«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւ՛ն է»:
8 փետրվարի, 2016թ.
Փանիկի հայ կաթողիկէ համայնքը 2016թ. փետրվարի 8-ին հրաժեշտ տվեց իր զավակին՝ 20-ամյա Սիմոն Ճավռշյանին, ով 2016թ. փետրվարի 5-ին, առավոտյան 3:55-ին, խոցվեց թշնամու գդնակից՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում ծառայություն իրականացնելիս: Սիմոնը ժամկետային զինծառայող էր, զորացրվելու էր վեց ամիս անց: Ընտանիքը ապրում է Շիրակի մարզի Արթիկի տարաշրջանի Փանիկ գյուղում, սոցիալական բարդ պայմաններում: Ունի մեկ եղբայր՝ Ժորան, ով հոր՝ Ռաֆիկի հետ զբաղված է արտագնա աշխատանքով: Սիմոնի մահվան գույժը նրանց նույն օրն իսկ բերեց Հայաստան: Տանն այս ամիսներին միայն մայրն ու տատն էին:
Փետրվարի 6-ին Սիմոն Ճավռշյանի դին տեղափոխվեց Փանիկ: Գյուղի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանը և Տ. Լևոն սրկ. Գալստյանը նույն օրը այցելեցին զոհված զինվորի ընտանիքին և կատարեցին հուղարկավորության տան կարգը: Նրանց միացավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու սպասավոր Արժ. Տ. Աբգար քհն. Մարգարյանը:
Հաջորդ օրը զինվորի աճյունը տեղափոխվեց Փանիկի եկեղեցի: Զինվորները պատվո ծառայություն էին կատարում իրենց զոհված ընկերոջ աճյունի կողքին: Տասնյակ զինվորներ, բարձրաստիճան զինվորականներ, քաղացիական պաշտոնյաներ, գյուղացիների հոծ բազմությունը հավաքվել էր եկեղեցում և բակում: 20-ամյա զինվորին հրաժեշտ տալու եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի փոխքաղաքապետերը և այլ պաշտոնյաներ:
Եկեղեցական կարգը կատարվեց հավուր պատշաճի: Յավարտ արարողության, Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը ներկաներին դիմեց հետևյալ խոսքերով.
«Մենք այստեղ բոլորս միատեղ հավաքված ենք՝ մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված, որ ընդունի մեր զինվորին՝ Սիմոն Ճավռշյանին: Մահը, անշուշտ, շատ ծանր բան է բոլորիս համար, բայց մեզ՝ քրիստոնյաներիս համար, մահը երկրորդ վերածնունդ է: Ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս հարեավ, մենք էլ պետք է Նրա հետ հարություն առնենք Երկորդ գալստյան ժամանակ: Մենք դարձյալ ծնվում ենք Աստծու հետ՝ տեսնելու համար Նրան երես առ երես: Մարդս ինչքան որ ապրի երկրիս երեսին, ի վերջո պետք է կնքի իր մահկանացուն: Բայց մահը քրիստոնյայի համար դարձել է ուրախություն՝ Հիսուսի հետ լինելու ուրախությունը:
Ի՞նչ պետք է ասենք մեր երիտասարդ զինվորին՝ Սիմոնին: Նախևառաջ, որդյա՛կ իմ, քեզ նման շատ զինվորներ իրենց արյան գնով այսօր պաշտպանում են մեր երկիրը, նրանք բարձրացել են երկինք, դարձել են հերոսներ, նահատակներ, կուզենայի ասել՝ սրբեր Աստծո առաջ: Իրենց ծառայությամբ, իրենց արյան գնով այսօր մենք վայելում ենք խաղաղ այս օրերը: Սիրեցյալ որդեա՛կ իմ Սիմոն, քեզ մաղթում եմ բարի ճանապարհ: Վտսահ եմ, որ այժմ հոգիդ Աստծո հետ է:
Իմ սրբազան հոր՝ Ռաֆայել արքեպս. Մինասյանի անունից, սրտանց ցավակցում եմ Ճավռշյան ընտանիքին՝ հորը, մորը, եղբորը, բոլոր հարազատներին, ինչպես նաև՝ Փանիկի մեր ողջ համայնքին: Բարի ճանապա՛րհ քեզ, որդյա՛կ իմ, մեզ համար էլ աղոթի՛ր, որ մենք էլ արժանի լինենք Երկնքի Արքայությանը: Աստված թող պահի ձեզ բոլորիդ»:
Վարդապետն այնուհետև խոսքը փոխանցեց պրն. Սեյրան Օհանյանին:
«Մենք հրաժեշտ չենք տալիս Սիմոնին, Սիմոնը միշտ լինելու է մեր շարքերում: Նման մարդկանց հիշատակով է, որ մենք կերտում ենք մեր պատմությունը, գոտեպնդվում ենք այս դժվարին ժամանակներում և հենք ստեղծում՝ մեր ժողովրդի ապագա առաջընթացն ապահովելու համար…
Մենք միշտ պայքարի մեջ ենք եղել, միշտ փորձել ենք մեր ժողովրդի համար լավ պայմաններ ստեղծել, բայց միշտ մեզ հարվածել են կողքից: Այնուամենայնիվ, միշտ փառքով ենք դուրս եկել այդ վիճակներից: Յուրաքանչյուր դժվար ժամանակահատվածում մենք պետք է գտնենք մի ելք, որ կարողանանք հաղթահարել: Ասացե՛ք խնդրեմ, ե՞րբ է մեր ժողովրդի կյանքը հեշտ եղել: Երբե՛ք: Բայց միշտ կարողանում ենք պատվով դուրս գալ այդ դժվարություններից:
Սա մեծ հարված է մեր բանակին, հրամանատարությանը, որովհետև մենք կորցնում ենք մեր ընկերոջը, մեր զինվորին: Յուրաքանչյուրի ծառայությունը անհրաժեշտ է բանակին:
Իհարկե, ամենածանրը այսօր Սիմոնի ընտանիքի համար է…Մենք միշտ ձեր ընտանիքի կողքին ենք…խոնարհվու՛մ եմ ձեր ընտանիքի առաջ: Դուք այն ընտանիքն եք, ովքեր չեն վարանել Սիմոնի եղբորը ուղարկել ծառայության՝ 2012-2014թթ., նա պատվով ծառայել է հայրենիքին: Նույնպես չեք վարանել ուղարկելու Սիմոնին: Ես խոնարհվում եմ Սիմոնի հիշատակի առջև: Թեկուզ նա զոհվել է դիպուկահարի կրակից, բայց նա ցույց է տվել իր նվիրվածությունը, արիությունը: Մեր բանակը աչքի է ընկնում հայրենասիրության բացառիկ մակարդակով՝ Սիմոնի նման զինվորների ծառայության շնորհիվ: Խոնարհվում ենք նրա առջև: Մենք չենք կորցնում մեր ընկերներին: Նրանք մեր կողքին են»:
Սեյրան Օհանյանը իր խոսքի վերջում Սիմոնի հորը փոխանցեց ԼՂՀ նախագահի հրամանով Սիմոնին շնորհված մարտական ծառայության մեդալը ապա համբուրեց զոհված զինվորի ճակատը:
Զոհված զինվորի աճյունը ողջ գիշեր մնաց եկեղեցում՝ հարազատների աղոթքներով, Սբ. Հաղորդության առջև:
Փետրվարի 8-ին Փանիկի եկեղեցում տեղի ունեցավ Սիմոն Ճավռշյանի հոգեհանգստյան արարողությունը՝ Հայր Գառնիկի հանդիսապետությամբ: Արարողության ողջ ընթացքում եկեղեցու զանգերն անդադար գուժում էին սիրելի երիտասարդ զինվորի մահը: Յավարտ կարգի, վարդապետն ասաց.
«Մենք այս դժվարին պահին միմիայն կարող ենք աղոթք բարձրացնել առ Աստված, որպեսզի ընդունի նրա հոգին: Վստահ ենք, որ այս զինվորը Աստծո արքայության մեջ է: Որդյա՛կ, ինչպես քաջ Վարդանը և իր հերոսները իրենց հայրենքը պաշտպանեցին արյան գնով, այսօր դու և քեզ նման երիտասարդներ պաշտպանում եք մեր հայրենիքը ձեր արյան գնով: Շատ գեղեցիկ է Եղիշեի խոսքը.«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ անմահութիւ՛ն է»: Մեր զինվորը գիտակից էր իր մահվան, այդ պատճառով նա անմահ է: Նա ոչ միայն նահատակ, այլև սուրբ է՝ մեր Փանիկի համայնքի համար: Պիտի աղոթենք, որ Աստված նրան արդարների դասին և Երկնքի արքայության լույսին արժանացնի»:
Նահատակ զինվորին եկեղեցուց դուրս բերեցին «Աշխարհ ամենայն» շարականի և զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ, ուսերի վրա կրելով, անծայրածիր թափորով տարան գերեզմանոց: Հանգստյան քարի մոտ զինվորականները մահախոսական կարդացին, ծնողները, հարազատները, աղիողորմ սգալով, իրենց հրաժեշտի վերջին համբույրը դրոշմեցին զինվոր զավակի սառը ճակատին: Հուղարկավորության ժամանակ հնչեց ՀՀ օրհներգը, զինվորները համազարկ տվեցին՝ ըստ զինվորական թաղման կարգի, ապա կատարվեց թաղման եկեղեցական կարգը: Նահատակ զինվորի աճյունը հանձնվեց մայր հողին:
Հիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: