աղոթքի տեսակը և որդեգրեն նաև իրենց առանձնական կյանքի համար։ Իսկ օրվա նյութը լինելու է հարց ու պատասխան՝ զանազան հոգևոր նյութերի շուրջ՝ ի նկատի ունենալով Սուրբ Գրքի ուսումնասիրություն, Աստվածաբանության լույսի տակ մերօրյա բարոյական հարցերի լուսաբանում և պարզաբանում։
Փետրվարի 12-ի հանդիպման ընթացքում երիտասարդները հանդես եկան նաև իրենց տաղանդներով՝ երգեցին ազգային երգեր:
Հ. Նարեկը հոգու մեծ ուրախություն է ապրում՝ տեսնելով երիտասարդների համախմբումը Եկեղեցու շուրջ, որը, նրա խոսքերով, վկայությունն է այն փաստի, որ համայնքը կենսունակ է և դեռ կա հոգևորի կենդանի ապրում՝ մերօրյա դժվար ու, ցավոք, Անաստված դարում։
Լիլիթ Մկրտչյան