• Սրբությունը՝ որպես գերնպատակ.երիտասարդական հանդիպում՝ Երևանում

    «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին․ փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ․40,2):


    4 փետրվարի, 2016թ.

     2016թ.փետրվարի 3-ին Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության շենքում տեղի ունեցավ երիտասարդական հանդիպում՝ նվիրված սրբության թեմային, իսկ որպես օրինակ, ընտրված էր Երանելի Մայր Թերեզայի կերպարը: Հանդիպումը նախաձեռնել և վարել է Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանը:

     

    Ցավագին Տիրամոր մատուռում երիտասարդները միասնաբար աղոթքն են բարձրացրել առ Աստված, համբուրել Երանելի Մայր Թերեզայի ի ցույց դրված մասունքը, որը պահվում է ժողովրդապետության մեջ:

     

    Հանդիպումների սրահում երիտասարդներն առիթ են ունեցել ծանոթանալու Մայր Թերեզայի միաբանության Երևանում ծառայող քույրերից երկուսի հետ: Նրանցից մեկը՝ ք. Բենեդետտան, ով անձամբ շփվել է Մայր Թերեզայի հետ, պատմել է իր հիշողությունները միաբանության հիմնադիր մեծավորուհու մասին:

     

    IMG_2547IMG_2545

     

    Հայր Նարեկը խոսել է սրբության մասին Եկեղեցու վարդապետության շուրջ և, որպես օրինակ, անդրադարձել Մայր Թերեզային: Վարդապետի խոսքը կներկայացնենք ստորև: Երիտասարդները դիտել են ռեժիսոր Ֆաբրիցիո Կոստայի 2003թ. նկարահանված ֆիլմը՝ Մայր Թերեզայի մասին:

     

    IMG_2542Որոշվել է նաև, որ փետրվարի 6-ին Գյումրիում կայանալիք ԵՀՕ-2016 նախապատրաստական ընդհանուր երիտասարդական հանդիպմանը Երևանից կմասնակցի 19 երիտասարդ:

     

    Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի խոսքը.

     

    «Սիրելի՛ երիտասարդներ,

     

    Աշխարհիս վրա շատ մարդիկ կան, որ չգիտեն ինչ է սրբությունը, ինչ է նշանակում լինել քրիստոնեա և սուրբ։ Բայց շատ քչերը չեն լսել Մայր Թերեզայի անունը, որ համաշխարհային է: Բազմաշերտ և զանազան գաղափարներով, կրոնական ու քաղաքական տարբեր հայցքներով հասարակության մեջ այս միանձնուհու անունը նույնացվում է՝ խաղաղասիրության, գթասրտության, խոնարհության և սիրո հետ։ Սրբության համբավը, որն իր կյանքի ընթացքում արդեն ուներ, իր մահվանից հետո էլ շարունակեց տարածվել երկրագնդի բոլոր անկյուններում, ինչպես ցույց են տալիս հոգևոր և նյութական շնորհների բազմաթիվ վկայությունները, որոնց շարքին է նաև այսօր Մայր Թերեզայի հիմնած «Գթասրտության ուխտի» միանձնուհիների առաքելությունը՝ ի սփյուռս աշխարհի։ Քրիստոսի նվիրյալ զինվոր, ով մինչև անգամ դեռ աշխարհում թևածող սառը պատերազմի տարիներին 1979 թվականին դարձավ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Խիստ ազդեցիկ էր, երբ Ֆրանցիսկոս Սրբազան Պապը հայտնեց, մոտակա ժամանակներում արդեն Կաթողիկէ եկեղեցու կողմից երանելի հռչակված Մայր Թերեզայի սրբադասման մասին, արձագանքեց մուսուլմանական աշխարհը, հնդիկ այլակրոներ, ովքեր հնչեցնելով իրենց կարծիքը՝ ասում էին, թե կարիք չկար այդքան երկար սպասելու քանզի արդեն Մայր Թերեզայի ապրած կյանքը կենդանի սրբության վկայություն էր, մատնանշելով, որ Կաթողիկէ Եկեղեցին ամեն պարագայում կատարեց Տիեզերական եկեղեցու օրենսգրքի համաձայն հայեցակարգային և օրենքով նախատեսված բոլոր կետերը Մայր Թերեզայի սրբադասման հարցում։ Սա իհարկե հուզիչ և ազդու է՝ ոչ միայն նրանով, որ սրբուհու մասին խոսեցին այլադավաներնն անգամ։ Այլ մեզ քրիստոնեաներիս համար նաև պարտավորիչ է, քանզի իրական սրբության կողքից անտարբեր չի կարող անցնել ոչ մեկը։ Եվ հիշեցնում է մեզ, թե Քրիստոսի Փրկագործությամբ պսակված ու մեղքի գերությունից ազատված քրիստոնեանե՛րս ենք մերօրյա սրբերը։ Այո՛, սիրելիներ սրբությունը վանքերի խնկելի պատերինը չեն, ադամանդյա շարքով հյուսված խաչերինը կամ փառահեղ թափոր կազմած հոգևորականներինը չէ, սա համորեն հավատացելոց կենդանի ապրումն է, մեր պատասխանը՝ Երկնավոր մեր Հորը և Քրիստոսի պատգամին․ «Եղեք կատարյալ ինչպես Ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ․5)։ Հեթանոսներին Լույսը ավետարանած Սուրբ Պողոսը սուրբ է կոչում բոլոր քրիստոնեաներին, յուրաքանչյուր համայնքի անդամներին, քանզի անդամներն ենք Քրիստոսի Եկեղեցու, Նրա խորհրդավոր մարմնի, որի գլուխը Ինքն Քրիստոս է և Սուրբ է և Անարատ՝ Նրա Եկեղեցին։

     

    «Սբութիւնք սրբոց» ասում է պատարագիչ քահանան հայածես Ս․ և Անմահ Պատարագի ժամանակ, որ նշանակում է «ինչ որ  սուրբ է՝ սրբերի համար է»։ Այսինքն, հավատացյալ սրբերը սնվում են Քրիստոսի Մարմնով և Արյունով (սրբությունք), որպեսզի աճեն և զորանան Սուրբ Հոգու հաղորդության մեջ և հաղորդվեն սրբերի հետ։

     

    Ի՞նչ է նշանակում սուրբ, սրբերի բարեխոսություն, հայազգի սրբեր։

     

    Սուրբը, սրբությունը Աստծո ստորոգելիներից է։ Սրբության աղբյուրը Աստվածն է Ամենասուրբ երորդությունը՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին․ «Սուրբ, սուրբ, սուրբ է Զորությունների Տերը» Եսայի 6,3։

     

    Աստված իր սրբությամբ հայտնվում է մարդկանց, և միայն սրբությամբ է, որ մարդը միանում է Արարչին։ Սրբության մարմնացումը, նախատիպարը Հիսուս Քրիստոսն է և նրա խորհրդավոր Մարմինը՝ Եկեղեցին, սուրբ է Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, որն անվանվում է «սուրբ գրվածքները» Ս․ Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված թղթում (1,2):

     

    Սուրբ է Եկեղեցու կողմից սուրբ ճանաչված անձը։ Սուրբը կատարյալ քրիստոնային հատուկ անբասիր կյանքով, վարքով ապրած, ապաշխարհությամբ մեղքից ազատագրված, արդարացված ու հավատով փրկված, առաքինություններով հատկանշված, Սուրբ  Հոգու շնորհն ընդունած, Աստծո ներգործությունը իր մեջ կենդանի պահած և նրա հետ մշտապես հաղորդության մեջ եղած մարդն է։

     

    Սուրբը Հին Կտակարանյան պատկերացման մեջ առաջ է գալիս հենց հրեա ազգի մեջ Աստծո գործերից։ Աստված առանձնացրեց ընտրյալ ազգը՝ այլ հեթանոս ազգերից, տվեց նրանց պատկանելիություն կենդանի Աստծո։

     

    Այսօր Աստծո ընտրյալ ժողովուրդը քրիստոնյաներս ենք, մաքրված և առանձնացված և ունենք պատկերը և պատկանելիությունը կենդանի Աստծո։ Սրբությամբ ապրել վիճակված է բոլորիս։

     

    Ճիշտ է, սուրբերը չունեն այլևս ազգություն, նրանք նման են երկնքի աստղերին։ Բայց կուզենայի մատնանեշել Հայոց Եկեղեցու սրբերին հիշատակելու նրանց ապրումը վերհանելու և այսօր կիսելու անհրաժեշտությունը։ Մենք՝ Հայ Եկեղեցու զավակներս, ծնվել և սնվել ենք հոգևոր այն աղբյուրից, որը ծնունդ են տվել մեր նախնիներին։

     

    Ուստի, խնդրանքս և պահանջս է, որ դու՛ք՝ երիտասարդներդ, վեր հանեք, խոսեք և ապրեք նաև Հայ Եկեղեցու սրբերի կյանքով և գործով։

     

    Ո՞վ ձեզանից այսօր գիտի Խաչատուր Տարոնեցուն, ով հեղինակն է «Խորհուրդ խորհին» շարականի, որով սկսվում է մեր Ս․ Պատարագը։

    Ո՞վ է հիշատակում մեր Սրբալույս Հայրապետներին՝ Գրիգոր Լուսավորիչ, Հովհան Մանդակունի, Կոմիտաս Աղցեցի, Հովհան Օձնեցի, Ներսես Շնորհալի։

     

    Վարդապետներ Եղիշե, Մովսես խորենացի, Մամբրե վերծանող, Պետրոս Սյունեցի, Վրթանես քերթող, Անանիա Շիրակացի, Հովհան Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի, Զաքարիա Ձագեցի, Տիրանուն Վարդապետ, Հովահաննես Պլուզ, Հովհաննես սարկավագ, Գրիգոր Նարեկացի, Ներսես Լամբրոնացի, Վարդան Արևելցի, Մխիթար գոշ, Մխիթար Սկեվռացի, Հովհան Ծործորեցի:

     

    Շարքը կարելի է շարունակել, բայց խնդիրն է, որ դուք այսօր իբրև մերօրյա սրբեր վեր հանեք մեր սրբոց բույլը, որ Աստվածընկալ իրենց կյանքով, ոչ միայն ապրեցին, այլ ավանդեցին մեզ հոգևոր հայահոգի ապրումը»։

     

     

Օրացույց

Օրացույց